ՄԵՆՅՈւ

Սեանս «Ես ավելի շատ եմ սիրում իմ զուգընկերոջը, քան նա՝ ինձ»

Սիրային հարաբերությունները կարող են մարտահրավերներով լի լինել։ Թեև սիրո և սիրված լինելու գաղափարներում որոշակիություն չկա, սիրային հարաբերություններն, այնուամենայնիվ, պահանջում են գիտակցված ջանքերի ներդրում։

Եթե Ձեզ թվում է, որ ավելի մեծ ներդրումներ ունեք Ձեր հարաբերությունների պահպանման մեջ, մի նեղսրտեք։ Այդ զգացումը հարաբերությունների մեջ գտնվող մարդկանց շրջանում բավականին տարածված է։ Եթե դրա պատճառով Ձեզ հյուծված կամ ուժասպառ եք զգում, անհանգստանալու կարիք միևնույն է չկա՝ այդ զգացողությունները նույնպես օրինաչափ են։

Եկեք փորձենք միասին ինչ-որ բան անել այդ զգացման հետ։

Եթե Դուք զգում եք, որ ավելի շատ եք սիրում Ձեր զուգընկերոջը, քան նա Ձեզ, նախ պետք է հիշեք և մտապահեք մի բան․

Գոյություն չունեն սերը չափելու հստակ և օբյեկտիվ գործիքներ։

Տարբեր մարդիկ տարբեր կերպ են հասկանում և զգում սերը։ Այդ տարբերությունը նույնպես կարող է առաջացնել զգացում, թե Ձեզ ավելի քիչ են սիրում, քան՝ դուք։

Կտրվե՛ք մտքերից

Եթե Ձեզ ամբողջությամբ կուլ են տալիս անհավասար սիրո մասին մտքերը, առաջինն, ինչ պետք է անեք, դա մտքերի բարձրությունից ցած իջնելն է։ Դուք պիտի գտնվեք ներկայիս իրական պահում, որպեսզի կարողանաք առաջ շարժվել։

Նախ եկեք շնչառական վարժություն անենք։ Դա Ձեր թափառող մտքերը դանդաղեցնելու և դրանցից դեպի իրական կյանք վերադառնալու արդյունավետ եղանակ է։

Միացրեք տեսանյութը և հետևենք հրահանգներին։ Այն ընդամենը 1 րոպե է տևում։

Շատ լավ։ Այժմ Ձեզ փոքր ինչ ավելի լա՞վ եք զգում։ Ավելի հանգի՞ստ։

Սիրո լեզուները

Հնարավոր է, դուք կարծում եք, թե ավելի շատ եք սիրում Ձեր զուգընկերոջը, քան նա ձեզ, քանի որ ավելի հաճախ և առավել պատրաստակամությամբ եք սիրո նշաններ ցույց տալիս։ Սա նշանակում է, որ Դուք ավելի ազատ եք արտահայտում Ձեր զգացմունքները, քան Ձեր զուգընկերը։ Դա հրաշալի հատկություն է 💖

Սիրո լեզուն, սակայն, կարող է տարբեր լինել։ Գարի Չապմանն իր «Սիրո 5 լեզուները» գրքում նշում է, որ յուրաքանչյուր մարդ ունի իր սիրո հիմնական լեզուն՝ եղանակը, որով նա նախընտրում է փոխանցել և ստանալ սերը։

Այդ հինգ լեզուներն են․

  • Ծառայությունների մատուցում՝ զուգընկերոջ համար օգտակար արարքներ կատարելը,
  • Քաջալերող խոսքեր՝ զուգընկերոջն աջակցող խոսքեր ասելը,
  • Ֆիզիկական հպումներ՝ զուգընկերոջը մոտ գտնվելն ու նրան գուրգուրելը,
  • Իմաստալից նվերներ՝ զուգընկերոջը այնպիսի նվերներ անելը, որոնք վկայում են վերջինիս հանդեպ մտահոգ լինլելու մասին,
  • Որակյալ ժամանակ՝ զուգընկերոջ հետ իմաստալից ժամանակ անցկացնելը։

