Նարցիսիզմը, մաքիավելիզմը և փսիխոպաթիան անձի հոգեբանության բնագավառում անվանում են անձնային հատկանիշների «մութ եռյակ»։ Այս գծերն ունեցող անձանց հատուկ են հուզական սառնությունը, այլոց հանդեպ թույլ արտահայտված կարեկցանքը (էմպաթիան), կեղծավորությունը, երկերեսանիությունը, ագրեսիվությունը և այլն։ Այս գծերին բնորոշ է նաև միայն սեփական անձի շահերը սպասարկող վարքագիծը և այլոց շահագործելու միտումը։ «Մութ եռյակի» գծերն անձի մոտ կարող են արտահայտվել ինչպես առանձին, այնպես էլ երկուսը կամ երեքը զուգահեռաբար։
Կարևոր է հիշել, որ նարցիսզմը և փսիխոպաթիան կարող են լինել նաև մտավոր առողջության խանգարումներ (փսիխոպաթիան՝ անձի հակասոցիալ խանգարում, իսկ նարցիսիզմը՝ անձի նարցիսիստիկ խանգարում)։ Իբրև անձի հատկանիշներ դրանք դրսևորվում են ենթաշեմային մակարդակում, այսինքն՝ բավարար չափով արտահայտված չեն որևէ խանգարում ախտորոշելու համար։ «Մութ եռյակի» գծերը, բացի այդ, կարող են լինել նաև տարատեսակ այլ խանգարումների ախտանիշներ։
«Մութ եռյակի» անձնային գծերն ունեցող անձիք ավելի մեծ հավանականությամբ կարող են այլոց համար վտանգ ներկայացնել, խախտել օրենքները, բարոյական նորմերը, ցուցադրել ագրեսիվ կամ անհավասարակշռված վարք, անտեսել անվտանգության կանոնները, ունենալ թույլ արտահայտված պատասխանատվության զգացում և ի վիճակի չլինել զղջման։
Անձի հոգեբանների կողմից վերջերս առաջ է քաշվել նաև «մութ քառյակի» գաղափարը, որտեղ վերոնշյալ երեք գծերին գումարվել է նաև սադիզմը։ Մեր այս հոդվածում, սակայն, կանդրադառնանք միայն «մութ եռյակի» լայնորեն ընդունված երեք գծերին՝ նարցիսիզմին, մաքիավելիզմին և փսիխոպաթիային։
Նարցիսիզմ
Այս գիծը թերևս ամենից ծանոթն է ընթերցողների լայն շրջանակին։ Այս բառն հաճախ օգտագործվում է մարդու եսասիրությունը կամ ինքնասիրահարվածությունը բնութագրելու համար։ Հոգեբանության բնագավառում, սակայն, նարցիսիզմը փոքր ինչ այլ հասկացություն է։ Այն անձի հստակ չափում է, որն հաշվարկվում է հատուկ մշակված հարցաշարերի միջոցով։ Նման հարցաշարերը կարող են ներառել նմանատիպ փակ («այո» կամ «ոչ» պատասխան պահանջող) հարցեր․
- Ես պատրաստ եմ ընդունել իմ արարքների հետևանքները,
- Ես սիրում եմ այլոց համար որևէ հաճելի բան անել,
- Ես երբեք չեմ բավարարվի, քանի դեռ չեմ ստացել այն, ինչին արժանի եմ,
- Հաճոյախոսություններն ամաչեցնում են ինձ,
- Առաջնորդ լինելու համար պահանջվում են երկարատև մարզումներ, և այլն։
Ինչպես տեսնում եք, այս հարցերը չեն չափում պարզապես այն, թե որքանով է անձն հավանում իրեն՝ դրանք նարցիսիզմի տարաբնույթ կողմերն ի հայտ բերող պնդումներ են։
Հատկանշային նարցիսիզմին հատուկ են սեփական անձով տարվածությունը, գերակայության կամ արտոնյալ լինելու զգացումը, հեղինակություն լինելու զգացումը, այլոց շահագործելու միտումը և այլն։ Նարցիսիզմին բնորոշ են նաև քննադատության և սեփական կարծիքներին հակասող կարծիքների հանդեպ անհանդուրժողականությունը։
Մաքիավելիզմ
Այս անձնային գիծն հիմնականում արտահայտվում է մանիպուլյատիվ վարքով և այլոց շահագործելու միտմամբ։ Նման մարդիկ հեգնական վերաբերմունք ունեն աշխարհի հանդեպ, հաճախ ստում են իրենց ուզածը ստանալու համար, մտովի մշակում են այլոց հետ շփվելու այնպիսի մարտավարություններ, որոնք ուղղված են անձնական շահի ձեռքբերմանը կամ իրենց իսկ կողմից որոշված նպատակների իրականացմանը։
Ի տարբերություն նարցիսիզմ անձնային գիծն ունեցող մարդկանց, մաքիավելիզմ անձնային գիծն ունեցողները չեն ձգտում լինել նկատված կամ ուշադրության կենտրոնում։ Ուզածը ստանալու համար վերջիններս պատրաստ են նաև ստվերում մնալ։
