ՄԵՆՅՈւ

5 ծիծաղելի միտք TikTok-յան հոգեբաններից

Մինչ մեր հանրությունը դանդաղ գլխի է ընկնում, որ սոցիալական ցանցերում գովազդվող «մասնագետները» հաճախ ընդամենը մասնագետ ձևացող բլոգերներ են, որոնք գումար են վաստակում տեսանյութերի դիտումներից կամ գովազդ տեղադրելու միջոցով, «Լավ ու Բարին» որոշեց բաց չթողնել պահը և անդրադառնալ նման «մասնագետների» կողմից համացանցում տարածվող ծիծաղելի կամ աբսուրդային մտքերին։

Սակայն մինչ ընթեցմանն անցնելը խորհուրդ ենք տալիս կարդալ մեր «Ինչպես գտնել լավ հոգեբան և չխաբվել գովազդին» հոդվածը՝ սեղմելով այստեղ։ Եվ հիշել, որ հոգեբանը կամ հոգեթերապևտը մի անձ է, ով իր ապրուստը վաստակում է գիտության կողմից մշակված գործիքակազմի միջոցով մարդկանց հոգեբանական խնդիրներին լուծում տալով։

Իսկ այն մարդիկ, ում եկամտի աղբյուրը համացանցում գովազդներ անելն է կամ TikTok-ում տեսանյութեր տեղադրելու միջոցով որոշակի գումար վաստակելը, կոչվում են բլոգերներ։

Վերջին ամիսներին հաճախացել են դեպքերը, երբ նման «հոգեբան» բլոգերները, առանց հղում տալու, ընթերցում են նաև «Լավ ու Բարի» կայքի հոդվածները՝ ձևացնելով, թե հնչեցրած մտքերն իրենց են պատկանում։ Մեր այս և հետագա հոդվածներում մենք նույնպես առանց հղում տալու կհրապարակենք այդ «մասնագետներից» ոմանց արտահայտած փայլուն մտքերը։ Սակայն մեր դեպքում հղում չտալը ոչ թե վնաս կհասցնի մտքերի հեղինակներին, այլ միայն վերջիններիս հանդեպ հոգատարության և կարեկցանքի արտահայտում կլինի։

Եվ այսպես՝ սոցիալական ցանցերում տարածվող 5 ծիծաղելի միտք «հոգեբաններից», մարդկային հոգու գիտակներից և հոգեբանությունը «մասսաներին» հասցնող իմաստուն վարժապետներից։

#5․ Ձեր «գլխավոր նկարը» շատ բան է պատմում ձեր անձի մասին

Շատերիս է հետաքրքիր, թե ինչ եզրակացություններ կանեին հոգեբանները՝ սոցիալական ցանցերի մեր էջերը տեսնելիս։ Մեզ հաջողվեց գտնել մի «հոգեբանի», որը հենց դրանով էլ զբաղվում է։ Ավելին՝ նա այնքան հմուտ է իր գործում, որ կարիք չունի նույնիսկ մարդկանց էջերը լիովին ուսումնասիրելու՝ գլխավոր նկարը միայն բավական է։ Ահա, թե ինչ է նա ասում իր անչափ հետաքրքիր տեսանյութերում․

Հիշում ենք, որ մեր ընտրած գլխավոր նկարը շատ բան կարող է պատմել մեր մասին։ Այս նկարը տեղադրած անձն, օրինակ, կասակածամիտ է։

Չիմանալով, թե ինչպես են մտածում հոգեբանները, որոշ մարդիկ հաճախ սկսում են հորինել, թե ի՛նչ են նրանք մտածում։

Իսկ ինչպե՞ս են հոգեբանները մտածում։ Հոգեբաննությունն, ինչպես գիտենք, գիտություն է, և հոգեբաններն առաջին հերթին ունեն գիտական մտածելակերպ։ Նրանք հենվում են բացառապես փաստերի վրա և, որևէ կանխատեսում անելիս, տոկոսների միջոցով գնահատում են միայն այս կամ այն երևույթի հավանականությունը։