Ձեր սիրո լեզուն

Եկեք մի փոքր գրավոր աշխատանք կատարենք՝ մտքերը հստակեցնելու և օգտակար եզրահանգումներ անելու համար։ Գրեք 5 քայլ, որոնք կատարում եք՝ Ձեր զուգընկերոջ հանդեպ Ձեր սերն արտահայտելու համար։

* Ձեր լրացրած տեքստը ոչ ոք չի տեսնում և այն կանհետանա, երբ դուք փակեք այս էջը։

Նրա սիրո լեզուն

Դուք հիանալի աշխատանք կատարեցիք։ Այժմ կարդացեք Ձեր թվարկածը և փորձեք հասկանալ, թե որն է Ձեր սիրո լեզուն։ Այնուհետև թվարկեք 5 քայլ, որոնք կատարում է Ձեր զուգընկերը՝ Ձեր հանդեպ իր սերն արտահայտելու համար և պարզեք, թե որն է նրա՛ սիրո լեզուն։

* Ձեր լրացրած տեքստը ոչ ոք չի տեսնում և այն կանհետանա, երբ դուք փակեք այս էջը։

Կիրառե՛ք գիտելիքը

Այժմ, երբ դուք գիտեք Ձեր և Ձեր զուգընկերոջ սիրո լեզուները, նկատում եք դրանց նմանություններն ու տարբերությունները, եկեք մի պահ մտածենք, թե ինչպես կարող եք կիրառել այս նոր իմացությունը Ձեր հարաբերությունները բարելավելու համար։

Ինչպես արդեն ասացինք, մարդն ունի սերը փոխանցելու և ստանալու նախընտրելի եղանակ։ Դուք հստակեցրեցիք Ձեր և Ձեր զուգընկերոջ սիրո լեզուները և արդեն գիտեք, որ կարող եք արտահայտել Ձեր սերը նրա նախընտրած եղանակով և խնդրել նրան՝ արտահայտվել Ձեր նախընտրելի եղանակով։

Եկեք ամրապնդման համար գրի առնենք մեկական տող․

* Ձեր լրացրած տեքստը ոչ ոք չի տեսնում և այն կանհետանա, երբ դուք փակեք այս էջը։

* Ձեր լրացրած տեքստը ոչ ոք չի տեսնում և այն կանհետանա, երբ դուք փակեք այս էջը։

Զրուցե՛ք

Դուք ճանաչեցիք սիրո լեզուները և մի փոքր վարժվեցիք դրանք կիրառելու հարցում։ Այժմ կարող եք փորձել շփվել Ձեր զուգընկերոջ հետ՝ հաշվի առնելով միմյանց սիրո լեզուները։ Փորձեք երբեմն արտահայտել Ձեր սերն այնպես, ինչպես նախընտրում է Ձեր զուգընկերը և անքննադատ կերպով խնդրեք նրան, երբեմն արտահայտել իր սերը Ձեր նախընտրած եղանակով։

Մնում է միայն պարզ և համբերատար քննարկեք այս ամենը Ձեր զուգընկերոջ հետ։ Եթե Ձեզ թվում է, որ ավելի մեծ ներդրումներ եք անում ձեր սիրո մեջ, զրուցեք այդ մասին։ Միայն արդյունավետ զրույցի ընթացքում կարող եք գտնել լուծման բանալին։ Եվ անպայման ջանքեր գործադրեք նաև Ձեր զուգընկերոջը լսելու և հասկանալու ուղղությամբ։ Տևական հարաբերությունները տևական ջանքեր են պահանջում։ Գիտակից և բարյացակամ զրույցը այդ ջանքերի սկիզբն է։

Հավանեցի՞ք հոդվածը։ Տարածե՛ք այն։
Լավ ու Բարի
Լավ ու Բարի

Հոգեբանություն թեմայով ամենալավ ու բարի կայքը։

«1000 բարի» տեղեկաթերթ

Լրացրեք Ձեր էլփոստի հասցեն և ամսական մեկ անգամ ստացեք մեր հռչակավոր «1000 բարի» տեղեկաթերթը։