ՄԵՆՅՈւ

Ինչպես նվազեցնել հոգնածությունը հանգստի 7 տեսակների շնորհիվ

Հոգնածությունը, ուժասպառությունը կամ հյուծվածության զգացումը զգալիորեն սահմանափակում են մեր մտավոր, ֆիզիկական, սոցիալական կամ հուզական հնարավորությունները՝ առաջացնելով դատարկության զգացում, առօրյա անելիքները կատարելու անկարողություն, աշխատանքի հանդեպ անլուրջ վերաբերմունք, ինչպես նաև հոգեմարմնական բազմաթիվ այլ խնդիրներ։

Ուժասպառությունը կանխելու կամ այն նվազեցնելու լավագույն տարբերակը լիարժեք հանգիստն է, ինչն առաջին հերթին ներառում է առողջ քուն։ Սակայն, կախված ուժասպառության պատճառներից, կարելի է առանձնացնել հանգստի ոչ պակաս կարևոր 7 տեսակներ ևս։

  • Ֆիզիկական հանգիստ։ Հանգստի այս տեսակը կարող է լինել պասիվ և ակտիվ։ Պասիվ ֆիզիկական հանգսիտը ներառում է քունը կամ ննջելը։ Ակտիվ ֆիզիկական հանգստի տեսակներից են յոգան, մերսումը, մարմնամարզությունը և այլն։
  • Մտավոր հանգիստ։ Հանգստի այս տեսակը ենթադրում է մտավոր գործունեության ժամանակավոր «դադար», որը կարող է ներառել մեդիտացիաներ կամ ավտոմատ՝ առանց մտածելու կրկնվող գործողություններ։ Մտավոր հանգիստը կարելի է ապահովել նաև միառժամանակ զերծ մնալով ինֆորմացիայի տարատեսակ աղբյուրներից (այդ թվում՝ գրքերից)։ Մտավոր հանգստի այլ արդյունավետ տարատեսակներից են շնչառական վարժությունները, որոնց ընթացքում մենք փորձում ենք դադարեցնել մտքերի անդադար ընթացքը և ուշադրությունը կենտրոնացնել միայն սեփական շնչառության վրա։ Այդ մասին ավելին կարող եք իմանալ մեր «Ինչ է մեդիտացիան և ինչպես այն կատարել» հոդվածում՝ սեղմելով այստեղ։
  • Սենսորային հանգիստ։ Կախված ուժասպառության կամ հոգնածության բնույթից, սա կարող է լինել ականջները փակելը, աչքերը դիմակով ծածկելը կամ այլ զգայարանների ժամանակավոր «արձակուրդը»։ Այն դեպքերում երբ նման լիակատար սահմանափակումներն հնարավոր չեն, կարելի է միայն հնարավորինս սահմանափակել հոգնածության պատճառ դարձած զգայարանի ծանրաբեռնվածությունը։ Օրինակ՝ երբ հոգնածության զգացման պատճառն աղմուկն է, կարելի է անջատել հեռախոսի ձայնը, որոշ ժամանակ զերծ մնալ զանգեր կատարելուց կամ ակտիվ զրույցներից։
  • Ստեղծագործական հանգիստ։ Բնության տեսարաններին հետևելը, թանգարան այցելելը կամ նոր երաժշտություն լսելը այս հանգստի տեսակներից են։ Դրանք իրենց հանգստացնող ազդեցությունն են թողնում՝ ստեղծագործական կարողությունները խթանելու միջոցով։ Ստեղծագործության հանգստի տեսակներից են նաև ցուցադրության կամ վաճառքի նպատակով չարվող նկարչությունը, շյուղագործությունը, ծեփամածիկով քանդակելը, օրագրի վարումը և այլն։ Օրագրի վարման մասին ավելին կարող եք իմանալ մեր «Ինչպես կիրառել անձնական օրագիրը հուզական կարգավորման համար» հոդվածում՝ սեղմելով այստեղ։
  • Հուզական հանգիստ։ Հանգստի այս տեսակը կարող է ներառել հանգսիտը միայնության մեջ կամ այնպիսի մարդու հետ, ում ներկայությամբ լիովին ազատ ենք պայմանականություններից և մեզ բնական վիճակում ենք զգում։ Հուզական հանգստի վիճակին հասնելուն են նպաստում նաև որոշումների կամ զրույցների տեղափոխումն այլ օրվա, օրագրի վարումը, ինչպես նաև անկեղծ զրույցը վստահելի անձի կամ հոգեթերապևտի հետ։
  • Սոցիալական հանգիստ։ Հանգստի այս տեսակն անհրաժեշտ է լինում, երբ մեր հոգնածության պատճառն այլ մարդկանց ներկայությունն է կամ ինտենսիվ շփումները։ Սոցիալական հանգիստը խթանող քայլերից են ներքին ուժերը խլող մարդկանցից հեռու և նոր ուժերով լիցքավորող մարդկանց շրջանում անցկացրած ժամանակը, իրական և վիրտուալ շփումներից որոշ ժամանակ զերծ մնալը կամ հանգստյան օրերը տանն անցկացնելը։
  • Հոգևոր հանգիստ։ Հանգստի այս տեսակը կարող է ներառել ներգրավվածությունը «մեզանից մեծ» ինչ-որ գործունեության մեջ՝ լինի դա կամավորական աշխատանքը, թե կրոնական միջոցոռումներին մասնակցելը։ Հոգևոր հանգիստը կարելի է անցկացնել նաև կրոնական կամ ծիսական վայրեր այցելելով, ծեսերի մասնակցնելով, համախոհների շրջապատում գտնվելով, հասարակական աշխատանքներ կատարելով կամ հոգեթերապևտի հետ կյանքի իմաստի և աշխարհում սեփական դերի մասին զրուցելով։

Ինչով կարող է օգնել մասնագետը

Կարևոր է հիշել, որ հոգնածությունը կամ հյուծվածության զգացումը կարող են մի շարք հոգեբանական խնդիրների հետևանք լինել։ Երբ դրանք պահպանվում են տևական ժամանակ և զգալի անհարմարություն կամ անհանգստություն են պատճառում մեզ, նպատակահարմար է մտավոր առողջության մասնագետի (հոգեբանի, հոգեթերապևտի) հետ խորհրդակցելը։ Մասնագետը կարող է օգնել հոգնածության կամ հյուծվածության պատճառների ի հայտ բերման, խնդրի ճշգրիտ ախտորոշման և լուծման տարբերակների ընտության հարցում։

Անհրաժեշտ մասնագետի կարող եք գտնել նաև մեր «Մասնագետներ» բաժնում՝ սեղմելով այստեղ։ Հաշվի առեք, որ «Լավ ու Բարին» չի տրամադրում հոգեբանական ծառայություններ և չի ներկայացնում կայքում գրանցված մասնագետների շահերը։ Գրանցված մասնագետների ինքնությունը և անհրաժեշտ կրթության առկայությունը մեր կողմից նախապես ստուգվում է։

Պահպանել այս էջը
Լավ ու Բարի
Լավ ու Բարի

Հոգեբանություն թեմայով ամենալավ ու բարի կայքը։