Մարդու ուղեղը դժվարությամբ է մշակում և վերլուծում այն երևույթները, որոնք չունեն անվանումներ։ Այդ պատճառով էլ բարդ հույզերին առողջ կերպով առնչվելու համար անհրաժեշտ է դրանք հնարավորինս ճշգրիտ անվանել։ «Հույզերի անվանումը» հուզական ինտելեկտի տարրերից մեկն է։ Այդ մասին ավելին կարող եք իմանալ մեր «Ինչպես զարգացնել երեխայի հուզական ինտելեկտը» հոդվածից՝ սեղմելով այստեղ։
Հույզերի անվանման հմտությունը զարգացնելու համար նախ անհրաժեշտ է ընդլայնել հուզական բառապաշարը։ Այդ աշխատանքը կարելի է սկսել՝ բառարաններում հիմնական հույզերի հոմանիշները գտնելով։ Այսպես, օրինակ, «տխրություն» բառի հոմանիշներն են «վիշտ», «տրտմություն», «թախիծ» և այլն։ Այս բառերից յուրաքանչյուրն արտահայտում է հուզական նոր միավոր։ Դրանց բացատրություններին ծանոթանալը՝ հուզական բառապաշարն ընդլայնելու արդյունավետ տարբերակ է։ Այդ աշխատանքն ավելի դյուրին դարձնելու համար՝ ստորև մենք կթվարկենք հուզական վիճակներ նշանակող մի շարք բառեր, որոնք որոշակիորեն կհեշտացնեն ձեր աշխատանքը։
Հուզական բառապաշարն ամրապնդող վարժություններ
Մեր նոր «հուզական բառարանը» կազմելուց հետո՝ անհրաժեշտ է աշխատել այն ամրապնդելու (ակտիվ բառապաշար տեղափոխելու) ուղղությամբ։ Այդ նպատակով կարող են կիրառվել ստորև թվարկված վարժությունները։
ՎԱՐԺՈւԹՅՈւՆ 1։ Հույզերի անվանման հմտությունը զարգացնող այս վարժությունը կատարելիս՝ անհրաժեշտ է բառարանից դուրս բերած յուրաքանչյուր հույզը գնահատել ըստ ապրման հաճախականության։ Դա անելու համար՝ պետք է գրի առնել հույզեր արտահայտող բառերի ցուցակը, ապա մտածել, թե որքա՞ն հաճախ ենք զգում գրառած հույզերից յուրաքանչյուրը (երբեք, հազվադեպ, երբեմն, գրեթե միշտ), ինչպես են արտահայտվում այդ հույզերը և հիմնականում ինչ իրավիճակներում են դրսևորվում։ Այս վարժությունն օգնում է մեր նոր հուզական բառապաշարը կապել իրական կյանքին՝ այդպիսով ավելի դյուրին դարձնելով հույզեր արտահայտող բառերի մտապահումը և հետագա կիրառումը։
ՎԱՐԺՈւԹՅՈւՆ 2։ Այս վարժությունը կատարելու համար անհրաժեշտ է թվարկել օրվա ընթացքում տեղի ունեցած բոլոր իրադարձությունները և, օգտվելով մեր նոր հուզական բառապաշարից, յուրաքանչյուր իրադարձության կողքին գրի առնելը, թե ինչ էինք այդ պահին զգում։ Կարևոր է միայն հիշել, որ մեր առօրյա փորձառությունները պետք է նկարագրել հույզեր նշանակող մեկ-երկու բառով (օրինակ՝ օգտվելով ստորև բերված բառապաշարից), այլ չարտահայտել դրանք վերացական նկարագրությունների միջոցով։
ՎԱՐԺՈւԹՅՈւՆ 3։ Այն դեպքերում, երբ մեր առօրյան այնքան էլ հարուստ չէ հուզականորեն հագեցած իրադարձություններով, կարելի է մարզել հույզերի անվանման հմտությունը՝ ֆիլմեր կամ սերիալներ դիտելիս՝ փորձելով հասկանալ, թե յուրաքանչյուր դրվագում ի՞նչ հույզեր է ապրում հերոսներից որևէ մեկը։ Այս վարժությունը կարելի է անել նույնիսկ մտքի մեջ՝ չմոռանալով միայն օգտագործել բառարաններից դուրս բերված և հույզեր նշանակող նոր բառերը։
Հուզական բառապաշար
Հույզերի հետ ձեր աշխատանքը կարող եք սկսել ստորև թվարկված բառերից։ Մենք փորձել ենք, օգտվելով առցանց բառարանից, կազմել հուզական վիճակների հնարավորինս ընդգրկուն ցուցակ։ Եթե կարող եք լրացնել կամ խմբագրել այս ցուցակը, սիրով կսպասենք ձեր առաջարկներին։
Ա – ագահություն, անհանգստություն, անհարմարություն, ամոթ, ամոթխածություն, ապշած լինելը, ագրեսիա, անվճռականություն, աշխույժություն, առույգություն, անվրդովություն, անհոգություն, անտարբերություն, անկարեկից լինելը, արդարամտություն, արհամարհանք, արժեքավոր լինելու զգացում, անզսպվածություն, անարժեք լինելու զգացում, ապարդյունության զգացում, անկայունության զգացում, անորոշություն, անհարմարություն, անխռովություն, անվախություն, անպետք լինելու զգացում, անպաշտպանություն, անհնազանդություն, անշահագրգռություն, անհաղորդություն, անհամբերություն, անօգնականության զգացում, անապահովություն, ահաբեկվածություն, ատելություն, անտեղյակություն, արտասվալից լինելը, անարգվածություն, անխռովություն, անփույթ լինելու զգացում, առողջ լինելու զգացում, անառողջ լինելու զգացում, անզսպություն։
