ՄԵՆՅՈւ

Ինչ է նևրոզը և ինչպես այն հաղթահարել

Ժամանակակից կլինիկական մոտեցումների համաձայն «նևրոզ» ախտորոշում գոյություն չունի և, հետևաբար, մտավոր առողջության մասնագետի կողմից որևէ մեկի մոտ «նևրոզ» չի կարող ախտորոշվել։

«Նևրոզ» բառով հաճախ նկարագրում են իռացիոնալ վախերը, կրկնվող և անկառավարելի մտքերը, որոշակի գործողություններ կատարելու անկառավարելի պահանջը, սեփական անձից կամ աշխարհից կտրված լինելու զգացումը և այլն։ Տասնյակից ավելի ախտորոշումներ նախկինում, լավ ուսումնասիրված և իրարից առանձնացված չլինելու պատճառով, անվանվել են «նևրոզ» բառով։ «Ներվ» (նյարդ) բառին նման լինելու պատճառով ժողովրդական լեզվում հաճախ «նևրոզ» են անվանում նաև բոլոր այն խնդիրները, որոնք, իբր, առաջանում են «նյարդերի» պատճառով։

Ամենևին էլ պարտադիր չէ մասնագետ լինել՝ հասկանալու համար, որ իրարից այդքան տարբեր խնդիրները չեն կարող միևնույն անվանումն ունենալ։ Մտավոր առողջության բոլոր խանգարումներն ու խնդիրներն էլ, բնականաբար, կապված են նյարդային համակարգի հետ, սակայն դա չի նշանակում, թե դրանք բոլորը «նևրոզներ» են։

Որևէ խանգարման բուժման կամ հոգեբանական խնդրի լուծման համար նախ և առաջ անհրաժեշտ է կատարել ճշգրիտ ախտորոշում։ Առանց խնդիրն հստակ պատկերացնելու՝ դրա հետ աշխատելը պարզապես անհնար է։ Ահա թե ինչու բազմանշանակ և անհստակ «նևրոզ» ախտորոշումն ընդունելի չէ և չի կարող հանգեցնել արդյունավետ բուժման կամ թերապևտիկ լուծումների։

Ինչու են մասնագետներն օգտագործում նևրոզ բառը

Հիվանդությունների միջազգային դասակարգման մեջ «նևրոզ» անունով հիվանդություն ներկայումս ներառված չէ։ Նման ախտորոշում չկա նաև մտավոր խանգարումների ամերիկյան դասակարգման մեջ։ Եվ քանի որ մասնագետներն, ախտորոշումը կատարելիս, օգտվում են հենց հիվանդությունների միջազգային դասակարգչից, կարելի է վստահորեն ասել, որ ֆորմալ առումով «նևրոզ» ախտորոշում չի կարող կատարվել։

Սակայն որոշ դեպքերում, նպատակահարմարությունից ելնելով, մասնագետը կարող է բանավոր կերպով «նևրոզ» ախտորոշել հետևյալ պատճառներով․

  • Խնդրի հետագա հստակեցման համար։ Մտավոր առողջության խնդիրների ախտորոշումը դյուրին չէ։ Հաճախ դրա համար պահանջվում են մեկից ավելի հանդիպումներ։ Այցելուին խնդրի առկայության մասին հուշելու և հետագայում ճշգրիտ ախտորոշում կատարելու համար մասնագետը կարող է ասել, որ վերջինիս մոտ առկա է «նևրոզ»։ Նման դեպքում այցելուն կարող է մանրամասնել, թե կոնկրետ ինչ ախտորոշում է կասկածում մասնագետը և շարունակել աշխատանքը՝ ստույգ ախտորոշում կատարելու նպատակով։
  • Այցելուին հասկանալի լինելու համար։ Մասնագետը կարող է նաև «նևրոզ» բառով անվանել մի շարք ախտորոշումներ՝ փորձելով ավելի հասկանալի լինել իր հաճախորդի համար։ Այն դեպքում, երբ հաճախորդը չունի բավարար գիտելիք՝ լսածը լիարժեքորեն ընկալելու համար, մասնագետը կարող է դիմել պարզեցման՝ նպատակ ունենալով հետագա հանդիպումների ընթացքում ավելի մանրամասն բացատրել խնդրի բնույթը։
  • Այցելուի մտավախությունների պատճառով։ Քանի որ «նևրոզ» բառի տակ թաքնված խնդիրներից շատերն հանդիսանում են մտավոր առողջության խանգարումներ, մասնագետը կարող է խուսափել այդ խանգարումների անունները բանավոր հնչեցնելուց՝ այցելուին չվախեցնելու համար։ Նման մոտեցումն, իհարկե, արդարացված չէ, սակայն կարող է բացատրվել մեր հասարակությունում մտավոր առողջության մասին հանրային ցածր իրազեկվածությամբ և մտավոր խանգարումներ ունեցող անցանց հանդեպ առկա խարանով։

