ՄԵՆՅՈւ

Սուտ #35։ Նույն կերպ դաստիարակված երեխաները դառնում են իրար նման մեծահասակներ

«35 սուտ հոգեբանության մասին» հոդվածաշարը հենվում է «Լավ ու Բարի» կայքում տեղադրված «Որքա՞ն լավ գիտեք հոգեբանություն» թեստի արդյունքների վրա։ Եթե դեռ չեք անցել այդ թեստը, խորհուրդ ենք տալիս նախ ստուգել ձեր իմացությունը՝ սեղմելով այստեղ։

Թեև մեր մշակույթում երեխաների դաստիարակությանն ընձեռնվում է առանձնահատուկ ուշադրություն, «Լավ ու Բարի» կայքի կողմից հարցվածների ընդամենը 20%-ն է հավատում, որ միևնույն կերպ դաստիարակված երեխաներն իրար նման մեծահասակներ են դառնում։ Այս պնդումը զբաղեցնում է հոգեբանության մասին տարածված թյուր կարծիքների 35-րդ հորիզոնականը։

Դժվար չէ նկատել, որ երեխաները չափազանց նման են իրենց ծնողներին։ Մարդիկ հաճախ վերագրում են այդ նմանությունը դաստիարակությանը՝ կարծելով, թե ծնողն իր հատկանիշները (հետաքրքրասիրությունը, զայրացկոտությունը և այլն) կամա, թե ակամա երեխային է փոխանցել դաստիարակության կամ օրինակ ծառայելու միջոցով։

Դաստիարակության ազդեցության վերաբերյալ վարկածների վրա են կառուցվել հոգեբանական մի շարք տեսություններ։ Զիգմունդ Ֆրոյդն, օրինակ, պնդում էր, թե երեխան իր ծնողից «բարոյականության զգացում» է ձեռք բերում։ Այդ զգացումը նա անվանում էր «գեր-ես»։ Ֆրոյդի համաձայն՝ երեխան նույնացնում է իրեն նույն սեռի ծնողի հետ և ձևավորում իր անձը՝ փոխառնելով վերջինիս արժեհամակարգը։ Ալբերտ Բանդուրան իր «Սոցիալական ուսումնառության տեսության» մեջ նույնպես պնդում էր, թե մեր վարքը մեծապես ձևավորվում է ծնողական վարքի ընդօրինակման արդյունքում։

Բայց չէ՞ որ երեխաներն ինչպես դաստիրակվում են իրենց ծնողների կողմից, այնպես էլ կրում են վերջիններիս գեները և մանուկ հասակում երեխայի մոտ դրսևորվող հատկանիշների հիմքում կարող են լինել նաև ժառանգական գործոններ։

Անձնային հատկանիշների ձևավորման հարցում դաստիարակության և ժառանգականության ազդեցությունը հստակեցնելու համար գիտնականները հիմնականում որդեգրում են երկու մոտեցում․

  1. Միաբջիջ (գենետիկական առումով լրիվ միանման) երկվորյակների ուսումնասիրություն – այս մոտեցումը թույլ է տալիս պարզել՝ արդյոք տարբեր ընտանիքներում մեծացած, սակայն գենետիկայի տեսանկյունից միանման երեխաները հասուն տարիքում նման կլինեն միմյանց, թե վերջիններիս անձնային հատկանիշները պայմանավորված կլինեն դաստիարակությամբ՝ ընտանիքներից վերցրած արժեհամակարգով կամ սովորություններով։
  2. Միևնույն ընտանիքում մեծացած որդեգրված երեխաների ուսումնասիրություն – այս մոտեցումը հնարավորություն է տալիս պարզել՝ արդյոք գենետիկական ընդհանրություններ չունեցող երեխաների մոտ կձևավորվեն միանման անձնային հատկանիշներ, եթե վերջիններս դաստիարակվեն միևնույն ընտանիքում։

Նշված մոտեցումների կիրառմամբ ներկայումս արդեն բազմաթիվ հետազոտություններ են անցկացվել, որոնք բավականին ճշգրիտ պատկերացում են տալիս այն մասին, թե մեր հատկանիշներից որոնք ունեն գենետիկական ծագում և որոնք կարող են ձևավորվել կյանքի տարատեսակ գործոնների ազդեցությամբ։

