ՄԵՆՅՈւ

Ինպես բացահայտել սուտը և ինչու է դա մեզ անհրաժեշտ

Ժամանակակից գիտնականներից շատերը թերահավատորեն են մոտենում ֆիզիոլոգիական գործոնների միջոցով սուտը բացահայտող մոտեցումներին՝ փաստելով, որ ստի բացահայտման լիովին վստահելի եղանակներ գոյություն չունեն և այդ ուղղությամբ տարվող ինքնագործունեությունը կարող է միայն վնաս հասցնել։ Եվ չնայած դրան, ստի բացահայտման տեխնիկաների ուսուցումն ու կիրառումը շարունակում է մեծ պահանջարկ վայելել։

Ստախոսներին բացահայտելու և խաբեությունը ճանաչելու կարողությունը շատերիս է գայթակղիչ թվում։ Մոգական կամ էքտրաօրդինար կարողություններով օժտված լինելու մեր ձգտումներից հաճախ օգտվում են հեշտ գումար վաստակելու ցանկություն ունեցող «մասնագետները», որոնք վստահեցնում են, թե կարող են սովորեցնել բացահայտել սուտը դիմախաղի, ժեստերի, հուզական և վարքային դրսևորումների և այլ նշանների միջոցով։

Վստահեցնելու համար, թե դա իսկապես հնարավոր է, վերջիններս հաճախ տարածում են նաև մարդկանց՝ մի քանի տեսակի կամ տիպի բաժանվելու մասին գաղափարներ։ Չէ՞ որ բազմազանության և յուրօրինակության միջավայրում տարբեր ստախոսներ կունենան տարբեր դիմախաղ, տարբեր շարժումներ, կարտահայտեն հույզերը յուրովի և առանձնահատուկ վարվելաձևեր կունենան։ Այս ամենը գրեթե անհնար կդարձնի ֆիզիոլոգիական գործոնների միջոցով ստի «բացահայտումը»։

Ստի բացահայտման հնարքներն հիմնականում հենվում են համընդհանուր դիմախաղի (Չարլզ Դարվին) և միկրոարտահայտությունների (Փոլ Էքման) տեսությունների վրա։ Համընդհանուր դիմախաղի տեսությունը ներկայումս միայն մասնակի է ընդունվում, իսկ միկրոարտահայտությունների տեսությունը բազմիցս ժխտվել է և համարվում է անվստահելի։ Թեև գիտկան միջավայրում այդ տեսությունները մեր օրերում գրեթե չունեն աջակցություն, դրանց հիման վրա ստեղծված «ստի բացահայտման» մեթոդները լայնորեն տարածվում են հատկապես ուժային կառույցներում՝ իրենց արտացոլումը գտնելով նաև զվարճանքների ոլորտում (ֆիլմեր, հեռուստասերիալներ, հանրամատչելի գրականություն)։

Անհրաժեշտ է հիշել, որ յուրաքանչյուր մարդ առանձնահատուկ է, և ամենքիս դիմախաղի, ժեստերի, արտաքին տեսքի, հուզական և վարքային արտահայտումների հիմքում ընկած է հոգեկան և ֆիզիոլոգիական բազմաթիվ գործոնների ուրույն համադրություն։

Ավելորդ է նույնիսկ նշել, թե որքան վտանգավոր է ստի բացահայտման անվստահելի հնարքների տարածումը հատկապես ուժային կառույցներում, և թե ինչ աղետալի հետևանքների դա կարող է հանգեցնել։ Այդ թեմայով օգտակար ընթերցանություն կարող է լինել The Intercept պարբերականում հրապարակված այս հոդվածը (անգլերեն)։

Մեր առօրյա կյանքում ևս ստի բացահայտման նման տարակուսելի մոտեցումները կարող են իրենց բացասական ազդեցությունն ունենալ՝ դառնալով անարդարության և խարանի պատճառ։ Կասկածամտությունն ու ստախոսներին բացահայտելու ձգտումը, բացի այդ, կարող է խոսել հոգեբանական տարատեսակ խնդիրների մասին։

Ինչու ենք մենք փնտրում ստախոսներին

Այլոց ստախոսության մեջ կասկածելու կամ շփման շրջանակում ստախոսներին բացահայտելու միտումը կարող է ունենալ տարատեսակ աղբյուրներ։ Այդ ձգտման հիմքում միշտ չէ, որ ընկած է իրական ստախոսի առկայությունը կամ վերջինիցս ակնկալվող իրական վտանգը։ Ստախոսին բացահայտելու ձգտման հիմքում կարող են ընկած լինել նաև․

