ՄԵՆՅՈւ

Ինչ է բացատրության ոճը և ինչպես է այն ազդում մեզ վրա

Բացատրության ոճն այն է, թե ինչպես ենք մենք բացատրում տարատեսակ հանգամանքներ և ինչ պատճառներ ենք տեսնում այս կամ այն իրավիճակի առաջացման հիմքում։ Ընդ որում, այդ բացատրությունները կամ պատճառաբանությունները մեր կողմից կատարվում են ինքնաբերաբար՝ ավտոմատ կերպով։

Բացատրության ոճը լինում է դրական կամ բացասական։ Բացատրության դրական ոճ ունեցող անձիք լավատեսներն են, իսկ բացատրության բացասական ոճ ունեցողները՝ վատատեսները։

Բացատրության ոճի դրական կամ բացասական լինելը որոշվում է՝ հենվելով երեք չափման վրա․

  • Մնայունություն
  • Համապարփակություն
  • Անձնականություն

Եկեք անդրադառնանք վերոնշյալ չափումներից յուրաքանչյուրին։

Մնայունություն

Այս չափումը ցույց է տալիս, թե ինչպիսին ենք մենք տեսնում իրադարձությունների պատճառները՝ մնայուն, թե՝ անցողիկ։ Մնայուն պատճառները նրանք են, որոնք տևական ժամանակ պահպանվում են, իսկ անցողիկ պատճառները, կարծես, ի հայտ են գալիս միայն մեկ կոնկրետ իրավիճակում, պատահականության արդյունք են և հետագայում այլևս ազդեցություն չեն ունենալու։

Ենթադրենք՝ մեզ գործընկերների ներկայությամբ նախատել է ղեկավարը։ Ինչպե՞ս ենք մենք բացատրում վերջինիս պահվածքը։

Անցողիկ բացատրությունները տվյալ դեպքում կարող են լինել՝ «աշխատավայրում լարված վիճակ էր», «ղեկավարն անտրամադիր էր» կամ «ես կոպիտ սխալ էի թույլ տվել»։ Տվյալ դեպքում մնայուն բացատրությունների օրինակներ են՝ «ղեկավարը բռի է», «ես չեմ համապատասխանում այս աշխատանքին» և այլն։

Լավատեսները մնայուն բացատրություններ են տալիս լավ իրադարձություններին, իսկ վատ իրադարձություններին՝ անցողիկ։ Վատատեսներն ընդհակառակը՝ վատ իրադարձություններին տալիս են մնայուն բացատրություններ, իսկ լավ իրադարձություններին՝ անցողիկ։

Եկեք բերենք ևս մեկ՝ այս անգամ արդեն լավ իրադարձության օրինակ։ Ղեկավարը ոչ թե քննադատում է մեզ, այլ գովում գործընկերների ներկայությամբ։ Վատատեսն այս դեպքում կտա անցողիկ բացատրություն՝ «բախտս բերեց», «տրամադրությունը լավ էր»։ Իսկ լավատեսը նշված իրադարձությունը կպատճառաբանի մնայուն կերպով՝ «ես լավ աշխատակից եմ», «իմ ղեկավարն հարգալից է»։

Համապարփակություն

Բացատրության այս երկրորդ չափումը ցույց է տալիս՝ արդյոք մենք իրադարձությունների պատճառներն համարում ենք համապարփակ, թե՝ սահմանափակ։ Համապարփակ բացատրություններ տալիս՝ մենք մեկ կոնկրետ դեպքից կատարում ենք չափազանց ընդհանրացված եզրակացություններ, իսկ սահմանափակ եզրակացություններ անելիս՝ իրադարձության պատճառները վերագրում ենք բացառապես տվյալ իրադարձությանը։

Եթե վերադառնանք մեր վերոնշյալ օրինակին, ապա ղեկավարի քննադատությունը լսելուց հետո անձը կարող էր տալ համապարփակ բացատրություն՝ «բոլոր ղեկավարներն էլ վատ են վարվում ենթակաների հետ» կամ սահմանափակ բացատրություն՝ «նա լավ ղեկավար չէ»։ Իսկ ղեկավարի գովեստի դեպքում համապարփակ բացատրությունը կարող էր լինել «ես լավ աշխատող եմ», սահմանափակը՝ «ես այս գործը լավ եմ կատարել»։

