ՄԵՆՅՈւ

Ի՞նչ է զուգադիպությունների գրանցման օրագիրը և ինչով է այն օգտակար

Անձնական օրագրի, դրա հոգեբանական ազդեցության և տարատեսակների մասին մենք արդեն խոսել ենք մեր նախորդ գրառումներից մեկում։ Այն կարող եք կարդալ՝ սեղմելով այստեղ։ Մեր այս հոդվածում կխոսենք անձնական օրագրի մեկ այլ տարատեսակի՝ զուգադիպությունների գրանցման օրագրի մասին։

Հիշու՞մ եք, թե ձեր կյանքում երբ է վերջին անգամ երջանիկ զուգադիպություն տեղի ունեցել։ Ե՞րբ եք վերջին անգամ գտել ձեր ուզածը ճիշտ այն պահին, երբ այն ամենից անհրաժեշտ էր։ Մենք բոլորս էլ բախվում ենք նման հաճելի պատահականությունների, սակայն այնքան ծանրաբեռնված ենք կամ տարված առօրյա հոգսերով, որ երբեն չենք էլ նկատում դրանք։ Այնինչ երջանիկ զուգադիպությունները նկատելը կարող է հնարավորությունների և առավելությունների աղբյուր լինել։

Երջանիկ զուգադիպությունները նկատելով՝ մենք կարող ենք վերանայել սեփական կյանքի մասին մեր պատկերացումները, ձևավորել ավելի դրական աշխարհայացք և սովորել ավելի լավատեսական տեսանկյունից նայել կյանքի տարբեր իրադրություններին։ Այս ամենը խիստ կարևոր է երջանիկ և գոհացնող կյանքով ապրելու համար։

Եկեք տեսնենք, թե ինչպես կարող ենք ավելի հաճախ նկատել երջանիկ զուգադիպությունները և օգտվել այդ սովորության ընձեռած հնարավորություններից։

Ստեղծել անձնական օրագիր

Անձնական օրագրի տված օգուտները բազմաթիվ են՝ հույզերի հստակեցում, խնդիրների լուծում, սթրեսի և լարվածության նվազեցում և այլն։ Զուգադիպությունների օրագիր վարելով՝ մենք կարող ենք է՛լ ավելի օգտակար դարձնել օրագրի վարման, առանց այդ էլ բազմաթիվ առավելություններ ընձեռող, սովորությունը։ Եկեք տեսնենք, թե ինչպես կարելի է վարել զուգադիպությունների օրագիրը․

  1. Յուրաքանչյուր օրվա ավարտին (կամ ձեզ առավել հարմար պահին) տրամադրեք մի քանի րոպե և գրի առնեք օրվա ընթացքում տեղի ունեցած երջանիկ զուգադիպություններն, ինչպիսիք են՝ անհրաժեշտ առարկան ձեռքի տակ հայտնաբերելը, ցանկալի արդյունքին պատահմամբ հեշտությամբ հասնելը և այլն։ Հնարավոր է, փողոցով քայլելիս, դուք տեսել եք խանութի ցուցափեղկում այն, ինչ վաղուց փնտրում էիք, կամ ծանոթներից մեկը զրույցի ընթացքում տվել է մի հարցի պատասխան, որը վաղուց հետաքրքրում էր ձեզ և կարող էր ծառայել անձնական խնդիրների լուծմանը, կամ դուք համացանցում բախվել եք այնպիսի տեղեկության, որն ասես հենց ձեզ համար գրված լիներ (մեր գրառումներն այստեղ և այստեղ հաճախ կարող են ճիշտ ձեր օրվա խնդիրների մասին լինել)։
  2. Մի թողեք ձեր գրառումները պարզ թվարկման մակարդակում։ Յուրաքանչյուր զուգադիպություն գրառելիս՝ փոքր ինչ ծավալվեք այդ մասին, գրի առեք, թե ինչպես եք նկատել այն՝ պատահմամաբ, թե ասես ակամա որոնելով։ Ինչպե՞ս զուգադիպությունը կամ պատահականությունը գրավեց ձեր ուշադրությունը։ Նման կերպ վարվելով՝ ժամանակի ընթացքում մենք սովորում ենք է՛լ ավելի զգոն լինել երջանիկ զուգադիպությունների հանդեպ և է՛լ ավելի հմտորեն կիրառել դրանք ի շահ մեզ։
  3. Մտածեք նաև ապագայի մասին։ Ի՞նչ խնդիրներ, պահանջմունքներ կամ հետաքրքրություններ կան ձեր կյանքում, որոնք կարող են բավարարվել երջանիկ զուգադիպությամբ։ Օգտագործեք երևակայությունը՝ պատկերացնելով, թե ինչ իրավիճակներում կարող եք երջանիկ զուգադիպությամբ գտնել ձեզ հուզող հարցերի պատասխանները։ Ինչպե՞ս կարող են ցանկալի առարկաները կամ անձիք պատահմամաբ հայտնվել ձեր կյանքում։ Հույս մի դրեք հրաշքների վրա և մի թերագնահատեք անձնական ջանքերի կարևորությունը, սակայն թույլ տվեք ձեզ նաև չբացառել կյանքում հանկարծակի և չպլանավորված իրադարձությունների հավանականությունը։ Մտովի կառուցեք այնպիսի երջանիկ պատահականություններ, որոնք իսկապես հավանական են և կարող են տեղի ունենալ ցանկացած պահի։ Սա օգտակար է հետագայում նման զուգադիպությունների հանդեպ առավել ուշադիր լինելու և ճիշտ ժամանակին նկատելու համար։

Ի՞նչ անել հետո

Երջանիկ զուգադիպությունները կարող են բազմաթիվ արժեքավոր ձեռքբերումների առիթ հանդիսանալ՝ լինեն դա նյութական, թե ոչ նյութական ձեռքբերումները։ Դրանք, սակայն, պիտի շարունակեն մնալ զուտ պատահականություններ՝ տեղի ունենալով անսպասելիորեն և հաճելի անակնկալ մատուցելով մեզ։

Ձեռբերումների հասնելու և անձնական խնդիրների լուծման համար մենք պիտի շարունակենք ակտիվ ջանքեր գործադրել՝ օգտագորձելով ձեռքի տակ եղած հնարավոր բոլոր ռեսուրսները։ Այդ հարցում առավել օգտակար կարող են լինել խնդիրների լուծման (սեղմեք այստեղ), որոշումների կայացման (սեղմեք այստեղ) կամ անելիքները ձգձգելու սովորության (սեղմեք այստեղ) մասին մեր հոդվածները։

Պահպանել այս էջը
Լավ ու Բարի
Լավ ու Բարի

Հոգեբանություն թեմայով ամենալավ ու բարի կայքը։