Էմպաթիան այլ մարդկանց վիճակը հասկանալու, իրերին նրանց տեսանկյունից նայելու կարողությունն է։ Էմպաթիայի շնորհիվ մենք կարողանում ենք պատկերացնել մեզ այլ մարդկանց տեղում և հասկանալ, թե մոտավորապես ինչ են նրանք զգում, մտածում և ապրում որևէ իրադրության մեջ գտնվելիս։
Թեև մենք հաճախ օգտագործում ենք «էմպաթիա զգալ» արտահայտությունը, իրականում էմպաթիան հույզ չէ, այլ հոգեվիճակ, որին բնորոշ են որոշակի հուզական, մտավոր և ֆիզիոլոգիական նշաններ։ Էմպաթիան կարող ենք անվանել նաև ունակություն, որն արտահայտվում է այլոց հուզական և մտավոր ազդանշաններն ընկալելու և հասկանալու կարողությամբ։
Էմպաթիան կարեկցանք կամ առավել ևս խղճահարություն չէ։ Էմպաթիա զգալիս՝ մենք ոչ թե որևէ հույզ ենք ունենում այլ մարդու հանդեպ, այլ զգում ենք մոտավորապես նույնն, ինչ այդ անձն ի՛նքն է զգում։
Հայերեն խոսքում հաճախ հանդիպող «պատկերացրու քեզ իմ վիճակում» արտահայտությունը լավագույնս է փոխանցում էմպաթիայի բնույթը։ Էմպաթիան հենց մեզ ուրիշի վիճակում պատկերացնելու կարողությունն է։
Ընդ որում՝ «վիճակ» բառի տակ մենք հասկանում ենք ոչ միայն հույզերը, այլ նաև մտքերը և ֆիզիկական ապրումները։ Բարձր էմպաթիայով օժտված անձիք կարողանում են պատկերացնել, թե որևէ իրավիճակում մոտավորապես ինչ մտավախություններ կամ մտահոգություններ են ունենում այլ անձիք, ինչպես են նրանք ընկալում այս կամ այն երևույթները։ Նրանք կարող են նույնիսկ զգալ և այլոց հետ միասին ապրել վերջիններիս ֆիզիկական զգացողությունները՝ ցավը, ամոթի կամ անհանգստության ֆիզիոլոգիական դրսևորումները և այլն։
Ինչու է էմպաթիան կարևոր
Էմպաթիայի անբավարարությունը կամ բացակայությունը հանդիպում է մտավոր առողջության տարատեսակ խնդիրների կամ խանգարումների դեպքում։ Էմպաթիայի բացակայությունն, օրինակ, անձի նարցիստիկ խանգարման, անձի հակասոցիալ խանգարման և անձնային այլ խանգարումներ նշան է։ Այդ մասին ավելին կարող եք իմանալ մեր «10 նշաններ, որոնք խոսում են անձնային խանգարման մասին» հոդվածից՝ սեղմելով այստեղ։
Էմպաթիայի անբավարարություն կամ բացակայություն կարող է հանդիպել նաև աուտիզմի սպեկտրի խանգարումների կամ գլխուղեղի վնասվածքների դեպքում։
Էմպաթիա զգալու կարողությունը խիստ կարևոր է մեր մտավոր առողջության համար։ Այն օգնում է հարաբերություններ հաստատելու և պահպանելու հարցում, ձևավորում է այնպիսի վարք, որը խրախուսվում է հասարակության կողմից և զգալիորեն ազդում է մեր երջանկության մակարդակի վրա։ Բացի այդ, այլոց հույզերը և մտքերը լավ հասկացող անձիք կարողանում են նաև ավելի լավ հասկանալ և կարգավորել սեփական հույզերը, կարեկցանք և հոգատարություն ցուցաբերել սեփական անձի հանդեպ, նվազեցնել ինքնաքննադատությունն ու ինքնամեղադրանքները և այլն։
Ինչպես զարգացնել էմպաթիան
Էմպաթիան զարգացնելու համար նախ և առաջ անհրաժեշտ է ձևավորել դրա հանդեպ ճիշտ պատկերացում։ Պետք է հասկանալ և ընդունել, որ ժամանակի և ջանքերի ներդրման միջոցով այս կարողությունն իսկապես հնարավոր է զարգացնել։ Էմպաթիայի դրսևորման անհատական առանձնահատկությունները ճանաչելը նույնպես կարևոր է։ Մենք պիտի մտածենք այն մասին, թե ինչու ենք կարծում, որ բավականաչափ էմպաթիա չենք դրսևորում և կոնկրետ ինչ իրավիճակներում ենք նման տպավորություն ունենում։ Էմպաթիայի զարգացմանն ուղղված հետագա աշխատանքը պիտի տանել՝ կենտորնանալով մեր իսկ կողմից բացահայտած «խնդրահարույց» դրսևորումների շուրջ։