Լավատեսները համապարփակ բացատրություններ են տալիս լավ իրադարձություններին, իսկ վատ իրադարձություններին՝ սահմանափակ բացատրություններ։

Անձնականություն

Բացատրության այս վերջին չափումը ցույց է տալիս՝ ներքին, թե արտաքին հանգամանքներով ենք մենք պայմանավորում տեղի ունեցած իրադարձությունները։

Վերադառնանք մեր ղեկավարի օրինակին։ Վերջինիս քննադատությունը լսելուց հետո տեղի ունեցածին ներքին բացատրություններ տալով՝ մենք ասես մեղքը մեր վրա են վերցնում («ես լավ չեմ կատարել աշխատանքը»), արտաքին բացատրություններ տալով, հակառակը՝ մեր անձի հետ չենք կապում տեղի ունեցածը («ղեկավարը բռի է», «աշխատավայրում լարված վիճակ էր»)։

Ղեկավարի գովեստը ներքին պատճառներով բացատրելու օրինակ է՝ «ես լավ աշխատակից եմ», իսկ արտաքին հանգամանքներով բացատրելու օրինակ՝ «ղեկավարի տրամադրությունը լավ էր»։

Լավատեսները ներքին բացատրություններ են տալիս լավ իրադարձություններին, իսկ վատ իրադարձություններին՝ արտաքին բացատրություններ։ Վատատեսներն ընդհակառակը՝ վատ իրադարձություններին տալիս են ներքին բացատրթույուն, իսկ լավ իրադարձություններին՝ արտաքին։

Բացատրության ոճերը

Այսպիսով՝ գոյություն ունի բացատրության երկու ոճ՝ դրական (լավատեսություն) և բացասական (վատատեսություն)։

Բացատրության դրական ոճ ունեցող անձիք լավ իրադարձությունների պատճառները համարում են մնայուն, համապարփակ և ներքին, իսկ վատ իրադարձությունների պատճառները՝ անցողիկ, սահմանափակ և արտաքին։ Վատատեսները վարվում են ճիշտ հակառակ կերպով։

Եկեք բերենք լավ և վատ իրավիճակների մեկական օրինակ և տեսնենք, թե ինչպես են դրանց արձագանքում լավատեսներն ու վատատեսները։

Լավ իրավիճակ՝ աշակերտը ստացել է բարձր գնահատական։

  • Բացատրության դրական ոճ – «ես լավ եմ սովորում» (այս բացատրությունը մնայուն է, համապարփակ և ներքին)։
  • Բացատրության բացասական ոճ – «ուսուցիչն այս անգամ ուշադիր չէր ստուգում» (այս բացատրությունն անցողիկ է, սահամանափակ և արտաքին)։

Վատ իրավիճակ՝ աղջիկը մերժել է տղայի առաջարկությունը։

  • Բացատրության դրական ոճ – «նա առայժմ պատրաստ չէ» (այս բացատրությունը անցողիկ է, սահմանափակ և արտաքին)։
  • Բացատրության բացասական ոճ – «ես դուր չեմ գալիս աղջիկներին» (այս բացատրությունը մնայուն է, համապարփակ և ներքին)։

Վատատեսության վնասները

Իրավիճակներին բացասական բացատրություններ տալու միտումը (վատատեսությունը) կարող է սթրեսի ինքնագոյացվող աղբյուր լինել։ Այն նաև կարող է աղավաղել իրականության մեր ընկալումը՝ ստեղծելով շրջակա միջավայրի և այլ մարդկանց հանդեպ ընդգծված բացասական սպասումներ և վերաբերմունք։

Բացատրության բացասական ոճ ունեցող անձիք կարող են կարծել, թե բացասական իրավիճակների պատճառները կամ հետևանքները ընդմիշտ մնալու են իրենց հետ և շարունակական ազդեցություն են գործելու իրենց կյանքի վրա։ Սա կարող է հանգեցնել անկարողության և դեպրեսիայի։

