ՄԵՆՅՈւ

Ինչ է նշանակում կոգնիտիվ

«Կոգնիտիվ թերապիա», «կոգնիտիվ հոգեբանություն» կամ «կոգնիտիվ գործընթացներ» բառակապակցություններում «կոգնիտիվ» բառն ածական է՝ այն հանդիսանում է թերապիայի, հոգեբանության կամ գործընթացների հատկանիշ (և պատասխանում է «ինչպիսի՞» հարցին՝ «ինչպիսի՞ թերապիա»)։ «Կոգնիտիվ» ածականը կազմվում է «կոգնիցիա» գոյականից, հետևաբար, մեր այս հոդվածում կանդրադառնանք նրան, թե ինչ է կոգնիցիան՝ այդպիսով նաև պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում «կոգնիտիվ»։

Կոգնիցիա բառի հայերեն համարժեքներն են ճանաչողությունը և իմացությունը։

Կոգնիցիան մեր զգայությունների (տեսողություն, լսողություն և այլն) միջոցով արտաքին աշխարհից ստացվող տեղեկության ընդունումն է և մեր մտքում դրա հետագա մշակումը, որը տեղի է ունենում ընկալման, ուշադրության, գնահատման, երևակայության, ինտելեկտի, հիշողության և այլ գործընթացների միջոցով։ Այդ գործընթացներն անվանում են «կոգնիտիվ գործընթացներ»։

Կոգնիտիվ գործընթացների միջոցով մեր բանականության տիրույթում ստեղծվում են տարբեր առարկաների, մարդկանց, երևույթների, գաղափարների, հասկացությունների և այլնի մասին անհատական պատկերացումներ։ Նոր տեղեկություններ ստանալու հետ մեկտեղ այդ պատկերացումները շարունակաբար լրացվում և փոփոխվում են։ Ընդ որում՝ կոգնիտիվ գործընթացները, պայմանավորված մտավոր և ֆիզիոլոգիական տարատեսակ գործոններով, յուրաքանչյուրիս մոտ յուրովի են ընթանում, հետևաբար միևնույն առարկայի կոգնիցիան ամենքիս մոտ տեղի է ունենում յուրովի։

Օրինակ՝ մեկի մոտ կենդանիների կոգնիցիան կարող է ընթանալ այնպես, որ նա ավելի ապրումակցող վերաբերմունք ձևավորի վերջիններիս հանդեպ, ձգտի իր ուրույն ձևով շփվել կենդանիների հետ, դրսևորել խնամող վարքագիծ և այլն։ Նմանօրինակ զարգացման հիմքում ընկած են կյանքի ու կենդանության մասին անձի ունեցած պատկերացումները (հիշողություն), կենդանիների մոտ հուզական վիճակների ճանաչումը (ուշադրություն, զուգորդում) և այլն։ Այսինքն՝ կենդանիների հանդեպ վերաբերմունքի հիմքում վերջիններիս մասին տեղեկության մշակումն է բազմաթիվ կոգնիտիվ գործընթացների միջոցով։

Այլ օրինակ կարող է լինել մսի կոգնիցիան, երբ անձը ճանաչում և պատկերացնում է միսն իբրև համեղ, սննդարար, օգտակար և այլն։ Այս պատկերացումը ևս ստեղծվում է կոգնիտիվ գործընթանցերի անմիջական մասնակցությամբ։

