Այլոց մանիպուլյացիայի ենթարկելու ձգտումը կամ հակվածությունը մտավոր առողջության մի շարք անբնականոնությունների նշան է։ Այն բնորոշ է անձի սահմանային խանգարմանը, անձի նարցիսիստական խանգարմանը, անձի հակասոցիալ խանգարմանը, անձի հիսթերիկ խանգարմանը և այլն։
Մանիպուլյատիվ միտումները նաև «մաքիավելիզմ» կոչվող անձնային գծի հիմնական դրսևորումներից են։ Անձի հոգեբանության բնագավառում մաքիավելիզմը, նարցիսիզմի և փսիխոտիզմի հետ միասին, հաճախ անվանում են «մութ եռյակի գծեր»։ Այդ գծերը ոչ միայն ընկած են բազմաթիվ ախտաբանական վիճակների հիմքում, այլ նաև մեծացնում են անձի կողմից տարատեսակ հանցագործություններ կատարելու հավանականությունը։
Այս ամենն հաշվի առնելով՝ բարդ չէ եզրակացնել, որ մտավոր առողջության մասնագետն իր այցելուին երբեք չի առաջարկի «սովորեցնել» մանիպուլյատիվ վարքաձևեր կամ մեթոդներ։ Ընդհակառակը՝ մասնագետի նպատակն է անձի մոտ նվազեցնել նման միտումները և օգնել վերջինիս ապրել ներդաշնակ և երջանիկ կյանքով։
Ցավոք, խաբեբաներն հաճախ օգտվում են անձի մոտ մանիպուլյատիվ հակումների առկայությունից, շահագործման նպատակով ներքաշում վերջինիս «մանիպուլյացիա սովորեցնող» տարատեսակ դասընթացների և թրեյնինգների մեջ, արդյունքում՝ է՛լ ավելի վատթարացնելով նրա հոգեկան վիճակը։ Նման գործունեությունը կարելի է համեմատել թմրանյութերից կախյալություն ունեցող անձին թմրանյութեր վաճառելու հետ։
Մինչդեռ մտավոր առողջության մասնագետի օգնությամբ մանիպուլյատիվ հակումներ ունեցող անձիք ոչ միայն կարողանում են ձերբազատվել այդ անառողջ ձգտումներից, այլ նաև սովորում են սեփական նպատակներին հասնելու համար առողջ այլընտրանքներ գտնել։
Մանիպուլյատիվ միտումներից ձերբազատվելն օգնում է բարելավել ինքնապատկերացումը, հաստատել առողջ հարաբերություններ, նվազեցնել իմպուլսիվ դրսևորումները, սթափ գնահատել սեփական կյանքը և ապրել ներդաշնակության մեջ, ինչպես նաև նվազեցնել ապագայում ինքնասպանության փորձերի հավանականությունը։
Ինչ են մանիպուլյատիվ վարքաձևերը
Մանիպուլյատիվ վարքաձևերը շահադիտական նկատառումներից ելնելով՝ այլ անձանց հանդեպ առավելություն ձեռք բերելու կամ նրանց վարքը փոխելուն ուղղված գործողություններն են։
Մանիպուլյացիայի օրինակներ են՝ ստելը, ճշմարտությունը ժխտելը, պասիվ ագրեսիան, լռության կամ անտարբերության մատնելը, քննադատելը, առարկայական կամ հոգեբանական բարիքներից զրկելը կամ դրանք միայն որոշակի վարքի դիմաց տրամադրելը, մեղադրելը, անձի հանդեպ առավելություն ձեռք բերելու համար նրան իր հարմարավետության գոտուց հանելը, անհարմար վիճակի մեջ դնելը, դիմացինի համար էական առարկաների կարևորությունը նվազեցնելը, լացն ու զայրույթի պոռթկումը, անհասկանալի խոսքը, վերջնագիր ներկայացնելը և այլն։
Մանիպուլյատիվ վարքի նպատակը կարող է լինել շփոթություն կամ անորոշություն ստեղծելը, կոնֆլիկտներից խուսափելը, իրական մտադրությունները թաքցնելը, սեփական վարքի համար պատասխանատվություն չկրելը, բացասական վարքը փոխելու անպատրաստակամությունը, շահագործումը և այլն։
