ՄԵՆՅՈւ

Ինչ սպասել հոգեթերապիայի առաջին սեանսից

Որքան հաճախ եք ծանոթներից կամ մտերիմներից լսում, թե վերջիններս մեկ անգամ դիմել են հոգեբանի, սակայն հասկացել են, որ այլևս այցելելու իմաստ չկա։ Պատճառները տարբեր են՝ սկսած պարզապես հոգեբանին չհավանելուց, մինչև հոգեթերապիային և դրա արդյունավետությանը չհավատալը։

Մեր նախորդ հադվածներում արդեն խոսել ենք այն մասին, թե ինչպես չխաբվել՝ հոգեբան փնտրելիս (կարդալու համար՝ սեղմել այստեղ) և ինչ է պետք իմանալ հոգեբանի այցելելուց առաջ (կարդալու համար՝ սեղմել այստեղ)։ Այդ հոդվածները կօգնեն փոքր ինչ նվազեցնել մասնագետի ընտրության հարցում սխալվելու հավանականությունը։

Այս հոդվածում կխոսենք մասնագետի մոտ այցելելուց հրաժարվելու մեկ այլ տարածված պատճառի՝ անիրատեսական սպասումների մասին։ Որոշ մարդիկ առաջին սեանսից հետո հրաժարվում են թերապիայից, քանի որ չեն զգում փոփոխություն և գտնում են, որ այցելությունն իրենց չօգնեց։ Առաջին սեանսից նման ակնկալիքներ ունենալը, մեղմ ասած, խիստ լավատեսական է (թեև չենք կարող լիովին բացառել, որ նման ակնկալիքները կարդարանան)։

Եկեք տեսնենք, թե իրականում ինչ է տեղի ունենում հոգեթերապիայի առաջին սեանսի ընթացքում և ինչու պետք չէ ակնկալել, որ մեկ այցելությունը կարող է զգալի փոփոխություններ բերել։

Ծանոթություն հոգեբանի և մեթոդի հետ

Հոգեբանի հետ հանդիպումն, իհարկե, սկսվում է ծանոթությունից։ Մասնագետը կարող է մի քանի հարց տալ, հետաքրքրվել հաճախորդի կյանքի հետ կապված այնպիսի հարցերով, ինչպիսիք են տարիքը, մասնագիտությունը, ամուսնական կարգավիճակը և այլն։ Սառույցը կոտրելու համար՝ մասնագետը կարող է նաև մի քանի խոսք փոխանակել հաճախորդի հետ՝ թերապիայի հետ կապ չունեցող հարցերի շուրջ։

Ինչպես ցանկացած այլ ծանոթության ընթացքում, այստեղ ևս, կողմերը պայմանավորվում են, թե ինչպես պիտի դիմեն միմյանց և ստեղծում են հետագա շփման նախադրյալները։

Այս փուլում մասնագետը կարող է խնդրել նաև ներկայացնել այն խնդիրը, որով իրեն դիմել են։ Սակայն նախքան լիարժեքորոն խնդրի շուրջ կենտրոնանալը, վերջինս պիտի ներկայացնի այն մեթոդը, որով աշխատելու է։

Մեթոդի ներկայացումը խիստ կարևոր է։ Մասնագետն այս փուլում պիտի կարողանա մատչելի կերպով նկարագրել հոգեբանության այն ուղղությունը, որը ներկայացնում է և այցելուին տրամադրել որոշ տեղեկություններ այդ ուղղության ու դրա մոտեցումների մասին։

Այցելուն պիտի համոզվի, որ մասնագետն իսկապես տիրապետում է այն թերապևտիկ մեթոդին, որով աշխատում է, և ի վիճակի է կապ ստեղծել այցելուի խնդրի և այդ մեթոդի միջև։ Այսինքն՝ բացատրել, թե տվյալ կոնկրետ խնդիրն ինչպես է հնարավոր լուծել տվյալ կոնկրետ մեթոդի միջոցով։ Այն դեպքերում, երբ մասնագետը չի կարողանում դա բացատրել, կարելի է մտածել այլ մասնագետի դիմելու մասին։

Սակայն հրաշալի կլինի, եթե այցելուն մասնագետին դիմելուց առաջ ինքնուրույն կատարի որոշակի ուսումնասիրություն և նախապես իմանա, թե որ մեթոդն է իրեն հարմար և ինչ մասնագետի է դիմում։ Դրան հասնելու համար կարող է օգտակար լինել մեր «Ինչ է պետք իմանալ հոգեբանի այցելելուց առաջ» հոդվածը, որը կարող եք կարդալ՝ սեղմելով այստեղ։

Ծանոթության փուլում այցելուն կարող է մասնագետին հղել նաև իրեն հուզող այնպիսի հարցեր, ինչպիսիք են․

