ՄԵՆՅՈւ

Ինչպես երեխային սովորեցնել խնդիրների լուծման հմտություններ

Անկախ նրանից, թե ինչ խնդրի առաջ է կանգնած երեխան՝ խնդիրներ լուծելու հմտությունները խիստ անհրաժեշտ են նրան՝ սեփական կյանքն ու առօրյան կառավարելու համար:

2010 թվականին կատարված ուսումնասիրությունը, որը հրապարակվել է Behaviour Research and Therapy պարբերականում, պարզել է, որ այն երեխաներն, ովքեր չունեն խնդիրների լուծման հմտություններ, գտնվում են դեպրեսիայի և ինքնասպանության ավելի բարձր ռիսկի տակ: Բացի այդ, հետազոտողները պարզել են, որ երեխային խնդիրների լուծման հմտություններ սովորեցնելը կարող է բարելավել նրա մտավոր առողջությունը:

Սկսած նախադպրոցական տարիքից՝ ծնողները կարող են երեխային սովորեցնել խնդիրների լուծման հիմնական հմտությունները և այնուհետև աջակցել նրան այդ հմտությունների հետագա զարգացման և կիրառման հարցում։

Ինչու են խնդիրների լուծման հմտությունները կարևոր

Երեխաները ամեն օր բախվում են մի շարք խնդիրների՝ սկսած ուսումնական դժվարություններից, մինչև սպորտով զգաղվելու ընթացքում առաջացող բարդությունները: Սակայն նրանցից քչերն ունեն այդ խնդիրների լուծման բանաձևը։

Խնդիրներ լուծելու հմտություններ չունեցող երեխաները, որևէ խնդրի բախվելիս՝ կարող են խուսափել գործողություններ ձեռնարկելուց: Իրենց էներգիան խնդիրը լուծելու մեջ ներդնելու փոխարեն, նրանք կարող են իրենց ժամանակն օգտագործել խնդրից խուսափելու համար։ Ահա, թե ինչու են շատ երեխաներ ետ մնում դպրոցում կամ դժվարանում ընկերական հարաբերությունները պահպանելու հարցում:

Խնդիրների լուծման հմտություններ չունեցող երեխաներից ոմանք սկսում են գործել՝ լիովին չգիտակցելով իրենց ընդունած որոշումները: Երեխան կարող է հարվածել հասակակցին, ով իրենից առաջ է անցնում հերթի մեջ, քանի որ չգիտի, թե ուրիշ ինչ կերպ կարող է վարվել: Նման երեխան կարող է խուսափել դպրոց հաճախելուց, երբ իրեն ծաղրում են, քանի որ չի կարող գտնել ծաղրը դադարեցնելու այլ ուղիներ: Այդօրինակ իմպուլսիվ որոշումները տևական հեռանկարում կարող են է՛լ ավելի մեծ խնդիրներ ստեղծել:

Խնդիրների լուծման 5 քայլերը

Երեխաները, որոնք իրենց ճնշված կամ հուսահատ են զգում, հաճախ չեն էլ փորձում լուծել սեփական խնդիրները: Սակայն, երբ նրանց տալիս ենք խնդիրների լուծման հստակ բանաձև, նրանք իրենց ավելի ինքնավստահ են զգում փորձեր կատարելիս: Ստորև ներկայացված՝ խնդիրների լուծման 5 քայլերը կարող են ծառայել իբրև նման բանաձև։

  1. Բացահայտեք խնդիրը: Խնդիրը բարձրաձայն ասելն անգամ կարող է մեծ նշանակություն ունենալ այն երեխաների համար, ովքեր իրենց փակուղում են զգում: Անհրաժեշտ է օգնել երեխային՝ ձևակերպել խնդիրը։ Հստակ ձևակերպված խնդրի օրինակներ կարող են լինել՝ «Չկա որևէ մեկն, ում հետ կարող ես խաղալ ընդմիջման ժամանակ» կամ «Դու վստահ չես՝ պետք է արդյոք մասնակցել մաթեմատիկայի օլիմպիադայի»:
  2. Մշակեք առնվազն հինգ հնարավոր լուծում: Մտածեք խնդրի լուծման հնարավոր տարբերակներ: Երեխային հստակ հասկացրեք, որ գտած բոլոր տարբերակները չէ, որ կարող են լավ գաղափարներ լինել (առնվազն ոչ այդ պահին): Օգնեք նրան լուծումներ մշակելու հարցում, եթե նա դժվարանում է ինքնուրույն տարբերակներ գտնել: Նույնիսկ պարզամիտ պատասխանը կամ անտրամաբանական գաղափարը լուծման հնարավոր տարբերակ է: Հիմնական աշխատանքը երեխային օգնելն է՝ տեսնելու, որ փոքր-ինչ ստեղծագործելու դեպքում նա կարող է գտնել հնարավոր տարատեսակ լուծումներ:
  3. Բացահայտեք յուրաքանչյուր լուծման դրական և բացասական կողմերը: Օգնեք երեխային բացահայտել լուծման իր գտած յուրաքանչյուր տարբերակի դրական և բացասական հետևանքները:
  4. Ընտրեք լուծումը: Երբ երեխան գնահատի հնարավոր դրական և բացասական հետևանքները, խրախուսեք նրան ընտրել առավել բարենպաստ լուծումը:
  5. Փորձարկեք լուծումը: Ասեք երեխային, որպեսզի նա փորձի իր ընտրած լուծումը և տեսնի, թե ինչ կստացվի: Հուշեք, որ եթե դա չօգնի, նա միշտ էլ կարող է փորձել ձեզ հետ միասին մշակած ցուցակից որևէ այլ լուծում:

