ՄԵՆՅՈւ

Ինչ է միայնությունը և ինչպես այն հաղթահարել

Ժամանակակից աշխարհում միայնության հիմնախնդիրը գերարդիական է։ Միայնության պատճառները բազմաթիվ են՝ սոցիալական ցանցերը (որի պատճաով նվազում է կենդանի շփմումը), հեռավար աշխատանքը, համաճարակի հետևանքները, քաղաքական կոնֆլիկտները և այլն։

Միայնությունը չպիտի նույնացնել ֆիզիկական մեկուսացման վիճակի հետ։ Մարդը կարող է լինել մեկուսացման մեջ, սակայն չունենալ միայնության զգացում։ Չի կարելի նաև նույնացնել միայնությունն ինքնակամ առանձնանալու հետ, քանի որ վերջինս անձի կողմից գիտակցաբար կատարված ընտրություն է՝ հօգուտ սեփական մտքերի և ներաշխարհի հետ մենակ մնալու։

Միայնության սուբյեկտիվ զգացողության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ ապրումը բացասական ազդեցություն է ունենում մարդու՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ՝ հոգեկան առողջության վրա։ Միայնությունը հաճախ ուղեկցվում է տխրությամբ և անհանգստությամբ։ Մասնագետները գտնում են, որ միայնության զգացման վրա ազդում են մի շարք գործոններ՝ տարիքային առանձնահատկությունները, բնավորության գծերը, սեռային տարբերությունները, հարազատ մարդու կորուստը, բաժանությունները, տեղափոխությունն այլ երկիր և այլն։

Որոշ հեղիկնակներ միայնության զգացումը կապում են ցածր ինքնագնահատականի հետ, քանի որ վերջինս բնորոշում է անհատի վերաբերմունքն ինքն իր նկատմամբ, ինչն էական գործոն է միայնության ապրման հարցում: Բազմաթիվ հետազոտողներ, ովքեր ուսումնասիրել են միայնության ֆենոմենը, շեշտում են դրա անմիջական կապն անձի՝ իր ներաշխարհում կողմնորոշվելու, ինքնաճանաչման և ինքնարտացոլման ունակության հետ։

Հոգեբանների կարծիքով՝ միայնության աառավել հակված են դեռահասները և երիտասարդները։ Այս տարիքում կյանքի տարատեսակ խնդիրներն ավելի ծանր են ընդունվում, ինչն էլ պատճառ է դառնում մեկուսացման և միայնության զգացման։ Դեռահասներից բացի, միայնության զգացումն հատկապես հատուկ է նաև տարեց մարդկանց, ովքեր ապրում են մենակ՝ առանց իրենց զավակների։

Միայնության պատճառ կարող է հանդիսանալ նաև դեպրեսիան, քանզի այդ վիճակում մարդը պարփակվում է իր մեջ և մեկուսացվում հասարակությունից։ Անձնային հատկանիշները նույնպես նշանակություն ունեն միայնակության զգացողության մեջ։ Ինտրովերտներն, օրինակ, նախընտրում են միայնակ լինել, քան՝ մեծ շրջապատում։ Նրանք պակաս հակված են միայնության զգացման։ Ի տարբերություն վերջիններիս՝ էքստրավերտներն, ովքեր գերակտիվ են և սովոր ավելի ակտիվ շփման, համեմատաբար ծանր են տանում մեկուսացումը։

Ինչպես նշեցինք վերը՝ ժամանակակից մարդու համար առաջին հայացքից շփման հարթակ թվացող սոցիալական ցանցերը, իրականում բավարար չեն մեզ անհրաժեշտ շփումն ապահովելու համար։ Մարդը սոցիալական էակ է և կարիք ունի կենդանի շփման։ Վիրտուալ շփումը չի կարող փոխանցել այն հույզերն ու ապրումները, որոնք մենք ունենում ենք կենդանի շփման ժամանակ։ Դրանց բացակայության պարագայում նույնպես մենք կարող ենք միայնության զգացում ունենալ։

Միայնության զգացումը երկակի երևույթ է՝ այն կարող է լինել և՛ պատճառ, և՛ հետևանք։ Այսինքն՝ երկար ժամանակ մեկուսացման մեջ գնտվելը կարող է հանգեցնել միայնության զգացման և հակառակը՝ միայնության զգացումը կարող է ստիպել մեզ մեկուսանալ և կտրվել հասարակությունից։

Երբ է մեզ անհրաժետ առանձնացում

Ինչպես արդեն նշեցինք, մարդը սոցալական էակ է և շփվելու կարիք ունի։ Սակայն, այլ անձանց հետ շփվելուց բացի, մենք կարիք ունենք նաև ինքներս մեզ հետ, մեր մտքերի հետ միայնակ մնալու։ Առանձնանալու անհրաժեշտությունը խիստ կարևոր է մեր մտավոր առողջությունը պահպանելու և այլոց հետ մեր շփումները բարելավելու համար։ Գիտակցված առանձնությունն օգնում է մեզ իմի բերել մտքերը, ճանաչել ինքներս մեզ և մեր եսը։ Առանց դրա մենք կարող ենք շփոթել մեր սեփական ցանկությունները հասարակության թելադրանքի հետ կամ դժվարությամբ տարբերակել մեր անձնական սահմանները։