Մի շարք գիտական հետազոտություններով ապացուցվել է, որ անգամ իրարից հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա ապրող միաբջիջ երկվորյակներն ունեն միանման բազմաթիվ անձնային հատկանիշներ, մինչդեռ միևնույն ընտանիքում մեծացած որդեգրված երեխաներն իրարից զգալիորեն տարբերվում են։

Ապացուցված է նաև, որ երեխաների մոտ դաստիարակության միջոցով որոշակի անձնային հատկանիշների ձևավորման համար տարվող գործունեությունն ինչ-ինչ ազդեցություն է ունենում երեխայի անձի վրա, սակայն այդ ազդեցությունն աստիճանաբար անհետանում է, երբ երեխան լայնացնում է իր շփման շրջանակը և դուրս գալիս դաստիարակողների անմիջական ազդեցության գոտուց։

Նմանատիպ առաջին ուսումնասիրությունների արդյունքներն այնքան համոզիչ էին, որ ամերիկացի մեծանուն գիտնական, անձի տեսության և սոցիալական հոգեբանության դասագրքերի հեղինակ Ուոլտեր Միշելը, դրանց ծանոթանալուց հետո, իր դասագրքերից ջնջեց սոցիալական ուսումնառության (դաստիրակության) ազդեցության մասին իր պնդումները։

Իհարկե, կարևոր է նաև հասկանալ, որ անձնային հատկանիշների վրա դաստիարակության թույլ ազդեցությունն ապացուցող գիտափորձերը չեն փաստում, որ մեր անձը լիովին պայմանավորված է ժառանգականությամբ։ Չէ՞ որ դաստիարակությունը մարդու զարգացման վրա ազդող միակ արտաքին գործոնը չէ։ Մեր անձնային հատկանիշների մեծ մասն, իրականում, ձևավորվում է և՛ գեների, և՛ կյանքի տարատեսակ գործոնների ազդեցությամբ։

Ժամանակակից գիտությունն ապացուցել է գեների նշանակալի ազդեցությունը անձնային մի շարք հատկանիշների վրա։ Դրանցից են․

  • տագնապայնությունը,
  • սթրեսայինությունը,
  • ռիսկային վարքագծերի հակվածությունը,
  • ձեռքբերումների ձգտումը,
  • թշնամանքի հանդեպ հակվածությունը,
  • պահպանողականությունը,
  • իմպուլսիվությունը,
  • էքստրավերսիան,
  • լայնախոհությունը,
  • մեղավորության զգացման հակվածությունը, և այլն։

Սա իհարկե չի նշանակում, թե դաստիարակությունն ընդհանրապես էական չէ և ընտանիքն ազդեցություն չունի երեխայի ապագայի վրա։ Ծնողական անտարբերությունն ու անպատշաճ խնամքը երեխայի համար կարող են լրջագույն խնդիրներ ստեղծել ինչպես մանկության տարիներին, այնպես էլ՝ հասուն տարիքում։ Ապացուցված է նաև, որ անձի առնվազն մեկ կարևոր հատկանիշ՝ հակասոցիալական վարքը, երեխայի մոտ ձևավորվում է ընտանիքի ազդեցության տակ։ Քրեական վարքագիծ ունեցող ընտանիքներում մեծացած որդեգրված երեխաները մեծ հավանականությամբ նույնպես քրեական վարքագիծ են դրսևորում՝ թեկուզ և չեն կրում իրենց ծնողների գեները։ Սա փաստում է, որ չնայած երեխայի անձնային հատկանիշների ձևավորման վրա դաստիարակության սահմանափակ ազդեցությանը, երեխան, այնումենայնիվ, հենց ընտանիքում է ձևավորվում իբրև հասարակության լիիրավ անդամ։

Այս ամենից կարելի է ևս մեկ (կես՝ կատակ, կես՝ լուրջ) հետևություն անել՝ եթե սթրեսի հանդեպ զգայուն ծնողները փորձեն ամեն գնով սթրեսակայուն երեխաներ դաստիարակել, ամենայն հավանականությամբ լրացուցիչ սթրեսներ են ստեղծելու թե՛ իրենց, թե՛ իրենց զավակների համար։

«35 սուտ հոգեբանության մասին» հոդվածաշարի մյուս հոդվածներին կարող եք ծանոթանալ՝ սեղմելով այստեղ։

Պահպանել այս էջը
Լավ ու Բարի
Լավ ու Բարի

Հոգեբանություն թեմայով ամենալավ ու բարի կայքը։