Բարև ձեզ։ Օր է լինում շատ լավ հագեցած տրամադրությամբ արթնանում եմ, հասցնում եմ ահագին գործ անել, տանից դուրս գալ, շփվել։ Օրեր են լինում, երբ բացարձակ ոչինչ անել չեմ ուզում։ Ի՞նչն է խնդիրը։
Հարգելի ընթերցող, սկսեմ նրանից, որ դա նորմալ է, որ դուք ամեն օր նույն տրամադրությունը և նույն արդյունավետությունը չունեք։ Մենք չենք կարող ամեն օր նույնը լինել։ Սակայն ձեր հարցին հստակ պատասխան տալու համար անհրաժեշտ է խնդիրն ավելի խորքային ճանաչել։
Նախ խորհուրդ կտամ ճանաչել սեփական հույզերը։ Մարդիկ հաճախ խուսափում են բացասական հույզերից, բայց չմոռանանք, որ դրանք ևս տեղ ունեն մեր կյանքում և շատ կարևոր են։ Միգուցե դուք հոգնել եք, գուցե այն ինչով զբաղվում եք ձեզ բավականություն չի բերում կամ դուք միայն աշխատում եք և ձեզ համար ազատ ժամանկ (ինքներդ ձեզ հետ լինելու կամ ժամանցի) չեք տրամադրում։ Պատճառները կարող են շատ տարբեր լինել և հմնավորված։ Փորձեք հասկանալ և ինքներդ ձեզ հարց տալ, թե ի՞նչու եք բացարձակ ոչինչ չանելու ցանկությունը համարում խնդիր։ Բոլորի կյանքում էլ լինում են օրեր, երբ իսկապես ոչինչ չես ուզում անել և դուք դրա իրավունքը լիարժեք ունեք։ Պարզապես կարևոր է հասկանալ ոչինչ չանելու ցանկության պատճառը, որպեսզի այն իսկապես չվերածվի խնդրի։
Իհարկե միշտ չէ, որ ոչինչ չանելու ցանկությունը պարզապես հոգնածության, շատ աշխատելու և այլնի հետևանք է։ Մարդը հուզական էակ է և կախված հուզական վիճակից կարող է փոխվել նրա արդյունավետությունը թե՛ աշխատանքում, թե՛ առօրյա կյանքում։ Ինչպես արդեն նշեցի, մենք հաճախ խուսափում ենք բացասական հույզերից անկախ դրանց ծագման պատճառներից։ Սակայն շատ կարևոր է հասկանալ և թույլ տալ ապրել ցանկացած հույզ ճիշտ ժամանակին, քանի որ պահի չապրված հույզը կուտակվում է և մի օր մեզ հիշեցնում է տարբեր հուզական և սոմատիկ դրսևորումներով։
Փորձեք պլանավորել ձեր օրը՝ կարևորություն տալով առաջնային և երկրորդական գործերին, որտեղ իրենց տեղը կգտնեն սպորտը, ընթերցանությունը կամ պարզապես մաքուր օդում քայլելը։
Կարգավորեք ձեր քնի ռեժիմը, շփվեք ձեր մտերիմ ընկերների հետ։
Իհարկե, միշտ չէ, որ մենք կարող ենք ինքնուրույն հասկանալ, թե ինչ է մեզ հետ կատավում և ինչպես վարվել։ Նման դեպքում խորհուրդ կտամ դիմել բանիմաց մասնագետի, ում օգնությամբ դուք կգտնեք ձեր հարցերի պատասխանները։