ՄԵՆՅՈւ

Ինչպես առողջ կերպով վարվել բացահայտ դաժանություն պատկերող տեսանյութերի հետ

Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում բռնության և տառապանքի տեսարաններ պատկերող տեսանյութրեն ու լուսանկարները մեր օրերում կարծես սովորական են դարձել։ Անգամ անկախ մեր կամքից մենք ցանկացած պահի կարող ենք ականատես լինել ողջ աշխարհում տեղի ունեցող աղետների, պատերազմների և տարատեսակ այլ ողբերգությունների բացահայտ տեսարաններ պարունակող պատկերների կամ տեսանյութերի։

Սակայն մեզանից շատերը պատրաստ չեն նման անհանգստացնող բովանդակության հետ առնչվելու։ Մեզ անհրաժեշտ է ճանաչել բռնության և դաժանության բացահայտ պատկերների հնարավոր ազդեցությունը մեր մտավոր առողջության վրա, ինչպես նաև սովորել այդ երևույթի հետ մեզ համար բարենպաստ կերպով վարվել։

Բացասական ազդեցության հստակեցումը

Որպեսզի պարզենք, թե անձամբ մեզ վրա ինչ ազդեցություն են ունենում բացահայտ դաժանություն պատկերող տեսանյութերը, նախ և առաջ անհրաժեշտ է իրազեկվել հնարավոր բարդությունների մասին։ Ստորև մենք կթվարկենք բռնության և դաժանության բացահայտ պատկերներ դիտելու հետևանքով առաջացող հիմնական խնդիրները։ Յուրաքանչյուր բառի վրա սեղմելով՝ կարող եք գտնել «Լավ ու Բարի» կայքում հրապարակված համապատասխան թեմաներով գրառումները։ Այդ լրացուցիչ տեղեկատվությունն օգտակար կլինի ինքնավերլուծության և խնդիրների վերհանման հարցում, ինչպես նաև անցանկալի ապրումները նվազեցնելու համար որոշակի գործիքակազմ կտրամադրի։

Այսպիսով, մտավոր առողջության վրա բռնության և դաժանության բացահայտ պատկերներ դիտելու հետևանքով առաջացող հիմնական բարդություններից են․

Հնարավոր այլ բացասական հետևանքներից կարևոր է ընդգծել նաև էմպաթիայի՝ այլոց հանդեպ կարեկցանքի նվազումը։ Շարունակաբար դիտելով բռնությամբ լի տեսանյութեր, մենք ասես սովորում ենք դրանց ներկայությանը և սկսում պակաս սուր ընկալել բռնության և դաժանության դրսևորումները։

Բացասական ազդեցության նվազեցումը

Մտավոր առողջության վրա բռնության և դաժանության բացահայտ պատկերների հնարավոր բացասական ազդեցությունը նվազեցնելու համար կարող ենք անել հետևյալը․