Երբ էմպաթիայի զարգացման շուրջ աշխատանքը փորձում ենք կազմակերպել, օրինակ, դպրոցում կամ մանկապարտեզում, խնդիրների վերհանման շուրջ տարվող նախնական աշխատանքը հատկապե՛ս կարևոր է։ Անհրաժեշտ է նախ վերլուծել խմբի վարքը և հասկանալ, թե որ իրավիճակներում և ինչպես է դրսևորվում էմպաթիայի անբավարարությունն այդ խմբի անդամների մոտ, ապա նոր մշակել համապատասխան աշխատանքային պլան։
Իսկ սեփական կամ այլոց էմպաթիայի առանձնահատկություններն հասականալուց և հստակեցնելուց հետո կարելի է անել հետևյալը․
Խոչընդոտների վերհանում
Էմպաթիան զարգացնելու ճանապարհին ամենից կարևոր քայլը, թերևս, դրան խանգարող հանգամանքների բացահայտումն է։ Արդյո՞ք կա մի պատճառ, որը խանգարում է այլոց հույզերը, մտքերը և վարքը հասկանալու կամ նրանց ըմբռնումով մոտենալու հարցում։ Էմպաթիային խոչընդոտող հանգամանքներից կարող են լինել պատասխանատվությունից խուսափելը, տագնապներն ու վախերը, ինչպես նաև մտավոր առողջության մի շարք խանգարումներ։
Ավելորդ է նույնիսկ նշել, որ նման հանգամանքների առկայության դեպքում նախ անհրաժեշտ է զբաղվել դրանց շտկմամբ, ապա նոր անցնել էմպաթիայի զարգացմանն ուղղված այլ քայլերին։
Ընդ որում, էմպաթիայի դրսևորմանը խոչընդոտող հանգամանքների հստակեցման և դրանց շտկման աշխատանքը երբեմն կարող է բավականին բարդ լինել և պահանջել մասնագիտական միջամտություն։
Ակտիվ ունկնդրում
Էմպաթիայի ձևավորմանը նպաստող այս հմտությունը զարգացնելու լավագույն միջոցը դրա հիմնական կանոնները ճանաչելն ու առօրյա զրույցների ընթացքում կիրառելն է։ Այդ կանոններից մի քանիսն են․
- Զրուցակցին չընդհատելը,
- Զրույցը սեփական անձի վրա չտեղափոխելը,
- Չքննադատելը և զրույցը խրախուսելը,
- Զրույցի ընթացքում ուշադրությունը զրուցակցի վրա պահելը և կողմնակի առարկաների վրա չշեղվելը,
- Վերբալ (խոսքային) և ոչ վերբալ նշանների միջոցով լսածը կամ զուտ լսելու փաստը հաստատելը,
- Լսածով անկեղծ հետաքրքրվելը, հարցեր տալն ու մանրամասներ պարզելը,
- Զրուցակցի խոսքերը սեփական բառերով վերարտադրելը կամ հակիրճ ամփոփելը,
- Զրուցակցին օգնելը՝ բառերով արտահայտել այն ամենն, ինչ նա դժվարանում է ձևակերպել, և այլն։
Մեզանից ոմանք, բնականաբար, արդեն իսկ ակամա կիրառում են այս կանոններից որոշները։ Ակտիվ ունկնդրման հմտություն ձևավորելու համար պիտի կենտրոնանանք մեր այն կողմերի վրա, որոնք զարգացման կարիք ունեն։ Այդ կողմերը կարող ենք պարզել ինչպես ինքնավերլուծության շնորհիվ, այնպես էլ օգտվելով ընկերների և հարազատների խորհուրդներից։
Ենթադրությունների բացառում
Տեղեկություններն հնարավորինս արագ մշակելու համար մեր գլխուղեղը հաճախ ստեղծում է արձագանքման կարճ ճանապարհներ։ Հոգեբաններն այդ արագ արձագանքներն անվանում են «ավտոմատ մտքեր», «կոգնիտիվ աղավաղումներ», «կոգնիտիվ կանխակալություններ» և այլն։ Թեև արագ արձագանքների կարողությունը ստեղծված է մեզ ծառայելու համար, երբեմն այն ճիշտ հակառակ ազդեցությունն է ունենում՝ խանգարելով մեզ հասնել ցանկալի արդյունքներին։
Իսկ ի՞նչ կապ ունեն այդ արագ արձագանքները էմպաթիայի հետ։ Այլոց մասին հապճեպ եզրակացություններ կատարելը, կանխակալ կամ խտրական վերաբերմունք ձևավորելը, «մտքերն ընթերցելը» և նմանատիպ այլ երևույթները նույնպես արագ արձագանքման արդյունք են։