Բացասական իրադարձությունների մնայունության զգացումը նվազեցնում է նաև բարդ իրավիճակներից հետո վերականգնվելու կարողությունը։ Հուզական վերականգնվողականության մասին ավելին կարող եք իմանալ՝ սեղմելով այստեղ։

Ձախողումներն համապարփակ համարելով՝ բացատրության բացասական ոճ ունեցող մարդիկ կարող են չափազանց ընդհանրական հետևություններ կատարել սեփական անհաջողություններից և թերություններից՝ արդյունքում բազմապիսի խնդիրներ ունենալով ինքնագնահատականի և արդյունավետության հետ։ Ինքնագնահտականի վրա բացասական ազդող գործոններից մեկն էլ բացասական իրավիճակների պատճառները սեփական անձի մեջ որոնելու միտումն է։ Այն ի վերջո կարող է հանգեցնել ինքնաքննադատության, ինքնադատապարտման, ամոթի և մեղավորության զգացման։

Բացատրության բացասական ոճը (վատատեսությունը) մեր ընհանուր բարեկեցության և մտավոր առողջության վրա ամենից բացասական ազդեցություն ունեցող կայուն գործոններից մեկն է։ Դրա փոփոխումը կարող է էական ազդեցություն ունենալ մեր ինքնազգացողության և կյանքի որակի վրա։

Ինչպես փոխել բացատրության ոճը

Բացատրության բացասական ոճի հիմքում ընկած են մի շարք կոգնիտիվ աղավաղումներ։ Դրանց մասին մենք արդեն խոսել ենք մեր «Ինչ են կոգնիտիվ աղավաղումները և ինչպես են դրանք բազմապատկում սթրեսը» հոդվածում, որը կարող եք կարդալ՝ սեղմելով այստեղ։ Կոգնիտիվ աղավաղումների շտկման ամենից արդյունավետ մեթոդը կոգնիտիվ-վարքային թերապիան է, որի մասին ավելի կարող եք իմանալ՝ սեղմելով այստեղ։

Կոգնիտիվ աղավաղումների շտկման համար անհրաժեշտ մասնագետի կարող եք գտնել նաև մեր «Մասնագետներ» բաժնում՝ սեղմելով այստեղ։ Հաշվի առեք, որ «Լավ ու Բարին» չի տրամադրում հոգեբանական ծառայություններ և չի ներկայացնում կայքում գրանցված մասնագետների շահերը։ Գրանցված մասնագետների ինքնությունը և անհրաժեշտ կրթության առկայությունը մեր կողմից նախապես ստուգվում է։

Բացատրության բացասական ոճի փոփոխման շուրջ ինքնուրույն աշխատանքը նույնպես կարող է իր նկատելի արդյունքները տալ։ Այդ աշխատանքը կարող է բաղկացած լինել հետևյալ տարրերից․