Մարդը չի կարող ապրել և զարգանալ հասարակությունից անջատ, սակայն առանց անձնական տարածքի նույնպես դժվար է ապրել։ Չնայած նրան, որ միայնակ մնալը վախեցնում է շատերին, մարդիկ հաճախ հենց սեփական կամքով են նախընտրում մենակ լինել։ Ինքնամեկուսացումն ունի իր առավելությունները։ Այն օգնում է․

  • Ուժեղացնել կենտրոնացումը և հիշողությունը,
  • Կենտրոնանալ անձնական հետքարքրությունների և ցանկությունների վրա,
  • Բարձրացնել ստեղծագորցական ներուժը,
  • Լինել ավելի արդյունավետ,
  • Բարելավել միջանձնային հարաբերություններ, և այլն։

Ինչպես հաղթահարել միայնությունը

  • Ընդունեք ձեր միայնությունը։ Մտքերն իմի բերելու համար դիմեք անձնական օրագրի օգնությանը։ Դրա միջոցով կարող եք հստակեցնել ձեր մտքերը, հասկանալ ձեր միայնությունը և նվազեցնել դրա պատճառով առաջացող անհանգստությունը։ Մի՛ վախեցեք ընդունել այն փաստը, որ միայնակ եք։ Միայնությունը մեզ չի դարձնում «սխալ» կամ «ճիշտ»։ Օրագրում գրված ամեն բառի, ձեր հույզերով, վախերով, երանելի ցանկություններով լցված ամեն էջի հետ դուք ձեզ համար նորանոր բաներ կբացահայտեք։
  • Սովորեք լինել միայնակ։ Շրջվեք դեպի ձեր ինքնությունը։ Միայնության զգացումն հաղթահարելու համար պետք է որոշակի աշխատանք տանել, զարգանալ, գտնել ինքդ քո և քո ինքնության հետ կապը։
  • Աջակցություն փնտրեք։ Փորձեք գտնել զբաղմունք, որից հաճույք եք ստանում կամ շփվեք մարդկանց հետ, ովքեր ձեզ ուժ և բավականության զգացում են հաղորդում։ Մի ամաչեք խոսել ձեր միայնության զգացման մասին։
  • Եղեք սոցիալապես ավելի ակտիվ։ Վերականգնեք շփումներն այն ընկերների կամ հարազատների հետ, ում հետ դադարել եք շփվել կամ ավելի քիչ եք շփվում։ Փորձեք մասնակցել սպորտային կամ մշակութային միաջոցառումներին և նոր ծանոթություններ ձեռք բերել։
  • Ձեռք բերեք ընտանի կենդանի։ Կենդանիների ֆիզիկական ներկայությունն օգնում է մարդկանց։ Կենդանիների խնամքը, նրանց հետ խաղալը և կերակրելը հետևողականության և պատասխանատվության զգացում է տալիս, ինչը կարևոր է հուզական բարեկեցության համար։
  • Զբաղվեք մտավարժանքներով։ Մտավարժանքները կամ մեդիտացիաները մտքի և մարմնի տեխնիկաներ են, որոնք ուղղված են լիցքաթափվելուն և հանգստության զգացման հասնելուն։ Մտավարժանքների մասին առավել մանրամասն կարող եք տեղեկանալ մեր «Ինչ է մեդիտացիան և ինչպես այն կատարել» հոդվածում՝ սեղմելով այստեղ։

Հիշեք, որ որոշ դեպքերում միայնությունն ինքնուրույն հաղթահարելը շատ ավելի դժվար է (երբեմն նույնիսկ անհնար)։ Եթե տևական ժամանակ չեք կարողանում ազատվել այդ զգացումից և դրա պատճառով զգալի դիսթրես եք ապրում՝ լավագույն որոշումը մտավոր առողջության մասնագետի ծառայություններից օգտվելն է։ Մասնագետը կարող է օգնել միայնության պատճառները հստակեցնելու հարցում և ճիշտ գործիքակազմ ընտրել՝ այդ զգացումը կարգավորելու և բնականոն կենսակերպի վերադառնալու համար։

Պահպանե՛ք այս էջը
Աննա Ասոյան
Աննա Ասոյան

Հոգեբան Աննա Ասոյանը «Լավ ու Բարի» կայքի հեղինակներից է։ Ի թիվս այլ հրապարակումների, նա հեղինակել է հոդվածներ միայնության, միջին տարիքի ճգնաժամի, խանդի և այլ թեմաներով։

Մասնագետը կօգնի Ձեզ, եթե ունեք ինքնագնահատականի կամ ինքնավստահության հետ կապված խնդիրներ, միջին տարիքին բնորոշ անհանգստություն, ինչպես նաև միայնության զգացում, սթրես, նյարդային լարվածություն և այլն։

Հոգեբանին կարող եք դիմել՝ սեղմելով այստեղ։