Հուզական հիմնավորումը մտքի (ուղեղի) աշխատանքում տեղի ունեցող անճշտություն է, որն հաճախ հանդիպում է նաև առողջ մարդկանց մոտ։ Մտավոր առողջության մասնագետներն այդպիսի անճշտություններն անվանում են «իմացական աղավաղումներ»։
Իմացական աղավաղումների մասին ավելին կարող եք իմանալ մեր «Ինչ են իմացական աղավաղումները և ինչպես են դրանք բազմապատկում սթրեսը» հոդվածում։
«Հուզական հիմնավորման» դեպքում մարդիկ, տարատեսակ իրադարձություններ բացատրելիս, սեփական հույզերն ընդունում են իբրև ապացույց կամ փաստ։ Այսինքն՝ նրանք պնդում են մի բան, որը հենվում է զուտ իրենց զգացածի վրա և չունի օբյեկտիվ ապացույցներ։
Հուզական հիմնավորման տարածված օրինակ է սեփական խանդի պատճառով զուգընկերոջը դավաճանության մեջ մեղադրելը։ Խոսքն, իհարկե, վերաբերվում է այն դեպքերին, երբ տվյալ պնդման իսկությունն ապացուցող այլ հանգամանքներ չկան։ Այսինքն՝ մարդը նախ զգում է խանդը, ապա ասես բացատրում է իր այդ զգացումը նրանով, որ «եթե խանդում եմ, ապա մի բան այն չէ»։
Հուզական հիմնավորման մեկ այլ օրինակ են ցույց տալիս իրենց «գեր զգացող» անձիք, ովքեր շարունակ նիհարելու փորձեր են կատարում՝ չնայած այն հանգամանքին, որ բժշկական տեսանկյունից ունեն նորմալ քաշ և շրջապատի կողմից նույնպես ընկալվում են իբրև այդպիսին։ Այս դեպքում նույնպես «ավելորդ քաշի» միակ ապացույցն այդ քաշն ունենալու զգացումն է՝ «եթե ինձ գեր եմ զգում, ապա գեր եմ»։
Նույն կերպ էլ, երբ մենք մեզ ծանրաբեռնված ենք զգում, իբրև հիմք ենք վերցնում այդ զգացումը, և սկսում մտածել, թե առկա հանգամանքներն իսկապես անտանելի են և ստեղծված իրավիճակոմ ոչինչ հնարավոր չէ անել։ Մտքի այս անճշտությունը դերակատարում ունի նաև պրոկրաստինացիայի՝ կարևոր գործերն առանց էական պատճառների հետաձգելու սովորության մեջ։ Պրոկրաստինացիայի հակում ունեցող անձիք, գործերը դեռ չսկսած, այնպիսի հուզական ճնշում են զգում, որ եզրակացնում են, թե աշխատանքն իսկապես այնքան հյուծիչ է լինելու, որ դրանցից ավելի լավ է խուսափել։
Պրոկրաստինացիան «Լավ ու Բարի» կայքի գլխավոր թեմաներից մեկն է։ Դրա մասին ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ «101 ռեսուրս պրոկրաստինացիայի հետ աշխատելու համար» էջում։
Հուզական հիմնավորումների շտկումը
Իմացական աղավաղումների, այդ թվում և հուզական հիմնավորումների, շտկման շուրջ է կենտրոնացած կոգնիտիվ-վարքային թերապիան, որի միջոցով կարող ենք ազատվել անհանգստացնող գործոններից։ Կոգնիտիվ-վարքային թերապիա առաջարկող մասնագետի կարող եք գտնել նաև մեր «Մասնագետներ» բաժնում։
Եկեք տեսնենք, թե ինչ մոտեցումներ է առաջարկում կոգնիտիվ-վարքային թերապիան հուզական հիմնավորումների նվազեցման համար։
Փաստերի ստուգում
Կոգնիտիվ-վարքային թերապիայի ընթացքում մասնագետը սովորեցնում է մեզ ստուգել հուզական հիմնավորումների իսկությունը՝ հարցադրումներ կատարելու միջոցով։
