ՄԵՆՅՈւ

Ինչ է դիսթրեսը և ինչով է այն տարբերվում սթրեսից

«Սթրես» և «դիսթրես» բառերը տեղեկատվության հանրամատչելի աղբյուրներում հաճախ օգտագործվում են իբրև հոմանիշներ։ Առավել հաճախ «սթրես» բառով լիովին փոխարինում են «դիսթրես» բառը, որտեղից կարող է տպավորություն ստեղծվել, թե սթրեսը միայն տհաճ ապրումներով հագեցած և տառապանքի նմանվող փորձառություն է։

Առօրյա կյանքում մենք բախվում ենք բազմաթիվ սթրեսորների (սթրեսի հարուցիչների), որոնց հետ կարողանում ենք մեզ համար բարենպաստ կերպով առնչվել։ Այդ սթրեսորներից են դրսից եկող աղմուկը, ծանրաբեռնված տրանսպորտում երթևեկելը, կենցաղային տհաճ պարտականություններ կատարելը և այլն։ Թեև այդ ամենը կարող է սթրեսի զգալի աղբյուր լինել, նմանօրինակ սթրեսը մեր կողմից հազվադեպ է ապրվում իբրև տառապանքի վիճակ։ Թվարկած իրավիճակներում մենք ավելի հաճախ անխոչընդոտ հաղթահարում ենք սթրեսը՝ փոխելով մեր մտքերը, որևէ կերպ ազդելով իրավիճակի վրա կամ պարզապես դիմանալով։ Երբեմն սթրեսի այդպիսի հաղթահարումը տեղի է ունենում անգամ ավտոմատ կերպով՝ առանց կամային ջանքերի գործադրման։

Այսինքն՝ սթրեսը տհաճ կամ ծանր ապրումների հոմանիշը չէ։ Կախված տարատեսակ գործոններից, այն կարող է տարբեր բնույթ ունենալ։ Սուր կամ քրոնիկական սթրեսի մասին մենք արդեն խոսել ենք և հետագայում նույնպես առիթ կունենանք խոսելու։

Ի տաբերություն սթրեսի, դիսթրեսն հագեցած է տհաճ կամ անցանկալի ապրումներով, որոնք տևական ժամանակ պահպանվում են և զգալի անհարմարություն են պատճառում մեզ։ Այն առաջանում է, երբ մենք ի վիճակի չենք լինում մեզ համար բարենպաստ կերպով առնչվել տարատեսակ սթրեսորների (սթրեսի հարուցիչների) հետ։ Որպես կանոն, դիսթրեսն ուղեկցվում է տհաճ ապրումներից ազատվելու ցանկությամբ, որն անվանում են «դիսթրեսի անհանդուրժում»։ Դիսթրեսի պարադոքսալ բնույթը կայանում է նրանում, որ որքան շատ ենք մենք պայքարում դրա դեմ կամ փորձում խուսափել դրա արտահայտումից, այնքան այն ավելի է բարդանում։

Պատկերացրեք, օրինակ, երեխայի, ում հանձնարարել են մինչև հաջորդ շաբաթ որևէ բարդ և իր համար ձանձրալի աշխատանք կատարել։ Տանջվելով ձանձրույթի վիճակից, սակայն ստիպված լինելով շարունակել աշխատանքը՝ երեխան դիսթրես է ապրում։ Առաջանում է լարվածություն, որը գնալով ավելի է աճում։ Երբ երեխան նաև չի հանդուրժում դիսթրեսը, նա ի վերջո փորձում է փախչել ձանձրույթից իր համար անբարենպաստ գործունեության միջոցով։

Դիսթրեսի աղբյուր կարող են լինել ցանկցած տհաճ կամ անցանկալի հույզեր, ինչպիսիք են ամոթը, մեղավորության զգացումը, հիասթափությունը, վիրավորանքը, վիշտը և այլն։

Այսպիսով՝ երբ ասում ենք «սթրեսի մեջ եմ», կարող ենք նկատի ունենալ, որ ստեղծվել է լարվածության մի վիճակ, որի հետ դժվարանում ենք առնչվել, իսկ երբ ասում ենք «դիսթրես եմ ապրում», կարող ենք նկատի ունենալ, որ տևական ժամանակ զգում ենք տհաճ կամ անցանկալի հույզեր, որոնք էլ, իրենց հերթին, ստեղծում են մեզ անհանգստություն պատճառող լարվածությունը։

