Անկախ նրանից, թե ինչ բնույթի է մեր աշխատանքը՝ լրիվ աշխատանքային օր, հեռավար աշխատանք, թե տնային տնտեսություն, մեզանից յուրաքանչյուրին անհրաժեշտ է որևէ կերպ կազմակերպել օրը։ Կատարելապաշտությունը, պրոկրաստինացիան (ձգձգումը) և միաժամանակ մի քանի գործ անելու միտումը կարող են անգամ ամենից արդյունավետ մարդուն խանգարել առաջ շարժվելիս։
Իլոն Մասկի և Բիլ Գեյթսի պես մարդկանց կարծիքով՝ ժամանակն արդյունավետ կազմակերպելու գաղտնիքը ժամանակացույց ունենալու մեջ է։ Վերջիններս օգտագործում են միկրոժամանակացույցի տեխնիկան, որը կիրառելիս՝ անհրաժեշտ է բաժանել օրը 5 րոպե տևողությամբ հատվածների և համապատասխան կերպով դասավորել դրանք։
Իհարկե, շատերիս համար այդօրինակ մանրակրկիտ պլանավորումը կարող է հարմար կամ պիտանի չլինել, սակայն օրը որոշակի տևողությամբ հատվածների բաժանելու և այդ հատվածներն անհրաժեշտ կերպով դասավորելու մոտեցումն իսկապես կարող է իր օգուտներն ունենալ։
«Ժամանակի հատում» կոչվող տեխնիկան օգնում է կատարել այդ աշխատանքը՝ միաժամանակ կենտրոնանալով միայն մեկ անելիքի շուրջ։
Ինչու պետք չէ միաժամանակ մի քանի բան անել
Գիտափորձերի արդյունքում պարզվել է, որ միաժամանակ մի քանի գործ արդյունավետ կատարելուն (տարբեր տվյալներով) ընդունակ է մարդկանց մոտավորապես 2.5%-ը։ Թեև շատերին թվում է, թե իրենք նույնպես կարող են անել դա, իրականում երկու գործ միաժամանակ կատարողների մեծ մասը թերի է կատարում այդ գործերից յուրաքանչյուրը։
Յուտայի համալսարանում իրականցված մի հետազոտության արդյունքում պարզվել է նաև, որ միաժամանակ մի քանի գործ կատարող մարդիկ ավելի հեշտությամբ են շեղվում, պակաս արդյունավետ են, թույլ են տալիս ավելի շատ սխալներ և ավելի քիչ միավորներ են հավաքում հիշողությունը ստուգող թեստերի արդյունքում։
Մի անելիքից մյուսին արագ անցնելը նույնպես կարող է ազդել արդյունքների վրա։ Մենք առավել արդյունավետ ենք կատարում այն աշխատանքը, որին տրամադրում ենք մեր ողջ ուշադրությունը։ Ավելին՝ նեյրոգիտնականները զգուշացնում են, որ սովորեցնելով մեզ միաժամանակ մի քանի բան անելուն՝ մենք ասես տրոհում ենք մեր ուշադրությունը, ինչը հետագայում ազդում է անգամ պարզ առաջադրանքների կատարման վրա։
Ինչպես կիրառել «Ժամանակի հատման» տեխնիկան
«Ժամանակի հատումը» ժամանակի կառավարման տեխնիկա է, երբ մենք առանձնացնում ենք տարբեր ժամանակահատվածներ՝ տրամադրելով դրանցից յուրաքանչյուրը բացառապես մեկ առաջադրանքի։
Օրինակ՝ էլեկտրոնային նամակներ կամ սոցիալական ցանցերից ծանուցումներ ստանալիս՝ ամեն անգամ հեռախոսը վերցնելու փոխարեն՝ առանձնացնում ենք օրվա որոշակի հատված՝ բաց թողած զանգերին կամ նամակներին պատասխանելու և սոցիալական ցանցերը ստուգելու համար։
Ժամանակի այսօրինակ կառավարումը ոչ միայն հեշտացնում է գործերի կատարումը, այլ նաև հնարավորություն է տալիս ավելի մեծ ազդեցություն ունենալ մեր օրվա վրա և առաջնահերթության կարգով դասավորել անելիքները։ Այսպիսով՝ մենք կարող ենք յուրաքանչյուր կարևոր առաջադրանքին հատկացնել մեկական ժամ օրվա սկզբին, իսկ անկարևոր անելիքներին տրամադրել մեկ ժամ օրվա կեսին կամ աշխատանքային օրվա ավարտին։
«Ժամանակի հատման» տեխնիկան կիրառելու համար անհրաժեշտ է կատարել 5 պարզ քայլեր։ Եկեք ծանոթանանք դրանցից յուրաքանչյուրին․
