ՄԵՆՅՈւ

Ես չեմ կարողանում կառավարել զայրույթս

Նախքան սեանսը սկսելը, գնահատեք, թե որքան ուժգին զայրույթ եք այս պահին զգում․

Զայրույթի կարգավորման շուրջ աշխատանքը սկսելու առաջին քայլն ինքնաշնորհակալությունն է, այսինքն՝ ինքներդ ձեզ հանդեպ շնորհակալ գտնվելը զայրույթի խնդիրը նկատելու և այն նվազեցնելու ուղղությամբ մտածելու համար։ Չէ՞ որ այդպիսով դուք կարող եք բարելավել ոչ միայն ձեր, այլ նաև շրջապատի ինքնազգացողությունը։ Մտովի շնորհակալություն հայտնեք ձեզ այն բանի համար, որ գիտակից եք գտնվել, ի զորու եք եղել նկատել խնդիրն ու դրա շուրջ աշխատելու որոշում եք կայացրել։

Հասկանանք զայրույթը

Զայրույթը վատ համբով է վայելում և այդ հույզի կարգավորման շուրջ աշխատելիս կարևոր է նաև այն ճիշտ հասկանալն ու սթափ գնահատելը։ Իբրև հույզ, զայրույթը նույնքան բնական է, որքան մեր մյուս հույզերը։ Այն փորձում է պաշտպանել մեզ անարդարությունից, ընդգծել հարգանքի, բարության և կարեկցանքի կարևորությունը։ Հետևաբար, եկեք պարզենք, թե կոնկրետ ինչ է ուզում ասել ձեզ հենց ձե՛ր զայրույթը։

Շարունակեք այս նախադասությունը՝ «Ես զայրույթ եմ զգում, երբ…»

* Ձեր լրացրած տեքստը ոչ ոք չի տեսնում և այն կանհետանա, երբ դուք փակեք այս էջը։

Մտածեք այն մասին, թե ինչու՞ եք զայրանում հենց ձեր թվարկած կամ նմանօրինակ այլ իրավիճակներում։ Գուցե դուք ունեք արդարությունը վերականգնելու կամ մտերիմներին սատարելու ներքին պահանջ։ Ինչ էլ որ դա լինի, հասկանալով զայրույթի իրական բնույթը՝ դուք կտեսնեք, որ այն ամենևին էլ վատ նպատակով չի առաջանում։

Առանձնացնենք հույզն ու վարքը

Այժմ եկեք առանձնացնենք հույզը գործողություններից։ Մենք կարող ենք զայրույթ զգալ և միևնույն ժամանակ չվիրավորել մեզ կամ որևէ մեկին։ Եկեք տեսնենք, թե ինչպես կարելի է արտահայտել զայրույթն ավելի անվտանգ եղանակով։

Փորձեք նկատել, թե ինչ փոփոխություններ է զայրույթն առաջացնում ձեր մարմնում՝ որ հատվածում, ինչ բնույթի, ինչ ուժգնության։

Ապա փորձեք «շնչել դեպի մարմնի այդ հատվածը»։ Սա նշանակում է՝ խոր շունչ քաշել և պատկերացնել, թե շնչառությունը տեղափոխվում է մարմնի այդ հատված։ Ներշնչեք քթով և արտաշնչեք բերանով։ Ներշնչելիս՝ լարեք այդ հատվածի մկանները, իսկ արտաշնչելիս՝ կրկին թուլացրեք դրանք։

Միացրեք տեսանյութն ու մեկ անգամ կատարեք այս շնչառական վարժությունը։

Այս վարժությունը կօգնի ձեզ մեղմել փոթորկող զայրույթը և փոքր ինչ հանգստանալ։ Չմոռանաք, որ ցանկացած հույզ կարևոր է և հենց այնպես չի առաջանում։ Պատկերացրեք ձեր զայրույթն իբրև փարոս, որը լուսավորում է միտքն ու օգնում հստակեցնել սեփական կարիքներն ու արժեքները։ Ցանկացած հույզ պետք է ընդունել և թույլ տալ, որպեսզի այն լինի։ Ինչն, իհարկե, չի նշանակում, որ մենք պիտի վնասակար վարք դրսևորենք։

Վերադարձեք այս վարժությանն ամեն անգամ, երբ զայրույթ եք զգում։ Ժամանակի ընթացքում դուք կսովորեք ինքնաբերաբար կարգավորել այդ հույզի վնասակար արտահայտումը՝ ձևավորելով դրա հանդեպ առողջ վերաբերմունք և կիրառելով նյարդային համակարգն հանգստացնող շնչառական վարժությունը։

Առողջ եղեք 🌞

Պահպանել այս սեանսը