ՄԵՆՅՈւ

Սուտ #33։ Մեր գիտակցությունը կարող է դուրս գալ մարմնից

«35 սուտ հոգեբանության մասին» հոդվածաշարը հենվում է «Լավ ու Բարի» կայքում տեղադրված «Որքա՞ն լավ գիտեք հոգեբանություն» թեստի արդյունքների վրա։ Եթե դեռ չեք անցել այդ թեստը, խորհուրդ ենք տալիս նախ ստուգել ձեր իմացությունը՝ սեղմելով այստեղ։

«Լավ ու Բարի» կայքի կողմից հարցվածների 42%-ն հավատում է, որ մենք կարող ենք դուրս գալ սեփական մարմնից և այդ վիճակում որոշակի փորձառություններ ունենալ։ Այս պնդումը զբաղեցնում է հոգեբանության մասին տարածված թյուր կարծիքների 33-րդ հորիզոնականը։

Սեփական մարմնից դուրս գալու և այդ վիճակում որոշակի փորձառություններ ունենալու մասին պատմությունները նոր չեն՝ դրանց կարելի է հանդիպել առնվազն աստվածաշնչյան ժամանակներից։ Գիտակցության՝ «մարմնից անկախանալու» կարողությունը նկատել են դեռևս հին եգիպտացիները և հույները՝ դրանից հետևություն անելով, որ մեր մարմինն ու բանականությունն իրարից անջատ նյութեր են։

Մարդիկ, ովքեր պնդում են, թե նմանօրինակ փորձառություն են ունեցել, հաճախ պատմում են՝ ասես սավառնել են սեփական մարմնի վրայով, իրենք իրենց տեսել վերևից, երբ բժիշկներով շրջապատված՝ պառկած էին հիվանդասենյակում, կամ մարմինը լքելով՝ ընթացել են ինչ-որ ուժգին լույսի ուղղությամբ։

Մարմնից դուրս գալու զգացումը հազվադեպ չէ։ Գիտական մի ուսումնասիրության ընթացքում նման փորձառություն ունենալու մասին են զեկուցել ուսանողների 25%-ը և ընդհանուր հասարակության 10%-ը։ Շատերի մոտ այդ զգացումն առաջացել է, երբ իրենք մոտ են եղել մահվան (խեղդվելիս կամ սրտի կաթված ստանալիս)։ Այլոց մոտ նման զգացողություններ են եղել հանգստի վիճակում, քնի ընթացքում, երազելիս, մեդիտացիայով զբաղվելիս, թմրանյութերի ազդեցության տակ, թմրաքնի (նարկոզի) վիճակում գտնվելիս, էպիլեպտիկ նոպայի կամ միգրենի գլխացավերի ընթացքում։

Սակայն սեփական մարմնից դուրս գալու զգացմամբ ուղեկցվող փորձառությունները չեն սահմանափակվում միայն վերոնշյալով։ Ոմանք պնդում են, թե կարող են սեփական կամքով լքել իրենց մարմինը, հայտնվել որևէ այլ վայրում և այդպիսով ականատես լինել այնպիսի դեպքերի, որոնց անմիջական մասնակիցը չեն։ Ներկայումս լայն տարածվածություն ունեն հեռուստատեսային այն հաղորդաշարերը, որտեղ մարմնից դուրս գալու «շնորհ» ունեցող «էքստրասենսները» մտքի ուժով տեղափոխվում են այլ վայր և լուծում տարատեսակ հանելուկներ։

Այդ մոգական կարողության իսկությունը ստուգելու համար՝ ուսումնասիրություններ են իրականացվել մարմնից դուրս գալու «շնորհ» ունենալու մասին պնդող անձանց շրջանում։ Գիտափորձերի մասնակիցներին առաջարկվել է՝ գտնվելով գիտնականների հետ մի սենյակում, մտովի տեղափոխվել մեկ այլ սենյակ և նկարագրել այն։ Գիտնականներն իրենք, բնականաբար, տեղյակ էին լինում երկրորդ սենյակի կահավորման և այնտեղ առկա առարկաների մասին։

Նմանօրինակ մի քանի գիտափորձի միջոցով պարզվել է, որ սեփական մարմինը լքելու կարողության մասին հայտնող անձնանցից գրեթե ոչ ոք ի վիճակի չէ նկարագրել գաղտնի սենյակը։ Մասնակիցները, լավագույն դեպքում, պարզապես գուշակում էին սենյակում առկա առարկաները և հետագայում չէին կարողանում կրկնել նման գուշակությունները՝ ապացուցելով, որ դա զուտ պատահականության արդյունք էր։

Սակայն այն, որ կամային կերպով մարմնից դուրս գալու «շնորհ» գոյություն չունի, դեռ չի նշանակում, որ մեր բանականությունը չի կարող անկախ մեր կամքից լքել մարմինը, ինչպես դա տեղի է ունենում մահվան վտանգի առաջ գտնվող մարդկանց մոտ։

