Ցուցաբերել պասիվ ագրեսիա՝ նշանակում է սեփական բացասական ապրումները բացահայտ արտահայտվելու փոխարեն, դրանք դրսևորել քողարկված կերպով։ Այսինքն՝ սա ագրեսիայի անուղղակի արտահայտում է։ Պասիվ ագրեսիան իրավիճակի վրա քողարկված կերպով ազդելու կամ այլ անձի վարքը քողարկված կերպով փոխելու նպատակ ունի։ Այն հոգեբանական մանիպուլյացիայի տարատեսակ է։
Ազատվելով պասիվ ագրեսիայի դրսևորումներից՝ մենք կարող ենք բարելավել մեր հարաբերությունները, ավելի մեծ բավարարվածություն զգալ կյանքից և ինքնավստահություն ձեռք բերել՝ սկսելով վարվել ուղղակիորեն և առանց կաշկանդվելու։
Պասիվ ագրեսիայի դրսևորումներից ազատվելու ուղղությամբ տարվող աշխատանքի առաջին քայլն այդ դրսևորումների ճանաչումն է։ Ահա դրանցից մի քանիսը․
- ՔՈՂԱՐԿՎԱԾ ՍՊԱՍՈւՄՆԵՐ – որևէ մեկից թաքուն սպասումներ ունենալը և այդ մասին բարձրաձայնելու փոխարեն բարկանալը կամ վիրավորելը։
- ՏՈՂԱՏԱԿԵՐՈՎ ԽՈՍՔ – մեկ բան ասելը և այլ բան նկատի ունենալը։ Հարցերին սարկազմով կամ հումորով պատասխանելը, ապա պնդելը, թե պարզապես կատակում ենք։
- ԱՆՏԵՍՈւՄ – որևէ մեկին դիտավորյալ անտեսելը, նրան չպատասխանելը, աչքերին չնայելը, զանգերն անջատելը և այլն։ Անտեսման դրսևորումներ են նաև որևէ բան խոստանալը և չկատարելը, պարտավորություն ստանձնելը և դրա կատարումը շարունակ հետաձգելը։
- ԱՆԽՈՍ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ – առանց խոսքերի՝ տարատեսակ ձայների, ժեստերի կամ միմիկայի միջոցով պատասխանելը կամ կարծիք արտահայտելը։
- ԱՄՈԹԻ ՀԱՐՈւՑՈւՄ – որևէ մեկի հետ խոսելիս՝ անհարմար վիճակում դնող հարցեր տալը, ամոթի զգացում առաջացնող դեպքեր վերհիշելը կամ այլոց ներկայությամբ հարաբերություններ պարզելը։
- ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ԳՈՎԵՍՏՆԵՐ – գովեստի տակ թաքնված վիրավորանքներ արտահայտելը, ինչպիսիք են․ «շատ գեղեցիկ ես՝ չճանաչեցի», «այս զգեստը քեզ սազում է, քանի որ նիհար է ցույց տալիս» և այլն։
Հոգեբանական մանիպուլյացիայի մյուս տեսակների մասին կարող եք կարդալ մեր «Ինչ է մանիպուլյացիան և կարելի է արդյոք այն սովորել» հոդվածում։ Այնտեղ կարող եք գտնել նաև մանիպուլյատիվ անձանց հետ առողջ հաղորդակցվելու վերաբերյալ խորհուրդներ։
Ինչպես ձերբազատվել պասիվ ագրեսիայի դրսևորումներից
Պասիվ ագրեսիայի դրսևորումներից ձերբազատվելու համար մտավոր առողջության մասնագետներն առավել հաճախ առաջարկում են ընտրել հետևյալ մարտավարությունները․
- ԶԱՐԳԱՑՆԵԼ ԻՆՔՆԱՃԱՆԱՉՈւՄԸ – սկսել ուշադրություն դարձնել սեփական մտքերին, խոսքերին և վարքին՝ փորձելով նկատել, թե երբ ենք ցուցաբերում պասիվ-ագրեսիա։ Մտածել այն մասին, թե ինչու ենք դա անում և իրականում ինչ է մեր ուզածը։
- ԲԱՐՁՐԱՁԱՅՆԵԼ ՍԵՓԱԿԱՆ ՑԱՆԿՈւԹՅՈւՆՆԵՐԸ – պարզապես սկսել անթաքույց խոսել սեփական ցանկությունների մասին՝ հայտնելով այլոց, թե ինչ ենք նրանցից ակնկալում։ Եթե անգամ այս կերպ չստացվի ստանալ մեր ուզածը՝ մենք կպարզենք, թե ինչ պատճառով դա չենք ստանում և կկարողանանք ծրագրել մեր հետագա քայլերը։
- ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՀՄՏՈւԹՅՈւՆՆԵՐԸ – գիտելիք ձեռք բերել այն մասին, թե ինչպես շփվել ազատ, անկեղծ և հաստատակամորեն։ Ինչպես առողջ կերպով արտահայտել զայրույթն ու անհամաձայնությունը։ Դա կարելի է անել ինչպես թեմատիկ գրքերի ընթերցման միջոցով, այնպես էլ շփման օրինակելի հմտություններ ունեցող անձանց ընդօրինակելով։
- ԶԱՐԳԱՑՆԵԼ ԱՊՐՈւՄԱԿՑՈւՄԸ – այլոց իբրև մրցակիցներ կամ խանգարող հանգամանքներ ընդունելու փոխարեն՝ փորձել իրերին նայել նաև նրանց տեսանկյունից, մտածել նաև նրանց ապրումների մասին, պատկերացրել մեզ նրանց փոխարեն։ Ապրումակցումը զարգացնելու մեկ այլ հրաշալի եղանակ է «Բարեսրտության մտավարժանքը», որի մասին ավելին կարող եք իմանալ մեր «Ինչ է բարեսրտության մտավարժանքը և ինչպես այն կատարել» հոդվածում։
- ԼԻՆԵԼ ՀԱՄԲԵՐԱՏԱՐ – պասիվ-ագրեսիվ վարքը տարիների ընթացքում կարող է արմատացած լինել և այն նվազեցնելու համար կարող են անհրաժեշտ լինել էական ջանքեր։ Պիտի համբերատար գտնվենք մեր հանդեպ, գոհությամբ ընդունենք յուրաքանչյուր առաջընթաց և ներողամտություն ցուցաբերենք, երբ ամեն ինչ չընթանա այնպես, ինչպես ցանկանում ենք։