  • Արդյո՞ք թերապիայի ընթացքում կիրառվելու է հիպնոս։
  • Արդյո՞ք մասնագետը պատրաստվում է գուշակել այցելուի մտքերը կամ դրդապատճառները։
  • Արդյո՞ք մասնագետը պատրաստվում է երազների կամ որևէ այլ նշանների մեկնություն կատարել։
  • Արդյո՞ք իրեն ներկայացվելու են բացառապես գիտական գաղափարներ, թե՞ մասնագետը կարող է նաև գիտական վստահելի ապացույցներ չունեցող կամ նույնիսկ կրոնական գաղափարներ ներկայացնել, և այլն։

Մեզանից շատերը, բնականաբար, կնախընտրեն, որ իրենց հետ աշխատեն բացառապես գիտական մեթոդներով։ Քրիստոնյա այցելուների համար կարող են ընդունելի չլինել գուշակություն կամ նշանների մեկնություն հիշեցնող մոտեցումները։ Որոշների համար էլ կարող է ընդունելի չլինել թերապիայի ընթացքում կրոնական մոտեցումների կիրառումը (աղոթք, մանտրաներ և այլն)։

Թերապիայի առաջին սեանսի ընթացքում յուրաքանչյուրը պիտի ստանա թերապիայի հետ կապված՝ իրենց հուզող հարցերի պատասխանները։

Խնդրի քննարկում և նպատակադրում

Այնուհետև, հոգեթերապիայի առաջին սեանսի ընթացքում մասնագետն ու այցելուն կենտրոնանում են բացառապես վերջինիս խնդիրների շուրջ։ Այցելուն այս փուլում պիտի հնարավորինս մանրամասն ներկայացնի իրեն հուզող խնդիրը, հստակեցնի, թե ինչու է դիմել մասնագետի և ինչ արդյունք է ակնկալում։

Կոգնիտիվ-վարքային թերապիայի դեպքում, թերապևտն ու այցելուն միասին կարող են ընտրել թերապիայի մեկ կամ մի քանի նպատակներ, որոնց շուրջ պիտի աշխատեն։ Այն դեպքում, երբ այցելուն ունի մի քանի նպատակներ և դրանցից յուրաքանչյուրի հետ պահանջվում է բոլորովին այլ աշխատանք, թերապևտը կարող է առաջարկել աշխատել նախ ամենից կարևոր նպատակի, ապա նոր նաև մյուսների շուրջ։ Կոգնիտիվ-վարքային թերապիայի մասին ավելին կարող եք իմանալ մեր «Ինչ է կոգնիտիվ վարքային թերապիան և արդյոք այն իսկապես օգնում է» հոդվածից՝ սեղմելով այստեղ։

Խնդրի քննարկման փուլում շատ կարևոր է, որպեսզի այցելուն չստի և ներկայացնի խնդրի հետ կապված հնարավորինս շատ մանրամասներ, սակայն պետք է հիշել նաև, որ ոչ ոք պարտավոր չէ հոգեբանին պատմել ամեն ինչ՝ այցելուն ինքն է որոշում, թե ինչ կարող է պատմել, իսկ մասնագետը պարտավոր է աշխատել նրա հետ, ինչ կա։ Մասնագետի ցանկացած հարցին կարելի է պատասխանել, որ տվյալ պահին չենք ցանկանում քննարկել դա։

Նախնական ախտորոշիչ աշխատանք

Այն դեպքում, երբ մեր խնդիրների հիմքում առկա են որոշակի ներքին անբնականոն գործոններ, մասնագետն առաջին սեանսի ընթացքում կարող է կատարել նախնական ախտորոշիչ աշխատանք՝ երբեմն տալով մի շարք այնպիսի հարցեր, որոնք առաջին հայացքից կապ չունեն այն ամենի հետ, ինչ հաճախորդը պատմում է։

Ախտորոշումը երբեմն կարող է ժամանակատար լինել և պահանջել մեկից ավելի սեանսներ, սակայն դա չի նշանակում, որ առաջին մի քանի սեանսը ծախսվելու է բացառապես ախտորոշման վրա և մենք տևական ժամանակ սպասելու ենք, մինչև զգանք թերապիայի ազդեցությունը։ Այն դեպքում, երբ մասնագետը լուրջ հիմքեր ունենա իր ախտորոշումն հաստատելու համար, նա կարող է մեզ հետ զրուցել դրա մասին և առաջարկել աշխատել տվյալ խանգարումը շտկելու ուղղությամբ։

Ախտորոշում ստանալը ոչ մի դեպքում չպիտի հուսահատեցնի մեզ։ Ընդհակառակը՝ դա պիտի հուսադրող ազդեցություն ունենա մեզ վրա, քանզի մեր խնդիրները վերջապես անվանում կստանան և, հետևաբար, ավելի հեշտ լուծելի կդառնան։ Այդ մասին ավելին կարող եք իմանալ մեր «Ինչ է նշանակում մտավոր առողջության խանգարում» հոդվածից՝ սեղմելով այստեղ։

