ՄԵՆՅՈւ

Ինչ է միջին տարիքի ճգնաժամը և ինչպես դրա հետ առնչվել

Անձի զարգացման ընթացքի մեծ մասը կազմում է հասունությունը։ Այն բաղկացած է մի քանի փուլերից։ Վաղ հասունություն (պատանեկություն և երիտասարդություն), միջին հասունություն և ուշ հասունություն (ծերություն): Անհատի զարգացման առանձնահատկությունները կապված են հասունացման և ծերացման գործընթացների, անձի մասնագիտական ​​գործունեության և ընտանեկան հարաբերությունների կառուցողական առաջընթացի հետ։

Միջին տարիքի զարգացումն էական և նշանակալից դեր ունի անձի կյանքում։ Հենց այս տարիքում է անձը հետահայաց անում իր անցած կյանքին, մասնագիտական, ընտանեկան և այլ բնագավառներին։ Այս տարիքում անձը վերագնահատում և վերաիմաստավորում է իր կյանքը։ Միջին տարիքում հաճախ կտրուկ շրջադարձեր են տեղի ունենում թե՛ անձնական, թե՛ մասնագիտական և թե՛ ընկերական հարաբերություններում։

Վերոնշյալ երևույթներն համարվում են միջին տարիքի ճգնաժամի դրսևորման ձևեր։ Ճգնաժամն այս դեպքում զարգացման ևս մեկ օրինաչափություն է (ևս մեկ փուլ) և այդ բառն ինքնին չպիտի անհանգստության պատճառ դառնա։

Միջին տարիքի ճգնաժամը հուզական վիճակ է, որն անձն ապրում է 30-50 տարեկանի միջև ընկած ժամանակահատվածում։ Հաճախ այն կապված է կյանքի վերաիմաստավորման հետ։ Այդ ընթացքում կարող է թվալ, թե բոլոր պատանեկան հնարավորություններն ու նպատակները բաց են թողնվել և ծերությունը շուտով վրա է հասնելու։ Այս տարիքում է, որ անձն ունենում է բազմաթիվ ափսոսանքներ՝ հիմնականում չարած գործերի համար։

Ափսոսանքի մասին ավելին կարող եք իմանալ՝ սեղմելով այստեղ։

Միջին տարիքի ճգնաժամն անհատական է և կախված է անհատական որակներից․ տարբեր մարդկանց մոտ այն տարբեր տարիքում է ի հայտ գալիս։ Շատերի մոտ այն աննկատ և սահուն կարող է անցնել։ Անհատականության զարգացման տեսության հեղինակներից Է․ Էրիքսոնը գտնում էր, որ միջին տարիքի մարդու զարգացման հիմնական ուղղություններն են՝ գեներացիան, արտադրողականությունը, ստեղծագործականությունը և անհանգստությունը՝ (հնարավորինս լավ ծնող դառնալու, իր մասնագիտության մեջ բարձր մակարդակի հասնելու, հոգատար քաղաքացի, հավատարիմ ընկեր լինելու և այլնի հետ կապված)։

Միջին տարիքի ճգնաժամն հաճախ բնութագրվում է իբրև հուզական ցնցումների և մեծ փոփոխությունների ծարավի ժամանակաշրջան։ Այդ ընթացքում մարդիկ պայքարում են ծերության մասին մտքերի հետ։ Այդ իսկ պատճառով «միջին տարիքի ճգնաժամը» երբեմն ասոցացվում է թանկարժեք մեքենա գնելու կամ նոր հարաբերություններ ստեղծելու հետ։ Սակայն միջին տարիքը նաև վերագնահատման, վերաիմաստավորման և ինքնորոշման ժամանակաշրջան է նաև։

