Մարդիկ, ովքեր ավելի բարձր հուզական վերականգնվողականություն ունեն, կարող են ավելի արդյունավետ և հանգիստ հաղթահարել առօրյա կյանքի հետ կապված սթրեսները: Նրանք նաև կարողանում են ավելի հեշտությամբ կառավարել ճգնաժամերը։ Հուզական վերականգնվողականությունը կարող է փոխակերպել մարդու կյանքը և սթրեսի ապրման նրա փորձը: Բարեբախտաբար, դա մի հատկանիշ է, որը կարելի է զարգացնել:
Հուզական վերականգնվողականությունը տհաճ, սթրեսային կամ ճգնաժամային իրավիճակներում ապրվող հույզերն արագ կարգավորելու և հուզական բնական վիճակին վերադառնալու կարողությունն է: Այսինքն՝ այն, թե որքան արագ ենք մենք հարմարեցնում մեր հուզական վիճակը ընթացիկ իրավիճակին կամ հանգամանքներին։ Նրանք, ում մոտ այս հատկանիշն ավելի թույլ է արտահայտված, ավելի ուժգին են տառապում սթրեսից և կյանքի փոփոխություններից:
Ի՞նչն է ազդում հուզական վերականգնվողականության վրա
Հուզական վերականգնվողականությունը մասամբ բնածին է՝ ունի գենետիկական ծագում: Որոշ մարդիկ ի ծնե ավելի քիչ են հակված սրտնեղելու փոփոխությունների և անակնկալների պատճառով։ Այս առանձնահատկությունը մարդու մոտ նկատվում է դեռ մանուկ հասակից և ողջ կյանքի ընթացքում կայուն պահպանվելու միտում ունի:
Հուզական վերականգնվողականությունը կապված է նաև որոշ կենսաբանական գործոնների հետ, որոնք դուրս են մեր վերահսկողությունից։ Նման գործոններից են տարիքը, սեռը, արյան նորմալ ճնշումը, իմունային գործառույթները և այլն։
Այնուամենայնիվ, հուզական վերականգնվողականությունը կարելի է բարելավել որոշակի ջանքերի և փորձի միջոցով: Իմանալով, թե ինչ անել՝ մենք կարող ենք զարգացնել այս հատկանիշն անգամ երբ բնույթով ավելի զգայուն ենք կյանքի դժվարությունների հանդեպ:
Հուզական վերականգնվողականության վրա ազդող գործոնները
Հուզական վերականգնվողականությամբ առավել աչքի ընկնող մարդկանց մոտ նկատվում են որոշակի ընդհանուր գծեր։ Ահա դրանցից մի քանիսը.
- Հուզական իրազեկվածություն – հուզական իրազեկվածություն ունեցող մարդիկ հասկանում են, թե ինչ են զգում և ինչու։ Կապի մեջ լինելով սեփական ներաշխարհի հետ՝ նրանք նաև կարողանում են ավելի լավ հասկանալ այլոց զգացմունքները։ Հուզական այս գիտակցվածությունն օգնում է մարդկանց հարիր կերպով արձագանքել այլոց, ինչպես նաև ավելի լավ կարգավորել այնպիսի բարդ հույզերն, ինչպիսիք են զայրույթն ու վախը։ Հույզերը ճանաչելու և անվանելու հմտությունը զարգացնելու համար կարող եք կարդալ նար մեր «Ինչու է կարևոր հույզերն անվանելը և ինչպես սովորել դա անել» հոդվածը՝ սեմելով այստեղ։
- Նպատակասլացություն – նպատակասլաց մարդիկ կողմնորոշված են դեպի գործողությունը, նրանք վստահություն ունեն իրենց քայլերի հանդեպ և ետ չեն կանգնում իրենց մտադրություններից։ Հեշտությամբ վերականգնվող մարդիկ իրենց անօգնական կամ անհույս չեն զգում, երբ բախվում են մարտահրավերների։ Նրանք հակված են շարունակելու դեպի արդյունքն ուղղված աշխատանքը՝ նույնիսկ խոչընդոտների առկայության դեպքում։
- Պատասխանատվության զգացում – հուզական վերականգնվողականություն ունեցող մարդիկ հավատում են, որ իրենք են ղեկավարում իրենց կյանքը, ոչ թե արտաքին ուժերը։ Այս հատկանիշը կապված է սթրեսի ավելի ցածր մակարդակի հետ, քանզի ներքին պատասխանատվություն և իրատեսական աշխարհայացք ունեցող մարդիկ ավելի գործուն են իրենց կյանքում առկա սթրեսների հաղթահարման հարցում, ավելի կողմնորոշված են դեպի լուծումները, և վերահսկողության ավելի մեծ զգացողություն ունեն։