Երբ հոգեբանը տեսնում է որևէ մեկի «գլխավոր նկարը» և հետևություն անում, որ այդ անձը կասակածամիտ է, նա պիտի որևէ այլ կերպով ևս ստուգի այդ անձի կասկածամտությունը (օրինակ՝ նրան հարցեր տալով)։ Երբ ապացուցվում է, որ այդ անձն իսկապես կասակածամիտ է, հոգեբանը պետք է ստուգի՝ արդյո՞ք այդ (կամ միանման) նկարը տեղադրած մյուս մարդիկ ևս կասկածամիտ են։ Երբ պարզվում է, որ նմանատիպ նկար տեղադրած 100 մարդուց 20-ը կասկածամիտ են, հոգեբանը կարող է ասել․ «Կա 20 տոկոս հավանականություն, որ այս նկարը տեղադրող անձը կասկածամիտ է»։ Բնականաբար, յուրաքանչյուր հոգեբան ինքնուրույն չէ կատարում բոլոր այդ ուսումնասիրությունները։ Մասնագետներն հիմնականում հենվում են գիտական գրականության մեջ առկա տվյալների վրա։

Ավելորդ է անգամ ասել, որ յուրաքանչյուր նկարի ընտրության նշանակությունն ապացուցելու համար կատարված գիտական հետազոտություններ ոչ միայն չկան, այլ նաև չեն լինի, քանի որ դա ժամանակի և գումարի անտեղի վատնում է։

Հետևությու՞ն։ Մեր TikTok-յան հոգեբանը ոչ թե գիտությամբ է զբաղվում, այլ ընդամենը գուշակություններ է կատարում։ Իսկ ինչպես մենք գիտենք, գուշակությունն ընդունված չէ թե՛ գիտության, թե՛ քրիստոնեության տեսանկյունից։

#4․ Երբ մենք նեղվում ենք, մեր ներքին օրգանները նեղ են դառնում

Բառախաղը չափազանց տարածված երևույթ է որոշ հոգեբանների շրջանում։ Անտեսելով այն փաստը, որ տվյալ բառն այլ լեզուներում կարող է ընդհանրապես չլինել կամ միևնույն երևույթը կարող է նկարագրվել բոլորովին այլ նշանակություն ունեցող բառով, այդ «մասնագետները», բառից կառչելով, երբեմն ապշեցուցիչ նկարագրություններ են տալիս հոգեֆիզիոլոգիական երևույթներին։ Ահա նրանցից մեկը․

Երբ որ մենք նեղանում ենք, մեր բոլոր օրգանները նեղանում են։ Սիրտը պետք է լիներ այսքան, դառնում է ա՜յ այսքան, երիկամները պետք է լինեն այսքան, սեղմվում, դառնում են այսքան…

Բժշկակության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողի համար անգամ պարզ է, որ ներքին օրգանների չափսի փոփոխությունը ախտաբանական բոլորովին այլ խնդիրների հետևանք է։ Օրգանները պարզապես չեն կարող նեղանալ կամ լայնանալ՝ մեր հոգեվիճակից ելնելով։

«Նեղվել» բառով մենք հաճախ անվանում ենք որևէ հանգամանքի պատճառով տխրելը, հիասթափվելը, հուսահատվելը, ինչ-որ մեկի արարքների հետևանքում մեզ վիրավորված զգալը և այլն։ Բոլոր այս զգացումները բնական մարդկային զգացումներ են և շատ հաճախ ապրվում են յուրաքանչյուրիս կողմից։ Թեև այդ ապրումները կարող են որոշակի ֆիզիոլագիական փոփոխություններ առաջացնել մեր օրգանիզմում, այդ փոփոխությունները միայն ժամանակավոր են և ոչ ախտաբանական։ Բնականաբար՝ օրգանների չափսի փոփոխման մասին խոսք անգամ չի կարող լինել։

#3․ Հոգեբանը կարող է ջնջել մեր հիշողությունները

Շատերիս կյանքում կան տհաճ կամ ցավալի հիշողություններ, որոնցից կցանկանայինք ազատվել։ Սակայն հնարավո՞ր է արդյոք հիշողությունները պարզապես վերցնել ու ջնջել մեր մտքից։ Սոցիալական ցանցերում գովազդվող որոշ հոգեբաններ կարծում են, որ դա իրատեսական է։ Ահա, թե ինչ է ասում նրանցից մեկը․

Ի՞նչ խնդիր կա, որ չեք կարում մոռանաք։ Եկեք ես ձեր բոլոր հիշողությունները կջնջեմ։ Սենց հոգեբանական ռետին կա (փոխաբերական իմաստով եմ ասում), սենց մտնում եմ ձեր գլխի մեջ ու էդ ռետինով վատ հիշողությունները, վատ մտքերը մաքրում եմ։

