«Լավ ու Բարին» առցանց պարբերական է, որը ներկայացնում է մտավոր առողջության վերաբերյալ բազմաբնույթ բովանդակություն՝ իբրև հիմք վերցնելով և ղեկավարվելով բացառապես գիտական մոտեցումներով և սկզբունքներով։
Մեր նպատակն է՝ դառնալ մտավոր առողջության վերաբերյալ առաջատար հայալեզու ռեսուրսը՝ դրսևորման հարթակ և անհրաժեշտ գործիքակազմ տրամադրելով նաև ոլորտի բոլոր շահառուներին։
Ֆինանսավորումը
«Լավ ու Բարին» չի տրամադրում և չի պատրաստվում տրամադրել մասնագիտական ծառայություններ։ Այն նաև չի հանդիսանում մասնագիտական ծառայություններ տրամադրող որևէ կազմակերպության կամ անհատի գովազդ։
«Լավ ու Բարի» կայքը ստեղծվել և պահպանվում է իր խմբագրակազմի անձնական միջոցների հաշվին։ Մենք չենք ֆինանսավորվում միջազգային ֆոնդերից կամ պետական կառույցներից և որևէ առնչություն չունենք կրոնական կազմակերպությունների հետ։ Մենք նաև չենք ներկայացնում որևէ ենթամշակույթի, հասարակական շարժման կամ առանձին խմբերի շահեր։
«Լավ ու Բարին» ստարտափ է, և մեր եկամտի ակնկալվող աղբյուրները սահմանափակվելու են բացառապես կայքի գործառույթներով՝ հայտարարությունների, անոնսների և անդրադարձերի տեղադրմամբ, մասնագետների համար նախատեսված թվային ռեսուրսների և թվային դասընթացների վաճառքով և այլն։
Բովանդակությունը
Ներկա պահին «Լավ ու Բարին» բաղկացած է հետևյալ բաժիններից․
- Հոդվածներ – ստուգված աղբյուրներից կատարված մասնակի թարգմանություններ և հեղինակային տեքստեր, որոնք համապատասխանում են գիտական գրականության և ոլորտի առաջատար մասնագետների տեսակետներին։
- Դասընթացներ – միայն հեղինակավոր գիտական աղբյուրներից հավաքաված և թարգմանված ծավալուն թեմատիկ տեքստեր՝ լրացված բազմաթիվ գործնական և ստուգողական աշխատանքներով։
- Սեանսներ – կարճ ինտերակտիվ հոդվածներ, որոնք կազմվում են՝ հետևելով մասնագիտական գրականության և մտավոր առողջության ոլորտի առաջատար մասնագետների խորհուրդներին։
- Թեստեր – գիտական հարցաշարերի (մեծ մասամբ՝ չվալիդացված) թարգմանություններ՝ ձևավորված հանրամատչելի հոգեբանական թեստերի տեսքով, որոնք կարող են անցկացվել նաև հետազոտություններ կատարելու նպատակով։
- Նորություններ – մտավոր առողջության ոլորտի բազմապիսի նորություններ՝ ներառյալ վերջին գիտական բացահայտումները, կարևորագույն իրադարձությունները և առաջիկա միջոցառումները։
- Խանութ – հիմնականում մտավոր առողջության մասնագետների համար նախատեսված և բացառապես հեղինակավոր աղբյուրների հիմքի վրա մշակված գործնական աշխատանքներ, հարցաթերթեր, թեստեր և այլ նյութեր, որոնք անհրաժեշտ են լինում թերապիայի ընթացքում։ «Խանութ» բաժնում են վաճառվում նաև կայքում հրապարակված դասընթացները։
- Մասնագետներ – մտավոր առողջության ոլորտի մասնագետների՝ հոգեբանների, հոգեբույնժների, լոգոպեդներ և այլ մասնագիտացում ունեցող անձանց ցանկ, որոնց կարող են դիմել կայքի օգտվողները։ Մասնագետների ցանկում գրանցվելու համար կարող եք այցելել «Համագործակցություն» էջ։
- Գրքեր – բացառապես հոգեբանությանը և հարակից ոլորտներին առնչվող գրքերի կատալոգ, որտեղ կարելի է ծանոթանալ գրքի նկարագրությանը, հեղինակի կենսագրությանը և ոլորտի հայտնի մասնագետների կարծիքներին։
Սկզբունքները
Թեև «Լավ ու Բարին» զերծ է խտրականության ցանկացած դրսևորումից, ելնելով կայքի բնույթից՝ այստեղ չի հրապարակվելու հետևյալ բովանդակությունը․