Թեև մաքիզվելիզմը չի խանգարում մարդուն մտերիմ հարաբերություններ հաստատել, այդ հարաբերություններն հաճախ դիսֆունկցիոնալ են և անարգալից։ Մաքիավելիզմ գիծն ունեցող անձիք նաև կարող են հեշտությամբ ընդհատել հարաբերությունները, երբ դրանցից այլևս բավարար օգուտ չեն քաղում։
Քանզի մաքիավելիզմն ուղեկցվում է նաև թույլ արտահայտված էմպաթիայով, այս գիծն ունեցող անձիք կարող են առանձնապես ուշադիր չլինել այլոց հուզերի հանդեպ և անտեսել սեփական գործողությունների ազդեցությունն այլ մարդկանց վրա։ Այլոց կողմից այս անձիք կարող են բնութագրվել նաև իբրև սառը կամ անտարբեր։
Անձի մոտ մաքիավելիզմ գծի առկայությունը մեր օրերում հաճախ շահագործվում է տարատեսակ դասընթացներ և սեմինարներ առաջարկողների կողմից, ովքեր պնդում են, թե կարող են սովորեցնել այլ մարդկանց մանիպուլացնելու և թաքուն կառավարելու հմտություններ։ Այդ մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ մեր «Ինչ է մանիպուլյացիան և կարելի է արդյոք այն սովորել» հոդվածում՝ սեղմելով այստեղ։
Փսիխոպաթիա
Հեռուստատեսությամբ կամ ֆիլմերում այս բառն հաճախ օգտագործում են խելագար, վտանգավոր կամ անհավասարակշռված վարք ունեցող անձանց բնութագրելու համար։
Հոգեբանության բնագավառում փսիխոպաթիա են անվանում հակասոցիալ վարքը։ Փսիխոպաթիա ունեցող անձը չունի այլոց հանդեպ բավարար կարեկցանք և ի վիճակի չէ փոշմանանք զգալ սեփական գործողությունների համար։ Նման անձը նաև խնդիրներ ունի ինքնակառավարման հետ։
Անձնային հատկանիշ է համարվում այնպիսի փսիխոպաթիան, որը բավարար չափով արտահայտված չէ մտավոր առողջության խանգարում լինելու համար (օրինակ՝ ախտանիշների մեծ մասը բացակայում է)։ Մտավոր առողջության խանգարումից տարբերելու համար, փսիխոպաթիա անձնային գծի մասին խոսելիս, հաճախ օգտագործում են «ենթաշեմային փսիխոպաթիա» տերմինը։
Այլոց կողմից փսիխոպաթիա անձնային գիծն ունեցող անձիք կարող են բնութագրվել իբրև սառը, մակերեսային, իմպուլսիվ, անդաստիարակ, անհավասարակշռված, անսիրտ և այլն։
Ինչպես վարվել «մութ եռյակի» գծերի հետ
Կարևոր է հիշել, որ «մութ եռյակի» գծերն անձի մոտ չեն առաջանում նրա սեփական կամքով։ Այս հատկանիշների համար պատասխանատու են ժառանգականությունը, ֆիզիոլոգիական գործոնները, շրջակա միջավայրը, դաստիարակությունը, մանկության տարիներին կյանքում առկա հանգամանքները (անտեսում, բռնություն) և այլն։
Այս գծերի առկայությունը նաև չի երաշխավորում որևէ վտանգավոր վարքաձևի առկայություն։ Նման գծեր ունեցող անձիք կարող են ողջ կյանքի ընթացքում այդպես էլ չանել մի բան, որը լրջորեն վնասում է այլոց շահերին։
«Մութ եռյակի» գծերի առկայությունն ինքնին չի խոսում նաև մտավոր առողջության որևէ խանգարման մասին։ Թեև այդ գծերն հանդիսանում են մի շարք խանգարումների հայտանիշներ, ճշտգրիտ ախտորոշում կարող է կատարել միայն մտավոր առողջության մասնագետը՝ համապատասխան գործիքակազմի կիրառման միջոցով։
Հոգեթերապիան, և մասնավորապես՝ կոգնիտիվ վարքային թերապիան, կարող են նվազեցնել հատկանշային նարցիսիզմի, մաքիավելիզմի և փսիխոպաթիայի արտահայտվածությունը՝ զգալիորեն բարելավելով մեր կյանքի և հարաբերությունների որակը։ Նարցիսիզմի նվազեցումը կարող է օգնել շրջակա միջավայրն ու ինքներս մեզ ավելի իրատեսական գնահատելու հարցում, բարելավել մեր հեղինակությունը, նվազեցնել անիրատեսական պատկերացումների պատճառով առաջացող սթրեսն ու ֆրուստրացիան և այլն։ Մաքիավելիզմը նվազեցնելով՝ մենք կարող ենք ավելի գոհացնող անձնական հարաբերություններ հաստատել, գտնել մեր նպատակներին հասնելու արդյունավետ եղանակներ՝ համապատասխան հմտություններ ձեռք բերելու միջոցով, բարելավել ինքնապատկերացումը (բարձրացնել ինքնագնահատականը) և այլն։ Փսիխոտիզմը նվազեցնելը կարող է օգտակար լինել բացասական հետևանքներ ունեցող վարքաձևերից խուսափելու, անձնական և աշխատանքային հարաբերությունները բարելավելու և այլ նպատակներով։