Ըստ որոշ հետազոտողների՝ միջին տարիքում շատերը կարծում են, որ լավագույն տարիներն արդեն անցյալում են․ կյանքի գալիք ժամանակը մարդիկ պատկերացնում են «հսկա սև խոռոչի» տեսքով, որում պիտի անցկացնեն իրենց կյանքի առնվազն քսան տարին։ Միջին տարիքում շատերը զգում են այնպիսի հոգեբանական երևույթ, ինչպիսին է ինքնության ճգնաժամը։ Այն արտահայտվում է կասկածներով, թե ով ենք մենք այլոց աչքերում, ինչ տեղ ենք զբաղեցնում սոցիալական որոշակի ոլորտում և այլն։ Այս ճգնաժամի տևողությունն ու ինտենսիվությունը կախված են մարդու կյանքի անհատական ​​առանձնահատկություններից։

Գիտնականները հասուն տարիքի ճգնաժամի հնարավոր պատճառ են համարում մարդու երազանքների, կյանքի պլանների և դրանց իրականացման ընթացքի միջև առկա անհամապատասխանության գիտակցումը։

Ճգնաժամ հրահրող հանգամանքներից են՝

  • առողջական վիճակի կտրուկ փոփոխություններ (հանկարծակի հիվանդություն, երկարատև և ծանր հիվանդություն, հորմոնալ փոփոխություններ),
  • տնտեսական և քաղաքական իրադարձություններ,
  • փոփոխվող պայմաններ և պահանջներ,
  • սոցիալական սպասումներ և այլն։

Թերևս ոչ բոլոր հետազոտողներն են պաշտպանում այս ժամանակաշրջանի «ճգնաժամի» գաղափարը: Ըստ Կ․ Յունգի միջին տարիքում անձը կատարում է ինքնաճանաչման ներքին խնդիր և զուգահեռներ է տանում իր իրական եսի և սոցիալականացված եսերի միջև։

Շատերի համար միջին տարիքը հարաբերությունների և սոցիալական կարգավիճակի փոփոխությունների շրջան է։ Ոմանք սկսում են հոգ տանել ծերացած ծնողներին, ոմանք էլ իրենց միայնակ են զգում, քանի որ զավակներն արդեն մեծացել և հեռացել են իրենցից (այս երևույթն հաճախ անվանում են «դատարկ բնի զգացում»), իսկ ոմանց համար սա բաց թողնված հնարավորությունների համար ափսոսելու ժամանակն է։ Սա խորը մտորումների տարիք է, երբ անձն հարցում է իրեն, թե ինչպիսին կլիներ իր կյանքը, եթե ինքն ապրեր այլ երկրում, ընտրեր այլ մասնագիտություն կամ այլ զուգընկեր։ Այս տարիքում անձը գիտակցում է, որ այլևս չի կարող առաջվա պես ֆիզիկապես ակտիվ լինել։ Շատերի մոտ կարող են նկատվել քնի խանգարումներ՝ ոմանք կարող են ունենալ ավելի շատ քնելու ցանկություն, իսկ ոմանք՝ հակառակը։

Արտաքին տեսքի փոփոխությունները ևս ճգնաժամի պատճառ են հանդիսանում։ Այս տարիքում կանայք, ավելի երիտասարդ երևալու համար, հաճախ են դիմում կոսմետիկ և վիրահատական միջամտությունների։ Այն կանայք, ովքեր իրենց կյանքը նվիրել են կարիերային, այժմ հասկանում են, որ մայրանալն այլևս կարող է անհնարին կամ բարդ լինել։ Եվ հակառակը՝ նրանք, ովքեր իրենց նվիրել են ընտանիքին, կարող են ունայնության և միայնության զգացումներ ունենալ։ Միայնության զգացման մասին ավելին կարող եք իմանալ՝ սեղմելով այստեղ։

Միջին տարիքում տղամարդիկ հաճախ հետահայաց դիտարկմամբ կասկածի տակ են դնում իրենց ձեռքբերումները՝ սկսելով իրենց դրսևորել այլ ոլորտներում։ Այս փուլում տղամարդիկ կարող են ճգնաժամից ելք փնտրել՝ դիմելով ալկոհոլին, մշտական զուգընկերոջ հետ հարաբերությունների խզմանը, ավելի երիտասարդ զուգընկերուհու կամ սուր զգացողությունների որոնմանը և այլն։ Այն միտքը, թե կարող ես ավելի երջանիկ լինել, եթե որևէ բան փոխես, տղամարդկանց մոտ կարող է առաջացնել ճգնաժամ և արագ փոփոխությունների ցանկության։ Միջին տարիքի ճգնաժամը կարող է թե՛ անձնական աճի, թե՛ ետընթացի պատճառ դառնալ։

