Ի՞նչ են դիսթրեսը և դրա անհանդուրժումը
Հոգեբանության բնագավառում դիսթրես են անվանում հուզական այն վիճակները, որոնք անձի կողմից ընդունվում են իբրև տհաճ, անցանկալի կամ անհարմար։ Դիսթրեսի աղբյուր կարող է հանդիսանալ ցանկացած հույզ, որից անձը ցանկանում է ազատվել կամ որի առկայության պարագայում դժվարանում է պահպանել իր բնականոն կենսագործունեությունը։ Դիսթրեսի և սթրեսի տարբերության մասին կարող եք կարդալ՝ սեղմելով այստեղ։
Դիսթրեսը մարդու կյանքի անխուսափելի մասն է։ Բոլոր հույզերի համար ընդհանուր է դրանց անցողիկությունը։ Սակայն հաճախ պատահում է այնպես, որ մենք պարզապես չենք կարողանում հանդուրժել այս կամ այն հույզը՝ դրանից ազատվելու համար կիրառելով խուսափման ինչպես առողջ (սպորտ, շփում, աշխատանք և այլն), այնպես էլ անառողջ եղանակներ (ալկոհոլ, ինքնավնասում, թմրադեղեր և այլն)։ Դիսթրեսից «ազատվելու» այս միտումն անվանում են դիսթրեսի անհանդուրժում։ Խուսափման այս մարտավարությունները, թեև կարճաժամկետ հեռանկարում օգնում են բարելավել ինքնազգացողությունը, տևական հեռանկարում դառնում են տարատեսակ խնդիրների պատճառ։ Խուսափման առողջ և անառողջ մարտավարությունների այլընտրանքը դիսթրեսի հանդուրժում կոչվող հմտությունն է։
Դիսթրեսի անհանդուրժման օրինակներ
- Ձանձրույթ չզգալու համար՝ դասերից կամ աշխատանքային պարտականություններից խուսափելը,
- Տխրությունից խուսափելու համար՝ այդ հույզն առաջացնող ֆիլմերից կամ գրքերից խուսափելը,
- Անհանգստություն չզգալու համար՝ բուժզննումները հետաձգելը կամ դրանցից խուսափելը,
- Զայրույթ չզգալու համար՝ բարդ խոսակցություններից կամ հակասական անձանց հետ շփումից խուսափելը։
Դիսթրեսի անհանդուրժման հետ կապված խնդիրներ
- Պրոկրաստինացիա – դիսթրեսի անհանդուրժումը կարող է ընկած լինել մեկ այլ խնդրի՝ պրոկրաստինացիայի հիմքում։ Պրոկրաստինացիան կարևոր գործերն առանց լուրջ պատճառի ձգձգելու միտումն է, որը կարող է հանգեցնել բացասական հետևանքների։ Այդ մասին առավել մանրամասն կարող եք տեղեկանալ մեր «Ամեն ինչ պրոկրաստինացիայի մասին» էջից։
- Անառողջ հարաբերություններ – բացասական հույզերի ժխտման և տևական քաղարկման պատճառով անձնական և գարծնական հարաբերություններում առկա խնդիրներն այդպես էլ կարող են չլուծվել՝ դանդաղ քայքայելով մեր հարաբերություններն ու ի վերջո հասցնելով դրանց խզման։ Դիսթրեսի անհանդուրժման պատճառով կարող է առաջանալ նաև հարաբերությունների որակի վրա բացասաբար ազդող մեկ այլ գործոն՝ պասիվ ագրեսիան, որի մասին կարող եք կարդալ՝ սեղմելով այստեղ։
- Աղքատիկ փորձառություններ – դիսթրեսի անհանդուրժումը կարող է սահմանափակել այն փորձառություններն ու գործունեությունը, որը կարող է բավականություն պատճառել և ավելի հարուստ դարձնել մեր կյանքը։ Չհանդուրժելով այս կամ այն հույզի ներկայությունը՝ մենք սկսում ենք մտովի ֆիլտրել այն առարկաները, որոնց հետ պիտի առնչվենք կյանքում։ Արդյունքում մենք մեր կյանք ենք թողնում միայն այն սակավաթիվ փորձառությունները, որոնք մեզ «անվտանգ» են թվում։