Կիրառեք խնդիրների լուծումը գործնականում

Երբ երեխայի մոտ խնդիրներ են ծագում, մի շտապեք լուծել դրանք նրա փոխարեն: Փոխարենը, օգնեք նրան առաջ շարժվել խնդիրների լուծման քայլերով: Առաջարկեք երեխային առաջնորդել, երբ նա օգնության կարիք ունի, սակայն միևնույն ժամանակ խրախուսեք ինքնուրույն լուծել սեփական խնդիրները: Եթե երեխան չի կարողանում լուծում գտնել, միջամտեք և օգնեք նրան մտածել այդ մասին: Սակայն ինքնաբերաբար մի ասեք նրան, թե ինչպես վարվել:

Երբ բախվում եք երեխայի վարքագծի հետ կապված խնդիրների, կիրառեք խնդիրների լուծման այս մոտեցումը: Նստեք միասին և ասեք երեխային. «Վերջերս դժվարանում ես քո տնային աշխատանքը կատարելիս: Ե՛կ միասին գտնենք այդ խնդրի լուծումը»: Հնարավոր է, որ դուք դեռևս կարիք ունենաք հիշեցնելու անցանկալի վարքի հետևանքների մասին, սակայն հասկացրեք երեխային, որ ջանքեր եք գործադրում՝ փնտրելու համար այնպիսի լուծումներ, որպեսզի նա կարողանա հաջորդ անգամ ավելի լավ արդյունքի հասնել:

Օգտագործեք խնդիրների լուծման այս մոտեցումը, որպեսզի օգնեք երեխային դառնալ ավելի անկախ: Եթե երեխան մոռացել է տեղավորել իր սպորտային կոշիկները պարապմունքի համար, հարցրեք. «Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի դա այլևս չկրկնվի»: Թող նա փորձի ինքնուրույն լուծումներ մշակել։

Երեխաները հաճախ ստեղծագործական լուծումներ են մշակում: Այդպես՝ նրանք կարող են ասել. «Ես գրություն կգրեմ և կկպցնեմ իմ դռանը, որպեսզի հիշեմ, որ կոշիկները տեղավորեմ նախքան դուրս գալը» կամ «Ես կհավաքեմ պայուսակս նախորդ գիշերը և կպահեմ հուշող թերթիկ այն մասին, թե ինչ պետք է լինի դրա մեջ»:

Շռայլ գտնվեք գովասանքի մեջ, երբ երեխան կիրառում է խնդիրների լուծման իր հմտությունները:

Մի՛ խուսափեք բնական հետևանքներից

Բնական հետևանքները նույնպես կարող են սովորեցնել խնդիրների լուծման հմտություններ։ Երբ դա տեղին է, թույլ տվեք ձեր երեխային բախվել իր արարքի բնական հետևանքներին: Պարզապես համոզվեք, որ դա անվտանգ է:

Օրինակ՝ թող երեխան ծախսի նախատեսված ողջ գումարը զվարճանքի այգում գտնվելու առաջին 10 րոպեների ընթացքում, եթե դա այն է, ինչ նա ուզում է: Այնուհետև անցկացնի օրվա մնացած մասն առանց գումար ծախսելու։

Սա կարող է հանգեցնել խնդրի լուծման վերաբերյալ քննարկման, որը կօգնի նրան հաջորդ անգամ ավելի լավ ընտրություն կատարել: Որպես ուսուցանող պահ, հաշվի առեք նաև նմանատիպ բնական հետևանքները՝ օգնելու համար երեխային միասին աշխատել խնդիրների լուծման ուղղությամբ:

Պահպանել այս էջը
Լավ ու Բարի
Լավ ու Բարի

Հոգեբանություն թեմայով ամենալավ ու բարի կայքը։