Ինչպես հաղթահարել մարդու հանդեպ կախվածությունը և դրական լիցքերով լցնել կյանքը։
Հարգելի ընթերցող, կախյալ հարաբերությունների հիմքում կարող են լինել ինչպես ցածր ինքնագնահատականը և անինքնավստահությունը, այնպես էլ անցյալի փորձը կամ հոգեֆիզիոլոգիական մի շարք գործոններ։
Այն դեպքում, երբ կախյալությունը հատուկ է նաև ձեր այլ հարաբերություններին, խորհուրդ կտամ զրուցել մասնագետի (հոգեբանի, հոգեթերապևտի) հետ։ Կախյալ հարաբերությունների հիմքում ընկած պատճառների վերհանումը և շտկումը կարող է ձերբազատել ձեզ այդ խնդրից և նպաստել ինչպես առկա հարաբերությունների առողջացմանն, այնպես էլ հետագայում ավելի առողջ հարաբերություններ հաստատելուն։
Իսկ եթե կարծում եք, որ խնդիրը բացառապես այդ մեկ անձի հետ հարաբերություններն են և սովորաբար դուք ձգտում եք անկախության և ինքնուրույնության, ապա փորձեք հստակեցնել, թե ինչն է ձեր հարաբերությունները դարձրել այդպիսին։
Գուցե ձեր ընտրյալն իշխող է կամ անինքնավստահ, և ձգտում է ձեր կյանքում չափազանց մեծ դեր զբաղեցնել։ Այդ դեպքում կարևոր է հստակ մատնանշել ձեր անձնական սահմանները, զրուցել նրա հետ թույլատրելիի ու անթույլատրելիի մասին։ Ընտանիքի կամ ընկերների հետ առողջ հարաբերություններ հաստատելը, պարբերաբար հանդիպելն ու շփվելն այս հարցում նույնպես կարող են օգտակար լինել։ Ձեր ընտրյալն այդպիսով կարող է հասկանալ, որ ձեր կյանքում նաև այլ մարդիկ կան և ինքը չի կարող փոխարինել բոլորին։ Շփումների շրջանակն ընդլայնելով՝ դուք ևս կարող եք ձերբազատվել ձեր ընտրյալին անհրաժեշտից ավելի մեծ դեր տալու միտումից։
Կախյալ հարաբերությունների պատճառ կարող է լինել նաև մշտապես միասին լինելը և այդ իրողությանը վարժվելը։ Ինքնուրույն և միայնակ կատարվող գործունեությունը կարող է օգնել հաղթահարել այս խնդիրը։ Միայնակ առևտուր անելը, ֆիլմեր դիտելը, զբոսնելը, սրճարան այցելելը և այլն, կարող են օգնել կախյալ վարքաձևերից ձերբազատվելու հարցում։ Ձեր ինքնուրույն գործելը կօգնի ձեր զուգընկերոջ ևս հասկանալ, որ դուք չեք պատրաստվում մշտապես իր կողքին լինել և ի վիճակի եք ինքնավար լինելու։
Պլանավորեք և զրուցեք ձեր զուգընկերոջ հետ այն մասին, թե ինչ գործունեությունով եք նախընտրում միասին զբաղվել։ Հասկացրեք նրան, որ չեք ցանկանում «ազատվել» իրենից և ձեզ համար կարևոր է համատեղ անցկացվող ժամանակը։ Խոսեք այն մասին, որ ձեզ իրենից չափազանց կախված եք համարում և ցանկանում եք ձերբազատվել այդ զգացումից։ Հնարավորության դեպքում, փորձեք համագործակցել այդ հարցում։
Զբաղվեք ինքնախնամքով։ Մի նվիրեք ողջ ազատ ժամանակը ձեր զուգընկերոջը։ Ժամանակ հատկացրեք ինքներդ ձեզ, զբաղվեք ինքնախնամքով, ֆիզիկական վարժություններով, յոգայով կամ մտավոր և ֆիզիկական առողջությունն ամրապնդող որևէ այլ գործունեությամբ։ Առաջնահերթություն դարձրեք ձեր բարեկեցությունը։
Անկեղծ եղեք ձեզ հետ։ Մտածեք այն մասին, թե ինչ են ձեզ տալիս կախյալ հարաբերությունները, արդյո՞ք դուք ինչ-որ բան շահում եք նման հարաբերություններից և արդյո՞ք ձեզ ի վիճակի եք համարում անկախ և ինքնուրույն կյանք վարելու։
Հնարավորության դեպքում քննարկեք այդ հարցերը մասնագետի (հոգեբանի, հոգեթերապևտի) հետ։ Կախյալության պատճառներն ու իրական բնույթը հասկանալու և այն հաղթահարելու համար որոշ դեպքերում անհրաժեշտ է լինում առավել համակարգված մոտեցում։
Հարցին պատասխանեց
Հոգեթերապևտ Գրիգոր Մուրադյանը «Լավ ու Բարի» կայքի խմբագիրն է։ Մասնագետը կօգնի Ձեզ, եթե ունեք տհաճ կամ անցանկալի հույզերի հետ կապված խնդիրներ, ինքնագնահատականի կամ ինքնավստահության հետ կապված խնդիրներ, ուշադրության և ինքնակառավարման հետ կապված խնդիրներ, սթրես, նյարդային լարվածություն, տագնապներ և այլն։ Մասնագետն աշխատում է կոգնիտիվ-վարքային թերապիայի և դրա հիման վրա ստեղծված ժամանակակից այլ մեթոդներով։ Տրամադրում է նաև ուղղորդվող ինքնօգնության ծառայություն։ Սեղմելով «Դիմել հոգեբանին» կոճակը՝ դուք կմիանաք նրա WhatsApp չատին։