«35 սուտ հոգեբանության մասին» հոդվածաշարը հենվում է «Լավ ու Բարի» կայքում տեղադրված «Որքա՞ն լավ գիտեք հոգեբանություն» թեստի արդյունքների վրա։ Եթե դեռ չեք անցել այդ թեստը, խորհուրդ ենք տալիս նախ ստուգել ձեր իմացությունը՝ սեղմելով այստեղ։
«Լավ ու Բարի» կայքի կողմից հարցվածների 33%-ն հավատում է, որ անձի երջանկությունը մեծապես պայմանավորված է արտաքին հանգամանքներով։ Այս պնդումը զբաղեցնում է հոգեբանության մասին տարածված թյուր կարծիքների 34-րդ հորիզոնականը։
Երջանկության՝ արտաքին հանգամանքներից կախված լինելը հանրամատչելի հոգեբանության կենտրոնական գաղափարներից մեկն է։ Այն հնարավոր է դարձնում երջանկության մեր բնական ձգտումը դարձնել շուկայի շահութաբեր ոլորտ՝ առաջարկելով ինքնօգնության գրքեր, դասընթացներ, նորանոր փորձառություններ կամ առարկաներ։ Արոմաթերապիան, ֆենշույը կամ էներգետիկ ուժով օժտված առարկաները «երջանկության շուկայի» ամենից հայտնի առաջարկներից են։
Մեր մշակույթում երջանկությունն հաճախ կապում են նաև փողի, շքեղ ապրելակերպի, բարձր աշխատանքային դիրքի, ինչպես նաև կյանքում մեծ թվով դրական իրադարձությունների առկայության հետ։ Բազմաթիվ քոուչներ, գուրուներ և անգամ «հոգեբաններ» համապատասխան վարձավճարի դիմաց առաջարկում են կիսվել մեզ հետ այդ ամենը ձեռք բերելու գաղտնիքներով։
Երջանկությունը կյանքում առկա դրական իրադարձությունների հետ էին կապում նաև փիլիսոփաներ Ջոն Լոկն ու Ջերեմի Բենթամը։ Վերջին տասնամյակներին, սակայն, հոգեբանները սկսեցին կասկածել, որ երջանկությունն իսկապես պայմանավորված է արտաքին հանգամանքներով։ Ալբերտ էլիսն, օրինակ, այս գաղափարն իռացիոնալ էր համարում՝ պնդելով, որ մեր երջանկությունը և դժբախտությունը ոչ թե արտաքին հանգամանքների հետևանք են, այլ՝ այդ հանգամանքներին տրված մեր մեկնաբանությունների։
Շատերն ընդվզում են այս բնորոշմանը՝ հրաժարվելով ընդունել, որ մեր երջանկության հիմքում մեր իսկ անձն է, մեր դիրքորոշումները և, ինչն է՛լ ավելի դժվար է ընդունել, մեր գեները։
Այս հարցում հստակություն մտցնելու համար հոգեբաններ Էդ Դիները և Մարտին Սելիգմանն իրականացրել են երջանկության ուսումնասիրություն, որին մասնակցել են 200-ից ավելի ուսանողներ։ Գիտափորձի արդյունքում ի հայտ է բերվել, որ իրենց «շատ երջանիկ» անվանող մարդկանց կյանքում տեղի են ունեցել գրեթե նույնքան դրական իրադարձություններ, որքան նրանց կյանքում, ովքեր իրենց «միջին չափով» կամ «քիչ» երջանիկ են համարել։
Նոբելյան մրցանակակիր, հոգեբան Դանիել Կանեմանն ու իր գործընկերներն, ուսումնասիրելով 909 կին աշխատողների տրամադրությունն ու գործունեությունը, ի հայտ են բերել, որ այդ կանանց կյանքի էական հանգամանքներն, ինչպիսիք են ֆինանսական վիճակը կամ աշխատանքային առանձնահատկությունները, նվազագույն ազդեցություն են ունենում ներկա պահին երջանկության զգացման վրա։ Երջանկության զգացման վրա ամենից մեծ ազդեցություն ունեցող գործոններն էին քնի որակը և դեպրեսիայի հակվածությունը։