- Լավատեսություն – հեշտությամբ վերականգնվող մարդիկ նաև ավելի հակված են տարատեսակ իրավիճակներում դրականը տեսնելու և հավատում են իրենց ուժերին։ Սա տեղափոխում է նրանց զոհի հոգեվիճակից դեպի ազդեցություն ունեցողի հոգեվիճակ և ընտրության նորանոր հնարավորություններ ընձեռում։ Լավատեսության և այդ հատկանիշը զարգացնելու մասին ավելին կարող եք իմանալ մեր «Ինչ է բացատրության ոճը և ինչպես է այն ազդում մեզ վրա» հոդվածից՝ սեղմելով այստեղ։
- Շփման պահանջ – սոցիալական աջակցությունը կարևորագույն դեր է կատարում վերականգնվողականության մշակման հարցում և առհասարակ դրական է ազդում մտավոր առողջության վրա։ Հեշտ վերականգնվող մարդիկ գիտակցում են սոցիալական աջակցության կարևորությունը և շրջապատում են իրենց ընկերներով ու ընտանիքի անդամներով։
- Հումորի զգացում – ընդգծված հուզական վերականգնվողականությամբ օժտված մարդիկ կարող են ծիծաղել կյանքի դժվարությունների վրա։ Սա կարող է հսկայական ազդեցություն ունենալ, քանի որ հնարավորություն է տալիս իրավիճակներին այլ աչքերով նայել՝ խոչընդոտներում նաև մարտահրավերներ տեսնելով։ Հումորը նաև փոխում է այն եղանակը, որով մեր մարմինն արձագանքում է սթրեսային գործոններին։ Հումորի զգացում ունեցող մարդիկ ավելի հաճախ են ծիծաղում, ինչն ինքնին նույնպես օգտագակար ազդեցություն ունի։
- Հեռանկարը տեսնելու կարողություն – հեշտ վերականգնվող մարդիկ կարող են սովորել սեփական սխալներից (դրանք ժխտելու փոխարեն), ընդունել խոչընդոտներն իբրև մարտահրավեր և թույլ տալ, որպեսզի դժվարություններն իրենց ավելի ուժեղ դարձնեն։ Հեռանկարը տեսնելու կարողություն ունեցող մարդիկ, ներկա պահի շուրջ գերկենտրոնանալու փոխարեն, իրավիճակներին ավելի լայն են նայում՝ տեսնելով նաև դրանց հեռահար ազդեցությունը։
Ինչպես բարելավել հուզական վերականգնվողականությունը
Հուզական բարձր վերականգնվողականություն ունեցող անձանց վերոնշյալ հատկանիշների մի մասը կարելի է զարգացնել ինքնուրույն աշխատանքի կամ մտավոր առողջության մասնագետի (հոգեբան, հոգեթերապևտ) ծառայությունների միջոցով։ Քանի որ այդ հատկանիշներն անմիջականորեն ազդում են հուզական վերականգնվողականության վրա, դրանց զարգացման հետևանքով հուզական վերականգնվողականությունը նույնպես կարող է բարելավվել։
Այդ աշխատանքը կատարելուց բացի, մտավոր առողջության մասնագետները հուզական վերականգնվողականությունը բարձրացնելու նպատակով խորհուրդ են տալիս կիրառել նաև հետևյալ մոտեցումները․
- Ինքնախնամք – հոգեբանական գրեթե բոլոր խնդիրների լուծման մաս է կազմում սեփական անձի հանդեպ խնամող ու հոգատար վերաբերմունքի դրսևորումը։ Այն արտահայտվում է առողջ սնվելով, բավարար քնելով, ֆիզիկական ակտիվություն ցուցաբերելով, վնասակար սովորություններիզ ձերբազատվելով և այլն։ Անգամ կենսակերպի փոքրիկ փոփոխություններն այս դեպքում կարող են զգալի ազդեցություն ունենալ։