Դիսթրեսի հանդուրժում

Տհաճ կամ անցանկալի հույզերից խուսափելու միտումն անվանում են նաև «դիսթրեսի անհանդուրժում»։ Դիսթրեսը չհանդուրժող անձիք փորձում են ամեն կերպ խուսափել տհաճ ապրումներից՝ կիրառելով փախուստի տարատեսակ մարտավարություններ (խուսափում, ուշադրության շեղում, ալկոհոլ, սնունդի կամ քնի չարաշահում և այլն

Դիսթրեսի անհանդուրժման պատճառ կարող են հանդիսանալ բոլոր հույզերը, թեև առավել հաճախ դա բացասական համարվող հույզերն են՝ տխրությունը, վախը, մեղավորության զգացումը և այլն։

Տխրությունը չհանդուրժող անձն, օրինակ, կարող է անջատել ֆիլմը կամ կիսատ թողնել գիրքը, երբ հանդիպում է մահվան, տառապանքի և տխրություն առաջացնող այլ երևույթների հիշատակման։ Վախի անհանդուրժման օրինակներ կարող են լինել նորություններում երկրաշարժի կամ ահաբեկչության հիշատակումներ լսելիս՝ ալիքը փոխելը, համացանցում հիվանդությունների նկարագրություններ տեսնելիս՝ շտապ առաջ անցնելը և այլն։

Փախուստի այդ բոլոր մարտավարությունների նպատակն է տհաճ կամ անցանկալի հույզի ի հայտ գալը կանխելը։ Այս միտումը վտանգավոր է հատկապես նրանով, որ տհաճ հույզերը ժամանակի ընթացքում սկսում են մեր կողմից ընկալվել իբրև անտանելի կամ աղետալի։ Չէ՞ որ այն, ինչից մշտապես փորձել ենք հեռու մնալ, պիտի որ իսկապես սարսափելի լինի։

Դիսթրեսը (տհաճ ապրումները) չհանդուրժելու մյուս բացասական կողմն այն է, որ խուսափելով բացասական հույզի անգամ թեթև արտահայտումից՝ մենք հետագայում լրջագույն խնդրի առաջ ենք կանգնում, երբ այդ հույզն ուժգին արտահայտվում է մեր իրական կյանքում։

Օրինակ՝ մշտապես խուսափելով տխուր ֆիլմերից, մենք այդպես էլ չենք վարժվում տխրությունն առողջ կերպով ապրելու, արտահայտելու և կարգավորելու հարցում, ինչն իր հետևանքներն է ունենում, երբ մեր կյանքում անխուսափելի տխուր իրադարձություններ են տեղի ունենում։

Ինչպես հանդուրժել դիսթրեսը

Դիսթրեսի հանդուրժման հմտությունը զարգացնելու տարբերակներն են հանդուրժումը և ընդունումը, որոնց մասին առավել մանրամասն կարող եք իմանալ՝ սեղմելով համապատասխան բառի վրա։

Դիսթրեսի հանդուրժման հմտությունների զարգացման համար «Լավ ու Բարի» կայքում կարող եք գտնել նաև ծավալուն և ընդգրկուն դասընթաց, որը ոչ միայն տեսական գիտելիքներ կտա դիսթրեսի հանդուրժման մասին, այլ նաև կօգնի ինքնուրույն աշխատել այդ հմտությունների զարգացման շուրջ՝ բազմաթիվ գործնական աշխատանքների շնորհիվ։

Դիսթրեսի հանդուրժումը նաև մեր կայքի գլխավոր թեմաներից մեկն է։ Դրա վերաբերյալ նյութերի ցանկին կարող եք ծանոթանալ «101 ռեսուրս դիսթրեսի հետ աշխատելու համար» էջում։

Պահպանել այս էջը
Լավ ու Բարի
Լավ ու Բարի

Հոգեբանություն թեմայով ամենալավ ու բարի կայքը։