  • Հստակեցնել պատճառները – հստակ պատկերացում ունենալ, թե ինչ նպատակով ենք դիտում բռնություն և դաժանություն պատկերող տեսագրություններ կամ լուսանկարներ։ Այն դեպքում, երբ մենք միտումնավոր չենք ձգտում նման բովանդակություն դիտելու՝ ընտրել տեղեկատվություն ստանալու այնպիսի եղանակներ, որտեղ կարող ենք զերծ մնալ բռնության բացահայտ պատկերներից։
  • Ընտրել պահը – կան պահեր, երբ տեսածի բացասական ազդեցությունը մեր հոգեվիճակի վրա կարող է հատկապես սուր լինել։ Տարբեր մարդկանց մոտ նման պահերը կարող են տարբեր լինել։ Ոմանց վրա, օրինակ, առավել անհանգստացնող ազդեցություն կարող են գործել գիշերը կամ միայնության մեջ դիտած տեսանյութերը։ Սոցիալական ցանցեր կամ լրատվական կայքեր առավել բարենպաստ պահի այցելելը կարող է օգտակար լինել դաժան տեսանյութերի բացասական ազդեցությունը նվազեցնելու հարցում։
  • Շրջանցել – դաժան տեսանյութերի անօգտակար ազդեցությունից խուսափելու ամենապարզ մարտավարությունը դրանք շրջանցելն է։ Այն դեպքում, երբ տեսանյութի բովանդակությունն առանց դիտելու էլ պարզ է (առաջին նկարից, վերնագրից կամ ուղեկցող տեքստից), կարելի է պարզապես շրջանցել այն։
  • Անջատել ձայնը – բռնության և դաժանության տեսարաններն առավել ազդեցիկ են լինում ձայնի առկայության դեպքում՝ լինեն դա լաց, աղերսանքներ, բղավոցներ, հայհոյանքներ, թե այլ ձայներ։ Հեռախոսի կամ համակարգչի ձայնը միայն ըստ պահանջի բարձրացնելը կարող է օգտակար լինել անհանգստացնող ձայներից խուսափելու հարցում։
  • Չմեծացնել – մեկ այլ մարտավարություն է տեսանյութերը հնարավորինս փոքր թողնելը՝ չսեղմելով նկարը կամ տեսագրությունը մեծացնելու՝ ամբողջ էկրանին դիտելու կոճակի վրա։ Որոշ սոցիալական ցանցեր թույլ են տալիս նաև փոքրացնել (ներքևում թողնել) միացված տեսանյութը և ընթացքում այլ բովանդակություն դիտել։ Ողջ էկրանի վրա միացրած տեսանյութն անշուշտ ավելի մանրամասն է հիշվելու և ավելի մեծ ազդեցություն է ունենալու։
  • Քննարկել – դաժան տեսանյութերի ազդեցությունը կարելի է նվազեցնել նաև դրանք և դրանց թողած ազդեցությունն այլոց հետ քննարկելով։ Անձնական ապրումներով կիսվելը և այլոց կարծիքները լսելն արդեն իսկ կարող են բավարար դրական ազդեցություն ունենալ։
  • Զբաղվել մեդիտացիայով – մեդիտացիայի և դրա տարատեսակների մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ՝ սեղմելով այստեղ։ Բռնության և դաժանության բացահայտ պատկերների ազդեցությունը նվազեցնելու հարցում օգտակար կարող է լինել գիտակցվածության մտավարժանքը։ Այն կարատելու համար անհրաժեշտ է մի պահ դադար տալ՝ կենտրոնանալով շնչառության վրա, ապա որոշակի ժամանակ տրամադրել և տրամաբանել դիտած դաժան տեսանյութի շուրջ՝ միևնույն ժամանակ խուսափելով անձնական գնահատականներ և հուզական արձագանքներ տալուց։
  • Շարժվել – այն դեպքում, երբ դաժան տեսանյութերի ականատես լինելուց հետո առկա է տրամադրության անկում, օգտակար կարող է լինել կարճ ժամանակով տանից դուրս գալը, զբոսնելը, ֆիզիկական վարժություններով կամ յոգայով զբաղվելը։ Ֆիզիկական ակտիվությունն օգնում է առողջ կերպով «մարսել» տեսածն ու լսածը։
  • Ծիծաղել – ծիծաղն ամենից արդյունավետ և հասանելի «բուժիչ» միջոցներից է։ Բռնության և դաժանության բացահայտ պատկերների հնարավոր բացասական ազդեցությունը նվազեցնելու հարցում այն նույնպես կարող է օգտակար լինել։ Կատակերգություններ, հումորային հաղորդումներ կամ կարճ ծիծաղաշարժ տեսանյութեր դիտելը կարող է փոխել ներկա պահին մեր մտքերի և ապրումների բնույթը։
Պահպանել այս էջը
Լավ ու Բարի
Լավ ու Բարի

Հոգեբանություն թեմայով ամենալավ ու բարի կայքը։