Կարևոր է միայն հիշել, որ մասնագետը չի հորինում մեր խնդիրները, այլ միայն նկատում և անվանում է այն, ինչ արդեն իսկ կա։ Պարզապես լքելով թերապիան՝ մենք չենք ազատում մեզ խնդիրներից։

Առավել ևս պետք է զգույշ լինել այն «մասնագետներից», ովքեր գումար են վաստակում մեզ սփոփելու և հուսադրելու միջոցով՝ պնդելով, թե մենք լիովին առողջ ենք կամ մեր խնդիրներն իրականում հեշտ լուծելի են։ Վերջիններս պարզապես տարածք են տրամադրում, որպեսզի մենք խոսենք և լիցքաթավենք, մի քանի հուսադրող խոսք կամ գովասանք են ասում և անվերջանալի ձգձգում «թերապիան»։ Իսկ երբ մենք դադարում ենք իրենց այցելել՝ խնդիրները նորից վերադառնում են։

Թերապիայի պլանի ձևակերպում

Երբ ծանոթությունը հաստատված է և խնդիրներն արդեն հստակեցված են, առաջին սենասի վերջում կոգնիտիվ-վարքային թերապիայով զբաղվող մասնագետը կարող է առաջարկել կազմել թերապիայի պլանը։ Հաճախ սա կարող է տեղի ունենալ նաև երկրորդ սենասի ընթացքում։

Թերապիայի պլանը կարող է կազմված լինել ինչպես առաջիկա մի քանի սենասների հանդիպումների մոտավոր բովանդակությունից, այնպես էլ լինել ամբողջական և ներառել մոտավորապես տասներկու սենասի ընթացքում անելիքները։ Կարևոր է, իհարկե, հիշել, որ ոչ մի մասնագետ չի կարող նշել սպասվող հանդիպումների ճշգրիտ թիվն ու կազմել այնպիսի պլան, որն անփոփոխ կմնա մինչև վերջին հանդիպումը։ Կախված թերապիայի հետագա ընթացքից, դրա պլանը կարող է կրել որոշակի փոփոխություններ։

Թերապիայի պլանը նախ և առաջ ներառում է հանդիպումների հաճախականության և ժամանակի մասին տվյալներ։ Ամենից հաճախ դա շաբաթական մեկ հանդիպում է, միևնույն օրը։ Այն դեպքում երբ խնդիրը հստակեցված է և նպատակը պարզ է, թերապիայի պլանը ներառում է նաև հաջորդ հանդիպումների մոտավոր բովանդակությունը՝ ինչ պիտի քննարկվի սեանսի ընթացքում և ինչ գործնական աշխատանքներ պիտի կատարվեն։

Որոշ դեպքերում թերապիայի պլանը կարող է բավականին մանրամասն լինել և նկարագրել, թե սենասի 45-60 րոպեների ընթացքում որ աշխատանքին քանի րոպե պիտի հատկացվի։

Այն մասնագետներն, ովքեր չեն աշխատում ԿՎԹ կամ դրա հիման վրա ստեղծված մեթոդներով, կարող են առհասարակ չտրամադրել թերապիայի պլան և, որոշ դեպքերում, նույնիսկ մոտավոր չպլանավորել հետագա աշխատանքը։

Հետագա սենասների բովանդակությունը հաստատելուց կամ թերապիայի մոտավոր պլանը կազմելուց հետո, առաջին սեանսի վերջում, ԿՎԹ մասնագետը կարող է նաև այցելուին տալ առաջին ինքնուրույն աշխատանքը, որը վերջինիս խորհուրդ է տրվում կատարել մինչև հաջորդ սեանսը և քննարկել արդյունքները սենասի ընթացքում։ Ինքնուրույն աշխատանքի հանձրարամամբ առաջին սեանսն ավարտվում է։

Պահպանե՛ք այս էջը
Գրիգոր Մուրադյան
Գրիգոր Մուրադյան

Հոգեթերապևտ Գրիգոր Մուրադյանը «Լավ ու Բարի» կայքի խմբագիրն է։ Մասնագետը կօգնի Ձեզ, եթե ունեք տհաճ կամ անցանկալի հույզերի հետ կապված խնդիրներ, ինքնագնահատականի կամ ինքնավստահության հետ կապված խնդիրներ, ուշադրության և ինքնակառավարման հետ կապված խնդիրներ, սթրես, նյարդային լարվածություն, տագնապներ և այլն։

Մասնագետն աշխատում է կոգնիտիվ-վարքային թերապիայի և դրա հիման վրա ստեղծված ժամանակակից այլ մեթոդներով։ Տրամադրում է նաև ուղղորդվող ինքնօգնության ծառայություն։

Հոգեբանին կարող եք դիմել՝ սեղմելով այստեղ։