  • Անապահովությունն հարաբերություններում։ Հարաբերություններում անապահով զգալու պատճառ կարող է լինել ինչպես սեփական անինքնավստահությունը, այնպես էլ այլոց վստահելու հետ կապված խնդիրները։ Անցյալում վերապրած դավաճանության հուզական բեռը, մանկության հասակում տեղ գտած բուլինգը, ծաղրը և բռնությունը, շարունակական նվաստացումների և վիրավորանքի պայմաններում ապրելը հարաբերություններում անապահով զգալու հիմնական պատճառներից են։ Այս խնդրին և դրա հնարավոր լուծումներին կարող եք ծանոթանալ՝ սեղմելով այստեղ։
  • Բարձր նեյրոտիզմը։ Նեյրոտիզմն անձի հինգ հիմնական գծերից մեկն է։ Այն այս կամ այն չափով արտահայտված է յուրաքանչյուրիս մոտ։ Որքան բարձր է այս գծի արտահայտվածությունն, այնքան անձն ավելի վտանգավոր է համարում աշխարհն ու մարդկանց։ Բարձր նեյրոտիզմը կարող է լինել բարձր տագնապայնության, վախերի, խանդի և նախանձի պատճառ։ Անձիք, ում մոտ այս գիծն առավել ընդգծված է, այլ մարդկանցից վտանգեր ակնկալելու և պաշտպանվելու միտում ունեն։ Ստախոսներին կամ սուտը բացահայտելու ձգտումը վերջիններիս մոտ կարող է հատկապե՛ս ընդծված լինել։
  • Ցածր բարյացակամությունը։ Բարյացակամությունը ևս անձի հինգ հիմնական գծերից մեկն է։ Նրանք, ում մոտ այս գիծը թույլ է արտահայտված, դժվար են լեզու գտնում այլ մարդկանց հետ, հակված են քննադատության և կարող են ցածր էմպաթիա դրսևորել։ Ցածր բարյացակամություն ունեցող անձիք կարող են կասկածամտորեն վերաբերվել այլ մարդկանց և առողջ կերպով չընդունել այլոց աջակցությունն ու բարի կամքի դրսևորումները։ Վերջիններս, իրե՛նք էլ հաճախ ստելով և չլինելով անկեղծ, կարող են նմանօրինակ վարքում կասկածել նաև ուրիշներին։
  • Մանիպուլյատիվությունը։ Ստախոսությունը բացահայտելու ձգտումն հատուկ է նաև մանիպուլյատիվ հակումներ ունեցող անձանց։ Ձգտելով, հանուն անձնական շահերի, թաքուն կառավարել այլոց՝ վերջիններս կարող են ստի բացահայտման մեջ նոր հնարավորություններ տեսնել։ Նման բացահայտումը մանիպուլյատորին օգնում է անշահավետ դիրքում դնել սուտն ասողին և վերջինիս հանդեպ հոգեբանական առավելություն ձեռք բերել։ Ծայրահեղ դեպքերում՝ բացահայտված սուտը կարող է ծառայել նաև իբրև շանտաժի գործիք։ Անձի մոտ մանիպուլյատիվ հակումների մասին ավելին կարող եք իմանալ մեր «Ինչ է մանիպուլյացիան և կարելի է արդյոք այն սովորել» հոդվածում՝ սեղմելով այստեղ։
  • Անձի պարանոիդ խանգարումը։ Մտավոր առողջության խանգարումները ենթակա չեն ինքնաախտորոշման։ Որևէ խանգարման մասին ընթերցելը և թեկուզ լիարժեք նմանություն գտնելը չի կարող ախտորոշում համարվել, քանի դեռ միևնույն եզրակացությունը չի կատարվել մասնագետի (հաճախ նույնիսկ մի քանի մասնագետի) կողմից։ Կասկածամտությունը, խաբված կամ դավաճանված լինելու զգացումը, այլոց դավադիր կամ դավաճանական մտադրություններ վերագրելը, ցանկացած խոսքի կամ արարքի մեջ թաքնված բացասական ենթատեքստեր որոնելն անձի պարանոիդ խանգարման ախտանիշներից են։

Ինչպես վարվել ստի և խաբեության հետ

Սուտը բացահայտելու միակ արդյունավետ միջոցը եղել և մնում է հակառակն ապացուցելը։ Գիտական համայնքի կողմից ընդունվող՝ ստի բացահայտման տարածված մոտեցումներից մեկը մանրամասների հարցման տեխնիկան է։ Ապացուցվել է, որ ճշմարտությունը պատմող մարդիկ ավելի մանրամասն և երկար են խոսում այն ամենի մասին, ինչին ականատես են եղել՝ ներկայացնելով բազմաթիվ նրբություններ։ Նրանք չեն խճճվում իրենց պատմության մեջ և կրկնակի հարցման դեպքում արձանագրում են միևնույն փաստերը։

