ՄԵՆՅՈւ

Ինչ է կոգնիտիվ վարքային թերապիան և արդյոք այն իսկապես օգնում է

Գոյություն ունեն հոգեթերապևտիկ աշխատանքն իրականացնելու մի շարք եղանակներ։ Այդ եղանակներն հաճախ անվանում են նաև թերևապևտիկ մոտեցումներ, թերապիայի տարատեսակներ և այլն։ Յուրաքանչյուր թերապևտիկ մոտեցում ունի իր տեսական հիմքը (գաղափարները, որոնցից ելնելով՝ մշակվում է թերապևտիկ աշխատանքը), կառուցվածքը, գործիքակազմը և այլ առանձնահատկությունները։ Յուրաքանչյուր հոգեբան կամ հոգեթերապևտ, կախված այցելուի խնդիրներից և նպատակներից, կարող է միաժամանակ կիրառել մի քանի թերապևտիկ մոտեցում։

Կոգնիտիվ-վարքային թերապիան (ԿՎԹ) հոգեթերապևտիկ մոտեցում է կամ թերապիայի տարատեսակ։ Կոգնիտիվն այս անվան մեջ նշանակում է մտածողության հետ առնչվող (այս բառի առավել սպառիչ բացատրությունը կարող եք գտնել մեր «Ինչ է նշանակում կոգնիտիվ» հոդվածում՝ սեղմելով այստեղ)։ Խիստ պարզեցնելով՝ կարող ենք ասել, որ ԿՎԹ-ն մտածողության հետ առնչվող և նաև վարքային թերապիա է։ Այն ենթադրում է, որ մեր վարքի հիմքում ընկած է մեր մտածողությունը, և որ մտածողությունը փոխելով՝ կարելի է փոխել նաև վարքը։

ԿՎԹ միջոցով փոփոխման ենթակա վարք կարող են լինել ոչ միայն ակնհայտ բացասական սովորությունները, այլ նաև մեզ տհաճություն և անհարմարություն պատճառող ցանկացած այլ դրսևորումներ՝ այն, թե ինչպես ենք արտահայտում մեր հույզերը, ինչպես ենք կազմակերպում մեր առօրյան, ինչպես ենք դրսևորում մեզ հարաբերություններում և այլն։

Կարևոր է հիշել, որ մենք կարող ենք փոխել միայն սեփական վարքը և բացառապես սեփական ցանկությամբ։ Կոգնիտիվ վարքային թերապիան ներշնչման կամ թաքուն ներգործության եղանակ չէ։ Ինչպես մե՛նք չենք կարող փոխել այլ մարդկանց, այնպես էլ հոգեթերապևտն, այս դեպքում, չի կարող փոխել մեզ։ Փոփոխության ձեռնարկողն ու իրականացնողը մենք ինքներս ենք՝ սեփական ցանկությամբ։

Կա կարծիք, որ «վարքային» բառն այս թերապիայի անվան մեջ ավելացվել է իբրև մարքեթինգային քայլ, քանզի նախորդ դարի կեսերին, երբ սկիզբ էր առնում կոգնիտիվ հոգեբանությունը, չափազանց հանրահայտ էին վարքաբանության (բիհեվիորիզմի) հիման վրա ստեղծված վարքային թերապիաները։ Ասում են, թե նույն այդ պատճառով է հանվել նաև թերապիայի անգլերեն անվանման «կոգնիտիվ» և «վարքային» բառերի միջև դրվող գծիկը, որպեսզի «կոգնիտիվ-վարքայինը» չլինի մեկ բառ և, հապավում կազմելիս, պարտադիր արտացոլվի նաև «վարքային» բառը նշանակող B տառը (միշտ գրվի CBT, ոչ թե՝ CT)։

Կոգնիտիվ-վարքային թերապիայի ընթացքում թերապևտն հիմնականում լսում է մեզ, հարցեր տալիս, տրամադրում խնդիրների հետ անռչվող հոգեբանական գիտելիք և դրանք լուծելու համար անհրաժեշտ գործիքակազմ։ Մասնագետն օգնում է հստակ ձևակերպել մեր խնդիրը, դնել դրա լուծման հետ կապված իրատեսական նպատակ և շարժվել այդ նպատակին հասնելու ուղղությամբ։ Ի տարբերություն թերապևտիկ մի շարք այլ մոտեցումների, ԿՎԹ մասնագետը կարող է առանձնակի ուշադրություն չդարձնել խնդիրների առաջացման պատճառներին՝ կենտրոնանալով միայն դրանց լուծման վրա։