Ինչպես առնչվել միջին տարիքի ճգնաժամի հետ

Միջին տարիքի մասին գիտելիք ունենալը չի կարող ազատել մեզ այս ճգնաժամից։ Սակայն բավարար գիտելիք ձեռք բերելով հոգեկան առողջության և հուզական ինտելեկտի վերաբերյալ՝ մենք կարող ենք զերծ մնալ ճգնաժամի անբարենպաստ ընթացքից։ Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ ավելի դյուրին անցնել միջին տարիքի ճգնաժամով․

  • Ընդունեք փոփոխություններն իրենց բոլոր դրսևորումներով։ Մարդը զարգանում և փոխվում է ողջ կյանքի ընթացքում ոչ միայն մտավոր, այլ նաև ֆիզոլոգիական առումով։ Մազերի ճերմակելն ու կնճիռները չէ, որ պետք է ընդգծեն մեր տարիքը։ Առողջ և հոգեպես ներդաշնակ հասուն անձինք ավելի երիտասարդ են երևվում՝ չնայած ճերմակած մազերին և կնճիռներին։ Մի վերագրեք մազերի ճերմակելը տարիքին՝ դրան կարող են նպաստել բնապահպանական վիճակը, սթրեսը և այլ գործոններ։
  • Հոգ տարեք ձեր մասին և փորձեք սթրեսը նվազեցնելու եղանակներ գտնել։ Դրան կարելի է հասնել հարազատներին կամ ընկերներին դիմելով և զրուցելով անձնական խնդրի և ապրումների մասին։ Նման զրուցները կարող են օգնել հասկանալ, որ միայն դուք չեք այդ տարիքում սուր հուզական ապրումներ ունենում։ Դիմեք սթրեսը կարգավորելու որոշ միջոցների, օրինակ՝ մեդիտացիաների։ Այդ մասին մենք արդեն պատմել ենք մեր «Ինչ է մեդիտացաիան և ինչպես այն կատարել» հոդվածում, որը կարող եք կարդալ՝ սեղմելով այստեղ։ Ինքնհոգատարության այլ դրսևորումներ են առողջ սնունդն ու քունը։
  • Հետևեք ձեր առողջությանը։ Դիմեք ձեր բժիշկին, թերապևտին կամ գինեկոլոգին, ում օգնությամբ կարող եք հասկանալ, թե որքանով են բնական այն հուզական վիճակները, որոնք ունենում եք։ Չէ՞ որ միջին տարիքում, հատկապես կանանց մոտ, տեղի են ունենում հորմոնալ փոփոխություններ, որոնք կարող են հանգեցնել ավելի սուր հուզական ապրումների։
  • Մարզեք ձեր ուղեղը։ Այս տարիքում կարող է զգացվել հիշողության վատթարացում, սրվել հոգնածության զգացումը։ Մեր ուղեղը ժամանակի ընթացքում կորցնում է իրավիճակերին հարմարվելու իր ունակությունը։ Փորձեք աշխատանքի գնալ ոչ այն ճանապարհով, որով սովորաբար գնում եք, ավելի շատ քայլեք։ Հաշվարկներ կատարելիք՝ մի դիմեք հաշվիչի օգնությանը, փորձեք անել դա մտովի կամ թուղթ ու գրիչի օգնությամբ։ Սովորեք որևէ նոր բան, որից նաև հաճույք եք ստանում։ Սա աշխարհը նորովի բացահայտելու և նոր զգացողություններ ունենալու հնարավորություն կտա։
  • Նոր տպավորություններ ստացեք։ Դրական և նոր տպավորություններ ստանալու լավագույն միջոցներից է ճամփորդությունը։ Ընտրեք մի երկիր կամ մի վայր, որտեղ երբևիցե չեք եղել։ Հուզական նոր ապրումներ ունենալու հնարավորություն կարող են տալ այնպիսի համերն ու հոտերը, որոնք երբևէ չեք զգացել։ Փորձեք նոր ճաշատեսակներ, գնեք նոր օծանելիք, զբաղվեք նոր հոբբիով և այլն։
  • Շնորհակալ գտնվեք ձեր հանդեպ։ Ժամանակ տրամադրեք և գոհություն հայտնեք այն ամենի համար, ինչ ունեք։ Երախտագիտությունն հայտնելու լավագույն եղանակներից է անձնական օրագրի վարումը։ Գրեք օրագրում ձեր ապրումների մասին և հետագայում, վերանայելով ձեր մտքերը, փորձեք հասկանալ, թե ինչ կուզենայիք փոխել։
  • Փորձեք հասկանալ, թե ինչն է կարևոր ձեզ համար։ Ինչի՞ վրա եք վատնում ձեր էներգիան, ժամանակը և ռեսուրսները։ Այս հարցերի պատասխանները գտնելու արդյունքում կարող են տեղի ունենալ էական փոփոխություններ, ինչպիսիք են որոշ երևույթների հանդեպ վերաբերմունքի փոփոխությունը, որոշ ընկերների հետ շփման խզումը, աշխատանքի փոփոխությունը և այլն։ Փոփոխությունների այս ընթացքը լրիվ նորմալ է, քանզի, ինչպես արդեն ասացինք, միջին տարիքում մենք վերանայում, վերագնահատում և վերաիմաստավորում ենք կյանքի բոլոր բնագավառերը։