Սա պարզելու համար գիտնականներն ուշադրություն են դարձնում մասնավորապես այն հանգամանքին, որ մարմնից դուրս փորձառությունների մասին պնդող անձիք նկարագրում են այն այնպես, կարծես այդ ընթացքում պահպանվում են իրենց ֆիզիոլոգիական և մտավոր գործառույթները՝ տեսողությունը, լսողությունը, ընկալումը, հիշողությունը, տրամաբանությունը և այլն։ Այսինքն՝ գտնվելով «մարմնից դուրս»՝ մարդիկ շարունակում են օգտվել իրենց օրգանների (աչքերի, ականջների, գլխուղեղի) ընձեռած հնարավորություններից։

Այս հանգամանքը տանում է գիտական միտքը մեկ ուղղությամբ՝ կարո՞ղ ենք արդյոք մենք, գտնվելով սեփական մարմնում, կարծել, թե դրանից դուրս ենք գտնվում։ Եվ եթե այո, ապա ինչպե՞ս է դա տեղի ունենում։

Մի խումբ գիտնականների կողմից առաջ է քաշվել գաղափար, որ մեր ուղեղում կան «մարմնի պատկենելիության» կենտրոններ։ Այսինքն՝ գլխուղեղի որոշ հատվածներ պատասխանատու են սեփական մարմնի տերը լինելու զգացողության համար։ Գիտնականների համաձայն, այդ հատվածների աշխատանքի խաթարումը կարող է հանգեցնել մարմնի պատկանելիության կորստի և սեփական մարմնում չլինելու զգացման։

Հօգուտ այդ տեսության են խոսում ներկայումս կատարված մի քանի տասնյակ հետազոտություններ, որոնցից ամենահայտնիներից է «ռետինե ձեռքի» գիտափորձը, որի ընթացքում մասնակիցների մի ձեռքը կապում են մեջքի հետևում և դրա փոխարհեն արհեստական ձեռք դնում։ Այնուհետև գիտափորձն անցկացնողները դիպչում են մասնակցի կապված ձեռքին և խնդրում մյուս ձեռքով ցույց տալ, թե որ հատվածին դիպչեցին։ Մասնակիցներից շատերը մատնացույց են անում արհեստական ձեռքը։ Այս գիտափորձն ապացուցում է, որ մեր մեր ուղեղում իսկապես կարող են լինել մարմնի պատկանելիության կենտրոններ և որ դրանց աշխատանքը կարելի է խաթարել։

Մեկ այլ գիտափորձի մասնակիցների գիտնականները վիրտուալ իրականության ակնոցներ են հագցնում, որոնցում վերջիններս տեսնում են իրենք իրենց՝ վերևից նկարահանման միջոցով։ Մասնակիցներին, այնուհետև, շարժում են իրենց տեղից և խնդրում վերադառնալ նախնական դիրքին։ Վերջիններս, իրենց իրական դիրքին վերադառնալու փոխարեն, վերադառնում են այն դիրքին, որը զբաղեցնում էին տեսանյութի մեջ։ Սա ապացուցում է, որ մենք կարող ենք շփոթել նույնիսկ սեփական մարմինը, երբ կա ճշմարտանման այլընտրանք։

Մի շարք հետազոտությունների միջոցով նաև փորձեր են ձեռնարկվել տեղորոշելու մարմնի պատկանելիության համար պատասխանատու ուղեղային կենտրոնները։ Դա անելու համար՝ մարդկանց գլխին ամրացնում են ուղեղի ակտիվությունը ստուգող սարքեր, ապա իրականացնում վերոնշյալ գիտափորձերի նման գիտափորձեր և ստուգում, թե այդ ընթացքում ուղեղի որ հատվածներում է նկատվում ամենից մեծ ակտիվությունը։ Այդօրինակ փորձերի արդյունքում արդեն իսկ ի հայտ է բերվել, որ մեր մարմնի պատկանելիության համար պատասխանատու են գլխուղեղի քունքային բիլթում գտնվող հատվածները։

Այսպիսով՝ գիտությանն հաջողվել է ապացուցել, որ սեփական կամքով մարմնից դուրս գալու մասին պնդումները կեղծ են, իսկ սեփական կամքից անկախ առաջացող նման զգացողությունները տեղ են գտնում մարմնի պատկանելիության համար պատասխանատու ուղեղային կենտրոնների աշխատանքի խաթարման արդյունքում։

«35 սուտ հոգեբանության մասին» հոդվածաշարի մյուս հոդվածներին կարող եք ծանոթանալ՝ սեղմելով այստեղ։

Պահպանել այս էջը
Լավ ու Բարի
Լավ ու Բարի

Հոգեբանություն թեմայով ամենալավ ու բարի կայքը։