Միջազգային Առողջապահական Կազմակերպության համաձայն՝ աշխարհում յուրաքանչյուր ութ մարդուց մեկն ունի մտավոր առողջության խանգարում։ «Խանգարում» ասելով՝ մասնագետներն իհարկե նկատի չունեն «հոգեկան հիվանդություն» կամ «խելագարություն», քանզի մտավոր առողջության խանգարումների գերակշռող մեծամասնությունը, թեև բացասաբար է ազդում մեր ինքնազգացողության կամ կյանքի որակի վրա, բայցևայնպես չի խաթարում մեր կենսունակությունը։ Շատ խանգարումներ շտկելի են և կարգավորվում են մասնագիտական միջամտության արդյունքում։
Փոքր ինչ վերաիմաստավորելով «խանգարում» հասկացությունը՝ կարող ենք ասել, որ մտավոր առողջության խանգարում կամ հոգեկան խանգարում ենք անվանում այն ամենն, ինչ մեզ խանգարում է։
Բառի խեղաթյուրումը
Խոսակցական լեզվում «խանգարում» բառը, ցավոք, երբեմն օգտագործում են իբրև վիրավորանք։ Բառի նմանօրինակ խեղաթյուրումն իր բացասական հետևանքներն ունի, որոնցից խուսափելով՝ մասնագետները երբեմն գերադասում են այցելուից թաքցնել վերջինիս ախտորոշումը կամ անվանել այն այլ անուններով, որոնք չեն ներառում «խանգարում» բառը։ Որոշ մասնագետներ էլ, այցելուին չվախեցնելու համար, խանգարումներն անվանում են «նևրոզ» բառով, ինչը շփոթություն է ստեղծում այն դեպքերում, երբ այցելուն որոշում է համացանցում ինքնուրույն ուսումնասիրել իր վիճակը և բախվում է հակասական տեղեկությունների։
«Նևրոզ» բառի և այդ ախտորաշման մասին մենք արդեն խոսել ենք մեր «Ինչ է նևրոզը և ինչպես այն հաղթահարել» հոդվածում, որը կարող եք կարդալ՝ սեղմելով այստեղ։
«Խանգարում» բառի անպատասխանատու կիրառումը ստեղծում է մտավոր առողջության հետ կապված կարծրատիպեր և խարան՝ մտավոր առողջության (հոգեկան) խանգարումներով ապրող մարդկանց հանդեպ։
Մտածելով, թե մտավոր առողջության խանգարում ունենալը նույնն է, թե խելագար լինելը, և կարող է սահմանափակել իր հնարավորությունները կամ փոխել շրջապատի կողմից իր ընկալումը՝ անձը կարող է չընդունել իր ախտորոշումը, լքել հոգեթերապիան, մերժել բժշկական միջամտության անհրաժեշտությունը և այլն։ Այսինքն՝ այդ խարանը չկրելու համար որոշ մարդիկ կարող են պարզապես գերադասել մշտապես ապրել իրենց այդքան խանգարող խնդիրներով։
Այդ պատճառով էլ, մասնագետից «խանգարում» բառը լսելով կամ համացանցում սեփական խնդիրները փնտրելիս՝ որևէ խանգարման մասին տեղեկության բախվելով, առաջինն, ինչ պիտի անենք՝ այդ բառի հետ կապված բացասական և անստույգ առնչություններն անտեսելն է։ Պետք է մեկընդմիշտ հիշել, որ «խանգարումը» խելագրություն կամ ամոթալի որևէ բան համարողները սխալվում են սեփական անտեղյակության պատճառով։ Իսկ այդ բառն անպատասխանատու կերպով օգտագործողներին անհրաժեշտ է մշտապես հիշեցնել իրենց գործողությունների բացասական հետևանքների մասին։
Իրականում ինչ է խանգարումը
Ինչպես արդեն ասացինք, պայմանականորեն խանգարում կարող ենք անվանել այն ամենն, ինչ մեզ խանգարում է։ Խոսքն այս դեպքում, իհարկե, մեզ խանգարող ներքին գործոնների մասին է։ Դա կարող են լինել մտածողության օրինաչափությունները, նյարդային համակարգի առանձնահատկությունները, շրջակա միջավայրի հետ հաղորդակցվելու առանձնահատկությունները և այլն։
Այլ կերպ ասած՝ մտավոր առողջության խանգարումը որևէ առանձնահատկություն է, որը չի համապատասխանում բնականոն (տվյալ մշակույթում և ժամանակաշրջանում մեծամասնության մոտ առկա) մտավոր գործունեության օրինաչափություններին և ենթադրվում է, որ բացասական ազցդեցություն կունենա մեր լիարժեք կենսագործունեության վրա։
Ավելորդ է անգամ նշելը, որ մասնագիտական ախտորոշում չստանալը չի ազատում մեզ որևէ խանգարումից։ Մասնագետն ընդամենը նկատում և հաստատում է այն, ինչ արդեն իսկ կա։ Ժամանակակից տեխնոլոգիաների առկայության պարագայում, կասկածների դեպքում, յուրաքանչյուրս ինքնուրույն կարող ենք ստուգել՝ ճիշտ ախտորոշում է արդյոք մեզ դրվել, թե՝ ոչ։ Ախտորոշումն հաստատելու համար ևս մեկ մասնագետի հետ խորհրդակցելը հատկապե՛ս լավ մարտավարություն է։
