ՄԵՆՅՈւ

10 խորհուրդ հետաձգելու սովորությունից ազատվելու համար

Մեզանից շատերն առնվազն մեկ կամ մի քանի անգամ նկատած կլինեն, թե ինչպես են իրենք հետաձգում անելիքները և սեփական գործերին նայում կողմնակի աչքով՝ ասես զուտ տեղյակ լինելով, որ դրանք պիտի արվեն։ Որոշ գործեր մենք բավականությամբ ենք կատարում, մինչդեռ մյուսներն ասես ուժով պահեն մեզ անգործության մեջ՝ ստիպելով հետևել, թե ինչպես են մոտենում վերջնաժամկետները։ Եթե այս իրավիճակը ձեզ նույնպես ծանոթ է թվում, ապա ստորև ներկայացված 9 խորհուրդները կարող են նաև ձեզ օգտակար լինել։

1․ Զսպեք կատարելապաշտությունը

Թեև պրոկրաստինացիան միշտ չէ կատարելապաշտության՝ պերֆեկցիոնիզմի հետևանք, վերջինս միանշանակ կարող է դրա աղբյուրներից մեկը լինել։ Թույլ տալով կատարելապաշտությանը գլուխ բարձրացնել՝ մենք թույլ ենք տալիս, որպեսզի գործերն այնչափ հավաքվեն, մինչև սկսեն վախեցնել մեզ։ Ի վերջո մենք հանձնվում ենք և տրվում պրոկրաստինացիայի։

Եթե դուք պրոկրաստինացիայի եք տրվում կատարելապաշտության պատճառով, կարող եք օգնել ձեզ՝ իջեցնելով ձեր չափանիշները։ Համաձայնվեք «բավարար լավի» հետ և, երբ ուժ և ժամանակ ունենաք, շարունակեք ձգտել «լավագույնին»։ Թույլ մի տվեք, որպեսզի կատարյալի ձգտումը ետ պահի ձեզ աշխատանքը սկսելուց։

2․ Հեռացրեք ճանապարհից կարճ գործերը

Չափից երկար գործերի ցուցակը հաճախ կարող է վախեցնել մեզ և դրդել պրոկրաստինացիայի։ Մեր ուշադրությունը պահանջող բազմաթիվ անելիքները կարող են խլել գործերը սկսելու համար անհրաժեշտ էներգիան։ Պրոկրաստինացիայից ազատվելու համար ամենաօգտակար խորհուրդներից մեկն անելիքների ցուցակ կազմելն է, որտեղ նշվում է նաև, թե յուրաքանչյուր անելիք որքան ժամանակ կարող է պահանջել։ Այդ եղանակով կազմված ցուցակն աչքի անցկացնելիս՝ պետք է անմիջապես կատարել բոլոր այն գործերը, որոնք 5 րոպեից քիչ ժամանակ են պահանջում։ Սա ոչ միայն կօգնի կրճատել գործերի ցուցակը, այլ նաև, կատարված գործերը ցուցակից ջնջելուն զուգահեռ, ձեզ լրացուցիչ էներգիա կտա։

Եթե չեք ցանկանում անելիքների ցուցակը սովորական թղթի վրա կազմել, կարող եք ներբեռնել և տպել մեր «Անելիքների ցուցակ և շաբաթվա պլանավորում» տպագրանյութը։ Մեկ անգամ ներբեռնելով՝ դուք կարող եք տպել դրա բազմաթիվ օրինակներ և յուրաքանչյուր շաբաթ սկսել մաքուր էջից։

3․ Կատարեք փոքրիկ քայլեր

Պրոկրաստինացիա առաջացնող նախագծերն ավելի փոքր քայլերի տրոհելն այդ սովորությունից ազատվելու հայտնի և արդյունավետ եղանակ է։ Նախագծի կատարումն ավելի հեշտ է հանձն առնել, երբ գիտենք, որ կարող ենք ավելի արագ առաջ շարժվել։ Փոքր քայլերով առաջ շարժվելը կարող է ողջ աշխատանքի ընթացքում պահպանել ավարտին մոտենալու զգացողությունը։ Ամեն քայլ ավարտելիս՝ մենք լրացուցիչ էներգա ենք ստանում և մոտիվացվում ենք հասնելու ավարտին։

Առաջադրանքը տրոհելիս՝ կարևոր է հաշվի առնել այն, որ ստացված քայլերը լինեն կարճ, կոնկրետ և ունենան կատարման հստակ ժամանակ։

4․ Պարգևատրեք ձեզ

Յուրաքանչյուր փոքրիկ քայլ ավարտելուց հետո՝ բավականության և հաջողության հասնելու զգացումն ինքնին մեզ համար պարգևատրում կլինի և կարող է հաջորդ քայլին անցնելու մոտիվացիա ստեղծել։ Թեև, երբեմն մենք կարող ենք օգուտ քաղել նաև հավելյալ պարգևատրումներից։ Մենք կարող ենք խթանել մեզ՝ փոքրիկ «մրցանակներ շնորհելով» յուրաքանչյուր փոքր քայլ ավարտելու և ավելի մեծ «մրցանակ»՝ մի քանի քայլ ավարտելու դիմաց։

Այցելեք կինոթատրոն, նշեք կարևոր առաջընթացն ընկերների հետ, արեք այն, ինչ սիրում եք անել, երբ ավարտեք ձեր առաջադրանքը։