Մոռացման մեխանիզմները մեր գլխուղեղում լիովին անկառավարելի են և չեն ենթարկվում մեր կամքին։ Մենք կարող ենք ջանքեր գործադրել որևէ բան հիշելու համար, սակայն մոռանալու համար գործադրած ջանքերը ավելի շատ հակառակ ազդեցությունն են ունենալու՝ է՛լ ավելի կենտրոնացնելով մեզ տհաճ հիշողությունների շուրջ։

Գիտությանը հայտնի չեն մոռացությունն արհեստականորեն առաջացնելու եղանակներ և ցանկացած մեկն, ով կպնդի, թե կարող է «հիշողություններ ջնջել», կա՛մ միտումնավոր խարդախության է դիմում, կա՛մ ունի գիտելիքի լուրջ պակաս։

Տհաճ կամ ցավալի հիշողությունների հետ հոգեբանական աշխատանքը տարվում է այդ հիշողությունների վերաիմաստավորման կամ դրանց ազդեցության թուլացման շուրջ։ Հոգեբանը ոչ մի դեպքում չի կարող առաջարկել հիշողություններից ազատվելու ծառայություն։

#2․ Դուք հաջողության կհասնեք, եթե փոխեք ձեր հատկանիշները

Համացանցում անձնային աճի դասընթացներ առաջարկող «մասնագետները» հաճախ են տարածում «եթե դու այդպիսին չլինեիր, ավելի հաջողակ կլինեիր» տեսակի մտքեր։ Նրանք խոստանում են փոխել մեր անձը և այդպիսով նպաստել մեր հաջողությանը։ Ահա, թե ինչ է այդ մասին ասում TikTok-յան մի հոգեբան․

Ինչն է մեզ խանգարում հասնել հաջողության։ Առաջին հերթին՝ կասկածամտությունը։ Երկրորդը՝ ցածր ինքնագնահատականը։ «Հանկարծ բա որ չստացվի, մի բան այնպես չլինի» տիպի մտքերը խանգարում են հասնել հաջողության։

Գիտական գրականության մեջ իսկապես կարելի է գտնել հաջողության հետ կապվող անձնային հատկանիշների մասին ապացույցներ։ Նման հատկանիշների զարգացման մասին գիտական գրականություն նույնպես կա, թեև գիտությունը նաև պնդում է, որ մեր անձի հիմքը կազմող գլխավոր անձնային գծերը հարաբերականորեն կայուն են (ոչ փոփոխելի) և պահպանվում են ողջ կյանքի ընթացքում։

Անձնային հատկանիշները որևէ դասընթացի միջոցով փոխելու մասին, բնականաբար, խոսք լինել չի կարող։ Նման դասընթացների հաջողությունն ապացուցելու համար, պետք է նախ ուսումնասիրվեն դրանք անցած մարդկանց կենսագրությունները և կատարվեն հստակ հետևություններ այն մասին, որ այդ անձանց հաջողությունն իսկապես տվյալ կոնկրետ դասընթացի արդյունք էր։

Մեզ չհաջողվեց գտնել «հաջողության հասցնող» որևէ դասընթացի արդյունավետության մասին գիտական տվյալներ։ Նմանատիպ հետազոտություններ շատ են կատարվել միայն տարատեսակ թերապևտիկ մոտեցումների կամ խմբային թերապիայի ծրագրերի վերաբերյալ։

Այդպիսով՝ անձնային որոշ հատկությունների փոփոխման կամ զարգացման, ինչպես նաև հաջողությանը խոչընդոտող հանգամանքների հստակեցման և վերացման համար իսկապես կարող է օգտակար լինել կոգնիտիվ-վարքային թերապիան (և մի շարք այլ թերապևտիկ մոտեցումներ), սակայն որևէ մեկին (թեկուզ շատ հարգարժան) մի քանի ժամ լսելը կամ որևէ գիրք կարդալը հազիվ թե հասնեն իրենց նպատակին։

Ինչ վերաբերվում է անձնային հատկանիշների և հաջողության միջև կապին, պետք է հիշել, որ մեզ հայտնի են բազմաթիվ մարդիկ, ովքեր ամաչկոտ են, անինքնավստահ, չշփվող և այլն, բայց միևնույն է հասել են մեծ հաջողությունների։ Պետք չէ գերագնահատել հաջողության հասնելու հարցում անձնային հատկանիշների նշանակությունը։ Ցավոք, այնպիսի գործոններ, ինչպիսիք են գենետիկան, ընտանիքի ֆինանսական վիճակը, պետության արդյունավետությունը, կրթության հասանելիությունն ու որակը և սոցիալական բազմաթիվ գործոններ նույնպես դեր ունեն հաջողության հասնելու հարցում։

