Ի՞նչ է պրոկրաստինացիան
Պրոկրաստինացիան կարևոր անելիքներն առանց էական պատճառի ձգձգելու միտումն է՝ հնարավոր բացասական հետևանքների անտեսմամբ։ Կախվածությունների նմանությամբ՝ պրոկրաստինացիան նույնպես մոտակա հեռանկարում ունի իր օգուտները (օրինակ՝ սթրեսի կամ տագնապի նվազեցում), որոնց համար տևական հեռանկարում անհրաժեշտ է լինում մեծ գին վճարել (աշխատանքային արդյունավետության նվազեցում, անբավարար ինքնահարգանք)։
Պրոկրաստինացիայի օրինակներ
- Աշխատանքը կամ հանձնարարությունները վերջին րոպեին կատարելը,
- Ամուսնու կամ զուգընկերոջ հետ բարդ խոսակցություններից խուսափելը,
- Ֆիզիկական վարժություններ ծրագրելը և չկատարելը։
Պրոկրաստինացիայի հետ կապված խնդիրներ
- Անբավարար ինքնահարգանք։ Երբ մենք բազմիցս ձգձգում կամ թողնում ենք էական նպատակներն ու գործողությունները, մենք, ըստ էության, սովորեցնում ենք մեր ուղեղին, որ հուսալի կամ վստահելի անձ չենք։ Ժամանակի ընթացքում այս համոզմունքը քայքայում է առողջ ինքնագնահատականն ու ինքնավստահությունը:
- Ցածր արդյունավետություն։ Չնայած հետգայում արվող այն արդարացումներին, թե «ես ճնշման տակ ավելի լավ եմ աշխատում», պրոկրաստինացիան մշտապես հանգեցնում է աշխատանքի քանակի և որակի նվազեցման։ Պրոկրաստինացիան հատկապես վնասակար է ստեղծագործական նախաձեռնությունների վաղ փուլերում, որտեղ հաճախ պահանջվում է հետևողական աշխատանք՝ չնայած աշխատանքի որակի հետ կապված ունեցած կասկածներին և անվստահության զգացմանը:
- Տագնապ և սթրես։ Պրոկրաստինացիան ժամանակի հետ ավելի է հաճախանում, քանի որ այն անմիջապես թեթևացնում է սթրեսի և տագնապի զգացումը։ Սակայն տևական հեռանկարում պրոկրաստինացիան կարող է առաջացնել քրոնիկական անհանգստություն և է՛լ ավելի ուժգին սթրես և տագնապ։
- Հարաբերություններում վստահության կորուստ։ Երբ մենք շարունակաբար ձգձգում ենք անլիքները կամ խուսափում հարաբարությունների վրա էական ազդեցություն ունեցող գործողությունների կատարումից, մեր զուգընկերները, հասկանալի պատճառներով, կորցնում են մեր հանդեպ վստահությունը։ Վստահության այդ կորուստն հարաբերություններում հանգեցնում է տարատեսակ բացասական հետևանքների՝ սկսած հաճախացող կոնֆլիկտներից, մինչև մտերմության նվազեցում և աղքատիկ հաղորդակցում։
Պրոկրաստինացիայի պատճառները
Հետազոտությունները ցույց են տվել, որ պրոկրաստինացիան ունի չորս հիմնական պատճառներ․
- Ցածր ինքնարդյունավետություն։ Անձի համոզմուքններն ու ակնկալիքները՝ առաջադրանքի կատարման համար անհրաժեշտ իր կարողությունների հանդեպ։ Երբ մենք վստահ չենք, որ ունենք առաջադրանքը կատարելու (կամ պատշաճ կատարելու) համար անհրաժեշտ կարողությունները, պրոկրաստինացիայի տրվելու հավանականությունը մեծանում է։
- Թերարժևորում։ Որքանո՞վ են մեր անելիքները հաճելի և իմաստալից թվում մեզ: Ընդհանուր առմամբ, որքան հաճելի և իմաստալից են թվում մեզ մեր անելիքներն, այնքան ավելի ցածր է դրանք ձգձգելու հավանականությունը։ Ընդ որում, ապացուցվել է, որ միջին բարդության և ձանձրալի անելիքներն իրականում ավելի մեծ հավանականությամբ են հանգեցնում պրոկրաստինացիայի, քան ծայրահեղ բարդ առաջադրանքները։ Սա բացատրում է, թե ինչու ենք մենք հակված ձգձգելու հատկապես միօրինակ աշխատանքը։
- Իմպուլսիվություն։ Հենց այս պահին հասանելի և ավելի գրավիչ շեղող հանգամանքների առկայության դեպքում կենտրոնացվածությունը պահպանելու դժվարություն։ Որքան ավելի խեցելի ենք մենք տարատեսակ շեղող հանգամանքների առաջ կամ որքան ավելի շեղող միջավայրում ենք աշխատում, այնքան ավելի մեծ դժվարությամբ ենք ի վիճակի լինում պահպանել կենտրոնացվածությունը և այնքան ավելի մեծ հավանականությամբ ենք տրվում պրոկրաստինացիայի։
- Հապաղում։ Որքա՞ն ժամանակ կա առաջադրանքը ստանձնելու և այն ավարտին հասցնելու վերջնաժամկտի միջև։ Որքան ավելի երկար ժամանակ է լինում առաջադրանքն ավարտին հասցնելու համար, այնքան ավելի հավանական է, որ այն կատարելիս՝ մենք կտրվենք պրոկրաստինացիայի։
Մտքեր պրոկրաստինացիայի մասին
- Դուք պիտի տեղում լինեք՝ նախքան ոգեշնչման գալը։ – Ջեյմս Քլիըր