Մանիպուլյատիվ որոշ վարքաձևեր հաճախ են ներկայացվում հանրամատչելի աղբյուրներում (թեև դրանց անվանումներն հաճախ գիտական չեն՝ դրանից վարքաձևի մանիպուլյատիվ բնույթը չի փոխվում)։ Ահա նման հայտնի վարքաձևերից մի քանիսը․
- Գազլայտինգ – որևէ մեկին ստիպելը՝ մտածել, թե իր բանականությունը խեղաթյուրում է իրականությունը։ Մանիպուլյատորները սրան հասնում են ստելու, սեփական խոսքերը հերքելու («ես նման բան չեմ ասել, քեզ թվացել է»), փաստերը խեղաթյուրելու և այլ միջոցներով։ Գազյայտինգի զոհին փորձում են պահել այնպիսի շփոթության և անորոշության մեջ, որ նա, ի վերջո, սկսում է ինքն էլ կասկածի տակ դնել սեփական մտքերի ճշմարտացիությունը։
- Սիրային ռմբակոծում – այսպես են անվանում այնպիսի հարաբերությունների սկիզբը, երբ մանիպուլյատորն իր զոհից ուզածը ստանալու համար վերջինիս հանդեպ չափից շատ սիրո և ուշադրության նշաններ է ցույց տալիս, թանկարժեք նվերներ գնում, շտապում ինտեգրվել նրա ընտանիքի կամ ընկերախմբի մեջ և այլն։ Նման վարքագիծն հաճախ է հանդիպում անձի նարցիսիստական խանգարում ունեցողների մոտ։
- Պասիվ ագրեսիա – հաճախ դրսևորվում է իրար հակասող խոսքով և վարքով, տողատակով խոսելով, թաքնված քննադատությամբ և այլն։ Պասիվ ագրեսիայի այլ նշան է անցանկալի վարքի դիմաց լռության կամ անտարբերության մատնելու միջոցով վրեժխնդիր լինելը։
Ինչպես շփվել մանիպուլյատորի հետ
Առաջնահերթ պետք է հիշել, որ մանիպուլյատորի գործողություններն ուղված են մեր վարքի փոփոխմանը։ Նրա խոսքերը ոչ ճշմարիտ են, ոչ էլ արտացոլում են մեր հանդեպ իրական վերաբերմունքը։ Այս ամենը գիտակցելով՝ անհրաժեշտ է զերծ մնալ ինքնաքննադատությունից և ինքնադատապարտումից։ Կարելի է նաև պատկերացնել, թե մանիպուլյատորը նախապես գրված դեր է կատարում։ Ժամանակի ընթացքում մենք նաև կճանաչենք այդ դերի խաղարկման նրբությունները։
Մանիպուլյատորի հետ վիճելու, նրան քննադատելու, սպառնալու կամ նույնիսկ հանդարտեցնելու մեջ իմաստ նույնպես չկա։ Այդպիսով մենք միայն ներքաշվելու ենք վերջինիս խաղի մեջ, է՛լ ավելի ենք նրան բորբոքելու և բարդացնելու իրավիճակը։
Մանիպուլյատորի հետ առողջ հաղորդակվելու համար կարելի է անել հետևյալը․
- Ուսումնասիրել նրա վարքը։ Ընթերցանության կամ մասնագետի հետ զրույցի միջոցով հասկանալ, թե ինչ մարտավարություններ է նա կիրառում և ինչ նպատակով։
- Տեղեկացնել մանիպուլյատորին, որ հասկանում ենք նրա գործողությունների տրամաբանությունը և որ պատրաստ ենք քննարկել իրեն հուզող հարցերն ու գտնել փոխշահավետ լուծումներ։
- Ընդունել խնդրի գոյացման հարցում սեփական մեղքը, նրբորեն ընդգծել, թե որտեղ է մեղավոր մանիպուլյատորը, սակայն չվերածել դա քննադատության։
- Պայմանավորվել, թե ինչպես պիտի լուծվեն իրեն հուզող հարցերը։
Անհրաժեշտ է նաև հիշել, որ մանիպուլյացիայի հակում ունեցող անձիք հազվադեպ դեպքերում կարող են վտանգ ներկայացնել իրենց և շրջապատի համար։ Այն դեպքում, երբ առկա են ինքնավնասման կամ այլոց վնասելու հետ կապված կասկածներ, լավագույն լուծումը կարող է լինել վստահելի անձանց ներգրավելը և մասնագիտական ծառայություններից օգտվելը։