  • Օրագրի վարում – անձնական օրագրի վարման առավելությունները բազմաթիվ են։ Բացատրության բացասական ոճի շտկման համար առավել արդյունավետ կարող է լինել «Ինքնազննման օրագիրը», որտեղ մենք նկատում և գրի ենք առնում բացատրության բացասական ոճի մեր դրսևորումները, դրանց հետևանքները և արձագանքման այլ՝ առավել օգտագար այլընտրանքները։ Օրագրի վարման մասին ավելին կարող եք իմանալ՝ սեղմելով այստեղ։
  • Վերաիմաստավորում – այս տեխնիկայի միջոցով մենք կարող ենք բացասական մտքեր առաջացնող իրավիճակներին այլ աչքերով նայել՝ թեթևացնելով սթրեսը և բարելավելով մեր ինքնազգացողությունը։ Վերաիմաստավորման մոտեցումը լայնորեն կիրառվում է նաև կոգնիտիվ-վարքային թերապիայի ընթացքում։ Այս տեխնիկայի կիրառման մասին ավելին կարող եք իմանալ՝ սեղմելով այստեղ։
  • Գոհություն – գոհությունը լավատեսության զարգացման արդյունավետ մոտեցում է։ Գոհության միջոցով կարելի է փոփոխել մտածողության բացասական ոճի պատճառով առաջացող այնպիսի գործոններն, ինչպիսիք են բացասական ինքնապատկերացումը (ցածր ինքնագնահատական), անինքնավստահությունը, հաճախակի սթրեսները, ցածր տրամադրությունը և այլն։ Գոհության արտահայտման տեխնիկաները բազմազան են՝ մեդիտացիա, օրագրի վարում, վարժություններ և այլն։ Դրանց կարող եք ծանոթանալ՝ սեղմելով այստեղ։
  • Բարեսրտության մտավարժանք – մեդիտացիայի այս տարատեսակի դրական ազդեցությունն ապացուցվել է մի շարք գիտական հետազոտություններով։ Այն արդյունավետ է նաև մտածողության բացասական օրինաչափությունների նվազեցման հարցում։ Բարեսրտության մտավարժանքի մասին ավելին կարող եք իմանալ՝ սեղմելով այստեղ։
  • Ինքնակարեկցանք – ինքնակարեկցանքը սեփական անձի հանդեպ դրական վերաբերմունքի ձևերից է։ Ինքնակարեկցանք դրսևորել՝ նշանակում է ինքդ քեզ ներողամտությամբ, ըմբռնումով և սիրով վերաբերվել (հատկապես անբարենպաստ իրավիճակներում)։ Սեփական անձի հանդեպ կարեկից վերաբերմունք ձևավորելով՝ մենք կարող ենք նվազեցնել նաև բացատրության բացասական ոճի արտահայտումները։ Ինքնակարեկացանքի մասին ավելին կարող եք իմանալ՝ սեղմելով այստեղ։
  • Հաստատումներ – հաստատումները կամ աֆիրմացիաներն օգտակար մտքեր են, որոնք կրկնում ենք ինքներս մեզ՝ դրական փոփոխության հասնելու համար։ Բացատրության բացասական ոճը փոփոխող հաստատումների օրինակներ են՝ «բոլորն ել երբեմն սխալվում են», «կյանքում լինում են դրական և բացասական փուլեր», «ես իրավունք ունեմ սխալվել և շտկել սխալներս», «ամեն ինչ չէ, որ իմ անձի շուրջ է պտտվում», «մարդիկ իրավունք ունեն վարվել այնպես, ինչպես ճիշտ են համարում», «ոչ բոլոր կարծիքներն են արտացոլում իրական փաստերը», «միևնույն երևույթին կարելի է տարբեր տեսանկյուններից նայել» և այլն։

Հաշվի առեք նաև, որ բացատրության մեր ոճը ձևավորվում է տարիների ընթացքում և այն փոփոխելն այնքան էլ պարզ աշխատանք չէ։ Անհրաժեշտ գիտելիք ձեռք բերելը և հետևողական աշխատանք տանելն այս հարցում հաջողության հասնելու գրավականներն են։ Իսկ այդ ճանապարհին առաջացող բոլոր խոչընդոտները հնարավոր է հարթեցնել մասնագիտական կարճատև միջամտությունների շնորհիվ։

Պահպանել այս էջը
Գրիգոր Մուրադյան
Գրիգոր Մուրադյան

Հոգեթերապևտ Գրիգոր Մուրադյանը «Լավ ու Բարի» կայքի հեղինակներից է։ Աշխատում է կոգնիտիվ-վարքային թերապիայի և դրա հիման վրա ստեղծված ժամանակակից այնպիսի մեթոդներով, ինչպիսիք են «Ընդունման և հանձնառության թերապիան», «Կարեկցանքի շուրջ կենտրոնացած թերապիան» և այլն։

Մասնագետը կօգնի Ձեզ, եթե ունեք ինքնագնահատականի կամ ինքնավստահության հետ կապված խնդիրներ, ուշադրության և ինքնակառավարման հետ կապված խնդիրներ, տհաճ կամ անցանկալի հույզերի հետ կապված խնդիրներ, սթրես, նյարդային լարվածություն, տագնապներ և այլն։

Հոգեբանին կարող եք դիմել՝ սեղմելով այստեղ։