5․ Նախ կատարեք հեշտ գործերը

Առաջադրանքը կարող է հյուծիչ թվալ, երբ մենք կասկածում ենք այն հաղթահարելու մեր կարողությունների մեջ։ Ինքնավստահություն ձեռք բերելու եղանակներից մեկը նախ աշխատանքի դյուրին հատվածներն անելն է։ Երբ ավարտեք առավել հեշտ առաջադրանքներն, աշխատանքը կարող է պակաս սարսափելի թվալ և դրա կատարման ընթացքում պրոկրաստինացիան հաղթահարելը կարող է ավելի հեշտանալ։ Երբ գործի հեշտ մասը կատարված լինի, դուք ավելի քիչ անելիքներ կունենաք, մնացած աշխատանքն ավելի քիչ կլինի և այն ավարտին հասցնելն ավելի հեշտ կթվա։ Գործի ամենից հեշտ մասերը սկզբում կատարելը կբարձրացնի ձեր ինքնավստահությունը։

6․ Կամ էլ՝ նախ բարդ գործերն արեք

Երբ գիտեք, որ ի վիճակի եք կատարելու աշխատանքը, սակայն խուսափում եք դրանից, ազատեք ձեզ որոշակի սթրեսից և նախ կատարեք ամենաբարդ մասը։ Ազատվելով աշխատանքի ամենատհաճ մասից՝ դուք զերծ կպահեք ձեզ դրանից խուսափելու և վախենալու պատճառով առաջացող անհարմարությունից։ Մի ձգձգեք ողջ այդ սթրեսը։ Հանեք մեջտեղից ամենաբարդ մասը և մնացած աշխատանքը շատ ավելի հեշտ կլինի կատարել։

7․ Եղեք լավատես

Պրոկրաստինացիայի պատճառով առաջացած անինքնավստահության դեմ պայքարելու ևս մի եղանակ է լավատեսական մտածելակերպ որդեգրելը՝ ընդգծելով ձեր և կատարվելիք աշխատանքի դրական կողմերը և նվազ ուշադրություն ընձեռելով բացասականներին։ Ինչու՞ է ձեզ թվում, թե ի վիճակի չեք կատարելու առաջադրանքը կամ աշխատանքը։ Մտածեք այդ մասին։ Մարտահրավեր նետեք այդ համոզմունքին՝ փնտրելով հակառակի ապացույցները՝ ձեր ուժեղ կողմերը, ձեր ռեսուրսները կամ նախկինում նմանատիպ աշխատանքներ կատարելիս գրանցած ձեր հաջողությունները։

Կենտրոնացեք այն հանգամանքների վրա, որոնք փաստում են, որ դուք ի վիճակի եք կատարելու անհրաժեշտ աշխատանքը, և պակաս ուշադրության դարձրեք այն մտքերին, թե ինչու չեք կարող դա անել։

8․ Թույլ տվեք, որ գայթակղություններն ուժ տան ձեզ

Հեռուստացույց դիտելը երբեք այդքան գայթակղիչ չէ, որքան աշխատանքից խուսափելու համար պրոկրաստինացիայի տրվելիս։ Հեռուստասերիալները, ընկերների հետ զրուցելը, ոտքի վրա ուտելն աշխատանքի ընթացքում դառնում են անդիմադրելի զբաղմունքներ։ Եթե ցանկանում եք հաղթահարել պրոկրաստինացիան, օգտագործեք ձեզ գայթակղող զվարճալիքներն իբրև աշխատանքի դիմաց տրվող պարգև։ Խոստացեք ձեզ, որ ինչ էլ դա լինի, կարող եք թույլ տալ ձեզ՝ միայն թե գործերն ավարտին հասցնելուց հետո։

9․ Իմաստությամբ օգտագործեք ձեր էներգիան

Նկատե՞լ եք, որ օրվա որոշ հատվածներում դուք ավելի շատ էներգիա ունեք։ Տեղավորելով ձեզ պրոկրաստինացիայի դրդող գործերն այդ էներգիայով լի հատվածներում, դուք կարող եք շատ ավելի արդյունավետ լինել, իսկ աշխատանքն ինքնին կարող է թվալ ավելի դյուրին։ Առաջիկա օրերի ընթացքում ուշադրություն դարձրեք, թե օրվա որ մասում եք ավելի լիցքավորված։ Այնուհետև այդ հատվածների համար պլանավորեք բարդ գործերը՝ մնացած աշխատանքը թողնելով այն ժամանակահատվածի վրա, երբ ձեզ պակաս ունակ եք զգում։

10․ Ստացեք անհրաժեշտ գիտելիք

Հիշեք, որ մեկ հոդված չի կարող տրամադրել խնդիրներից ազատվելու համար անհրաժեշտ ողջ գիտելիքը։ Շարունակեք ուսումնասիրել և տեղեկանալ ձեր խնդրի մասին՝ օգտվելով մեր «Ամեն ինչ պրոկրաստինացիայի մասին» էջից։

«Լավ ու Բարի» կայքում դուք կարող եք գտնել նաև պրոկրաստինացիան հաղթահարելու մասին լավագույն (և միա՞կ) հայալեզու դասընթացքը։ Այն կազմված է 7 ծավալուն տեքստից, գրեթե 20 գործնական և 1 ստուգողական աշխատանքից, որն անցնելուց հետո կստանաք համապատասխան վկայական։ «Ինչպես հաղթահարել պրոկրաստինացիան» դասընթացը կառուցված է կոգնիտիվ-վարքային թերապիայի մոտեցումներին համապատասխան։ Այն ոչ միայն տեսական գիտելիքներ կապահովի, այլ նաև կտրամադրի պրոկրաստինացիան հաղթահարելու ճանապարհին անհրաժեշտ բոլոր գործիքները։

Պահպանել այս էջը
Լավ ու Բարի
Լավ ու Բարի

Հոգեբանություն թեմայով ամենալավ ու բարի կայքը։