Անձնային խանգարումները մտավոր առողջության խանգարումներ են, որոնց դեպքում էական անբնականություններ են նկատվում մեր եսի կամ անձի մեջ։ Երբեմն մենք կարող ենք ապրել՝ առանց գիտակցելու, որ նման խանգարում ունենք, սակայն զգալով, որ մեզ հետ ինչ-որ բան այն չէ։ Որոշ դեպքերում էլ անձի խանգարումները կարող են մեզ համար աննկատ մնալ։ Օրինակ՝ անձի նարցիստիկ խանգարման դեպքում մենք կարող ենք այլոց հետ շփման որոշակի առանձնահատկություններ ունենալ, որոնք մեզ առաջին հայացքից խնդրահարույց չեն թվում։ Որոշ դեպքերում էլ մենք կարող ենք նկատել անձնային խանգարման նշանները, սակայն չիմանալ, որ գործ ունենք հենց խանգարման հետ։ Այդպես մենք կարող ենք ինքներս մեզ մոտ անառողջ կասկածամտություն նկատել, անհարմարություն պատճառող կախվածություն զգալ այլ անձնացից կամ բացարձակ չունենալ շփման պահանջ, և չենթադրել, որ այդ նշանները կարող են այլ՝ ավելի մեծ խնդրի մասին խոսել։
Իհարկե, անձնային խանգարումները հազվադեպ են հանդիպում և շատերիս մոտ վերոնշյալ դրսևորումները կարող են պայմանավորված լինել այլ հանգամանքներով, սակայն կարևոր է ճանաչել և ավելի լուրջ մոտեցում ցուցաբերել նաև անձնային խանգարումներին։ Չէ՞ որ դրանց առկայության դեպքում մեր կամ մեր մտերիմների բարօրությունը զգալիորեն սահամանփակվում է և խաթարվում է կյանքի բնականոն ընթացքը։
Եկեք ծանոթանանք 10 նշանի, որոնք կարող են խոսել անձնային խանգարման առկայության մասին, սակայն պայմանավորվենք, որ այս ծանոթությունը ոչ թե անհանգստության և տագնապի պատճառ պիտի դառնա, այլ թեման ավելի խորն ուսումնասիրելու և, անհրաժեշտության դեպքում, խնդրի լուծման ուղղությամբ շարվելու լրացուցիչ դրդապատճառ։
1․ Ինքնագնահատականի խնդիրներ
Անձնային խանգարումներ ունեցող մարդիկ հաճախ սեփական անձի մասին չափազանց դրական կամ չափազանց բացասական պատկերացում ունեն։ Որոշ դեպքերում էլ այդ պատկերացումը կտրուկ փոխվում է։
Այլ մարդկանցից չափազանց լավը լինելու զգացումը նկատվում է անձի նարցիստիկ խանգարման դեպքում։ Դրա պատճառով մարդն ի վերջո կարող է մեկուսանալ, անառողջ հարաբերություններ հաստատել այլոց հետ, իսկ ծայրահեղ դեպքում նաև շահագործել և վնասել այլոց՝ այդպիսով լրջագույն խնդիրներ առաջացնելով նաև իր անվտանգության համար։
Կտրուկ փոփոխվող ինքնագնահատականը անձի սահմանային խանգարման նշաններից է։ Սովորաբար մենք քիչ, թե շատ հետևողական ենք ինքներս մեզ գնահատելու հարցում, ու թեև ժամանակի հետ կարող ենք փոխել մեր կարծիքը, այդ փոփոխությունն հանկարծակի և կտրուկ չէ։ Անձի սահմանային խանգարման դեպքում ինքնագնահտականը կայուն չէ, իսկ լավից դեպի վատ և հակառակը փոփոխությունները կարող են տեղի ունենալ առանց որևէ լուրջ պատճառի։
Անձի նարցիստիկ խանգարման մասին ավելին կարող եք իմանալ՝ սեղմելով այստեղ։
2․ Անհստակ արժեքներ
Արժեքների հարցում անորոշությունն ու կասկածները բնորոշ են շատերիս։ Հատկապես երիտասարդության տարիներին, երբ մեր արժեհամակարգը դեռ նոր է ձևավորվում, մենք կարող ենք շփոթություն զգալ և հստակ չպատկերացնել, թե ինչն ենք ամենից շատ գնահատում և ինչ սկզբունքներով արժե ապրել կյանքը։
Անհստակ արժեքները անձի խանգարման մասին են խոսում, երբ չափազանց սուր են արտահայտված և մարդն ասես գործում է երկու տարբեր տրամաբանությամբ։ Օրինակ՝ գործընկերների և ընկերների ներկայությամբ նա կարող է ազատությունից և մարդու իրավունքներից խոսել, սակայն անձնական կյանքում սահմանափակել կամ ոտնահարել իր ընտանիքի անդամների իրավունքները։ Նման ընդգծված անհետևողականությունն, անշուշտ, ուշադրության կարիք ունի։
3․ Մտերմության պակաս
