Թեև համացանցում տարածվող «հոգեբանական» թեստերը մեծ պահանջարկ ունեն, դրանց գերակշռող մեծամասնությունն ամենևին էլ հոգեբանական չէ։ Նման թեստերն հիմնականում նախատեսված են միայն զվարճանքի համար և անձի մասին որևէ ճշգրիտ տվյալ չեն հաղորդում։
Սակայն ինչպե՞ս է ստացվում, որ «հոգեբանական» այդ թեստերը շարունակում են մեզ ճշմարտացի թվալ։ Եկեք տեսնենք, թե ինչ հնարքների օգտագործման միջոցով է ստեղծվում ճշմարտության այդ պատրանքը։
Բարնումի էֆեկտ
Բարնումի էֆեկտ է կոչվում այն երևույթը, երբ անձն հավատում է, որ հավասարապես բոլորին համապատասխանող տեղկությունն հենց իր մասին է։ Սա իմացական աղավաղում է, որն առաջանում է մեր՝ ընդհանրականն անձնականացնելու բնական հակումից՝ մենք ինքնաբերաբար մեզ վրա ենք վերցնում այն, ինչ իրականում հավասարապես յուրաքանչյուրին է վերաբերում։ Բարնումի էֆեկտի առաջացման մեջ դերակատարում ունի նաև սուբյեկտիվ հաստատում կոչվող իմացական աղավաղումը։ Համաձայն դրա՝ մենք ենթագիտակցաբար ճշմարիտ ենք ընդունում այն, ինչ համապատասխանում է մեր շահերին կամ ունի մեզ համար անձնական նշանակություն։
Վերոնշյալն հաշվի առնելով՝ հեշտ է եզրակացնել, որ Բարնումի էֆեկտն ավելի արդյունավետ է լինում դրական նկարագրությունների դեպքում։ Դրանք մեր կողմից հեշտությամբ են ընդունվում և գրեթե չեն ենթարկվում քննադատության։
Բարնումի էֆեկտի կիրառման ամենահայտնի օրինակներից են աստղագուշակները (հորոսկոպ)։ Թեև դրանք կազմված են չափազանց ընդհանրական և մշուշոտ նկարագրություններից, շատերը մինչ օրս հավատում են, որ հորոսկոպում նկարագրվածն հենց իրենց մասին է։ Այսինքն՝ հորոսկոպների «կանխագուշակումներն» այնպես են ստեղծվում, որպեսզի համապատասխանեն հնարավորինս մեծ թվով մարդկանց, և պատահական չէ, որ դրանցում մենք հաճախ գտնում ենք նաև մեզ։
Բարնումի էֆեկտի կիրառման այլ օրինակներ են տարո քարտերով գուշակությունները և այլ գուշակություններ, ինչպես նաև ժամանակակից կայքերում հանդիպող «հենց ձեզ համար ընտրված» բովանդակությունը։
Այս էֆեկտը լայնորեն կիրառվում է նաև առցանց «հոգեբանական» թեստերում, երբ մի քանի պարզ հարցի պատասխանելուց հետո մեզ տողատակով գովում են կամ նմանեցնում այն անձանց, ում կցանկանայինք նմանվել։ Աստղագուշակների պես, նման թեստերը նույնպես շահագործում են մեր՝ ընդհանրականն անձնականացնելու միտումը՝ տրամադրելով աղոտ և գրեթե յուրաքանչյուրին համապատասխան նկարագրություններ։
«Հոգեբանական» թեստերում Բարնումի էֆեկտը շահագործող արտահայտությունների օրինակներ են՝ «Ձեր սպասումներից որոշներն անիրատեսական են», «Դուք գտնում եք, որ բոլորի առջև սիրտը բացելը խելամիտ չէ», «Երբեմն ձեզ համակում են կասկածներն՝ արդյոք ճիշտ եք վարվել, թե՝ ոչ»։
Փոխադրություն
Համացանցում տարածվող «հոգեբանական» թեստերում կիրառվող մեկ այլ հնարք է փոխադրությունը (պարաֆրազ), երբ թեստի ստեղծողները պարզապես վերցնում են այն արտահայտությունները, որոնց հետ մենք համաձայնվել էինք և այլ բառերով վերաշարադրում դրանք իբրև թեստի պատասխաններ։
