Տոների հետ կապված մեր ծեսերից և ավանդույթներից շատերը կենտրոնանում են ընտանիքի և միասնության շուրջ։ Պատահական չէ, որ միայնության զգացումն իրեն զգացնել է տալիս հատկապես տոն օրերին։
Ամանորի գիշերվա հետ կապված միայնության զգացման հիմնական պատճառներից են․
- Ամուսնալուծությունը կամ բաժանումը,
- Մտերիմի մահը,
- Արտագաղթը կամ բնակավայրի փոփոխությունը,
- Տանից երեխաների հեռանալը (ամուսնություն, զինվորական ծառայություն),
- Աշխատանքի կորուստը կամ փոփոխությունը,
- Համեմատություններն այլոց կյանքի հետ։
Նոր տարին միայնության մեջ դիմավորելը ոչ բոլորի կողմից է բացասական ընկալվում։ Ոմանց թեթևություն է պատճառում ծեսերը չպահպանելու և նախապատրաստություն չտեսնելու հանարավորությունը։ Ոմանք վայելում են իրենց առանձնությունը և ժամանակ հատկացնում ինքնախնամքին։ Չէ՞ որ առանձնության պահանջը հատուկ է յուրաքանչյուր մարդու և կարող է արտահայտվել անգամ Ամանորի գիշերը։
Միայնության և առանձնության մասին ավելին կարող եք կարդալ մեր «Ինչ է միայնությունը և ինչպես այն հաղթահարել» հոդվածում՝ սեղմելով այստեղ։
Ոմանց էլ Ամանորի գիշերվա միայնության զգացումն անհանգստություն և անհարմարություն է պատճառում։ Նոր Տարին միայնակ դիմավորելու հետ կապված սպասումն էլ, իր հերթին, կարող է տագնապի պատճառ դառնալ՝ փչանցնելով նաև նախատոնական տրամադրությունը։
Նախատոնական տագնապները նվազեցնելու համար անհրաժեշտ է ծրագրել Ամանորի գիշերվա անելիքները և հստակ պատկերացում ունենալ, թե ինչպես պիտի դիմավորենք Նոր Տարին։ Ահա մի քանի տարբերակ, որոնք կարող են նվազեցնել անորոշության զգացումը․
Ամփոփել տարին
Ամանորի գիշերը ճիշտ ժամանակն է անցած տարին ամփոփելու և համապատասխան հետևություններ կատարելու համար։ Միայնությունը և անդորրը հարմար պայմաններ են ստեղծում դա անելու համար։ Օգտվեք թուղթ ու գրիչից կամ համակարգչային որևէ ծրագրից՝ ձեր տարվա ամփոփիչ «հաշվետվությունը» կազմելու համար։ Կազմակերպեք անձնական «մրցանակաբաշխություն»՝ ընտրելով տարվա լավագույն օրը, տարվա վատագույն օրը, տարվա ընթացքում դիտած ամենալավ ֆիլմը, տարվա ամենակարևոր մարդը, տարվա մեծագույն ձեռքբերումը, տարվա մեծագույն հիասթափությունը և այլն։
Մի շտապեք և յուրաքանչյուր «անվանակարգի» համար նախ ընտրեք մի քանի տարբերակ, ապա նոր կայացրեք որոշումը։ Մտածեք նաև այն մասին, թե ինչու եք նախապատվություն տալիս այս կամ այն իրադարձությանը, անձին կամ առարկային։ Ընդգծեք «հաղթողներին» և մեկ տողով բացատրեք, թե ինչու եք հենց այդ որոշումը կայացրել։ Սա օգտակար է անձնական արժեքներն ու ուղենիշները հստակեցնելու համար։
Գոհություն հայտնել
Մտավոր առողջության մասնագետներն համոզված են, որ գոհություն հայտնելը կարող է բարելավել մեր տրամադրությունն ու ինքնազգացողությունը։ Գոհություն հայտնելու ամենապարզ եղանակը պարզապես մտածելն է։ Անհրաժեշտ է միայն այս գործունեության համար որոշակի ժամանակ նախատեսել և այդ ընթացքում կենտրոնանալ բացառապես գոհություն հայտելու շուրջ։ Ամանորի գիշերը դա կարելի է անել, օրինակ, կեսգիշերից հինգ րոպե առաջ։
Այդ ընթացքում անհրաժեշտ է մտածել սեփական անձի, կյանքի և մեզ շրջապատող մարդկանց մասին՝ կենտրոնանալով միայն այն գործոնների վրա, որոնցից մենք գոհ ենք։ Այնուհետև անհրաժեշտ է մտովի արտահայտել սեփական գոհությունը՝ օգտագործելով «գոհ եմ, որ…», «շնորհակալ եմ, որ…» և նմատատիպ այլ նախադասություններ։
Անկախ հանգամանքներից, յուրաքանչյուրիս կյանքում էլ կան բաներ, որոնց համար կարող ենք գոհություն հայտնել։ Մենք կարող ենք գոհ լինել մեր առողջական վիճակից, սնունդից կամ բնակարանից։ Մեզ կարող են գոհացնել եղանակը, սուրճի բույրը, կարճ զրույցները և այլն։