Մենք կարող ենք հարցնել մեզ՝ «Կա՞ն արդյոք այնպիսի ստուգվող փաստեր, որոնք վկայում են իմ գիրության մասին» կամ «Կարո՞ղ եմ արդյոք ես փորձի միջոցով ապացուցել, որ իսկապես աշխատելու ուժ չունեմ»։ Պետք է հարցնենք մեզ նաև՝ արդյո՞ք չենք փորձում սեփական կամքով դուրս շպրտել բոլոր իրական փաստերն ու ապացույցները և հենվել միայն հույզերի թելադրանքի վրա։ Այնուհետև մենք կարող ենք համեմատել, թե ինչ ուղղությամբ կշարժվեինք, եթե հենվեինք փաստերի վրա և դեպի ուր ենք շարժվում, երբ միայն զգացողությունների վրա ենք հենվում։ Այդ երկու ուղղություններից ո՞րն է մեզ համար ավելի բարենպաստ, ո՞րն է ավելի օգտակար։
Օրագրի վարում
Հուզական հիմնավորումները նվազեցնելու մեկ այլ եղանակ է օրագրի վարումը։ Նկատելով և գրի առնելով մեր հուզական հիմնավորումները, մենք կսկսենք ճանաչել դրանք և հետագայում ավելի արագ նկատել։ Մտավոր առողջության վրա անձնական օրագրի բարենպաստ ազդեցությունն ապացուցվել է բազմաթիվ հետազոտությունի միջոցով։ Հուզական հիմնավորումները նվազեցնելու համար կարելի է անձնական օրագրում առանձնացված բաժին հատկացնել և հնարավորինս հակիրճ գրանցել այնտեղ, թե որ հույզի վրա հենվելով՝ ինչ բացասական կանխատեսումներ ենք անում։
Օրինակ՝ «Երբ ինձ խնդրեցին զանգահարել ղեկավարիս, ես նախ վախ զգացի, ապա սկսեցի կասկածել, որ ինձ ցանկանում են հեռացնել աշխատանքից» (այստեղ աշխատանքից հեռացվելու մասին ենթադրությունն հենվում է միայն սեփական վախի վրա, քանի որ ղեկավարի՝ նման մտադրություն ունենալու մասին խոսող փաստերը բացակայում են)։
Այնուհետև, որոշ ժամանակ անց, կարելի է վերընթերցել սեփական գրառումները և տեսնել՝ արդյո՞ք մեր բացասական կանխատեսումներն իրականացել են և արդյո՞ք մեր հույզերը միշտ են ճշմարիտ տեղեկություններ փոխանցում։
Հույզերի քննարկում
Վստահելի անձանց հետ հուզական հիմնավորումները քննարկելը դրանց բացասական ազդեցությունը նվազեցնելու ևս մի փորձված մոտեցում է։ Կիսվելով մտերիմների հետ մեր մտավախություններով կամ ենթադրություններով, մենք կարող ենք համոզվել, որ հաճախ միևնույն իրադարձությունն իրարից էապես տարբերվող արձագանքներ է առաջացնում և որ մեր բացասական բացատրությունների պատճառը ոչ թե փաստերն են, այլ մեր մեկնաբանությունները, մտածողության մեր ձևերը։
Օրինակ՝ մենք կարող ենք որևէ իրադարձության հետ կապված մեղավորության զգացում ունենալ և, հենվելով այդ զգացման վրա, մտածել, թե իսկապես մեղավոր ենք, սակայն վստահելի անձանց հետ զրուցելուց հետո բացահայտենք, որ նրանցից յուրաքանչյուրն ունի իր «մեղավորին», իրեն է համարում մեղավոր կամ առհասարակ որևէ մեկի մեղքը չի տեսնում։ Տեսակետների այս բազմազանությունը կօգնի կտրվել սեփական հույզերից և իրերին տարբեր տեսանկյուններից նայել։ Սա կարող է նաև առիթ հանդիսանալ, որպեսզի փորձենք պարզել իրականությունը՝ փաստերի վրա հենվելու եղանակով։