Ափսոսանքը սովորական և համընդհանուր մարդկային զգացում է։ Թեև մենք կցանկանայինք ապրել առանց ափսոսանքի և երբեմն հպարտորեն պնդել, որ ոչ մի բանի համար չենք ափսոսում՝ իրականում դա հնարավոր չէ, թեկուզ միայն այն պատճառով, որ մենք բանական էակներ ենք: Չկա կյանք առանց ափսոսանքի։ Ափսոսանքը և՛ զգացողություն է, և՛ մտածելակերպ։ Դա այն է, ինչ զգում ենք, երբ հիշում ենք որևէ իրադարձություն, սեփական արձագանքները կամ այլ միջադեպ, որը ժամանակին տեղի է ունեցել մեզ հետ: Ափսոսանքը կարող է առաջանալ կյանքի դժվարին և ցավալի փոփոխություններից հետո։ Հաճախ այն խանգարում է մեզ երջանիկ լինել՝ ցավ պատճառելով և սահմանափակելով ապագա հեռանկարները: Ափսոսալով՝ մենք կարող ենք կա՛մ քննադատել մեզ, կա՛մ ուղղել սեփական սխալները։ Սովորաբար որևէ բանի համար ափսոսալիս՝ մեզ թվում է, թե դա մեծ կարևորություն ունի մեզ համար։ Այդպիսով ափսոսանքը մեզ թույլ չի տալիս նաև կենտրոնանալ ներկայի կամ ապագայի հաճելի պահերի վրա։
Մենք չենք կարող փոխել անցյալը, սակայն կարող ենք ընտրել, թե ինչպես այն կարող է անդրադառնալ մեր ներկայի և ապագայի վրա: Օրինակ՝ մենք չեք կարող փոխել այն հանգամանքը, թե որքան ալկոհոլ էինք օգտագործում ուսանողական տարիներին, սակայն կարող ենք կանխել այդ պատճառով ապագայում առաջացող ափսոսանքի զգացումը։
Եկեք տեսնենք, թե ինչպես կարող ենք նվազեցնել ափսոսանքի բացասական ազդեցությունը մեր ինքնազգացողության և բարեկեցության վրա։
Սովորենք ճանաչել օգտակար ափսոսանքը
Անօգուտ ափսոսանքն այն է, երբ մենք մեզ մեղադրում ենք այնպիսի իրողությունների կամ իրավիճակների համար, որոնք մեր վերահսկողությունից դուրս են: Օգտակար ափսոսանքն համեմատաբար դրական զգացողություն է, որը թույլ է տալիս առաջ գնալ, բարելավել ինքներս մեզ, մեր կյանքը և, հնարավորության դեպքում, նաև խնդիրների լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Երբ մենք գիտակցում ենք, որ նախկինում հնարավորություններ ենք բաց թողել (կրթական, ֆինանսական կամ անձնական), ավելի հավանական է դառնում, որ ապագայում կարող ենք շտկել այդ սխալները։
Ցուցաբերենք կարեկցանք սեփական անձի հանդեպ
Մենք պիտի հիշենք, որ միակ մարդը չենք, ով ինչ-որ բանի համար զղջում է և մտածենք այն մասին, թե ինչպես են այդ զգացողությունը վերապրում այլ մարդիկ: Կարեկցանքն օգնում է մեզ ավելի լավ հասկանալ այլոց զգացմունքները: Հնարավոր է՝ այդ ճանապարհին մենք ստիպված լինենք մարտահրավեր նետել սեփական նախապաշարմունքներին և լսել այլոց տեսակետը։
Սեփական անձի հանդեպ կարեկցանք ցուցաբերելու տարբերակներից մեկն էլ ափսոսանքը երախտագիտության վերածելու վարժանքն է։ Սովորաբար մենք ափսոսանք ենք արտահայտում այնպիսի արտահայտություններով, ինչպիսիք են՝
- Ես պիտի ունենայի…
