Սոցիալական ցանցերի բացասական ազդեցության մասին ենթադրություններից և հանրային տարածում ունեցող միֆերից խուսափելու համար՝ «Լավ ու Բարին» այս էջում պարբերաբար կհարապարակի տվյալ թեմային առնչվող գիտական հետազոտությունների հակիրճ անդրադարձերը։
Թեմայով առավել հետաքրքրվողները կարող են սեղմել «Ծանուցվել» կոճակը և ստանալ բոլոր նոր հետազոտությունների մասին ծանուցումներ էլփոստի միջոցով։
Instagram-ի գովազդները դեռահաս աղջիկների մոտ մեծացնում են պլաստիկ վիրահատություն կատարելու ցանկությունը
The Journal of Psychology ամսագրում հրապարակված հետազոտությունը բացահայտում է Instagram սոցիալական ցանցում տեղադրվող գովազդների ազդեցությունը սեփական մարմնի ընկալման վրա։ Հետազոտության արդյունքում գիտնականները եկել են այն եզրակացությանը, որ Instagram-ի գովազդներում ցուցադրվող մոդելների արտաքին տեսքն ազդում է ուշ դեռահասության տարիքում գտնվող աղջիկների կողմից սեփական մարմնի ընկալման վրա՝ առաջացնելով արտաքին տեսքի կտրուկ փոփոխություններ կատարելու ցանկություն։
Այն աղջիկներն, ովքեր հետազոտության ընթացքում դիտել էին ավելի նիհար կամ ընդգծված կորություններով մոդելների նկարներ, ավելի էին հավանում մարմնի նման ձևերը։ Այն աղջիկներն, ում դուր էին գալիս նիհար մարմինները, ցանկանում էին ավելի քիչ ուտել կամ կատարել գոտկատեղը նեղացնող վիրահատական միջամտություն: Իսկ այն աղջիկներն, ում դուր էին գալիս ընդգծված կորություններով մարմինները, ցանկանում էին դիմել կուրծքը կամ հետույքը մեծացնելու նպատակով կատարվող պլաստիկ վիրահատության: Սա նշանակում է, որ Instagram-ի գովազդները կարող են փոխել գեղեցկության մասին մարդկանց պատկերացումները։ Հետազոտողները նաև պարզեցին, որ մարմնի այս կամ այն ձևը նախընտրող աղջիկները ցանկանում էին իրենց մարմնին նման տեսք տալու հետ կապված որոշակի միջամտություններ կատարել:
Հետազոտությունը ցույց տվեց նաև, որ այն մասնակիցներն, ովքեր ավելի դժգոհ էին իրենց մարմնից, ավելի էին ցանկանում փոխել իրենց արտաքինը: Սեփական արտաքինի հետ կապված դժգոհությունները միջնորդող դեր էին կատարում և մեծացնում էին գովազդների ազդեցությունը։ Ի սկզբանե նիհար մարմին ցանկացող աղջիկներն ավելի մեծ հավանականությամբ էին նիհար մարմինների պատկերներ դիտում, իսկ կորավուն մարմիններ ցանկացող աղջիկներն ավելի հաճախ հենց նման մարմիններ պատկերող լուսանկարներն էին դիտում։
Գեղեցկության մասին TikTok-ներ դիտելը սեփական արտաքինի հետ կապված ամոթի և տագնապի պատճառ է դառնում
Body Image հրապարակված գիտական հետազոտությամբ ապացուցվել է, որ TikTok-ում ինքնակարեկցանքի կամ մարմնի հանդեպ դրական վերաբերմունքի մասին տեսանյութեր դիտելը նվազեցնում է երիտասարդ կանանց մոտ սեփական արտաքինի հետ կապված ամոթն ու տագնապը, իսկ գեղեցկության թեմայով տեսանյութերն, ընդհակառակը, արտաքին տեսքի հետ կապված ամոթի և տագնապի պատճառ են դառնում։