Այս եղանակը, թեև օգտակար է հարցաքննության ընթացքում, առօրյա կյանքում հազվադեպ կարող է կիրառելի լինել։ Ստի և խաբեության հետ առողջ կերպով առնչվելու համար մեզ ավելի օգտակար կարող են լինել հետևյալ մոտեցումները․

  • Հստակեցնել նպատակը։ Մտածել այն մասին, թե ինչու ենք փորձում բացահայտել սուտը կամ ստախոսին։ Արդյո՞ք այդ բացահայտումը կօգնի պաշտպանել մեզ կամ մեկ այլ մարդու որևէ իրական վտանգից։ Անհրաժեշտ է հիշել, որ որոշ մարդիկ հակված են «կոմպուլսիվ ստախոսության» և ակամա սուտ են խոսում՝ առանց վնասելու ցանկության կամ շահ ակնկալելու։ Ստախոսությունը նաև կարող լինել տարատեսակ հոգեբանական խնդիրների և մտավոր առողջության խանգարումների հետևանք։ Սուտը բացահայտելու փորձեր կատարելուց առաջ անհրաժեշտ է հստակեցնել դրա ենթադրյալ վնասները և բացահայտումից ակնկալվող օգուտները։
  • Պարզապես զրուցել։ Ենթադրյալ ստախոսին մեղադրելու, քննադատելու և, առավել ևս, խայտառակելու փոխարեն, կարելի է պարզապես զրուցել վերջինիս հետ՝ հայտնելով սեփական մտավախությունները։ Նման զրույցի ընթացքում խորհուրդ է տրվում հնարավորինս խուսափել «դու» դերանունից և կենտրոնանալ սեփական անձի շուրջ։ Ոչ թե՝ «դու ստում ես», այլ՝ «ես դժվարանում եմ հավատալ», «ինչ-որ բան խանգարում է ինձ քեզ վստահելու հարցում»։ Անհրաժեշտ է համագործակցության հրավիրել ենթադրյալ ստախոսին՝ առաջարկելով միասին աշխատել վստահության մթնոլորտը բարելավելու շուրջ։ Դա կարելի է անել ոչ թե սեփական պահանջները շարադրելու, այլ հարցադրումներ կատարելու միջոցով՝ «Ի՞նչ քայլեր կարող ենք անել փոխվստահությունն ամրապնդելու համար», «Ինչպե՞ս կարող ենք հետագայում խոսափել նման դրվագներից» և այլն։ Իսկ երբ սուտն արդեն բացահայտված է, կարելի է խոսել՝ առանց այդ հանգամանքը շրջանցելու։ «Կարո՞ղ ես ասել, թե ինչը քեզ դրդեց ստելու և ի՞նչ կարող ենք անել, որպեսզի հետագայում ստելու անհրաժեշտություն չառաջանա»։
  • Սահմանափակել շփումները։ Այն դեպքում, երբ առկա են ստի ու խաբեության մասին խոսող փաստեր, երբ սուտն ու խաբեությունն ուղղված են անձամբ մեր դեմ և հարցն հնարավոր չէ լուծել կառուցողական զրույցի միջոցով, լավագույն լուծումը ստախոսից հեռու մնալն է։ Ընդ որում՝ այդ հեռավորությունը կարող է լինել ոչ միայն ֆիզիկական, այլև՝ հոգեբանական։ Առանց կոնֆլիկտներ հրահրելու՝ դանդաղ դադարեցնելով ստախոսի հետ ինտենսիվ շփումները և դնելով առողջ անձնական սահմաններ՝ մենք կարող ենք ձերբազատվել շարունակական ստերի և խաբեության պատճառով առաջացող սթրեսից և վերականգնել մեր հոգեկան հանգստությունը։ Առողջ անձնական սահմանների մասին ավելին կարող եք իմանալ՝ սեղմելով այստեղ։
  • Գնահատել անկեղծությունն ու լինել ներողամիտ։ Սուտն հաճախ առաջանում է այնտեղ, որտեղ անկեղծությունն ու արդարությունը բավականաչափ գնահատված չեն։ Քննադատության կամ պատժի վախը ևս կարող են ստախոսության պատճառ դառնալ։ Ներողամիտ գտնվելով, անկեղծ լինելու համար շնորհակալություն հայտնելով և գովաբանելով արդարամտությունը՝ մենք կարող ենք ստից և կեղծավորությունից զերծ միջավայր ստեղծել ընտանիքում կամ աշխատավայրում։
Պահպանել այս էջը
Լավ ու Բարի
Լավ ու Բարի

Հոգեբանություն թեմայով ամենալավ ու բարի կայքը։