- Վախ և տագնապ – որքան ավելի երկար ենք մենք խուսափում այս կամ այն թեմայի հետ առնչվելուց, այնքան ավելի ենք ամրապնդվում այն մտքում, թե դա իսկապես սարսափելի է։ Արդյունքում մեր ուղեղը սովորում է արագ նկատել «վտանգավոր» առարկաները և զգուշացնել դրանց մասին։ Այդ զգուշացումները հաճախ դրսևորվում են վախի և տագնապի զգացումների տեսքով։
Դիսթրեսի անհանդուրժման աղբյուրներն ու պատճառները
- Ֆիզիոլոգիական գործոններ – դիսթրեսի անհանդուրժման հիմքում կարող են լինել նյարդային ցանցերի և ուղեղի կառուցվածքի առանձնահատկությունները։ Սա հատկապես վերաբերվում է նյարդային համակարգի այն գործոններին, որոնք պատասխանատու են պարգևատրումներ որոնելու և վտանգներից խուսափելու համար։
- Դիսթրեսը չհանդուրժող համոզմունքներ – արտաքին գործոնների ազդեցության տակ (հիմնականում մանկության տարիներին) ձևավորված այնպիսի համոզմունքներ, որոնք վերաբերվում են հույզերի սխալ, անհարիր կամ անտանելի լինելուն։ Այս համոզմունքներն այնքան արմատացած են մեր ներսում, որ առաջացնում են դիսթրեսի հանդեպ ավտոմատ մտքեր, հույզեր և վարք։ Դիսթրեսը չհանդուրժող համոզմունքներ կարող են առաջանալ մշակույթի, ընտանիքի, կրոնի կամ այլ գործոնների ազդեցության տակ։
Մտքեր դիսթրեսի մասին
- Միայնության զգացման, նախանձի և մեղավորության զգացման պես հույզերը կարևոր են երջանիկ ապրելու համար։ Դրանք հսկա և տեսանելի նշաններ են այն մասին, որ ինչ-որ բան պետք է փոխել։ – Գրետխեն Ռուբին
- Բացասական հույզերից կարելի է ազատվել՝ դրանք լիարժեքորեն հասկանալու միջոցով։ – Վերնոն Հովարդ
- Բացասական հույզերը, որոնց լիովին չենք առերեսվել և որոնք լիովին չենք ապրել, իրենց ետևից ցավի մնացորդներ են թողնում մեր մարմնի յուրաքանչյուր բջիջում։ – Էքհարթ Տոլլե
Գրքեր դիսթրեսի հանդուրժման մասին
- «Հուզական ճկունություն», Սյուզան Դեվիդ։ Հայտնի հոգեբան Սյուզան Դեվիդն այս գիրքը գրել է հույզերի, երջանկության և ձեռքբերումների շուրջ ավելի քան քսան տարվա ընթացքում կատարած ուսումնասիրությունից հետո: Նա բացահայտել է, որ անկախ մեր խելացի կամ ստեղծագործական լինելուց, անկախ մեր բնավորությունից՝ կյանքում հաջողության հասնելու մեր հավանականությունը կանխորոշում են մեր մտածողությունը, զգացմունքները և ինքնախոսությունը։
- «Քաղցր դառնություն», Սյուզան Քեյն։ «Քաղցր դառնություն» գրքում Սյուզան Քեյնն այս հոգեվիճակը սահմանում է իբրև միաժամանակ զգացվող ուժգին ուրախության, տխրության և թախծի վիճակ: Նա պնդում է, որ մենք կարող ենք ավելի մեծ իմաստ և իմաստություն գտնել կյանքում, երբ ընդունում եք քաղցր դառնությունը, անգամ եթե ի բնե չունենք նման նախատրամադրվածություն:
