Մեր օրերում սոցիալական ցանցերն ու այլ հարթակները մասնագետներին հնարավորություն են ընձեռում նախապես ներկայանալու իրենց հավանական լսարանին, տեսանյութերի կամ հոդվածների միջոցով բացահայտելու սեփական մասնագիտական կարողություններն ու բնավորությունը։
Մասնագետին ծանոթանալու այդ եղանակն իսկապես կարելի է լավագույնն համարել, թեև այն ունի նաև իր թերությունները։
Համացանցում իբրև հոգեբան կարող է ներկայանալ ով ասես։ Վստահելի արտաքինի ու գրագետ խոսքի տակ երբեմն կարող են թաքնված լինել գուշակներ, էքստարասենսներ, կրոնական քարոզիչներ կամ սովորական դրամաշորթներ, ովքեր հոգեբանական ծառայություններ մատուցելու անվան տակ մեզ շահագործելու փորձեր են ձեռնարկում։
Համացանցը քողարկվելու հնարավորություն է ընձեռում նաև ոչ բավարար գիտելիք ունեցող մասնագետներին։ Օգտվելով թվային մարքեթինգ առաջարկող կազմակերպությունների ծառայություններից՝ վերջիններս համացանցում ստեղծում են բանիմաց ու պահանջված մասնագետի կերպար։ Մարքեթինգի համար պատասխանատու անձիք կամ կազմակերպությունները վերջիններիս փոխարեն գրառումներ են կատարում և գրում տեքստեր, որոնք «հայտնի հոգեբանը» կարդում է իր տեսանյութերում։ Այդ ամենը լրացվում է նաև տպավորիչ լուսանկարներով, որտեղ «պահանջարկ վայելող» մասնագետը պատկերվում է իր մասնագիտական կամ ֆինանսական կարգավիճակն ապացուցող դիրքերում։
Խաբեության այս և նմանատիպ դրսևորումներից խուսափելու համար խիստ կարևոր է, որ մենք մասնագետին ճանաչենք ոչ միայն ինքնագովազդի միջոցով, այլ նաև՝ հենվելով փաստերի վրա։
Նման փաստեր կարող է տրամադրել մասնագետի կենսագրությունը, սակայն այստեղ ևս պետք է զգոնություն ցուցաբերել։
«Ռեզյումեի ինֆլայցիան» գործատուին (կամ հաճախորդին) թյուրիմացության մեջ գցելու տարածված եղանակ է, երբ աշխատանքի հավակնող անձն այն ստանալու հարցում առավելություններ ձեռք բերելու նպատակով չափազանցնում է իր կենսագրական տվյալները կամ ներկայացնում լրիվ հորինովի տվյալներ։
«Ռեզյումեի ինֆլյացիան» բավականին տարածված երևույթ է։ Համաձայն ResumeLab կայքի տվյալների՝ ամերիկացիների 93%-ն իր CV-ում անհավաստի տվյալներ է ընդգրկում։ Իսկ բացահայտվում է նման ստերի ընդամենը 31%-ը։
Հաճախորդին թյուրիմացության մեջ գցելու այս մոտեցումն ակտուալ է նաև մտավոր առողջության մասնագետների դեպքում։ Իրենց մասնագիտական կարողություններն ուռճացնելու նպատակով՝ վերջիններս իրենց կենսագրության մեջ ընդգրկում են նաև այնպիսի տվյալներ, որոնք կամա, թե ակամա կարող են թյուրիմացության մեջ գցել հաճախորդին։
Հոգեբան ընտրելիս՝ «ռեզյումեի ինֆլյացիայի» ազդեցությունից խուսափելու համար մենք բաժանել ենք CV-ներում հաճախ ընդգրկվող տվյալները 3 խմբի՝ կարևոր, կասկածելի և անկարևոր տվյալներ։ Եկեք անդրադառնանք դրանցից յուրաքանչյուրին։
Հոգեբան ընտրելիս՝ կարևոր է
- Մասնագիտական կրթություն – մտավոր առողջության մասնագետի ընտրելիս՝ ամենից արժեքավոր տվյալներից մեկը վերջինիս մասնագիտական կրթությունն է։ Խոսքն, իհարկե, առաջարկվող ծառայություններին համապատասխան մասնագիտական կրթության մասին է։ Պարզապես «ունեմ բարձրագույն կրթությունն» այստեղ տեղին չէ։ Մասնագիտական կրթություն ստանալու համար անձը տարիների ընթացքում անցնում է բազմաթիվ ստուգումներ և կատարում ոլորտի փորձառու մասնագետների կողմից ստուգվող գիտական աշխատանքներ։ Մասնագիտական կրթությունն իսկապես փաստում է, որ անձը համապատասխանում է իր կողմից առաջարկվող ծառայությունները տրամադրելու համար անհրաժեշտ նվազագույն պայմաններին։