Եվ ամենակարևորը՝ ի տարբերություն որոշ հայտնի թերապևտիկ մոտեցումների, ԿՎԹ արդյունավետությունն ապացուցված է բազմաթիվ գիտական հետազոտություններով։ Այդ հետազոտությունների մեծ մասը ստուգում է անձի մոտ խնդրի արտահայտվածությունը կոգնիտիվ-վարքային թերապիան իրականացնելուց առաջ և հետո։ Ընդ որում՝ նման եղանակով ստուգվում է նաև ԿՎԹ առանձին տեխնիկաների արդյունավետությունը։ Այսինքն՝ ԿՎԹ և դրա առանձին գործիքների ազդեցությունը ենթադրական չէ, այլ բազմիցս ապացուցված ողջ աշխարհի մեծաթիվ գիտնականների կողմից։

Որ դեպքերում է օգտակար կոգնիտիվ վարքային թերապիան

ԿՎԹ-ն իր արդյունավետությունն է ցույց տվել կախյալությունների, տագնապի, դեպրեսիայի, խուճապի գրոհների, ֆոբիաների և մտավոր առողջության մի շարք այլ խանգարումների դեպքում։ Այն կարող կիրառվել նաև տարատեսակ այլ խնդիրների լուծման համար, որոնցից են․

  • Քրոնիկական ցավը կամ ծանր հիվանդության հետ կապված հոգեբանական խնդիրները,
  • Ամուսնալուծության և բաժանման հետ կապված խնդիրները,
  • Վշտի և կորստի հետ կապված խնդիրները,
  • Անքնությունը,
  • Անբավարար ինքնահարգանքը կամ ինքնագնահատականը,
  • Սթրեսի կառավարումը,
  • Հարաբերությունների կարգավորումը, և այլն։

Կոգնիտիվ վարքային թերապիայի տեխնիկաները

ԿՎԹ-ն կենտրոնանում է մտածողության անօգտակար օրինաչափությունների վերհանման և շտկման շուրջ։ Նման օրինաչափություններ կարող են լինել այն համոզմունքները, հավատալիքները կամ անձնական կանոնները, որոնց մենք հետևում ենք՝ չնայած դրանց բացասական ազդեցությանը։ Թերապևտը զրույցի և հարցադրումների միջոցով օգնում է մեզ հստակեցնել անօգտակար օրինաչափությունները և դրանց համար գտնել ավելի առողջ այլընտրանքներ։ Այս աշխատանքը բավականին բարդ է և կարող է պահանջել սեփական մտքերին, հույզերին և վարքին նպատակային հետևելու համար անհրաժեշտ գիտելիք։ Հոգեթերապևտը տրամադրում է մեզ այդ գիտելիքն ու աջակցում այն կիրառելու հարցում։

Թերապրտի աջակցությամբ ԿՎԹ ընթացքում մենք կարող ենք սովորել նաև մի շարք այլ օգտակար հմտություններ, որոնցից են․

  • Խնդիրների լուծում։ Խնդիրների և դրանց աղբյուրների ճշտգրիտ վերհանման, լուծման հնարավոր տարբերակների հստակեցման և լուծման լավագույն տարբերակի ընտրության համար անհրաժեշտ գիտելիքի և գործիքակազմի տրամադրում։ Այս մասին փոքր ինչ ավելի կարող եք իմանալ մեր «Ինչպես երեխային սովորեցնել խնդիրների լուծման հմտություններ» հոդվածից՝ սեղմելով այստեղ։ Թեև այն երեխաների ուսուցման մասին է, սակայն հնարավորինս մատչելի փոխանցում է խնդիրների լուծման հմտության բնույթը։
  • Նպատակադրում։ Մոտակա և հեռակա նպատակների հստակեցման գործիքակազմի և նպատակադրման եղանակների մասին գիտելիքի տրամադրում։ Իրատեսական, կոնկրետ, չափվող և էական նպատակների ճանաչման, դրանց կատարման գործընթացի պլանավորման և իրագործման հմտություններ։
  • Ինքնազննում։ Սեփական մտքերի, հույզերի, վարքի զննման և այդ երևույթների միջև առկա կապերի վերհանման համար անհրաժեշտ գիտելիքի և գործիքակազմի տրամադրում։ Ինքնազննման այնպիսի գործիքների ուսուցում, ինչպիսիք են անձնական օրագիրը, տարբեր վարքաձևերի փորձարկումը և դրանց արդյունքների վերլուծությունը, սթրեսի և ռելաքսացիայի տեխնիկաները։

