ՄԵՆՅՈւ

Ի՞նչ թեմաներ քննարկել դեռահասի հետ որպես մենթոր, որպեսի նրա մեջ ձևավորվի առողջ ինքնագնահատական և ավելի շփվող դառնա։ Դեռահասության տարիքի ի՞նչ բարդություններ ու դժվարություններ արժե քննարկել դեռահասի հետ։

Հարգելի ընթերցող, դուք նույն թեմայով երկու հարց էիք հղել, փորձեմ հակիրճ պատասխանել դրանցից յուրաքանչյուրին։

Ինչ վերաբերվում է ձեր առաջին հարցին, ապա այստեղ մի փոքրիկ ճշտման անհրաժեշտություն կա։ «Ավելի շփվող դառնա» արտահայտությունն հուշում է այն մասին, որ երեխան ձեզ բավարար շփվող չի թվում և հնարավոր է դա անհանգստության պատճառ է դառնում։

Յուրաքանչյուր անձ յուրովի է հաղորդակցվում աշխարհի և իր շրջապատի հետ։ Մեզանից ոմանք սիրում են մարդաշատ վայրեր կամ ունեն ընկերների մեծ շրջապատ, իսկ մյուսները բավարարվում են մեկ-երկու ընկերոջով կամ չունեն ինտենսիվ շփման պահանջ։ Հայտնի է, որ ինտրովերտ անձիք կարող են նույնիսկ հոգնածություն զգալ տևական կամ ինտենսիվ շփումներից և լիարժեք հանգիստը կապում են միայնության և աշխարհից փոքր-ինչ կտրվելու հետ։ Շփման առանձնահատկությունները միշտ չէ, որ կապված ենք մեր ինքնագնահատականի կամ ինքնավստահության հետ։ Անգամ ինքն իր մասին բարենպաստ պատկերացում ունեցող անձը կարող է բավականին համեստ լինել միջանձնային դրսևորումներում և նախընտրել չափազանց աչքի չընկնել։

Երեխային առաջնահերթ պետք է ճիշտ հասկանալ և ընդունել այնպիսին, ինչպիսին նա կա։

Խորհուրդ կտայի երեխայի հետ կապվսած ձեր անհանգստությունները քննարկել մասնագետի հետ և համոզվել՝ արդյո՞ք իսկապես անհանգստանալու կարիք կա։ Դուք կարող եք նաև մեր կայքում ևս մեկ հարց հղել հոգեբանին՝ առավել մանրամասն նկարագրելով այն, թե ինչն է ձեզ անհանգստացնում երեխայի վարքում, և մենք կփորձենք առավել հանգամանալից պատասխան տալ։

Պետք է հիշել նաև, որ այն դեպքերում, երբ երեխայի մոտ արդեն իսկ առկա է որևէ խնդիր, այն մեկ-երկու զրույցի ընթացքում հնարավոր չէ լուծել և անհրաժեշտ է տրամադրել առավել համակարգված աջակցություն։
Ինչ վերաբերվում է դեռահասության շրջանի առանձնահատկություններին, որոնք արժե քննարկել դեռահասի հետ, ապա դրանցից կարող են լինել․
Այն ֆիզիկական փոփոխությունները, որոնք տեղի են ունենում դեռահասության շրջանում և դրանց հոգեբանական հետևանքները։ Չէ՞ որ դեռահասության շրջանում մենք ձեռք ենք բերում մեր սեռին բնորոշ ընդգծված նշաններ և դադարում ենք շրջապատի կողմից ընկալվել իբրև երեխաներ։ Սոցիալական դիրքը փոխող այդ արտաքին փոփոխություններն ունեն թե՛ իրենց առավելությունները, թե՛ վտանգները, որոնք կարելի է քննարկել երեխայի հետ։

Երեխաների ադյուլտիզացիան հետաքրքիր թեմա է, որը կարող եք քննարկել դեռահասի հետ։ Որոշ մեծահասակներ, ինչ-ինչ դրդապատճառներից ելնելով, երեխաներին մեծահասակի կարգավիճակ են տալիս և սկսում են նրանց համապատասխան կերպով վերաբերվել, ինչն իր բացասական հետևանքներ է ունենում երեխայի ողջ հետագա կյանքի վրա։ Ադյուլտիզացիայի օրինակներից են՝ ֆինանսական ծանր կացությունից ելնելով՝ երեխայի վրա աշխատանքային պարտականություններ դնելը, ծնողի անօգնական վիճակից ելնելով՝ երեխային «տան տղամարդու» դերը տալը, սեռական ոտնձգություններն արդարացնելու համար՝ երեխային բացառապես իր արտաքին տեսքի պատճառով մեծահասակ համարելը և այլն։
Երեխային անհրաժեշտ է առողջ պատկերացում տալ իր անցումային տարիքի վերաբերյալ։

Դեռահասի ինքնավստահությունն ամրապնդելու համար՝ մեծահասակները նույնպես պիտի հիշեն նրա անցումային կարգավիճակի մասին։ Նրա հանդեպ հսկողության և խնամքի ծավալն անհրաժեշտ է դանդաղ նվազեցնել և միևնույն ժամանակ խուսափել երեխային մեծահասակի դեր տալուց։ Ազատությունն ու անկախությունն են այն միջավայրը, որտեղ կարող է ինքնավստահ անձ ձևավորվել։ Հետևաբար մենք՝ մեծահասակներս, պիտի մտածենք ոչ միայն գիտելիքի փոխանցման, այլև բարենպաստ միջավայրի տրամադրման մասին։