Քանզի «նևրոզ» բառը գալիս է հոգեբանություն գիտության ակունքներից և իմաստային առումով ունի որոշակի պատմական զարգացում, մասնագետներից շատերը (հատկապես՝ ավագ սերունդը) կարող են պարզապես սովոր լինել այն օգտագործելուն։ «Նևրոզ» բառի օգտագործումն ինքնին չի կարող խոսել մասնագետի կարողությունների մասին կամ կասկածի տակ առնել վերջինիս բանիմացությունը։

Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր օրերում համացանցը հնարավորություն է ընձեռում իբրև հոգեբան ներկայանալ և ծառայություններ մատուցել նաև համապատասխան կրթություն կամ մասնագիտական կարողություններ չունեցող անձանց, կարող ենք թվարկել նաև որոշ դրսևորումներ, որոնց հանդեպ անհրաժեշտ է փոքր ինչ ավելի զգոն լինել։

  • «Նևրոզ» ախտորոշում։ Այն դեպքում, երբ մասնագետը «նևրոզ» է ախտորոշում, չի կարողանում մանրամասնել, թե կոնկրետ ինչ նկատի ունի և պնդում է, թե ախտորոշումը հենց «նևրոզ» է, կարելի է ենթադրել, որ վերջինիս գիտելիքները լավագույն դեպքում հնացած են։ Այս հոդվածի վերջին մասում մենք կթվարկենք այն ախտորոշումները, որոնք մասնագետի կողմից կարող են «նևրոզ» անվանվել։ Հոգեբանական ծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ գիտելիք ունեցող մասնագետը, մանրամասներ խնդրելու դեպքում, պիտի նշի այդ ախտորոշումներից որևէ մեկը (կամ այլ՝ մեր կողմից չնշված ախտորոշում)։ Յուրաքանչյուր ոք կարող է ինքնուրույն ստուգել նման ախտորոշման առկայությունը հիվանդությունների միջազգային դասակարգչում։ Դրա համար անհրաժեշտ է սեղմել այստեղ և որոնել հետաքրքրող խնդրի անվանումը։
  • Գերպաթոլոգիզացիա։ Գերպաթոլոգիզացիան սովորական երևույթների կամ խնդիրների ներկայացումն է հիվանդություններ նշանակող բառերի միջոցով (կամ պարզապես չափազանցելը)։ Քանզի «նևրոզ» բառը բավականին տարածված է հասարակության շրջանում և շատերին հասկանալի է, անբարեխիղճ մասնագետները կարող են օգտագործել այն հաճախորդներ ձեռք բերելու նպատակով։ Նման մարդիկ կարող են «նևրոզ» անվանել մեր բնական հույզերը, մտքերը և վարքը։ Վերջիններս հաճախ անձին անվանում են «նևրոտիկ» և օգտագործում այդ նույն ածականը ցանկացած տհաճ կամ անցանկալի փորձառություն նկարագրելիս (նևրոտիկ մտքեր, նևրոտիկ ցանկություններ և այլն)։

Կարևոր է հիշել, որ անձին չի կարելի է նույնացնել իր մտավոր առողջության հետ և անվանել հիվանդություններ նշանակող բառերով։ «Նևրոտիկ», «խանգարված», «հիսթերիկ» և նմանատիպ այլ բառերի օգտագործումը խարանի և խտրականության պատճառ է դառնում՝ ստեղծելով հասարակական լրջագույն խնդիրներ։

«Խանգարում» բառն ընդամենը նշանակում է, որ անձի մտավոր տիրույթում առկա են որոշակի առանձնահատկություններ, որոնք անսովոր են կամ չեն համապատասխանում ընդհանուր սպասումներին։