- Վիրավորանք – ցանկացած բովանդակություն և բառանյութ, որը միտումնավոր վիրավորում է այլոց անձը, արտացոլում է խտրական վերաբերմունք և ստեղծում է բացասական ստիգմա (այդ թվում՝ անձին իր մտավոր առողջության հետ նույնացնող ածականներ, ինչպիսիք են «նևրոտիկ», «աուտիստ» և այլն)։ Բացառություն են կազմում դասական տեքստերը և գիտական ամսագրերից մեջբերումները։
- Կրոն – որևէ հավատք քարոզող տեքստեր, նախապես որոշված և անփոփոխելի ծեսեր կամ աղոթքներ (մանտրաներ) պարունակող մոտեցումներ, ինչպես նաև որևէ իրական կամ առասպելական անձի (կամ՝ ոչ անձի) պաշտամունքի հետ առնչվող փորձառություններ։
- Քաղաքականություն – հրապարակումներ, որոնք ուղղակիորեն վերաբերվում են քաղաքականությանը կամ պարունակում են քաղաքական ենթատեքստ։ Քաղաքականացված միջոցառումների անոնսները կամ անդրադարձերը։ Բոլոր ոչ քաղաքական հրապարակումները, որոնք անդրադառնում են այն մասնագետին, ով ներկա պահին զբաղվում է ակտիվ քաղաքականությամբ և կա հավանականություն, որ կարող է օգտվել «Լավ ու Բարի» հարթակից՝ ինքնագովազդի և քաղաքական կարյերայի առաջխաղացման համար։
- Ներշնչում – ցանկացած մոտեցումներ, որոնք կիրառում են միայն ներշնչման տեխնիկաներ կամ հենվում են բացառապես այցելուի ներշնչվողականության վրա։ Այլ տեքստերում՝ ներշնչման հետ կապված ցանկացած հիշատակում պետք է պարունակի ազատ հասանելիությամբ գիտական աղբյուրի հղում։
- Գուշակություն – ցանկացած մոտեցումներ, որոնք ներառում են գուշակության տարրեր։ Երևույթների՝ բավարար փորձարարական հիմնավորում չունեցող այնպիսի մեկնաբանություններ, ինչպիսիք են երազների մեկնությունը, տարատեսակ սիմվոլների մեկնությունը, այցելուի կողմից ստեղծված պատկերների մեկնությունը, անձի տրամադրած տվյալների վրա հենվելով՝ նրա ապագայի գուշակությունը և այլն։ Բացառություն են կազմում հոգեբանության վերաբերյալ դասական տեքստերը։ Այլ տեքստերում՝ կանխատեսման հետ կապված ցանկացած հիշատակում պետք է պարունակի ազատ հասանելիությամբ գիտական աղբյուրի հղում։
- Հրաշքներ – անիրատեսական ակնկալիքներ ստեղծող ցանկացած բովանդակություն, այդ թվում նաև՝ գիտական մոտեցումներով անցկացվող միջամտությունների մասին։ Թերապիայի, սեմինարների կամ այլ ծառայությունների նկարագրություններ, որոնք պարունակում են օգտվողի անձնական և մասնագիտական կյանքին առնչվող անհիմն կամ անիրատեսական խոստումներ։
- Խարդախություն – կայքում չեն խրախուսվում մասնագետների կողմից այնպիսի անձնական ձեռքբերումների մասին տեղեկությունները, որոնք էական նշանակություն չունեն վերջինիս մասնագիտական կարողությունների ներկայացման հարցում և օգտագործվում են միայն այցելուներին թյուրիմացության մեջ գցելու համար։ Թեև «Լավ ու Բարին» չի արգելում նման տվյալների հրապարակումը, կայքի կողմից հնարավորինս խրախուսվելու է մասնագետների բարեխղճությունը։ Կայքի օգտվողներին տրամադրվելու են մասնագետի գրագետ ընտրություն կատարելու և մասնագիտական ձեռբերումները սթափ գնահատելու համար անհրաժեշտ տեղեկություններն ու գործիքակազմը։
Այցելությունները
Ստորև ներկայացված գրաֆիկը ցուցադրում է «Լավ ու Բարի» կայքի ամսական այցելություններն՝ ըստ Google Analytics-ի։ Մեր այցելուների 91%-ը Հայաստանից են։ Յուրաքանչյուր այցելու միջինում դիտում է 2.5 էջ։