Կոգնիտիվ վարքային թերապիայի տևողությունը

ԿՎԹ-ն համարվում է կարճատև թերապիա։ Դրա միջին տևողությունը 5-20 շաբաթ է։ Թերապիայի մոտավոր տևողությունը, սակայն, կարող է նշել միայն այն իրականացնող մասնագետը՝ մի շարք գործոններ հաշվի առնելուց հետո։ Այդ գործոններից են․

  • Խնդրի կամ խանգարման տեսակը,
  • Ախտանիշների կամ հայտանիշների ինտենսիվությունը,
  • Խնդրի կամ խանգարման պատմությունը,
  • Այցելուի առաջխաղացման տեմպը,
  • Բարդացնող հանգամանքների կամ սթրեսի առկայությունը,
  • Շրջապատի վերաբերմունքն ու աջակցությունը, և այլն։

Կոգնիտիվ վարքային թերապիայի վտանգները

ԿՎԹ-ն համարվում է անվտանգ թերապևտիկ միջամտություն։ Կախված այցելուի անձնկան առանձնահատկություններից, այս թերապիայի ընթացքում հնարավոր են հետևյալ խնդիրները․

  • Անհարմարության զգացում։ Որոշ մարդիկ կարող են սկզբնական շրջանում չհաշտվել անձնական պատասխանատվության և խնդիրներին անմիջականորեն առնչվելու անհրաժեշտության հետ, ինչը կարող է անհարմարության զգացման պատճառ դառնալ։
  • Սթրես և տագնապ։ Որոշ խնդիրների դեպքում ԿՎԹ-ն կարող է ներառել էքսպոզիցիոն թերապիա՝ վախի կամ տագնապի առարկայի հետ երևակայական կամ անմիջական առերեսում, ինչը կարող է սթրեսի և տագնապի հավելյալ աղբյուր լինել։
  • Անհամբերություն։ Թեև ԿՎԹ-ն համարվում է կարճատև թերապիա, խնդիրներն անմիջապես լուծելու կամ արագ փոփոխությունների հասնելու ցանկությունը կարող են հակաարդյունավետ լինել։ Համբերատարությունն ու սեանսների ընթացքում ինքնուրույն աշխատանք կատարելու պատրաստակամությունն այս դեպքում էական գործոններ են։

Ինչպես գտնել ԿՎԹ մասնագետի

Կոգնիտիվ-վարքային թերապիա առաջարկող մասնագետը պարտադիր պիտի ունենա մտավորր առողջության բնագավառում բարձրագույն կրթություն (հոգեբանություն, հոգեբուժություն, սոցիալական աշխատանք)։ Թերապիայի այս տեսակն իրականացնելու համար անհրաժեշտ է նաև դրան տիրապետելու մասին հավաստիացում (լրացուցիչ կրթության առկայություն)։

Անհրաժեշտ մասնագետի կարող եք գտնել ինչպես Google-ում կամ Facebook-ում որոնում իրականացնելու միջոցով, այնպես էլ մեր «Մասնագետներ» բաժնում՝ սեղմելով այստեղ։

Հաշվի առեք, որ «Լավ ու Բարին» չի տրամադրում հոգեբանական ծառայություններ և չի ներկայացնում կայքում գրանցված մասնագետների շահերը։ Գրանցված մասնագետների ինքնությունը և անհրաժեշտ կրթության առկայությունը նախապես ստուգվում է։

Պահպանել այս էջը
Լավ ու Բարի
Լավ ու Բարի

Հոգեբանություն թեմայով ամենալավ ու բարի կայքը։