Էմպաթիան զարգացնելու համար մենք պիտի նկատենք մեզ մոտ առկա «արագ արձագանքները» և տեղիք չտանք դրանց։ Մարդկանց մասին դատողություններ անելիս՝ խիստ կարևոր է հենվել բացառապես առկա փաստերի վրա, իսկ այլոց հասկանալու համար՝ նախ և առաջ պետք է լսել նրանց։
Հարաբերություններում ենթադրություններից զերծ մնալը կարող է օգնել դիմացինին իր իսկ աչքերով նայելու հարցում, իսկ դա հենց այն է, ինչ մենք անվանում ենք էմպաթիա։
Հանդուրժողականություն
Տարբերությունները, անսովոր երևույթները կամ դրսևորումները մեր գլխուղեղի կողմից ընկալվում են իբրև վտանգավոր նախանշաններ։ Չէ՞ որ շրջապատում նախկինում բացակայող կամ անսովոր երևույթները նկատելու կարողությունից էր կախված մեր նախնիների գոյատևումը։
Թեև մեր ժամանակներում չկա շրջակա միջավայրը մշտապես հսկելու անհրաժեշտություն, այդ բնազդային միտումն ամենևին էլ չի անհետացել մեր գլխուղեղից։ Մեզանից շատերն ակամա իրենց վտանգված են զգում, երբ նկատում են նախկինում անհայտ կամ տարբերվող երևույթներ, իսկ տարբերվող մարդկանց հանդեպ անվստահությունը և զգուշավորությունը շարունակում են արտահայտվել անգամ այնպիսի իրավիճակներում, երբ մեզ վնաս պատճառելու հավանականությունը գրեթե հավասար է զրոյի։
Մեզանից տարբերվող մեկին նկատելու դեպքում, գլխուղեղը կարող է (բնազդաբար) վտանգի նշան տալ մեզ։ Փորձելով հասկանալ, թե ինչ է այդ պահին մեզ հետ կատարվում՝ մենք կարող ենք տարատեսակ բացատրություններ գտնել։ Հոգեբաններն այս երևույթն անվանում են «հուզական հիմնավորում»։ Դա այն է, երբ մենք մեկնաբանում ենք առարկաները կամ իրավիճակները՝ հենվելով մեր հույզերի վրա («Եթե խանդում եմ, ուրեմն իսկապես պատճառ կա», «Եթե վախենում եմ, ապա իսկապես վտանգ կա» և այլն)։ Որոշ դեպքերում էլ մենք կարող ենք գործի դնել տրամաբանությունը՝ փորձելով մեր ապրած վտանգի զգացմանը տալ տրամաբանական բացատրություններ («Այս մարդն իրոք լավը չէ, որովհետև…»)։
Մեր նախնադարյան ուղեղի այս խաբուսիկ հատկությունն հասկանալն ու դրան տեղիք չտալը խիստ կարևոր է էմպաթիա դրսևորելու հարցում։ Մենք պիտի կարողանանք դիմադրել մեր ավտոմատ արձագանքներին և սթափ գնահատել այս կամ այն անձից եկող վտանգը կամ վերջինիս բացասական ազդեցությունը։
Մեզանից տարբերվող կամ մեզ մոտ խուսափում առաջացնող անձանց հասկանալու ու աշխարհին նրանց աչքերով նայելու կարողությունը կարելի է էմպաթիայի առավել արտահայտված դրսևորում համարել։
Մարդկային համընդհանուր բնույթի գիտակցում
Թեև մեր անհատական տարբերությունները գիտակցելն ու հանդուրժելը խիստ կարևոր է, սակայն դրանք պետք չէ նաև գերագնահատել։ Չէ՞ որ մենք ավելի շատ նմանություններ ունենք, քան տարբերություններ։ Չնայած արտաքին բազմաթիվ տարբերություններին, մեր մարմինները մեծ մասամբ նույն կերպ են գործում, մենք ունենում ենք նույն բնական կարիքները և առողջական խնդիրները։ Բոլոր մարդկանց մտավոր գործունեությունը նույնպես միանման է։ Մենք բոլորս ունենում ենք նույն հույզերն ու նույն ապրումները։ Հոգեբանական գրեթե բոլոր խնդիրները կարող են հադիպել մեզանից յուրաքանչյուրի մոտ՝ անկախ նրանից, թե ինչ ազգության ենք պատկանում կամ ինչ մշակույթում ենք ապրում։ Կյանքի բազմապիսի հանգամանքներ շատերիս մոտ նույնպես միանման են։ Նույնն է նաև ցավից ու տառապանքից զերծ, երջանիկ կյանք ապրելու մեր ձգտումը։
Մարդկային համընդհանուր բնույթի գիտակցումն օգնում է ոչ միայն այլոց հասկանալու և էմպաթիայի ձևավորման հարցում․ այն անհրաժեշտ նախապայման է հոգեբանական բազմաթիվ խնդիրների լուծման համար։