- Դերային մոդել – դերային մոդելն այն անձն է, ում մենք օրինակելի ենք համարում և ցանկանում ենք նմանվել։ Մեր առջև սթրեսակայուն և պայքարող մարդկանց օրինակներն ունենալով՝ մենք կարող ենք ոգեշնչման աղբյուր գտնել և դժվարին իրավիճակներում վարվել այնպես, ինչպես կվարվեին մեր դերային մոդելները։ Ընդ որում, իբրև դերային մոդելներ կարող են հանդես գալ նաև պատմական դեմքերը, գրքերի կամ ֆիլմերի հերոսները և այլն։ Ծանր փորձություններ հաղթահարծ մարդկանց հիշողությունները կարդալը նույնպես դերային մոդելներ գտնելու եղանակներից մեկն է։
- Կոգնիտիվ ճկունություն – մեր մտքերի ճկունությունն էական դեր է կատարում հուզական վերականգնվողականության հարցում։ Նրանք, ովքեր ավելի արագ են հարմարեցնում իրենց մտածողությունը ընթացիկ հանգամանքներին, կարողանում են ավելի արագ կարգավորել նաև իրենց հույզերը՝ հանգամանքների փոփոխությունից հետո արագ հարմարեցնելով դրանք նոր իրողություններին։ Մտածողության ճկունությունը զարգացնելու եղանակներից մեկը վերաիմաստավորումն է։ Այդ տեխնիկայի մասին ավելին կարող եք իմանալ՝ սեղմելով այստեղ։ Մտածողության ճկունությունն ավելացնելու համար գերազանց ընթերցանություն է նաև հոգեբան Ադամ Գրանտի «Մտածիր կրկին» գիրքը, որի մասին ավելին կարող եք իմնալ՝ սեղմելով այստեղ։
- Դիսթրեսի հանդուրժում – հուզական վերականգնվողականությունը և դիսթրեսի հանդուրժումը հեշտ է միմյանց հետ շփոթել, քանզի տարբերությունն այստեղ բավականին նուրբ է։ Հուզական վերականգնվողականությունը բարդ իրավիճակում մեր բնական հուզական վիճակին վերադառնալու կարողությունն է, իսկ դիսթրեսի հանդուրժումը՝ բարդ հույզերի հետ որոշակի ժամանակ մնալու կարողությունը։ Չէ՞ որ լինում են իրավիճակներ, երբ հանգիստ հուզական վիճակին վերադառնալը պարզապես հնարավոր չէ։ Տևական ձանձրալի աշխատանք կատարելիս, օրինակ, դժվար է պարզապես տրամադրվել և հավանել այն, ինչ պիտի անես։ Նման աշխատանքն ավարտին հասցնելու լավագույն մոտեցումը ձանձրույթը որոշակի ժամանակ հանդուրժելն է։ Դիսթրեսի և դրա հանդուրժման մասին ավելի կարող եք կարդալ՝ սեղմելով այստեղ։
- Ընթերցանություն – հուզական վերականգնվողականությունը զարգացնելու համար լրացուցիչ ընթերցանություն կարող է լինել նաև Սյուզան Դեվիդի «Հուզական ճկունություն» գիրքը, որի մասին ավելին կարող եք իմանալ՝ սեղմելով այստեղ։
Ինչպես կարող է օգնել հոգեբանը
Հուզական վերականգնվողականության շուրջ տարվող աշխատանքն ավելի դյուրին է այդ հարցում բավարար գիտելիք ու փորձ ունեցող անձի աջակցությամբ։ Հոգեբանը կամ հոգեթերապևտը կարող են օգնել հուզական բարդ ապրումներից հետո վերականգնվելու ճանապարհին առկա խոչընդոտները վերհանելու և դրանց հաղթահարման ուղղությամբ աշխատելու հարցում։
Չէ՞ որ յուրաքանյուրիս անձն ու խնդիրներն առանձնահատուկ են և համացանցում կամ գրքերում ներկայացված չափազանց ընդհանրական մոտեցումները կարող են չտալ ցանկալի արդյունքները։ Հոգեբանի օգնությամբ մենք կարող ենք մշակել հուզական վերականգնվողականության բարձրացման անհատականացված աշխատանքային պլան և շարժվել դրա իրագործման ուղղությամբ՝ մասնագետի տրամադրած անքննադատ և օժանդակող միջավայրում։
Հուզական վերականգնվողականության բարձրացման համար անհրաժեշտ մասնագետի կարող եք գտնել նաև մեր «Մասնագետներ» բաժնում՝ սեղմելով այստեղ։ Հաշվի առեք, որ «Լավ ու Բարին» չի տրամադրում հոգեբանական ծառայություններ և չի ներկայացնում կայքում գրանցված մասնագետների շահերը։ Գրանցված մասնագետների ինքնությունը և անհրաժեշտ կրթության առկայությունը մեր կողմից նախապես ստուգվում է։