- Մասնագիտական փորձ – այս տվյալը փաստում է, որ անձը նախկինում արդեն կատարել է այն աշխատանքը, որն առաջարկում է։ Հոգեբանական կենտրոններում, ՀԿ-ներում, ուսումնական հաստատություններում ունեցած մասնագիտական փորձը անձի կարողությունների մասին դատելու վստահելի աղբյուր է, սակայն անհատական փորձի («ինքնազբաղվածության») մասին տվյալներին կարելի է մոտենալ որոշակի զգուշավորությամբ՝ այդ տվյալը հնարավոր չէ ճշտել։ Հոգեբանական ծառայություններ մատուցող կազմակերպություններում այլ բնույթի աշխատանք կատարելը (գործավար, տնօրեն, ադմինիստրատոր) թեև նույնպես մասնագիտական փորձ է, սակայն բոլորովին այլ ոլորտում։
- Գիտական հրապարակումներ – թեև գիտական հոդվածներ «պատվիրելը» և սեփական անվան տակ հրապարակելը հազվադեպ երևույթ չէ, մեծ մասամբ հեղինակավոր ամսագրերում հրապարակված գիտական հոդվածներն ու այլ հրապարակումներն իսկապես խոսում են անձի կարողությունների մասին։ Պետք է նկատի ունենալ նաև այն, որ պատվիրված հոդվածներ Հայաստանում հիմնականում հրապարակում են որևէ գիտական աստիճան ստանալու նպատակով։ Նման անբարեխիղճ անձիք կարող են ունենալ միայն հոդվածների անհրաժեշտ մինիմալ քանակը, մինչդեռ գիտական գործունեությամբ զբաղվող անձը կարող է ունենալ իրեն հետաքրքրող թեմայով բազմաթիվ հոդվածներ, գրքեր և այլ հրապարակումներ։
- Կոնկրետ ուղղվածություն – հոգեբանությունը չափազանց լայն գիտություն է և ամեն ինչ հավասարապես լավ ուսումնասիրելն այս ոլորտում դժվարհասանելի ձեռքբերում է։ Հոգեթերապիան էլ, իր հերթին, ունի բազմաթիվ տարատեսակներ, որոնցում հմտանալու համար էական ժամանակ է անհրաժետ։ Ահա թե ինչու է քիչ հավանական, որ որևէ մասնագետ կարող է հավասարապես լավ տիրապետել հոգեբանության մի շարք ճյուղերի և հոգեթերապիայի մի քանի տարատեսակի։ Ավելին՝ գիտության այդ ճյուղերի կամ թերապիայի տարատեսակների միջև երբեմն առկա են ներքին հակասություններ, և այն անձն, ով պնդում է թե հավասարապես հակվում է երկու տարբեր ճյուղերի, հաճախ պարզապես չի տիրապետում ոչ մեկին և այդ իսկ պատճառով տեղյակ չէ դրանց ներքին հակասությունների մասին։ Հոգեթերապևտ ընտրելիս՝ կարևոր է ստուգել, թե թերապիայի ինչ տարատեսակ է վերջինս առաջակում և արդյոք այն համապատասխանում է մեր արժեհամակարգին կամ մեր կոնկրետ խնդրին։
Հոգեբան ընտրելիս՝ կասկածելի է
- Սերտիֆիկատներ – շարունակական կրթությունը խիստ կարևոր է մասնագիտական կարողություններ ձեռք բերելու և զարգացնելու հարցում։ Անձի մասնակցությունը տարատեսակ դասընթացների, սեմինարների կամ վերապատրաստումների, էական տվյալ է, որն արժե հաշվի առնել։ Այս կետը մենք ներառել ենք «կասկածելի» բաժնում, քանի որ օնլայն կամ օֆլայն դասընթացների մեծ մասը սերտիֆիկատի տրամադրումից առաջ չի կատարում որևէ ստուգում։ Սերտիֆիկատները ստանալու համար բավարար են միայն ներկայությունը և վարձավճարը։ Այս խնդիրն հատկապես սուր է օնլայն դասընթացների դեպքում, երբ հաճախ նույնիսկ ներկայությունն հնարավոր չէ ստուգել (վկայականը տրվում է պարզապես բոլոր տեսանյութերը «դիտելուց» հետո)։ Հետևաբար, հավելյալ կրթության մասին տվյալներին պետք է զգուշավորությամբ մոտենալ՝ ուշադրություն դարձնելով հատկապես այն հանգամանքին, թե ինչ կառույց է տրամադրել նման կրթության վկայականները։ Սերտիֆիկատների միջոցով այցելուին թյուրիմացության մեջ գցելու նպատակ ունեցողներին հաճախ կարելի է տարբերել նաև իրարից չափազանց տարբեր թեմաներով և հիմնականում հեշտ ձեռքբերվող վկայականներ ունենալու փաստով։