#1․ Թերապիան չի կարող լուծել մեր խնդիրները

Իրենց մասնագիտական անկարողությունը թաքցնելու և մեղքը այցելուների վրա բարդելու համար, սոցիալական ցանցերում գովազդվող «հոգեբաններն» հաճախ տողատակով նախազգուշացնում են իրենց անկարողության մասին։ Ահա, թե մոտավորապես ինչ էր ասում նրանցից մեկը․

Թերապիան չի լուծում ձեր խնդիրները։ Թերապիայի նպատակն է տրամադրել մարդուն ապահով արտահայտվելու հնարավորություն և անգիտակցականը բերել գիտակցական դաշտ։

Չունենալով հոգեթերապիա անցնակցնելու համար համապատասխան գիտելիք և հմտություններ՝ նման «մասնագետները» պարզապես շաբաթներ շարունակ տանում-բերում են իրենց այցելուին՝ նրան միայն խոսելու հնարավորություն տալով։ Նրանք հենվում են բացառապես այն ժողովրդական իմաստության վրա, թե մեր խնդիրները կարող են անհետանալ, եթե «սրտներս թեթևացնենք»։ Որոշ կենցաղային խնդիրների դեպքում նման մոտեցումն, իհարկե, կարող է և գործել, սակայն դա ավելի շուտ պատահականության արդյունք է, քան օրինաչափություն։

Իրականում մասնագետները վստահ են, որ թերապիան հոգեբանական խնդիրների լուծման, խանգարումների շտկման կամ պատշաճ վերահսկման արդյունավետ միջոց է։ Երբեմն մարդիկ մեկ-երկու անգամ այցելում են հոգեբանի՝ մտածելով, թե նա ուր որ է կասի մի բան, որը կլուծի իրենց առողջական խնդիրները, սակայն չեն գիտակցում, որ այդ խնդիրների լուծումն հենց թերապիան է։

Ժամանակակից թերապևտիկ մոտեցումների արդյունավետությունն ապացուցված է բազմաթիվ գիտական հետազոտությունների միջոցով։ Դրանք մշակված են ոլորտի առաջատար մասնագետների կողմից և փորձված են բազմահազար մարդկանց շրջանում։ Այդ թերապևտիկ մոտեցումներն ունեն իրենց գործիքակազմերը և գործողությունների մոտավոր պլանները (հետևաբար նաև՝ մոտավոր տևողություն)։ Թերապիայի բոլոր սեանսները միասին մի ամբողջություն են կազմում և միայն այդ ամբողջությունն է, որ կարող է որոշակի արդյունք ապահովել։

Իհարկե, որևէ թերապևտիկ մոտեցում չի կարող հարյուր տոկոսով արդյունավետ լինել և երբեմն թերապիան էլ, մեր բոլոր մյուս նախաձեռնությունների պես, կարող է անհաջող անցնել։ Առկա են բազմաթիվ գիտական հետազոտություններ այն մասին, թե թերապևտիկ որևէ մոտեցում քանի տոկոս հավանականությամբ կարող է լուծել այս կամ այն խնդիրը։ Սա շատ նման է բժշկական միջամտություններին, երբ դեղերը կամ վիրատահությունը կարող են օգնել շատերին, բայց ոչ բոլորին։ Բնականաբար, ձախողվելու փոքր հավանականությունը ոչ մի դեպքում չպիտի դառնա բուժումից հրաժարվելու պատճառ։

Այնպես որ, պետք չէ լսել «TikTok-յան» հոգեբաններին։ Թերապիան այցելուին խոսելու հարթակ չէ տրամադրում՝ դա մանրակրկիտ մշակված մոտեցում է, որն իր տարաբնույթ տեխնիկաների համադրման միջոցով հասնում է ցանկալի արդյունքին։ Խնդիրների լուծումը հե՛նց թերապիան է։

Հավանեցի՞ք հոդվածը։ Տարածե՛ք այն։
Հերմինե Ստեփանյան
Հերմինե Ստեփանյան

Հերմինե Ստեփանյանը մասնագիտությամբ լրագրող է։ Հետաքրքրվում է գիտությամբ և առողջապահությամբ։ Թղթակցել է շուրջ տասնյակ առցանց պարբերականների։ Հեղինակի հոդվածները ստուգվում և խմբագրվում են մասնագետ-հոգեբանի կողմից։

«1000 բարի» տեղեկաթերթ

Լրացրեք Ձեր էլփոստի հասցեն և ամսական մեկ անգամ ստացեք մեր հռչակավոր «1000 բարի» տեղեկաթերթը։