Անհրաժեշտ է միայն հիշել, որ «հոգեկան հիվանդություն» կամ «խելագարություն» հասկացություններն այս դեպքում ընդամենը թյուրընկալումներ են։ Մտավոր առողջության խանգարումը մեր նյարդային համակարգի գործունեության մեջ առկա այնպիսի առանձնահատկություն է, որը մեզ վրա բացասական ազդեցություն է ունենում։ Ճշգրիտ ախտորոշումը և համապատասխան մասնագիտական միջամտությունը մտավոր առողջության խանգարումների հետ առնչվելու և դրանք շտկելու ընդունելի եղանակներն են։
Հոգեկան խանգարման մեկ օրինակ
Ապացուցելու համար, որ մտավոր առողջության խանգարում ունենալն ամենևին էլ խելագարություն չէ, եկեք ծանոթանանք ամերիկյան «Մտավոր առողջության խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկում» (DSM) առկա խանգարումներից մեկի հետ։
«Ինտոքսիկացիա կոֆեինով» խանգարումը վերոնշյալ ձեռնարկի «կոֆեինի հետ կապված խանգարումներից» մեկն է ։ Այդ խանգարումն ախտորոշելու համար անհրաժեշտ պայմաններն են․
- Կոֆեինի մեծ չափաբաժնի օգտագործումը (մոտ 250 մգ կոֆեին պարունակող մթերք)
- Կոֆեինի օգտագործումից հետո ներքոնշյալ նշաններից առնվազն 5-ի առկայությունը․
- Անհանգստություն
- Նյարդայնություն
- Ոգևորություն
- Անքնություն
- Կարմրած դեմք
- Հաճախամիզություն
- Աղեստամոքսային համակարգի խանգարում
- Ջղաձգություն
- Շփոթված միտք և խոսք
- Հաճախասրտություն կամ առիթմիա
- Անհոգնության (հոգնելու անկարողության) ժամանակահատվածներ
- Հոգեշարժական գրգռվածություն
- Ինչպես նաև, երկրորդ կետում թվարկած երևույթների պատճառով սոցիալական, աշխատանքային և կարևոր այլ միջավայրերում ստեղծված էական խնդիրների առկայությունը, և
- Վերոնշյալ ախտանշանները բացատրող որևէ այլ վիճակի կամ մտավոր առողջության խանգարման բացակայությունը։
Ինչպես տեսնում ենք, վերոնշյալ կետերին համապատասխանելու դեպքում մեզ մոտ կարող են «կոֆեինի հետ կապված խանգարում» ախտորոշել և այն ամենևին էլ չի դարձնի մեզ «հոգեկան հիվանդ» կամ «խելագար»։
Սակայն ակնհայտ է, որ թվարկած կետերին համապատասխանելը (կոֆեինի հետ կապված խանգարում ունենալը) կարող է բացասաբար ազդել մեզ վրա և զգալի անհարմարություն պատճառել։ Այդ վիճակի շտկման միջոցով մենք կարող ենք ձերբազատվել մեր առողջ կենսագործունեությանը խոչընդոտող գործոններից։
Իսկ եթե խանգարումները ծանր են
Իհարկե «կոֆեինի հետ կապված խանգարումները» կարող են այնքան սարսափելի չթվալ, որքան մտավոր առողջության մի շարք այլ խանգարումներ։ Սակայն ախորոշում ստանալու փաստն ինքնին դրանից չի փոխվում։ Երկու դեպքում էլ մենք ունենում ենք մտավոր առողջության (հոգեկան) խանգարում։ Եվ եթե խանգարում ունենալն ինքնին ամոթալի բան է, ապա «կոֆեինի հետ կապված խանգարում» ունենալուց նույնպես պիտի խուսափել և ամաչել։
Կան մտավոր առողջության մի քանի խանգարումներ, որոնց մասին համացանցում կամ հեռուստատեսությամբ հաճախակի են խոսում։ Շատերը, այլ խանգարումների չիմացության պատճառով, կենտրոնանում են այդ մի քանի հայտնի խանգարման վրա և արդյունքում անօգտակար վերաբերմունք ձևավորում մտավոր առողջության հանդեպ։ «Խելագարությունից» խուսափելով՝ մարդիկ հրաժարվում են զրուցել մասնագետի հետ և համապատասխան աջակցություն ստանալ։
Պետք է հիշել, որ ախտորոշում չստանալն ամենևին էլ չի նշանակում, թե մենք չունենք խանգարում, իսկ ախտորոշում ստանալն ամենևին էլ չի նշանակում, թե խելագար ենք։
Սեփական խնդիրներն ընդունելը, աջակցություն փնտրելն ու ստանալը խոսում է ոչ թե խելագարության, այլ ընդհակառակը՝ ոջախոհության և առողջ մտածողության մասին։