Որոշ անձնային խանգարումների պատճառով մարդիկ կարող են անձնական հարաբերություններ հաստատելու և պահպանելու դժվարություններ ունենալ։
Մեզ մոտ անձնային խանգարումների նշաններ նկատելով՝ այլ մարդիկ կարող են սկսել խուսափել կամ զգուշանալ մեզանից։ Թեև մեզ կարող է թվալ, թե խնդիրն այդ դեպքում իրենց մեջ է, սակայն երբ նմանօրինակ խուսափումն օրինաչափության է վերածվում, լավ կլինի լրջորեն ծանր ու թեթև անել ստեղծված իրավիճակը։
Այլոց մոտ խուսափում կամ զգուշավորություն առաջացնող նշաններից կարող են լինել անձնային խանգարումների գրեթե բոլոր դրսևորումները՝ անհետևողական արժեքներ, կարեկցանքի թույլ դրսևորում, շահանգործելու կամ խաբելու միտում, անառողջ կապվածության դրսևորում և այլն։
4․ Էմպաթիայի պակաս
Երբ մենք անձնային խանգարում ունենք, կարող ենք «անկախ մեզանից» խաբել այլ մարդկանց, փորձել մանիպուլյացիայի ենթարկել նրանց, անզգույշ վարվել նրանց հետ՝ չմտածելով մեր խոսքերի և գործողությունների հետևանքների մասին։
Հաճախ անձնային խանգարում ունեցող անձիք չեն նկատում իրենց մոտ էմպաթիայի պակասը, սակայն երբեմն էլ նրանք զգում են, որ ինչ-որ բան այն չէ, անհանգստանում են այդ պատճառով և խնդիր են համարում այլոց հանդեպ կարեկցանքի կամ ապրումակցման բացակայությունը։
5․ Սահմանների անտեսում
Որոշ անձնային խանգարումների դեպքում մենք կարող ենք դժվարություններ ունենալ այլ մարդկանց անձնական սահմանները հարգելու հարցում։ Դա կարող է դրսևորվել ավելորդ հետաքրքրասիրությամբ, հարաբերությունների բնույթի անտեսմամբ (օրինակ՝ գործընկերոջ հետ խոսել ընկերոջ պես), անպատշաճ վարքով կամ զրույցներով, մերժումներն անտեսելով և այլն։
Թեև մեծ մասամբ անձի խանգարում ունեցող անձիք անձնական սահմաններն ակամա են անտեսում, որոշ դեպքերում նրանք դա կարող են դիտավորյալ անել՝ կենտրոնանալով միայն սեփական ապրումների վրա։
Անձնական սահմանների մասին ավելին կարող եք իմանալ՝ սեղմելով այստեղ։
6․ Խնդրահարույց ծնողավարություն
Անձնային խանգարում ունեցող ծնողները կարող են ծնողավարության վիրավորական կամ անպատասխանատու մոտեցումներ ունենալ։ Որոշ դեպքերում նրանք կարող են չափից դուրս խառնվել երեխաների կյանքին, զրկել նրանց ազատությունից, լիովին նվիրվել միայն նրանց և ասես նրանց կյանքով ապրել։
Այլ ծայրահեղություն կարող են լինել ծնողներն, ովքեր լիակատար անուշադրության են մատնում երեխաներին, կապվածություն չեն զգում նրանց հանդեպ և գրեթե ներգրավված չեն նրանց դաստիարակության մեջ։
7․ Հույզերը կարգավորելու բարդություններ
Անձի խանգարումներին բնորոշ հուզական դրսևորումներից են՝ սեփական հույզերի թույլ գիտակցումը կամ գերկենտոնացումը դրանց վրա, դյուրագրգիռությունը, զայրույթի անկառավարելիությունը, տրամադրության կտրուկ փոփոխությունները, հանկարծակի առաջացող և փոփոխական հույզերի ապրումը, դատարկության զգացումը և այլն։
Թեև բոլոր այդ զգացումները կյանքի ընթացքում կարող ենք ունենալ յուրաքանչյուրս, անձի խանգարում ունեցող մարդկանց մոտ հուզական նման դրսևորումներն առկա են լինում ամիսներ և տարիներ շարունակ։
8․ Անսովոր հավատալիքներ
Որոշ խանգարումների դեպքում մարդը կարող է հավատալ դավադրության տեսություններին՝ կարծելով, օրինակ, թե համաշխարհային ինչ-որ ուժեր փորձում են վնասել, հետապնդել կամ շահագործել իրեն։ Այլ խանգարումների դեպքում էլ մարդիկ կարող են պնդել, որ «ներքին զգացման» միջոցով կարողանում են «կարդալ» այլ մարդկանց, բացահայտել ապագան և այլն։ Վերջիններս երբեմն նաև մարմնական տարօրինակ զգացումների մասին են խոսում (օրինակ՝ մարմինը լքելու և այլ տարածք տեղափոխվելու)։