Նկատի առեք նաև այն, որ միջին տարիքի ճգնաժամի ապրումը խիստ անհատական է և կապված է անձնային առանձնահատկություններից։ Որոշ դեպքերում այն պարզապես հնարավոր չէ ինքնուրույն հաղթահարել։ Եթե նկատում եք, որ հուզական ապրումները խանգարում են քնին, վատթարացնում են ախորժակը կամ աշխատանքի շուրջ կենտրոնացումը, սթրեսի և բացասական տրամադրության պատճառ դառնում, բացասաբար անդրադառնում հարազատների և շրջապատի հետ շփման վրա, առաջացնում զբաղմունքների և հոբիների նկատմամաբ հետաքրքրության կորուստ, ապա լավագույն լուծումը կարող է լինել մտավոր առողջության մասնագետի ծառայություններից օգտվելը։ Բանիմաց մասնագետը կկարողանա օգնել հաղթահարել վերոնշյալ խնդիրները և առողջ կերպով առնչվել միջին տարիքի ճգնաժամի հետ։

Անհրաժեշտ մասնագետի կարող եք գտնել կարող եք գտնել նաև մեր «Մասնագետներ» բաժնում՝ սեղմելով այստեղ։ Հաշվի առեք, որ «Լավ ու Բարին» չի տրամադրում հոգեբանական ծառայություններ և չի ներկայացնում կայքում գրանցված մասնագետների շահերը։ Գրանցված մասնագետների ինքնությունը և անհրաժեշտ կրթության առկայությունը նախապես ստուգվում է։

Պահպանել այս էջը
Աննա Ասոյան
Աննա Ասոյան

Հոգեբան Աննա Ասոյանը «Լավ ու Բարի» կայքի հեղինակներից է։ Ի թիվս այլ հրապարակումների, նա հեղինակել է հոդվածներ միայնության, միջին տարիքի ճգնաժամի, խանդի և այլ թեմաներով։

Մասնագետը կօգնի Ձեզ, եթե ունեք ինքնագնահատականի կամ ինքնավստահության հետ կապված խնդիրներ, միջին տարիքին բնորոշ անհանգստություն, ինչպես նաև միայնության զգացում, սթրես, նյարդային լարվածություն և այլն։

Հոգեբանին կարող եք դիմել՝ սեղմելով այստեղ։