Ինչ կարող է նշանակել «նևրոզ» ախտորոշումը

Ինչպես արդեն ասացինք, «նևրոզ» բառով կարող են անվանվել մտավոր առողջության մի շարք խնդիրներ։ Հիվանդությունների միջազգային և ամերիկյան դասակարգիչներում նախկինում «նևրոզ» անվանվող խանգարումներից մի քանիսն են․

  • Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում։ Այս խանգարման նշաններից են անհանգստություն պատճառող կրկնվող մտքերն ու պահանջները, որոնք անհատն ի վիճակի չէ դադարեցնել, ինչպես նաև այդ մտքերի և պահանջների պատճառով առաջացող կրկնվող վարքաձևերը։
  • Ընդհանրացված տագնապային խանգարում։ Այս խանգարման նշաններից է տևական ժամանակ պահպանվող և գրեթե ամեն օր առկա տագնապն ու անհանգստությունը, որոնք դրսևորվում են կյանքի տարբեր բնագավառների հետ կապված մտավախությունների ձևով։
  • Սոցիալական տագնապային խանգարում։ Այս խանգարման նշաններից են տևական ժամանակ պահպանվող և գրեթե յուրաքանչյուր սոցիալական իրավիճակում (մարդկանց շրջապատում) արտահայտվող տագնապն, անհանգստությունը և մտավախությունները։
  • Հետտրավմատիկ սթրեսային խանգարում։ Այս խանգարումն առաջանում է տրավմատիկ իրադարձության անմիջական մասնակիցը կամ ականատեսը լինելու, ինչպես նաև մտերիմի հետ պատահած տրավմատիկ իրադարձության մասին նկարագրություններ լսելու արդյունքում (մահ, ծանր հիվանդություն, պատերազմ, բնական աղետներ, սեռական բռնություն և այլն)։ Այս խանգարման նշաններից են պատահած դեպքի մասին ակամա կրկնվող հիշողությունները և երազները, բացասական տրամադրությունը, դրական հույզեր զգալու անկարողությունը, դեպքի հետ կապված անհարմար հիշողություններից, մտքերից և հույզերի արտահայտումից խուսափելը, քնի խանգարումը, դյուրագրգիռությունը, կենտրոնացման հետ կապված խնդիրները և այլն։
  • Հիպոխոնդրիա։ Այս խանգարման նշաններից են մեկ կամ մի շարք հիվանդություններով հիվանդանալու հետ կապված անհանգստությունն ու մտավախությունները, բազմակի բուժզննումների դիմելը, հիվանդությունների մասին տեղեկատվություն հավաքելուն չափազանց շատ ժամանակ տրամադրելը կամ ընդհակառակը՝ հիվանդությունների հետ կապված ցանկացած տեղեկատվությունից հիվանդագին խուսափելը։

Կարևոր է հիշել, որ մտավոր առողջության խանգարումները ենթակա չեն ինքնաախտորոշման։ Որևէ խանգարման մասին ընթերցելը և թեկուզ լիարժեք նմանություն գտնելը չի կարող ախտորոշում համարվել, քանի դեռ միևնույն եզրակացությունը չի կատարվել մասնագետի կողմից։

Որպես կանոն՝ հոգեբանի կողմից կատարվող նախնական ախտորոշիչ աշխատանքը պահանջում է 1-3 սեանս։ Ի թիվս այլ մասնագետների, ախտորոշում ստանալու համար դուք կարող եք դիմել նաև «Լավ ու Բարի» կայքում գրանցված մասնագետներից մեկին՝ սեղմելով այստեղ։

Ինչով է նևրոզը տարբերվում նեյրոտիզմից

«Նևրոզ» կամ «նևրոտիկ» բառերն հեշտ է շփոթել «նեյրոտիզմ» բառի հետ։ Իմաստային առումով այս բառերը ևս ունեն որոշ ընդհանրություններ։ Այդ պատճառով էլ, տեղին ենք համարում «նևրոզին» նվիրված հոդվածում փոքրիկ անդրադարձ կատարել նաև նեյրոտիզմին։

