ՄԵՆՅՈւ

Սեանս «Ես ուզում եմ փոխել իմ բացասական հույզերը»

Եթե Ձեզ հարցնեն, թե ինչ եք նման պահերին զգում, ինչ հույզերից եք ցանկանում ազատվել, ի՞նչ պատասխան կտաք։

Մարդիկ հաճախ պատասխանում են․

  • Ես վախեցած եմ 😱
  • Ես բարկացած եմ 😡
  • Ես տխուր եմ 😥

Մենք ասես պատասխանում ենք «Ինչպիսի՞ն ես դու» հարցին, այդպես չէ՞։ Եվ իհարկե չենք ուզում լինել վախեցած, բարկացած կամ տխուր։ Մենք նախընտրում ենք լինել երջանիկ, ոգևորված կամ եռանդուն։

Սակայն իբրև բացասական ընկալվող հույզերից ազատվելը, դրանք դադարեցնելը կամ ժխտելը այն չէ, ինչ պիտի անենք։

Այժմ մենք պիտի տեղ տանք մեր բոլո՛ր հույզերին։ Պիտի դիտարկենք դրանք մեր անձից առանձին, այնպիսին, ինչպիսին իսկապես կան՝ իբրև զուտ հույզեր։ Պիտի կարողանանք ուսումնասիրել դրանք առանց գնահատականներ տալու կամ քննադատելու, հասկանանք, թե ինչու են դրանք հայտնվել հենց այս պահին և նոր միայն փորձենք հրաժեշտ տալ դրանց։

Եկե՛ք անենք դա միասին։

Գիտակցենք հույզերը

Մեկ րոպե դադար տվեք և մտածենք ձեր հույզերի մասին։ Պատասխանեք ոչ թե այն հարցին, թե ո՛վ եք դուք կամ ինչպիսի՛ն եք դուք, այլ այն հարցին, թե ինչ եք դուք զգում։ Օգտվեք «Ես զգում եմ…», «Ինձ մոտ առկա է զգացողություն, որ…» և նմանատիպ այլ արտահայտություններից։

Պարզապես միացրեք ներքևում տեղադրված տեսանյութը և, մինչ դրա ավարտը, փորձեք մտովի շարադրել ձեր զգացողությունները։

Անվանենք հույզերը

Դե ինչ, հնարավոր է այժմ դուք մի փոքր ավելի հստակ եք պատկերացնում, թե ինչ եք զգում։ Եկեք ամրապնդենք այն, ինչ դուք մտաբերեցիք այս մեկ րոպեի ընթացքում։

Ստորև գրի առեք ձեր գիտակցած հույզերը և դրանց մոտավոր պատճառները։ Օրինակ՝ «Տխրություն, քանի որ վերհիշել էի անցյալի իրադարձությունները»։

* Ձեր լրացրած տեքստը ոչ ոք չի տեսնում և այն կանհետանա, երբ դուք փակեք այս էջը։

Բաց թողնենք հույզերը

Դուք բավականին հստակեցրեցիք, թե ինչ եք զգում և ինչու։ Այժմ մեկ անգամ կարդացեք Ձեր գրածը, որպեսզի լսեք սեփական ձայնը և արդեն առանց մտովի բառեր ընտրելու, պարզ աչքերով տեսնեք ստացված պատկերը։

Հաջորդ վարժության ընթացքում շնչեք՝ հերթով մտաբերելով գրի առած հույզերը, ապա արտաշնչեք՝ պատկերացնելով, որ այդ հույզերը բաց եք թողնում ձեր ներսից։

Միացրեք տեսանյութը և կատարեք մեկ րոպե տևող այս վարժությունը։

Ինչպես եք զգում Ձեզ ա՞յժմ։ Ավելի թեթև և հանգի՞ստ եք։

Հույզերն այս կերպ «բաց թողնելն» օգնում է թուլացնել դրանց պատճառով առաջացող նյարդային լարվածությունը, ինչպես նաև տարածություն ստեղծել մեր անձի և ապրումների միջև և փոքր ինչ թեթևացնել տհաճ հույզերի շարունակական ապրումը։

Մտածենք ապագայի մասին

Այժմ կարող եք մտածել Ձեր հաջորդ քայլերի մասին։ Պատասխանեք այն հարցին, թե ինչ կարող եք անել, որպեսզի անցանկալի հույզերն հետագայում ավելի հազվադեպ ի հայտ գան։ Գրեք այնքան հնարավոր քայլեր, որքան կկարողանաք։ Ճիշտ և սխալ պատասխաններ չկան, պարզապես գրի առեք այն ամենն, ինչ հնարավոր է անել։ Օրինակ՝ «Երբ անցյալի մասին հիշողությունները նորից վերադառնան, կարող եմ ուշադրությունս տեղափոխել աշխատանքի կամ ընթերցանության վրա, դրական հույզեր առաջացնող տեսանյութեր դիտել»։

*Ձեր լրացրած տեքստը ոչ ոք չի տեսնում և այն կանհետանա, երբ դուք փակեք այս էջը։

Ավարտենք սեանսը

Դուք հրաշալի աշխատանք կատարեցիք։ Հնարավոր է, սա ընդամենը փոքրիկ քայլ էր, սակայն այն վկայում է, որ դուք ճանապարհ եք ընկել և քայլեր եք ձեռնարկում տհաճ կամ անցանկալի ապրումները կարգավորելու համար։

Հիշեք, որ հույզերը մեր անձի հոմանիշները չեն, մենք ընդամենը զգում ենք դրանք։ Երբ մենք նկատում և ընդունում ենք հույզերը, կարողանում ենք նաև բաց թողնել դրանք։

Կատարված աշխատանքն ամրապնդելու համար կարող եք կարդալ նաև հույզերի ընդունման մասին մեր հոդվածը։

Վերադարձեք այս սեանսին, երբ նորից զգաք դրա կարիքը։

Իսկ այժմ ժպտացեք՝ արտահայտելով ձեր սերը ձեր իսկ հանդեպ 🌞

Հավանեցի՞ք հոդվածը։ Տարածե՛ք այն։
Լավ ու Բարի
Լավ ու Բարի

Հոգեբանություն թեմայով ամենալավ ու բարի կայքը։

«1000 բարի» տեղեկաթերթ

Լրացրեք Ձեր էլփոստի հասցեն և ամսական մեկ անգամ ստացեք մեր հռչակավոր «1000 բարի» տեղեկաթերթը։