Անձնական սահմաններն ասես մեր անձի շուրջ տարված գծեր են, որոնք այլ մարդիկ չպիտի անցնեն։ Դրանք դրվում են, որպեսզի մենք մեզ ավելի հանգիստ և ինքնավստահ զգանք այլոց շրջապատում։ Այլ կերպ ասած՝ անձնական սահմաններն այն կանոններն են, որոնցով մենք առաջնորդվում ենք այլոց հետ շփվելիս և որոնցով այլ մարդիկ պիտի առաջնորդվեն, երբ շփվում են մեզ հետ։ Անձնական սահմանները կարող են լինել ֆիզիկական, հուզական, ժամանակային, աշխատանքային և այլն։
Անձնական սահմաններեր դնելով՝ մենք ձերբազատվում ենք առողջ շփմանը խոչընդոտող պասիվ ագրեսիայից և չբարձրաձայնվող տարաձայնություններից և դարձնում այլոց հետ հաղորդակցումն ավելի հանգիստ ու հարմարավետ։
Եկեք տեսնենք, թե ինչպես կարելի է դնել թվարկած սահմաններից որոշները՝ միևնույն ժամանակ հարգանքով մոտենալով այլ մարդկանց և պաշտպանելով սեփական շահերը։
Հուզական սահմաններ
Այս սահմաններն հատկապես անհրաժեշտ են լինում թույլ զարգացած հուզական ինտելեկտով անձանց հետ շփվելիս, ովքեր կարող են ակամա վիրավորել մեզ։ Հուզական սահմաններ դնելու համար անհրաժեշտ է հանգիստ պայմաններում (երբ որևէ կոնֆլիկտ չկա) մոտենալ խնդրահարույց վարքով անձին և խնդրել կարճ ժամանակ տրամադրել մի հարց քննարկելու համար։ Առանց մեղադրանքներ հնչեցնելու՝ պետք է նկարագրել, թե նրա վարքի մեջ ինչն է մեզ վիրավորել և փորձել պայմանավորվել, որպեսզի նման վարքն այլևս չկրկնվի։ Խոսակցության ընթացքում կարող է օգտակար լինել «դու» բառից հնարավորինս հրաժարվելը և ավելի հաճախ «ես» բառն օգտակարծելը։ Ոչ թե «դու ինձ վիրավորում ես», այլ «ես վիրավորվում եմ» և այլն։
Օրինակ՝ «Ես ինձ լավ չզգացի, երբ այլ մարդկանց ներկայությամբ ինձ «թիթիզ» կամ «դերասան» անվանեցիր։ Կարո՞ղ ենք պայմանավորվել, որպեսզի հետագայում ինձ ածականներով չդիմես»։
Այն դեպքում, երբ այլոց հուզական սահմանները պահպանելու հետ խնդիրներ ունենք ինքներս, կարելի է լրացուցիչ գիտելիք ձեռք բերել հուզական ինտելեկտի, էմպաթիայի և սոցիալական ինտելեկտի մասին։ Հուզական ինտելեկտի կարևորագույն տարրերից մեկի՝ հույզերի անվանման մասին կարող եք կարդալ՝ սեղմելով այստեղ։
Ֆիզիկական սահմաններ
Այս սահմանների անհրաժեշտությունը կարող է ծագել ոչ միայն այն դեպքում, երբ ինչ-որ մեկը անպատշաճ կերպով է վարվել մեզ հետ, այլ նաև այն դեպքերում, երբ մենք համաձայն չենք ընդունված սովորույթների հետ։ Մենք կարող ենք վարակներից կամ անհարմար զգացումներից զերծ մնալու համար նախընտրել ձեռքով չբարևել այլոց կամ բարևելիս՝ չգրկախառնվել։ Այս դեպքում անհրաժեշտ է ֆիզիկական սահմանների մասին հայտնել ներկա իրավիճակում (ոչ նախապես կամ հետագայում), բացատրել սեփական մոտեցումը և նկարագրել, թե ինչ վերաբերմունք ունենք այն անձի հանդեպ, ում չենք ուզում գրկել կամ ձեռքով բարևել։ Դա անելու համար՝ հանդիպելիս պետք է փոքր ինչ հեռու կանգնել, ապա սիրալիր բարևել և ասել, որ թեև ձեռքով չենք ցանկանում բարևել կամ չենք ցանկանում գրկախառնվել, սակայն շատ ուրախ եք հանդիպման համար։ Ներողություն խնդրելու և բացատրություններ տալու անհրաժեշտություն չկա։
Կարևոր է նաև հիշել, որ ֆիզիկական սահմանները չեն սահմանափակվում անմիջական հպումներով։ Ֆիզիկական սահմանների այլ օրինակներ են մեզ չափազանց մոտ կանգնելը կամ մեր անձնական տարածքում այլոց գտնվելը։ Նման դեպքերում նույնպես կարելի է սիրալիր կերպով հայտնել անհարմարություն պատճառող իրավիճակի մասին՝ ակնկալելով, որ մեր խնդրանքն ի գիտություն կընդունվի և հետագայում անցանկալի իրավիճակները չեն կրկնվի։
Օրինակ, մենք կարող ենք ասել՝ «Ես ինձ անհանգիստ եմ զգում, երբ մարդիկ այդքան մոտ են կանգնում, եթե դեմ չես՝ փոքր ինչ իրարից հեռու կանգնենք», կամ «Եթե կարևոր ասելիք չկա, ես կնախընտրեի իմ աշխատասենյակում մենակ մնալ»։ Նման դեպքերում նույնպես ներողություն խնդրելու կարիք չկա։ Բավարար է պարզապես անկեղծ շնորհակալություն հայտնել, երբ մեր պահանջը կատարվում է։
Ժամանակային սահմաններ
Որոշ մարդիկ կարող են չհարգել մեր ժամանակը և սեփական կարիքների համար պահանջել ավելին, քան մենք կցանկանայինք տալ։ Ժամանակային սահմանները չհարգելու մեկ այլ դրսևորում է մշտապես ուշանալը։ Առողջ ժամանակային սահմաններ դնելու համար նախ պիտի հասկանանք, թե որքան ժամանակ ենք պատրաստ տրամադրել այս կամ այն մարդուն։ Երբ հստակեցնենք մեր ժամանակային սահմանափակումները՝ կարելի է սիրալիր կերպով հայտնել այդ մասին այլոց՝ առանց ավելորդ բացատրություններ տալու։
Օրինակ՝ «Թեև քեզ հետ հանդիպումները միշտ բարձր տրամադրությամբ են անցնում, ես կարող եմ ընդամենը մեկ ժամով գալ» կամ «Կարծու՞մ ես որքան կտևի զանգը, գուցե հանդիպենք և խոսենք սրճարանում, ես վաղը երկու ազատ ժամ ունեմ»։
Այլոց ժամանակ տրամադրելը որոշ դեպքերում կարող է անհրաժեշտ և անհետաձգելի լինել։ Կարևոր է չմոռանալ մարդասիրության և էմպաթիայի մասին։ Սակայն տրամադրվող աջակցության ծավալները նույնպես պիտի որոշենք ինքներս։ Մենք իրավասու ենք անձամբ գնահատել այլոց կարիքները և տրամադրել այն բնույթի առաջկցություն, որը տվյալ իրավիճակի համար համապատասխան և խելամիտ ենք համարում։