Իսկ ի՞նչ է պատահում, երբ վերոնշյալ երկու կոգնիցիաներն հանդիպում են միևնույն անձի մոտ։ Քանի որ դրանք ինչ-որ առումով հակասում են իրար, անձի մոտ այս դեպքում կարող է առաջանալ մի երևույթ, որն անվանում են կոգնիտիվ դիսոնանս։ Դա անհարմարության կամ տհաճության զգացում է, որն առաջանում է, երբ մենք սկսում ենք գիտակցել սեփական կոգնիցիաների հակասականությունը։ Հաճախ սա տեղի է ունենում, երբ մենք որևէ երևույթի մասին վաղուց ձևավորված կարծիք ենք ունենում, սակայն մեր կողմից սիրված և վստահելի կայքում կարդում ենք այդ կարծիքին հակասող տեղեկություններ։ Այս դեպքում մենք և՛ չենք ցանկանում հրաժարվել մեր կարծիքից, և՛ ներքուստ գիտակցում ենք, որ նոր ստացած տեղեկությունը ճիշտ է։

Կոգնիտիվ դիսոնանսը կարող է ամոթի, մեղավորության զգացման, փոշմանանքի և ափսոսանքի պատճառ դառնալ։ Ահա թե ինչու է պետք անպայման ծանոթանալ մեր «Ամեն ինչ դիսթրեսի մասին» էջին՝ սեղմելով այստեղ։ Չէ՞ որ դիսթրեսը հենց տհաճ կամ անցանկալի հույզերի բացասական ապրումն է։

Կոգնիցիայի սխալներ

Կոգնիտիվ գործընթացներն անթերի չեն և երևույթների արտացոլումը մեր բանականության տիրույթում հաճախ տեղի է ունենում որոշակի «խափանումներով»։ Կոգնիցիայի նման սխալներ կամ առանձնահատկություններ են կոգնիտիվ աղավաղումները, կոգնիտիվ կողմնակալությունները և մտածողության այլ օրինաչափությունները։

Երբ մեզ մոտ առկա է լինում որևէ կոգնիտիվ աղավաղում, մենք կարող ենք երևույթների մասին ձևավորել սխալ կամ մեզ համար անբարենպաստ պատկերացում։ Նման աղավաղումներից մեկն, օրինակ, կոչվում է գերընդհանրացում։ Երբ այդ աղավաղումն առկա է մեզ մոտ, մենք առանձին դեպքերից կատարում ենք չափազանց ընդհանրական հետևություններ։ Այդպիսով՝ մենք կարող ենք ուտեստը պատրաստման ընթացքում վառելուց հետո ասել․ «Ինձանից այդպես էլ լավ խոհարար դուրս չեկավ»՝ մեկ կոնկրետ ձախողումից կատարելով չափազանց ընդհանրացված եզրակացություն։

Գերընդհանրացումը կոգնիցիայի բազմաթիվ աղավաղումներից մեկն է։ Այդ աղավաղումների մասին ավելին կարող եք իմանալ մեր «Ինչ են կոգնիտիվ աղավաղումները և ինչպես են դրանք բազմապատկում սթրեսը» հոդվածից՝ սեղմելով այստեղ։

Կոգնիցիայի սխալներն ուսումնասիրվում են կոգնիտիվ հոգեբանների կողմից և շտկվում կոգնիտիվ թերապիայի միջոցով։

Կոգնիտիվ հոգեբանություն

Կոգնիտիվ հոգեբանությունը հոգեբանության ճյուղ է, որն ուսումնասիրում է կոգնիտիվ գործընթացները, դրանց փոխազդեցությունը և ազդեցությունը մեր կյանքի և մտավոր բարեկեցության վրա։ Կոգնիտիվ հոգեբանությունը փորձում է պատասխանել այն հարցին, թե ինչու ենք մենք այս կամ այն կերպ մտածում, ինչպես է մտածողությունն ազդում հույզերի ու վարքի վրա և այլն։

Մեկ տողով կարելի է ասել, որ կոգնիտիվ հոգեբանության ուսումնասիրության առարկան կոգնիցիան է՝ իր բոլոր բաղադրիչներով։