Խորհուրդ չէի տա ձեր դեռահաս երեխայի հետ տևական դաստիարակչական աշխատանքներ տանել կամ նրա ներկայությամբ շարունակ բացել այնպիսի թեմաներ, որոնք նա շահագրգռված չէ քննարկել ձեզ հետ։ Սակայն երբ ստեղծվում է պարզապես զրուցելու համար բարենպաստ միջավայր, երեխայի հետ կարելի է քննարկել հետևյալ թեմաները․

Գեղեցկության ստանդարտները – Արդյո՞ք բոլորն մարդիկ ունեն գեղեցկության մասին միևնույն պատկերացումները։ Գեղեցկության ինչ ստանդարտներ կային տարբեր ժամանակներում և տարբեր ազգերի մոտ։ Կա՞ արդյոք մեկը, որը շատերի կողմից գեղեցիկ է համարվում, սակայն այդպիսին չի թվում ձեր երեխային և այլն։

Գեղեցկության ձգտման դրդապատճառները – Ի՞նչ դրդապատճառներ ունեն այն անձիք, ովքեր շատ ժամանակ և գումար են ծախսում գեղեցկության ստանդարտներին համապատասխանելու համար։ Ինչու՞ են նրանք գեղեցկության մեջ տեսնում իրենց հարցերի լուծումը։ Ուրիշ ի՞նչ տարբերակներ կան այդ հարցերի լուծման համար։

Ամաչկոտ լինելու առավելությունները – Քանի որ հաճախ ամաչկոտ երեխաներն ամաչում են նաև իրենց ամաչկոտությունից, նրանց հետ կարելի է քննարկել նաև այս հարցը։ Արդյո՞ք մարդիկ չեն սիրում ամաչկոտներին։ Ինչպե՞ս ենք մենք արձագանքում, երբ տեսնում ենք, որ դիմացինն ամաչել է։ Կա՞ն արդյոք մարդիկ, ովքեր նախընտրում են ամաչկոտ և համեստ մարդկանց հետ շփվել։

Ուժեղ կողմերը – Առողջ ինքնագնահատական ձևավորելու համար նախ և առաջ անհրաժեշտ է լավ ինքնապատկերացում։ Երեխայի հետ կարելի է քննարկել նրա ուժեղ կողմերը՝ այն ներքին գործոնները, որոնք այսպես, թե այնպես առկա են իր մեջ։ Կարելի է շեշտել, որ ինքնազարգացումը, ոչ թե կամայական (թեև ցանկալի) նոր հատկությունների ձեռքբերումն է, այլ մեր արդեն իսկ առկա ուժերի հղկումն ու օգտագործումը։ Երեխայի հետ կարելի է քննարկել, թե ինչպես կարող է նա օգտագորել իր արդեն իսկ առկա առավելություններն ընկերներ ձեռք բերելու կամ այլ հաջողություների հասնելու համար։

Այս ամենն, իհարկե, պետք է անել միայն լավագույն մտադրություններով։ Երեխայի հետ որևէ քննարկումը չպիտի վերածվի քննադատության, մեղադրանքների և բարոյախոսության։ Չպիտի նաև շեշտադրվեն նրա թերությունները և ձախողումները։ Եթե երեխան անինքնավստահ է և բավարար շփվող չէ, չի կարելի շարունակաբար մատնացույց անել դա։ Լավ կլինի, եթե երեխայի անձի հետ կապված ցանկացած քննարկում սկսվի նրա իսկ թույլտվությամբ։ Օրինակ, դուք կարող եք այսպես սկսել զրույցը․ «Նկատել եմ, որ գրեթե չես շփվում դասարանցիներիդ հետ, կարո՞ղ ենք քննարկել դա»։ Մերժում ստանալու դեպքում երեխային պետք է միայն հիշեցնել, որ իր կողմից եք և պատրաստ եք քննարկել իր խնդիրները, երբ նա հարմար կհամարի։ Հնարավորության դեպքում կարող եք առաջարկել երեխային նաև վճարել մասնագիտական ծառայությունների դիմաց, եթե նա ցանկանում է խնդիրը որևէ այլ անձի հետ քննարկել։

Հարցին պատասխանեց

Հոգեթերապևտ Գրիգոր Մուրադյանը «Լավ ու Բարի» կայքի խմբագիրն է։ Մասնագետը կօգնի Ձեզ, եթե ունեք տհաճ կամ անցանկալի հույզերի հետ կապված խնդիրներ, ինքնագնահատականի կամ ինքնավստահության հետ կապված խնդիրներ, ուշադրության և ինքնակառավարման հետ կապված խնդիրներ, սթրես, նյարդային լարվածություն, տագնապներ և այլն։ Մասնագետն աշխատում է կոգնիտիվ-վարքային թերապիայի և դրա հիման վրա ստեղծված ժամանակակից այլ մեթոդներով։ Տրամադրում է նաև ուղղորդվող ինքնօգնության ծառայություն։ Սեղմելով «Դիմել հոգեբանին» կոճակը՝ դուք կմիանաք նրա WhatsApp չատին։

Պահպանե՛ք այս էջը