Գիտական եղանակով ապացուցվել է նաև, որ միաբջիջ (գեների 100 տոկոս նմանություն ունեցող) երկվորյակների երջանկության մակարդակն ավելի հաճախ է համընկնում, քան երկբջիջ (գեների մոտ 50 տոկոս համընկնում ունեցող) երկվորյակներինը։ Սա ցույց է տալիս, որ երջանկության մակարդակի վրա ազդում են նաև գեները և, հավանաբար, յուրաքանչյուրս աշխարհ ենք գալիս՝ ունենալով երջանկության ուրույն «մեկնարկային» մակարդակ։ Կյանքի իրադարձությունները կարող են իջեցնել և բարձրացնել այդ մակարդակը, սակայն այն վաղ թե ուշ վերադառնում է մոտավորապես իր սկզբնական կետին։
Այն, որ մեր հոգեվիճակն արագ հարմարվում է կյանքի հանգամանքների մեծ մասին, նույնպես ապացուցված է։ Կյանքում ծայրահեղ դրական և ծայրահեղ բացասական իրավիճակների բախված անձանց շրջանում կատարված հետազոտության համաձայն՝ դրական իրադարձություններ ապրած մարդիկ իսկապես ավելի երջանիկ են լինում, քան բացասական իրավիճակներ ապրածները, սակայն այդ տարբերությունը պահպանվում է չափազանց կարճ ժամանակ։ Այդպիսով՝ վիճակախաղով մեծ գումար շահած անձանց երջանկության մակարդակն իջնում է իր սովորական (մյուսներին հավասար) մակարդակին շահումից 2 ամիս անց։ Պարալիզացված (իրանից դեպի վար անշարժացած) մարդկանց մեծ մասը նույնպես, պարալիզն առաջացրած միջադեպից ամիսներ անց, վերադառնում է երջանկության իր գրեթե սովարական մակարդակին։
Կյանքի թե՛ լավ, թե՛ վատ հանգամանքները երջանկության վրա ունեն միայն կարճատև ազդեցություն։ Թեև տևական ազդեցություն ունեցող իրադարձություններ նույնպես կան։ Ամուսնալուծությունը, ամուսնու մահը և աշխատանքի կորուստն այն եզակի իրադարձություններից են, որոնք մեր երջանկության վրա կարող են մնայուն և անգամ մշտական ազդեցություն ունենալ։ Բազմաթիվ մարդիկ, այնուամենայնիվ, վաղ, թե ուշ լիովին հարմարվում են նաև նման համգամանքներին և վերադառնում երջանկության իրենց սովորական մակարդակին։
Գիտությունը կասկածի տակ է առնում նաև երջանկության կախվածությունը ֆինանսական վիճակից։ «Ֆորբս» ամսագրի 400 ամենից հարուստ ամերիկացիների ցուցակում ներառված անձանց շրջանում կատարված ուսումնասիրության ընթացքում վերջիններիս երջանկության մակարդակը գնահատվել է 5․8 միավոր՝ առավելագույն 7-ից։ Ճիշտ նույն արդյունքն են ցույց տվել նաև ժամանակակից բարիքներից զերծ և պարզ կյանքով ապրող Ամիշների կրոնական շարժման հետևորդները, թեև վերջիններիս ունեցվածքը միլիարդավոր դոլարներով ավելի քիչ է, քան «Ֆորբսի» ցուցակում ներառված մասնակիցներինը։
Սա իհարկե չի նշանակում, թե փողն ընդհանրապես ազդեցություն չունի երջանկության վրա։ Այն նշանակալի է, երբ անհրաժեշտ է հարմարավետ կյանքով ապրելու և հիմնական կարիքները հոգալու համար, սակայն այդ նշաձողից այն կողմ այլևս դադարում է երջանկության վրա էական ազդեցություն ունեցող գործոն հանդիսանալ։
Այսպիսով՝ մեր երջանկությունը գրեթե կախված չէ մեր կյանքի հանգամանքներից ու մեզ հետ տեղի ունեցած լավ կամ վատ իրադարձություններից։ Այն նաև կախված չէ մեր ֆինանսական վիճակից։ Երջանկության մակարդակի վրա ազդող գործոններից են մեր անձնային հատկանիշները, մեր դիրքորոշումները և մեր գեները։
Երջանկության մակարդակի բարելավման համար խորհուրդ ենք տալիս կարդալ նաև մեր «Ինչ է բացատրության ոճը և ինչպես է այն ազդում մեզ վրա» և «Ինչպես կարող է գոհությունը դարձնել մեզ ավելի երջանիկ» հոդվածները։
«35 սուտ հոգեբանության մասին» հոդվածաշարի մյուս հոդվածներին կարող եք ծանոթանալ՝ սեղմելով այստեղ։