Կոգնիտիվ հոգեբանները մեծ դեր են հատկացնում գլխուղեղի ուսումնասիրությանը՝ փորձելով նաև ֆիզիոլոգիական տեսանկյունից հասկանալ, թե ինչպես է այդ օրգանը կազմակերպում մեր մտածողությունը, հույզերը և վարքը։ Իրենց տեսություններն առաջ քաշելիս՝ վերջիններոս հենվում են մարդու գլխուղեղի մասին ունեցած արդիական պատկերացումների վրա՝ փորձելով բացատրել, թե ֆիզիոլոգիական ինչ գործոններ են ընկած կոգնիցիայի, կոգնիտիվ գործընթացների կամ կոգնիտիվ աղավաղումների հիմքում։

Կոգնիտիվ հոգեբանությունը հենվում է ոչ թե անցյալի ազդեցիկ մտածողների գաղափարների, այլ գիտության նվաճումների և փորձերով ապացուցված փաստերի վրա։

Կոգնիտիվ վարքային թերապիա

Կոգնիտիվ-վարքային թերապիան կոգնիտիվ հոգեբանության սկզբունքների հիման վրա մշակված թերապևտիկ մոտեցում է, որի արդյունավետությունը բազմիցս ապացուցվել է փորձարարական եղանակով։ Համաձայն կոգնիտիվ թերապևտների՝ մեր կոգնիցիաներն ազդում են մեր հույզերի և վարքի վրա՝ այդպիսով միջնորդող դեր կատարելով նաև տարատեսակ խնդիրների առաջացման հարցում։ Կոգնիտիվ-վարքային թերապիայի հիմնական նպատակն է խնդիրների պատճառ դարձած կոգնիցիաների վերհանումն ու վերակառուցումը (փոփոխումը)։

Կոգնիտիվ-վարքային թերապիայի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ մեր «Ինչ է կոգնիտիվ վարքային թերապիան և արդյոք այն իսկապես օգնում է» հոդվածում՝ սեղմելով այստեղ։

Ասվածի ամփոփում

Այսպիսով՝ կոգնիցիան մեր զգայության օրգանների միջոցով արտաքին աշխարհից ինֆորմացիայի ստացումն է և դրա հետագա մշակումը գլխուղեղի բազմաթիվ գործառույթների միջոցով։ Այդ գործառույթները մենք անվանում ենք կոգնիտիվ գործընթացներ։ Դրանցից են ընկալումը, ուշադրությունը, հիշողությունը, ինտլեկտը, երևակայությունը և այլն։

Երբ որևէ երևույթ զգայական օրգանների միջոցով արտացոլվում է մեր բանականության տիրույթում և ենթարկվում որոշակի մշակման, կարող ենք ասել, որ տեղի է ունենում այդ երևույթի կոգնիցիան։

Կոգնիտիվ հոգեբանությունն ուսումնասիրում է այն ամենն, ինչ առնչվում է կոգնիցիայի հետ։ Իսկ կոգնիտիվ թերապիան հոգեթերապիայի տարատեսակ է, որը ստեղծվել է՝ իբրև հիմք վերցնելով կոգնիտիվ հոգեբանության գաղափարներն ու սկզբունքները։

Պահպանե՛ք այս էջը
Գրիգոր Մուրադյան
Գրիգոր Մուրադյան

Հոգեթերապևտ Գրիգոր Մուրադյանը «Լավ ու Բարի» կայքի խմբագիրն է։ Մասնագետը կօգնի Ձեզ, եթե ունեք տհաճ կամ անցանկալի հույզերի հետ կապված խնդիրներ, ինքնագնահատականի կամ ինքնավստահության հետ կապված խնդիրներ, ուշադրության և ինքնակառավարման հետ կապված խնդիրներ, սթրես, նյարդային լարվածություն, տագնապներ և այլն։

Մասնագետն աշխատում է կոգնիտիվ-վարքային թերապիայի և դրա հիման վրա ստեղծված ժամանակակից այլ մեթոդներով։ Տրամադրում է նաև ուղղորդվող ինքնօգնության ծառայություն։

Հոգեբանին կարող եք դիմել՝ սեղմելով այստեղ։