Կարևոր է սակայն հիշել, որ անձնային խանգարման մասին են խոսում այնպիսի անսովոր հավատալիքները, որոնք անձին չեն փոխանցվել մշակույթի և դաստիարակության միջոցով։ Պատվաստումների միջոցով «չիպավորումն», օրինակ, կարելի է անսովոր հավատալիք համարել, սակայն Աստծո կողմից պատժվելու մասին մտքերն անսովոր չեն, քանի որ սկիզբ են առնում մեր կրոնից և մշակույթից։
9․ Խիստ տարվածություն
Որևէ առարկայով, իրողությամբ կամ սեփական արտաքինով խիստ տարվածությունը նույնպես կարող է անձնային խանգարման նշան լինել։ Խոսքն այստեղ, իհարկե, մեր հետարքրությունների և հոբբիների մասին չէ։
Անառողջ տարվածությունը դրսևորվում է որևէ առարկայի մասին ինտենսիվ մտքերով, որոնք փոխում են նաև անձի վարքը։ Սեփական անձով տարված մարդն, օրինակ, կարող է հաճախ ստուգել իրեն հայելու մեջ, ուղղել հագուստը, սանրվածքը և այլն։ Վերջինս կարող է նաև տրամադրության անկում ունենալ, երբ նկատի, որ մյուսները և՛ս իրենով տարված չեն։ Խիստ տարվածության մասին կարող է խոսել նաև այն, որ անձը հաճախ փոխում է խոսակցությունների թեման և սկսում իրեն հուզող առարկայի մասին խոսել։ Շրջապատին կարող է թվալ, թե նման խնդիր ունեցող անձը ձանձրանում է մյուս զրույցների ընթացքում և միայն մի բանի մասին է մտածում։
10․ Ինքնագիտակցման պակաս
Ինչպես արդեն ասացինք, անձնի խանգարումներ ունեցող մարդիկ հաճախ իրենց մոտ չեն նկատում այդ վիճակը։ Երբ խանգարումն արդեն սկսում է խնդիրներ առաջացնել, նրանք այդ խնդիրներում կարող են մեղադրել այլոց։
Սակայն պատշաճ իրազեկված լինելու պարագայում մենք կարող ենք ինքներս մեզ մոտ նկատել անձնային խանգարումը։ Երբ մեր կյանքում առաջանում են միանման խնդիրներ (օրինակ՝ մարդիկ դադարում են մեզ հետ շփվել) և մենք ամեն անգամ նոր պատճառ ենք գտնում դրա համար, ապա ժամանակն է մտածելու, թե ի՞նչն է ավելի հավանական՝ որ միևնույն իրավիճակը շարունակաբար կրկնվում է մեզ հետ տարատեսակ արտաքին պատճառներով, թե՞ որ խնդրի հիմքում հենց մենք ենք։ Չէ՞ որ մարդիկ և իրավիճակները կարող են փոխվել, իսկ մենք շարունակում ենք մնալ նույնը։
Ինչպե՞ս վարվել
Նախ կարևոր է հիշել, որ մտավոր առողջության խանգարումները ենթակա չեն ինքնաախտորոշման։ Որևէ խանգարման մասին ընթերցելը և թեկուզ լիարժեք նմանություն գտնելը չի կարող ախտորոշում համարվել, քանի դեռ միևնույն եզրակացությունը չի կատարվել մասնագետի կողմից։
Այլ անձի մոտ խանգարում կասկածելու դեպքում խորուրդ չի տրվում նրան բառացի ասել այդ մասին։ Դուք կարող եք միայն զգուշորեն բարձրացնել այդ խանգարման պատճառով առաջացող խնդրահարույց վարքի թեման և առաջակել քննարկել դա մասնագետի հետ։ Օրինակ․ «Քո տրամադրությունը չափազանց հաճախ է փոփոխվում։ Դա քեզ անհանգստություն չի՞ պատճառում։ Մտածե՞լ ես մասնագետի հետ այդ խնդիրը քննարկելու մասին»։
Պետք է հաշվի առնել նաև այն, որ անձնային խանգարումները հազվադեպ են հանդիպում և փոքր է հավանականությունը, որ մեր շրջապատում կգտնվեն անձնային խանգարում ունեցող բազմաթիվ մարդիկ։ Երբ սկսում ենք բոլորին հոգեբանական խնդիրներ վերագրել, ապա ճիշտ ժամանակն է, որ ինքներս զրուցենք մասնագետի հետ։
Այն դեպքում, երբ մենք անձնային խանգարում ենք նկատում ինքներս մեզ մոտ, վստահ ենք, որ այդ խանգարմանը բնորոշ նշաններն առկա են վաղուց և զգալի խնդիրներ են առաջացնում մեր կյանքում, ապա պետք չէ անհանգստանալ կամ վարանել։ Անձնային խանգարում ունենալու մեջ որևէ ամոթալի բան չկա։ Դա առողջական մի վիճակ է, որը կարող է շտկվել կամ կառավարվել մասնագիտական միջամտության շնորհիվ։
Որոշ անձնային խանգարումների դեպքում պահանջվում է հոգեբույժի միջամտությունը և դեղորայքային բուժում, մյուս խանգարումներն էլ շտկվում են հոգեթերապիայի միջոցով։ Բնականաբար, լուծման տարբերակն ընտրելու համար նախ և առաջ անհրաժեշտ է ճշգրիտ ախտորոշում։