- Ես կարող էի ունենալ…
- Ես չեմ կարող հավատալ, որ…
- Ինչու՞ ես չեմ…
Փոխելով այս արտահայտությունները և դարձնելով դրանք երախտագիտության արտահայտություններ՝ մենք կսկսենք այլ կերպ ընկալել անցյալը, հետևաբար նաև կազատվենք ափսոսանքից։ Երբ նկատում եք, որ վերոնշյալ արտահայտություններին նմանվող արտահայտությունների միջոցով ափսոսանք եք արտահայտում անցյալի մասին, փորձեք ձևափոխել այդ մտքերը՝ դարձնելով երախտագիտություն արտահայտող նախադասություններ: Օրինակ՝ «Ես պիտի ընդունվեի համալսարան» միտքը կարելի է փոխել «Ես գոհ եմ, որ դեռ ուշ չէ բարձրագույն կրթություն ստանալու համար» մտքով, իսկ «Ես պետք է թողնեի խմելը» միտքը կարելի է դարձնել «Ես շնորհակալ եմ, որ այժմ նույնպես կարող եմ ավելի լավը դառնալու որոշում կայացնել»։
Սովորենք ներել ինքներս մեզ
Ափսոսանքի զգացումը կարող դժգոհություն առաջացնել սեփական անձի և շրջապատի հանդեպ։ Սակայն դժգոհելու փոխարեն մենք պիտի սովորենք ներել ինքներս մեզ: Սա ոչ միայն կազատի մեզ ափսոսանքի զգացումից, այլև կբարձրացնի մեր ինքնագնահատականը։ Նորմալ ինքնագնահատականը շատ բան է որոշում մեր կյանքում, ներառյալ՝ միջանձնային հարաբերություններում: Մենք չպիտի փորձենք պարզապես ազատվել ափսոսանքից։ Փոխարենը, պիտի փորձենք սովորել մեր սխալներից և ինքներս մեզ թույլ տալ առաջ շարժվել։
Դիմենք մեզ նամակի միջոցով
Սեփական անձին ուղղված նամակը վարժություն է, որը կարող է օգնել մեզ ազատվել ափսոսանքի զգացումից։ Այն կատարելու համար անհրաժեշտ է գրել մի նամակ, որն ուղղված է մեր «անցյալ եսին»։ Նամակում անհրաժեշտ է զրուցել «անցյալ եսի» հետ այնպես, ասես զրուցում ենք մտերիմ ընկերոջ կամ երեխայի հետ: Այսպիսով, մենք կարող եք սովորել կարեկցանքով վերաբերվել ինքներս մեզ:
Նամակի միջոցով մենք կարող ենք հիշեցնել մեր «անցյալ եսին», որ նա արժանի է լավագույնին, նույնիսկ եթե սխալվել է, քանի որ բոլոր մարդկանց պես՝ նույնպես սխալվելու իրավունք ունի:
Կրկնենք աֆիրմացիաներ կամ հաստատումներ
Աֆիրմացիաները կամ հաստատումները դրական պնդումներ են, որոնք ոգեշնչում են, բարձրացնում են մեր ինքնագնահատականը, բարելավում են տրամադրությունը և ստիպում են ավելի զգույշ վերաբերվել սեփական անձին: Երբ մենք խնամքով ենք վարվում ինքներս մեզ հետ, ավելի հեշտ է դառնում ներելանցյալի սխալները, ինչը կարող է նվազեցնել նաև ափսոսանքի զգացումը:
Աֆիրմացիաները կամ հաստատումները կարելի է թե՛ բարձրաձայն կամ մտովի կրկնել, թե՛ գրի առնել։ Ափսոսանքը նվազեցնող հաստատումների օրինակներ են․
- Ես լավ մարդ եմ և ավելի լավին եմ արժանի՝ անկախ անցյալում թույլ տված սխալներից։
- Ես մարդ եմ և սխալվելն ինձ համար նորմալ է:
- Ես դասեր եմ քաղել իմ անցյալի սխալներից և արժանի եմ պայծառ ապագայի։