- Կանոնավոր և կազմակերպված եղեք կյանքում, որպեսզի կարողանաք կատաղի և յուրօրինակ լինել աշխատանքի մեջ։ – Գուստավ Ֆլոբեր
- Մենք քայլելով ենք ճանապարհներ ստեղծում։ – Անտոնիո Մաչադո
- Մի օր դու կարթնանաս և այլևս ժամանակ չես ունենա, որպեսզի անես այն, ինչ միշտ ցանկացել ես անել։ Արա դա այժմ։ – Պաուլո Կոելյո
- Ինչպես մենք անցկացնում ենք մեր օրերն, անշուշտ, այնպես էլ անցկացնում ենք մեր կյանքը։ Այն, թե ինչպես ենք վարվում այս և հաջորդ ժամվա հետ, բացահայտում է, թե ինչպես ենք վարվում առհասարակ։ Ժամանակացույցը պաշտպանում է քաոսից և քմահաճույքներից: Այն օրեր որսալու ցանց է։ – Էննի Դիլըրդ
Գրքեր պրոկրաստինացիայի մասին
- «Ատոմային սովորություններ», Ջեյմս Քլիըր։ Գիրք փոքրիկ առօրյա սովորությունների ուժի և այն մասին, թե ինչպես են դրանք նպաստում մեր նպատակների իրականացմանը: Գիրքն առաջարկում է գործնական ռազմավարություններ՝ անձնական և մասնագիտական կյանքում հաջողություն ապահողվող սովորություններ ձևավորելու, դրանց հետևելու և պահպանելու համար։
Պրոկրաստինացիայի թեմայով դասընթացներ
Պրոկրաստինացիան հաղթահարելու համար լավագույն հայալեզու ռեսուրսներից մեկը «Լավ ու Բարի» կայքում հրապարակված «Ինչպես հաղթահարել պրոկրաստինացիան» դասընթացն է։ Այն պարունակում է 7 ծավալուն տեքստ, երկու տասնյակից ավելի գործնական աշխատանքներ, ինչպես նաև ստուգողական աշխատանք, որն անցնելուց հետո սովորողներին կտրամադրվի թվային սերտիֆիկատ (առայժմ չի տրամադրվում)։
Դասընթացին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ սեղմելով այստեղ։
Պրոկրաստինացիայի թեմայով հոդվածներ
«Լավ ու Բարի» կայքում պարբերաբար հրապարակվում են պրոկրաստինացիան հաղթահարելու և անելիքներն արդյունավետ կազմակերպելու մասին հոդվածներ։ Մեր ամենից ընթերցված և օգտակար հոդվածներից են «10 խորհուրդ հետաձգելու սովորությունից ազատվելու համար» և «Ինչպես ազատվել կարևոր անելիքները ձգձգելու սովորությունից» հոդվածները։ Անելիքները կազմակերպելու համար է՛լ ավելի օգտակար և կիրառական մոտեցումներ կարող եք գտնել՝ սեղմելով այստեղ։
Պրոկրաստինացիան չափող թեստեր
Պրոկրաստինացիան չափելու համար գիտական և կլինիկական միջավայրերում ամենից հաճախ կիրառվող հարցաշարարեից մեկն է Ռ․ Լեյի «Ընդհանուր պրոկրաստինացիայի հարցաշարը»։ «Լավ ու Բարի» կայքի կողմից կատարված պարզ թարգմանության շնորհիվ այն կարող եք լրացնել նաև ինքնուրույն և պարզել, թե որքան լուրջ է ձեզ մոտ պրոկրաստինացիայի միտումը։ Թեստն անցնելու համար՝ սեղմեք այստեղ։
Պրոկրաստինացիան նվազեցնող սեանսներ
«Լավ ու Բարի» կայքում առկա են պրոկրաստինացիան նվազեցնելու նպատակով կիրառվող ինտերակտիվ սեանսներ, որոնք ստեղծված են կոգնիտիվ-վարքային թերապիայի մոտեցումների կիրառմամբ։ Այդ սեանսները չեմ կարող փոխարինել իրական մասնագետի հետ աշխատանքին, սակայն կարող են օգտակար լինել այն պահերին, երբ պրոկրաստինացիան ամենից շատն է անհանգստացնում ձեզ։
Սեանսն անցնելու համար ընտրեք ստորև թվարկված տարբերակներից մեկը և սեղմեք դրա վերնագրի վրա․
- Ես քննադատում եմ ինձ, քանի որ մյուսներից քիչ եմ աշխատում
- Հաճախ ես ինձ մեղավոր եմ զգում զվարճանալու պատճառով
- Ես շարունակ հետաձգում եմ գործերը
Պրոկրաստինացիան նվազեցնելու աշխատաթերթեր
Կարևոր անելիքները ձգձգելու սովորությունն հաղթահարելու ճանապարհին նշանակալի օգնություն կարող են տրամադրել «Լավ ու Բարի» կայքում զետեղված տարատեսակ աշխատաթերթերը և այլ աշխատանքային գործիքները։ Դրանք հատկապես օգտակար են այն դեպքեում, երբ մենք պարզապես չգիտենք, թե ինչպես կազմակերպենք ցանկալի փոփոխության շուրջ տարվող աշխատանքը, ինչպես հստակեցնենք մեր մտքերը, ինչպես ծրագրենք գործողությունների ընթացքը և վերլուծենք արդեն կատարած աշխատանքը։
Պրոկրաստինացիայի հետ կապված աշխատաթերթերի և այլ գործիքների տեսականուն կարող եք ծանոթանալ՝ սեղմելով այստեղ։ Այս բաժնի առավել հաճախ դիտվող գործիքներից են «Խնդիրների լուծում» և «Անելիքների ցուցակ և շաբաթվա պլանավորում» տպագրանյութերը։