Անկեղծ գոհություն հայտնելը և մեր կյանքում առկա հանգամանքների կամ մարդկանց հանդեպ գնահատանքով լի վերաբերմունք դրսևորելը կարող են նվազեցնել միայնության զգացումն ու տխրությունը՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ թեև ներկա պահին մենք միայնակ ենք, տարվա ընթացքում ուրախ և երջանիկ լինելու բազմաթիվ առիթներ ենք ունեցել։
Ընդունել հրավերները
Երբեմն, տեղեկանալով մեր միայնակ լինելու մասին, բարեկամները կամ ընկերները կարող են Նոր Տարին իրենց հետ դիմավորելու կամ կեսգիշերից հետո իրենց այցելելու առաջարկ անել։ Հաճախ մենք անմիջապես մերժում ենք նման առաջարկները՝ մտածելով, թե կարող ենք անհարմարություն պատճառել և լրացուցիչ հոգսերի պատճառ դառնալ։ Նման դեպքերում առավել նպատակահարմար է, մերժելու փոխարեն, մտածելու ժամանակ խնդրելը։
Մի ձգձգեք որոշման կայացումը մինչև վերջին պահը։ Ծանրութեթև արեք առաջարկներն ընդունելու դրական և բացասական կողմերը։ Զրուցեք ձեզ հրավիրողի հետ և հայտնեք ձեր մտավախությունները։ Առաջարկեք մասնակցություն ունենալ տոնի կազմակերպմանը՝ որևէ ճաշատեսակ պատրաստելով կամ այլ պարագաներ ձեռք բերելով։
Իրավիճակին նայեք նաև ձեր ընկերոջ կամ հարազատի աչքերով։ Ձեզ հրավիրելը մի համարեք խղճահարության արտահայտում։ Մտերիմին միայնակ չթողնելու ցանկությունը սիրո և հոգատարության արտահայտում է։ Երախտագիտությամբ և փոխադարձելու պատրաստակամությամբ ընդունեք ձեզ արվող առաջարկները։
Զվարճանալ կամ զարգանալ
Դիմավորեք Նոր Տարին՝ ժամանակ տրամադրելով ձեր սիրելի զբաղմունքներին։ Վաղուց կարդացած մի լավ գիրք վերընթերցելը կամ սիրելի ֆիլմերից մեկը ևս մեկ անգամ դիտելը կարող են հաճելի հիշողություններ պարգևել և զվարճացնել ձեզ Ամանորի գիշերը։
Մեկ օրը բավարար է ինքնօգնության հետ կապված որևէ գիրք կարդալու կամ կարճ դասընթաց անցնելու համար։ Գտեք ձեր խնդիրների լուծման կամ ինքնակատարելագործման թեմայով որևէ գիրք կամ դասընթաց և նվիրեք այն ինքներդ ձեզ։ Այդ հրաշալի նվերը ոչ միայն մեկ օրով կազատի ձեզ միայնության զգացումից, այլ նաև փոփոխություններ կբերի ողջ տարվա ընթացքում։
«Լավ ու Բարի» կայքում մենք ունենք նաև հոգեբանության և ինքնակատարելագործման թեմաներով գրքերի կատալոգ։ Այնտեղ կարող եք գտնել մեր կողմից ընթերցված և խորհուրդ տրվող գրքերը, և պարզել, թե որտեղից դրանք կարող եք ձեռք բերել։ Գրքերը տեսնելու համար պետք է սեղմել այստեղ։
Հեռակա կապ հաստատել
Միայնության զգացումը նվազեցնելու ամենից պարզ եղանակը մտերիմների հետ կապ հաստատելն է։ Այն դեպքերում, երբ ֆիզիկական ներկայությունը հնարավոր կամ ցանկալի չէ, կարելի է կապ հաստատել հեռախոսազանգերի կամ սոցիալական ցանցերի միջոցով։
Գրեք ձեր մտերիմներին ու ծանոթներին և շնորհավորեք նրանց Նոր Տարին։ Սպասեք պատասխանների և զրուցեք նրանց հետ, ովքեր պատրաստակամություն կհայտնեն։ Հիշեք, որ միայն դուք չեք Նոր Տարին միայնության մեջ դիմավորում։ Միայնության զգացում հաճախ կարելի է ունենալ նաև՝ գտնվելով այլոց շրջապատում։
Կապ հաստատելով ընկերների և մտերիմների հետ, դուք կարող եք բարձրացնել նաև բոլոր նրանց տրամադրությունն, ովքեր այդ պահին ընկերակցության կամ հարազատ հոգու կարիք ունեն։
Հիշել, որ դա միայն մեկ օր է
Ամանորի գիշերը երկար չի տևում։ Հունվարի 1-ի առավոտյան արդեն ամեն ինչ կսկսի իր հունի մեջ ընկնել և Նոր Տարին միայնակ դիմավորելու հետ կապված անհարմար ապրումները դանդաղ կանհետանան։ Հավանաբար դուք էլ, ինչպես մեզանից շատերը, տարվա ընթացքում ունեցել եք ևս մի քանի բարդ օրեր, որոնք կարողացել եք ինչ-որ կերպ հաղթահարել և առաջ շարժվել։
Ամանորի գիշերն անցկացնելու համար օգտվեք վերոնշյալ խորհուրդներից կամ գտեք ձեզ համար որևէ այլ զբաղմունք, ցրվեք փոքր ինչ կամ պարզապես քնեք և հանգստացեք։ Թողեք մտորումներն հաջորդ օրվան և տեսեք, թե ինչպես կարող է նոր տարին փոխել ձեր մտքերը։
Անցած տարիներնի բոլոր տոները չէ, որ մեր ուզածով են անցել։ Երբեմն մենք կարոտով ու քաղցր դառնությամբ ենք հիշում նաև այդպիսի օրերը։