Ժամանակակից հոգեբանական գիտությունների համաձայն, նեյրոտիզմը դա մարդու անձի հինգ հիմնական գծերից մեկն է։ Այսինքն՝ մեր անձը պարտադիր կերպով բաղկացած է հինգ գծերից, որոնցից մեկը նեյրոտիզմն է։ Նեյրոտիզմն անվանում են նաև «բացասական հուզականություն», «հուզական կայունություն», «զգայունություն» և այլն։ Այն արտահայտվում է ցածրից-բարձր առանցքի տեսքով, որտեղ մարդկանց մեծ մասը միջին դիրք է զբաղեցնում, այսինքն՝ ունի միջին նեյրոտիզմ։

Նրանք, ովքեր ունեն բարձր նեյրոտիզմ, ավելի վտանգավոր են տեսնում աշխարհը, առավել հակված են վախերի և տագնապների, ավելի ինքնակենտրոնացված են և ամաչկոտ, մյուսների համեմատ՝ առավել հակված են տրամադրության տատանումների, դեպրեսիայի, անհանգստության, խանդի, նախանձի և այլն։

Նեյրոտիզմը (ինչպես նաև անձի մյուս չորս գծերը) ունեն կենսաբանական ծագում և պայմանավորված են մեր նյարդային համակարգով։ Անձնային գծերը հարաբերականորեն կայուն են պահպանվում ողջ կյանքի ընթացքում և արմատական փոփոխման ենթակա չեն։ Հոգեթերապիայի միջոցով մենք կարող ենք սովորել ճանաչել մեր անձնային գծերը և մեզ համար ավելի օգտակար կերպով վարվել դրանց հետ։ Կարևոր է հիշել, որ բարձր նեյրոտիզմը մտավոր առողջության խանգարում չէ, դրա հետ աշխատանքը երկար չի տևում, սակայն կարող է էականորեն բարելավել մեր ինքնազգացողությունն ու կյանքի որակը։

Ի թիվս այլ մասնագետների, բարձր նեյրոտիզմի հետ աշխատելու համար կարող եք դիմել նաև մեր կայքում գրանցված մասնագետներից մեկին՝ սեղմելով այստեղ։

Ամփոփենք իմացածը

«Նևրոզ» բառը պատմական տերմին է, որը մեր օրերում կորցրել է իր կոնկրետ նշանակությունը։ Այդ տերմինով կարող են անվանվել մեկ տասնյակից ավելի ախտորոշումներ։ Նախքան հոգեբանական խնդիրների շտկմանն անցնելը՝ անհրաժեշտ է պարտադիր կերպով կատարել ճշգրիտ ախտորոշում։ Պարզապես «նևրոզ» ախտորոշելը և «բուժելը» հակաարդյունավետ է։

«Նևրոզ» անվանվող բոլոր ախտորոշումները կարող են բուժվել միայն մտավոր առողջության մասնագետի (հոգեթերապևտի, հոգեբույժի) կողմից։

Երբեմն «նևրոզ» կարող են անվանել նաև բարձր նեյրոտիզմը։ Թեև նեյրոտիզմը մեր անձի հիմնական գծերից է և չի հանդիսանում ախտորոշում, այդ գծի շոշափելի արտահայտվածությունը կարող է բացասաբար ազդել մեր կյանքի որակի վրա։ Այն դեպքերում, երբ բարձր նեյրոտիզմը զգալի անհարմարություն է պատճառում, կարող են օգտակար լինել հոգեթերապևտի ծառայությունները։

Պահպանե՛ք այս էջը
Գրիգոր Մուրադյան
Գրիգոր Մուրադյան

Հոգեթերապևտ Գրիգոր Մուրադյանը «Լավ ու Բարի» կայքի խմբագիրն է։ Մասնագետը կօգնի Ձեզ, եթե ունեք տհաճ կամ անցանկալի հույզերի հետ կապված խնդիրներ, ինքնագնահատականի կամ ինքնավստահության հետ կապված խնդիրներ, ուշադրության և ինքնակառավարման հետ կապված խնդիրներ, սթրես, նյարդային լարվածություն, տագնապներ և այլն։

Մասնագետն աշխատում է կոգնիտիվ-վարքային թերապիայի և դրա հիման վրա ստեղծված ժամանակակից այլ մեթոդներով։ Տրամադրում է նաև ուղղորդվող ինքնօգնության ծառայություն։

Հոգեբանին կարող եք դիմել՝ սեղմելով այստեղ։