Գիտափորձին մասնակիցներին բաժանել են երեք պայմանական խմբի, որոնցից յուրաքանչյուրը պիտի դիտեր մեկ թեմայով 7 րոպե տևողությամբ TikTok-ների հավաքածու։ Տեսանյութերի հավաքածուների թեմաներն էին՝ գեղեցկություն, ինքնակարեկցանք և ճամփորդություններ։ «Գեղեցկություն» բաժնի տեսանյութերը ներառում էին շպարի դասեր, մաշկի խնամքի հետ կապված խորհուրդներ, ինչպես նաև կոսմետիկ միջոցոռումների հետ կապված «առաջ և հետո» կարգի տեսանյութեր։ «Ինքնակարեկցանք» բաժնի տեսանյութերը ներկայացնում էին երիտասարդ կանանց, ովքեր խոսում էին այն մասին, թե ինչպես էին իրենք կյանքի դժվարին պահերին հոգում իրենց մասին։ «Ճամփորդություններ» բաժնի տեսանյութերը ներկայացնում էին չեզոք բովանդակություն՝ բնության տեսարաններով և գեղեցիկ վայրերով։
Գիտափորձի արդյունքում ապացուցվեց, որ «Գեղեցկություն» բաժնի տեսանյութերը դիտած մասնակիցների մոտ սեփական արտաքինի հետ կապված ամոթն ու տագնապն աճում են, վերջիններիս տրամադրությունն ընկնում է և իջնում է նաև ինքնակարեկցանքի մակարդակը։ Այս խմբի մասնակիցները նաև մյուսներից հաճախ էին համամետում իրենց այլոց հետ և գտնում, որ այլ կանայք ավելի գեղեցիկ են։
«Ինքնակարեկցանքի» թեմայով տեսանյութեր դիտած մասնակիցներն, ընդհակառակը, ցուցաբերում են սեփական արտաքինի հետ կապված ամոթի և տագնապի ավելի ցածր մակարդակ (այդ թվում նաև «Ճամփորդություն» թեմայով տեսանյութեր դիտած մասնակիցների համեմատ)։
Սոցիալական ցանցերից տագնապի մասին տեղեկատվություն ստացողները տագնապի մասին ավելի քիչ գիտելիք ունեն, քան այլ աղբյուրներից օգտվողները
Psychology of Popular Media ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ այն անհատներն, ովքեր տեղեկատվություն են փնտրում սոցիալական ցանցերում, համեմատաբար քիչ գիտելիք ունեն տագնապի մասին և, տագնապն հաղթահարելիս, ավելի հակված են առանց տարբերակում դնելու հաղթահարման տարատեսակ մարտավարություններ կիրառելու։
Հարցման համաձայն՝ համացանցը (Wikipedia, Google և այլն) տագնապի մասին տեղեկատվություն ստանալու ամենից հաճախ կիրառվող աղբյուրն է, դրան հաջորդում են ընկերները և ընտանիքը, թերապիան, գրքերը, սոցիալական մեդիան, փոդքաստները և վերջում՝ ֆիլմերն ու հեռուստատեսությունը։
Պարզվել է, որ այն մասնակիցներն, ովքեր նշել են, որ առավել հաճախ օգտվում են սոցիալական ցանցերից, միջինում ավելի քիչ գիտելիք ունեն տագնապի մասին։ Համեմատության համար, նրանք, ովքեր տագնապի մասին տեղեկատվություն ստանալու համար օգտագործում են համացանցը (վեբ կայքեր) ունեն տագնապի մասին միջինից բարձր գիտելիքներ։
Սոցիալական ցանցերից մեկ շաբաթ դադար վերցնելը բարելավում է երիտասարդ կանանց ինքնագնահատականը և մարմնի պատկերը
Body Image ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ այն երիտասարդ կանայք, ովքեր մեկ շաբաթով դադարում են օգտվել սոցիալական ցանցներից, ունենում են ինքնագնահատականի զգալի բարելավում։ Այդ դրական ազդեցությունն հատկապես վերաբերվում է այն կանանց, ովքեր կատարյալ գեղեցկության ստանդարտ են համարում նիհար մարմինը։
Հետազոտության մասնակիցները բաժանվել են երկու խմբի։ Առաջին խմբի անդամներին թույլատրվել է շարունակել սոցիալական ցանցերից օգտվելը, իսկ երկրորդ խմբի անդամները ստիպված են եղել դուրս գալ իրենց հաշիվներից և հեռախոսում տեղադրել սոցիալական ցանցերը արգելափակող ծրագիր։ Մեկ շաբաթ անց առաջին խմբի մոտ որևէ փոփոխույթուն չի գրանցվել, իսկ երկրորդ խումբն ունեցել է բարելավում ինքնագնահատականի և մարմնի պատկերի ցուցանիշներում։ Սա ապացուցում է, որ սոցիալական ցանցերից վերցրած անգամ կարճատև «արձակուրդը» կարող է զգալի ազդեցություն ունենալ։