Տեսախաղերի (համակարգչային խաղերի) բացասական ազդեցության մասին ենթադրություններից և հանրային տարածում ունեցող միֆերից խուսափելու համար՝ «Լավ ու Բարին» այս էջում պարբերաբար կհարապարակի տվյալ թեմային առնչվող գիտական հետազոտությունների հակիրճ անդրադարձերը։
Թեմայով առավել հետաքրքրվողները կարող են սեղմել «Ծանուցվել» կոճակը և ստանալ բոլոր նոր հետազոտությունների մասին ծանուցումներ էլփոստի միջոցով։
Դաժան տեսախաղերը հանգեցնում են բանավոր, բայց ոչ ֆիզիկական բռնության
Դաժան համակարգչային խաղեր նախընտրողներն հակված են բանավոր ագրեսիայի և թշնամանքի արտահայտման ավելի բարձր մակարդակի, սակայն ոչ ֆիզիկական ագրեսիայի։ Նման եզրակացության են եկել Frontiers in Psychology-ում հրապարակված հետազոտության հեղինակները:
Հետազոտության հիմնական բացահայտումներից մեկն այն է, որ տեսախաղերի ընտրությունն իսկապես կապված է անձի ագրեսիվության մակարդակի հետ: Այն մասնակիցներն, ովքեր խաղում են ավելի դաժան խաղեր, հակված են արտահայտելու բանավոր ագրեսիայի և թշնամանքի ավելի բարձր մակարդակ: Ընդ որում, ֆիզիկական բռնության և դաժան տեսախաղերի միջև կապը չի հայտնաբերվել։
Հետազոտության ընթացքում ի հայտ է բերվել նաև այն, որ ագրեսիայի հետ առավելագույն հարաբերակցություն ունեն այն խաղերը, որտեղ խաղացողը պիտի լինի գողի, մարդասպանի կամ այլ հանցագործի դերում։ Այլ կերպ ասած՝ նրանք, ովքեր տարված էին խաղերով, որտեղ կարող էին նման դերեր ստանձնել, հակված էին ագրեսիայի ավելի բարձր մակարդակի: Սա կարող է խոսել այն մասին, որ որոշ անհատներ դաժան տեսախաղերն ընտրում են, որպեսզի լինեն այնպիսի ցանկալի դերերի մեջ, որոնք հասարակությունն ընդհանուր առմամբ անընդունելի է համարում:
Աղբյուր՝ https://www.frontiersin.org/articles/10.3389/fpsyg.2023.1155807/full
Տեսախաղերը չունեն որևէ ազդեցություն չափահասների մտավոր առողջության վրա
Technology Mind and Behavior ամսագրում հրապարակված ուսումնասիրության համաձայն՝ տեսախաղերն էական բացասական կամ դրական ազդեցություն չունեն մեծահասակների մտավոր առողջության վրա։
Ուսումնասիրության հեղինակները հատուկ մշակված ծրագրի միջոցով 3 ամիս շարունակ հետևել են 18 տարին լրացած 414 անձի խաղային ակտիվությանը։ Հետազոտության ընթացքում վերջիններիս շրջանում պարբերաբար կատարվել է նաև երջանկության, դեպրեսիայի և ընդհանուր մտավոր առողջության մակարդակի չափում։
Ի հայտ է բերվել, որ համակարգչային խաղերը մտավոր առողջության վրա որևէ դրական կամ բացասական ազդեցություն չեն ունենում՝ անկախ նրանից, թե օրական քանի ժամ է դրանց տրամադրվում։ Ապացուցվել է նաև, որ տրամադրության տատանումները կամ մտավոր առողջության փոփոխությունները չեն ավելացնում կամ պակասեցնում տեսախաղերին տրամադրվող ժամանակը։
Հետազոտության հեղինակները նաև հետևություն են արել, որ մարդիկ սովորաբար տեսախաղերին են տրամադրում այն ժամանակը, որն այլոք տրամադրում են համարժեք այլ գործունեության (հեռուստացույց, համացանց)։