Բ – բարկություն, բարեհոգություն, բարյացակամություն, բավարարվածություն, բերկրանք, բորբոքվածություն, բախտավորության զգացում, բաց լինելու զգացում։
Գ – գթասրտություն, գրգռվածություն, գոհություն, գնահատված լինելու զգացում, գերհոգնածության զգացում, գերծանրաբեռնվածության զգացում, գերլարվածություն։
Դ – դատարկության զգացում, դժգոհություն, դառնացած լինելը, դժբախտություն, դյուրագրգռություն, դուրեկան լինելը կամ համարելը, դաժանություն, դիմացկունություն։
Ե – երկմտանք, երազկոտություն, երանելիություն, երկյուղ, երախտագիտություն, երախտապարտություն, եռանդուն լինելու զգացում, երջանկություն։
Զ – զայրույթ, զգուշավորություն, զզվանք, զիջողականություն, զվարճություն, զմայլվածություն, զվարթություն, զոհ լինելու զգացում, զգացվածություն, զգայունություն, զորեղություն։
Է – էնտուզիազմ, էյֆորիա։
Ը – ընկճվածություն, ըմբոստություն։
Թ – թախիծ, թուլություն, թերագնահատվածություն, թերարժեքության զգացում։
Ժ – ժիրություն, ժլատություն, ժխտողականություն, ժուժկալություն, ժպտունություն։
Ի – ինքնամփոփություն, ինքնավստահություն, ինքնահավանություն։
Լ – լքվածության զգացում, լացակումածություն, լարվածություն, լիահույս լինելը, լավատեսություն։
Խ – խռովք, խռովահուզություն, խոնարհություն, խիզախություն, խղճահարության զգացում, խորամանկ լինելու զգացում, խանդավառություն, խոցելիություն, խայտառակված լինելու զգացում, խաղաղության զգացում։
Ծ – ծուլություն, ծիծաղկոտություն։
Կ – կասկած, կատաղություն, կենսուրախություն, կենսունակ լինելու զգացում, կայտառություն, կսկիծ, կամակորություն, կարոտ, կաշկանդվածություն, կապվածություն։
Հ – հաճույք, հիացմունք, հիասթափություն, հուզմունք, հրճվանք, հանդգնություն, համարձակություն, հանգստության զգացում, հանդարտություն, հեզություն, հակակրանք, համակրանք, հարգանք, հետաքրքրվածություն, հոգատարություն, հոգնածություն, հպարտություն, հուսահատություն, հուսախաբություն, հուսալքվածություն, հաստատունություն, հակասականություն, հնազանդություն, հիմար լինելու զգացում, հիպերակտիվություն, հափշտակվածություն, հանդուրժում, հզորության զգացում, հաջողակ լինելու զգացում, համառություն, համբերատարություն։
Ձ – ձանձրույթ։
Ճ – ճնշվածություն, ճկունություն։
Մ – միայնության զգացում, մտահոգություն, մեկուսացված լինելու զգացում, մեղավորություն, մտամոլորություն, մեծահոգություն, մռայլություն, մտածկոտություն, մոլի (մոլեռանդ) լինելու զգացում։
Ն – նողկանք, նախանձ, նախանձախնդրություն, նեղացած լինելու զգացում, ներողամտություն, նվաստություն, նյարդային լինելը, ներշնչվածություն։
Շ – շփոթմունք, շռայլություն, շնորհակալություն։
Ո – ողորմածություն, ոգեշնչություն, ոգևորություն։
Չ – չարություն, չարչարված լինելու զգացում, չգնահատված լինելու զգացում։
Պ – պատկառանք, պարծանք, պատրաստակամություն, պարտավորվածություն, պաշտպանվածություն։
Ջ – ջերմություն, ջղայինություն։
Ս – սառնություն, սևեռված լինելու զգացում, սպառված լինելու զգացում, սխալանական լինելու զգացում, սրտնեղություն, սարսափ, սոսկում։
Վ – վախ, վարանություն, վիշտ, վստահություն, վստահելի լինելու զգացում, վճռականություն, վրդովմունք, վատնված լինելու զգացում, վեհություն, վիրավորվածություն, վտանգված լինելու զգացում։
Տ – տագնապ, տարակուսանք, տրտմություն, տպավորված լինելու զգացում, տկարություն։
Ց – ցնծություն, ցնցված լինելը, ցասում։
Ու – ուրախություն, ունակություն, ունայնություն, ուժասպառություն, ուժի զգացում։
Փ – փոշմանանք։
Ք – քնքշություն, քմահաճություն, քննադատված լինելու զգացում, քամահրանք։
Օ – օտարություն, օգտակար լինելու զգացում, օգտագործված լինելու զգացում։