Այսպես, օրինակ, երբ մենք համաձայնվում ենք «Ես նախընտրում եմ ակտիվ հանգիստ» արտահայտության հետ, թեստի պատասխաններում կարող ենք կարդալ․ «Դուք ուժերով եք լիցքավորվում ընկերների շրջապատում։ Բնության գրկում անցկացրած ժամանակը, սպորտը կամ ակումբներ այցելելը կարող են օգնել ձեզ լիցքաթավել և նոր եռանդով շարունակել սկսածը»։
Կարիք չկա նշելու, որ նման փոխադրություններ կազմելու համար ամենևին էլ պարտադիր չէ հոգեբան լինել։ «Հոգեբանական» այդ թեստերը կարող են կազմվել հենց կայքերի հեղինակների կողմից։
Իրական հոգեբանական թեստեր
Իհարկե, համացանցում տարածվող ոչ բոլոր թեստերն են կեղծ։ Իրական հոգեբանական թեստերը ստեղծվում են մտավոր առողջության մասնագետների կողմից, ստուգվում գիտական եղանակով և հարմարեցվում յուրաքանչյուր տարածաշրջանին կամ մշակույթին։ Դրանց արդյունքների հաշվարկը հաճախ բարդ է և կարող է իրականացվել միայն համապատասխան մասնագետի կողմից, թեև համացանցում առկա են նաև ավտոմատ հաշվարկմամբ գիտական թեստեր։
Իրական հոգեբանական թեստերում մարդկանց մեծ մասը գտնվում է չափվող առանցքի միջին հատվածում։ Հանրամատչելի թեստերը, սակայն, հաճախ առաջնորդվում են սև և սպիտակ մտածողությամբ, որը թեև ճշտգրիտ չէ, սակայն որոշ մարդկանց համար կարող է ավելի հասկանալի և գրավիչ լինել։
Այսպես, օրինակ, երբ մենք մեզ ինտրովերտ ենք համարում, կեղծ հոգեբանական թեստի միջոցով պարզելով, թե իսկապես ինտրովերտ ենք, կարող ենք դրական ապրումներ ունենալ, մինչդեռ «ինտրովերսիա-էքստովերսիա առանցքում 45 միավոր հավաքելը» կարող է նույնքան հասկանալի և ցանկալի չլինել։ Մեջտեղում գտնվելը ոչ միայն զվարճալի չէ, այլ նաև զրկում է մեզ յուրահատուկ լինելու զգացումից։
Ուշադրություն դարձրեք նաև այն հանգամանքին, որ իրական հոգեբանական թեստերի արդյունքներն հիմնականում ոչ թե նկարագրական են, այլ վիճակագրական։ Այդ արդյունքները կարող են արտահայտվել թվերի միջոցով (հնարավոր 100-ից, 40 միավոր) կամ ներկայացվել համեմատության տեսքով (ձեր տարիքի և սեռի անձանց համեմատ 30 տոկոս ավելի) և այլն։ Գիտական եղանակով ստեղծված հոգեբանական թեստերի կանխատեսումները նույնպես վիճակագրական են և հենվում են իրական տվյալների վրա։
«Լավ ու Բարի» կայքի թեստեր բաժնում ներկայացված թեստերը, թեև գիտական են, սակայն հանդիսանում են բնօրինակ թեստերի պարզ թարգմանություն։ Դրանք ստուգված չեն հայ հասարակության շրջանում և կարող են էական թերհաշվարկներ ունենալ։ Չնայած դրան՝ մեր կայքում ներկայացված թեստերը կեղծ հոգեբանական թեստերի համամատ զգալի առավելություն ունեն՝ դրանք գիտական են և ստուգված առնվազն արևմտյան երկրներում։
Վերոնշյալն իհարկե չի նշանակում, թե կեղծ հոգեբանական թեստերը լրիվ անօգուտ են։ Դրանք հնարավորություն են տալիս մեզ խորհելու սեփական անձի և այլ անձանց մասին, ճանաչել և ընդունել միմյանց տարբերությունները, բարելավել սեփական ինքնաճանաչումը և այլն։ Դրանք նաև կարող են բարձրացնել մեր տրամադրությունը և որոշ ժամանակ զվարճացնել մեզ։