Դիսթրեսի հանդուրժման թեմայով դասընթացներ
Դիսթրեսի հանդուրժման հմտություն ձեռք բերելու համար լավագույն հայալեզու ռեսուրսներից մեկը «Լավ ու Բարի» կայքում հրապարակված «Ինչպես հանդուրժել դիսթրեսը» դասընթացն է։ Այն պարունակում է 4 ծավալուն տեքստ, մեկ տասնյակից ավելի գործնական աշխատանքներ, ինչպես նաև ստուգողական աշխատանք, որն անցնելուց հետո սովորողներին կտրամադրվի թվային սերտիֆիկատ (առայժմ չի տրամադրվում)։
Դասընթացին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ սեղմելով այստեղ։
Դիսթրեսի թեմայով հոդվածներ
«Լավ ու Բարի» կայքում պարբերաբար հրապարակվում են դիսթրեսը նվազեցնելու և դիսթրեսի հանդուրժման հմտություններ զարգացնելու վերաբերյալ հոդվածներ։ Մեր ամենից ընթերցված և օգտակար հոդվածներից են «Բացասական հույզերն հանդուրժելու 10 եղանակ», «Ինչու և ինչպես մենք պիտի ընդունենք տհաճ կամ անցանկալի հույզերը» և «Ինչ է ինքնակարեկցանքը և ինչպես կարող ենք այն զարգացնել»։
Դիսթրեսի բացասական ազդեցությունը նվազեցնելու համար է՛լ ավելի օգտակար և կիրառական մոտեցումներ կարող եք գտնել՝ սեղմելով այստեղ։
Դիսթրեսի անհանդուրժումը չափող թեստեր
Դիսթրեսի կամ դրա անհանդուրժման մակարդակը չափող գիտական թեստերը շուտով հասանելի կլինեն մեր «Թեստեր» բաժնում։
Դիսթրեսի անհանդուրժումը նվազեցնող սեանսներ
«Լավ ու Բարի» կայքում առկա են դիսթրեսի բացասական ազդեցությունը և դիսթրեսի անհանդուրժումը նվազեցնելու նպատակով կիրառվող ինտերակտիվ սեանսներ, որոնք ստեղծված են կոգնիտիվ-վարքային թերապիայի մոտեցումների կիրառմամբ։ Այդ սեանսները չեն կարող փոխարինել իրական մասնագետի հետ աշխատանքին, սակայն կարող են օգտակար լինել այն պահերին, երբ դիսթրեսն ամենից շատն է անհանգստացնում ձեզ։
Սեանսն անցնելու համար ընտրեք ստորև թվարկված տարբերակներից մեկը և սեղմեք դրա վերնագրի վրա․
Դիսթրեսի հանդուրժումը զարգացնող աշխատաթերթեր
Դիսթրեսի բացասական ազդեցությունը նվազեցնելու և դիսթրեսի հանդուրժման հմտություններ ձեռք բերելու ճանապարհին նշանակալի օգնություն կարող են տրամադրել «Լավ ու Բարի» կայքում զետեղված տարատեսակ աշխատաթերթերը և այլ աշխատանքային գործիքները։ Դրանք հատկապես օգտակար են այն դեպքերում, երբ մենք պարզապես չգիտենք, թե ինչպես կազմակերպենք ցանկալի փոփոխության շուրջ տարվող աշխատանքը, ինչպես հստակեցնենք մեր մտքերը, ինչպես ծրագրենք գործողությունների ընթացքը և վերլուծենք արդեն կատարած աշխատանքը։
Դիսթրեսի հետ կապված աշխատաթերթերի և այլ գործիքների տեսականուն կարող եք ծանոթանալ՝ սեղմելով այստեղ։ Այս բաժնի առավել հաճախ դիտվող գործիքներից են «Դիսթրեսի հանդուրժման գործողությունների պլան» և «Դիսթրեսի հանդուրժման սցենար» տպագրանյութերը։