- Դասախոսություն – ինչպես արդեն ասացինք վերը, հոգեբանությունը չափազանց լայն գիտություն է։ Դասախոսների մեծ մասը հիմնականում դասավանդում է այդ ճյուղերից որևէ մեկը և միանշանակ չէ, որ լավ է տիրապետում մյուսին։ Առավել ևս՝ դասախոսող անձը կարող է չտիրապետել հոգեթերապիայի հմտություններին։ Այդ իսկ պատճառով էլ, մենք խորհուրդ ենք տալիս, հոգեբան ընտրելիս, որոշակի կասկածամտությամբ վերաբերվել դասախոսության փաստին։ Թեև դա միանշական գիտելիքի և փորձի ապացույց է՝ հոգեբանական աջակցություն տրամադրելու կամ հոգեթերապիա անցկացնելու հարցում այդ գիտելիքն ու փորձը կարող են բավարար չլինել։
Հոգեբան ընտրելիս՝ կարևոր չէ
- Նախագահություն – որևէ ասոցացիա կամ ՀԿ հիմնելը իրավական կամ ֆինանսական զգալի հետևանքներ չի կրում։ Որոշ մարդիկ պարզապես գրանցում են նման կազմակերպություններ, որպեսզի իրենց ռեզյումեներում ներառեն տպավորիչ «նախագահ» կամ «հիմնադիր» բառերը։ Սակայն անգամ եթե տվյալ ասոցացիան կամ ՀԿ-ն իրական են և իսկապես գործունեություն են ծավալում, դա կարող է խոսել միայն ստեղծողի կառավարման հմտությունների, և ոչ այլ մասնագիտական կարողությունների մասին։
- Անդամակցություն – մասնագիտական շրջանակներում որևէ ասոցացիայի անդամ լինելը լեգիտիմություն տվող կարգավիճակ է համարվում։ Սա հանգեցրել է նրան, որ ստեղծվում են միայն թղթի վրա գոյություն ունեցող բազմաթիվ ասոցիացիաներ, որտեղ միավորվում են մասնագիտական խմբերը։ Որոշ դեպքերում սա նաև բիզնեսի է վերածվում, երբ «ասոցացիայի անդամի» կարգավիճակը պարզապես վաճառվում է բոլոր ցանկացողներին (անդամավճարի անվան տակ): Արտասահմանյան ասոցիացիաների (օրինակ՝ Ամերիկյան հոգեբանական ասոցացիայի) անդամ դառնալու համար նույնպես բավարար են միայն մասնագիտական կրթությունը և անդամավճարը։ Այսինքն՝ ասոցացիայի անդամ լինելը խոսում է միայն մասնագիտական կրթություն ունենալու մասին, ինչը մասնագիտությամբ աշխատելու համար պահանջվող նվազագույն նախապայմանն է։ Սա իհարկե չի նշանակում, թե բոլոր ասոցացիաները խարդախությամբ են զբաղվում՝ դրանցից շատերն իսկապես արժեքավոր ծառայություններ են մատուցում իրենց անդամներին և ոլորտի շահառուներին։
Ինչպես չսխալվել հոգեբան ընտրելիս
Ինչպես արդեն ասացինք՝ հոգեբան ընտրելիս սխալվելու հավանականությունը կարող է նվազել, եթե ուշադրություն դարձնենք թե՛ վերջինիս առցանց գործունեությանը (տեսանյութեր, հրապարակումներ, հոդվածներ) և թե՛ կենսագրությանը։
Վերոնշյալ կետերն անհրաժեշտ են պարզապես լավ մասնագետ գտնելու համար, սակայն համապատասխան հոգեբան կամ հոգեթերապևտ ընտրելու հարցում պակաս կարևոր չեն նաև անձնական նախընտրությունները։ Հոգեբանի սեռը, արտաքին տեսքը, քաղաքական հայացքները և այլ առանձնահատկություններ որոշ մարդկանց համար նույնպես կարևոր են, և այստեղ արդեն յուրաքանչյուրս պիտի առաջնորդվի սեփական ճաշակով կամ տրամաբանությամբ։
Ցավոք, բայց ոչ ոք ապահովագրված չէ սխալներից։ Անգամ բոլոր վերոնշյալ կետերին հետևելով՝ մենք կարող ենք սխալ ընտրություն կատարել և դժգոհ մնալ այն մասնագետից, ում ընտրել ենք։ Սակայն դա հուսահատվելու և հանձնվելու պատճառ չպիտի դառնա։ Մեր մտավոր առողջությունը, բարեկեցությունն ու երջանկությունը միանշանակ արժանի են այն ներդրումներին, որոնք կատարում ենք։ Ինչպես յուրաքանչյուր ձեռնարկման մեջ՝ այնպես էլ այստեղ, կարող են լինել որոշակի կորուստներ։
Պետք է հիշել միայն, որ մեր երկրում կան արդար և բանիմաց բազմաթիվ մասնագետներ։ Իր խնդիրների լուծումը փնտրող յուրաքանչյուր մարդ միանշանակ գտնելու է այն մասնագետին, ով ի վիճակի է օգտակար լինել այդ հարցում։