1. Կազմել գործերի ցուցակ
Նախ անհրաժեշտ է կազմել առաջիկա շաբաթվա անելիքների ցուցակը։ Այնտեղ կարող են ընդգրկվել աշխատանքային նախագծերը, ընտանեկան պարտականությունները, ֆիզիկական վարժությունները և ցանկացած այլ բան, որը պլանավորում ենք կատարել։ Գործերի ցուցակում պետք է ներառել նաև սնունդի պատրաստումը, հանգիստը և առօրյա մյուս բոլոր գործերը, որոնք այսպես, թե այնպես անելու էինք։
2. Որոշել առաջնահերթությունները
Երբ ցուցակն արդեն պատրաստ է, պետք է աչքի անցկացնել այն և աստղիկերով (կամ որևէ այլ կերպ) նշել այն անելիքները, որոնք առաջիկա շաբաթվա առաջնահերթություններն են՝ կարևոր են, կամ՝ անհետաձգելի։ Անհրաժեշտ է սահմանափակել նման գործերի թիվը՝ թողնելով օրական երկու-երեք կարևոր գործ։ Առաջնահերթություն տալու նպատակն այն է, որպեսզի ժամանակի բաշխման ընթացքում կարևոր առաջադրանքներին տրվեն ժամանակային առումով առավել նպաստավոր միջակայքերը (օրինակ՝ առավոտյան ժամերը)։
3. Ստեղծել օրվա կաղապար
Հաջորդ քայլը մտածելն է, թե յուրաքանչյուր օր որքան ժամանակ ունենք և որքան ժամանակ ենք ցանկանում տրամադրել մեր ցուցակի յուրաքանչյուր անելիքին։ Հետագա գործողությունները կարելի է իրականացնել ինչպես մաքուր թղթի վրա, այնպես էլ համակարգչային ծրագրում կամ հատուկ նախատեսված օրագրում։
Անհրաժեշտ է որոշել ժամանակային այն միջակայքը, որի ընթացքում ծրագրում ենք կատարել պլանավորած գործերը։ Օրինակ՝ 07:00-20:00։
Այնուհետև այդ միջակայքում պետք է տեղադրել այն գործերը, որոնք կատարում ենք ամեն օր (օրինակ՝ ինքնախնամքը, ֆիզիկական վարժությունները, դեպի աշխատավայր և աշխատավայրից տուն տեղափոխվելը, սնվելը և սնունդի պատրաստումը)։ Կարևոր է հիշել նաև, որ հանգստյան օրերի համար անհրաժեշտ է ստեղծել մեկ այլ կաղապար։
Որոշ մարդկանց անհրաժեշտ է լինում յուրաքանչյուր շաբաթ մշակել նոր կաղապարներ, մյուսներն ունեն առավել կառուցվածքավորված և կանխատեսելի աշխատանքային օր և ամեն շաբաթ օգտագործում են միևնույն կաղապարը։ Այս երկու մոտեցումն էլ հավասարապես արդյունավետ են։
4. Բաշխել ողջ օրը
Երբ օրվա կաղապարը պատրաստ է և մենք արդեն աչքի առաջ ունենք մեր ազատ ժամերը, կարող եք սկսել շաբաթվա գործերի պլանավորումը։ Անհրաժեշտ է նախ ժամանակացույցի ամենից հարմար ազատ ժամերին տեղադրել անելիքների ցուցակում աստղիկներով նշած գործերը՝ բաշխելով դրանք այնպես, որ շաբաթվա վերջում իսկապես հնարավոր լինի ավարտին հասցնել։ Երբ կարևոր անելիքը շատ ժամանակ է պահանջում, այն կարելի է տրոհել և բաշխել մի քանի օրվա մեջ։ Այնուհետև ազատ մնացած հատվածներում պետք է տեղադրել շաբաթվա անելիքների ցուցակում ներառած մյուս գործերը։
5. Հետևել ժամանակացույցին
Երբ արդեն մշակել ենք մեր ժամանակացույցը, պետք է հետևողական լինել դրանից չշեղվելու հարցում։ Անկանխատեսելի հանգամանքների առաջացման դեպքում կարելի է ճկունություն ցուցաբերել՝ փոքր ինչ ձևափոխելով ժամանակացույցը։ Դա կարելի է անել անկարևոր գործերը հաջորդ շաբաթվան թողնելու և դրանց համար նախատեսված ժամանակը կարևոր գործերին տրամադրելու միջոցով։ Սակայն պետք է զգոն լինել և դիմադրել առաջնահերթ գործերը հանուն պակաս կարևոր անելիքների հետաձգելու գայթակղությանը։
Գործընկերների կամ ընտանիքի հետ շփումը նույնպես պետք է կազմակերպել դրա համար նախատեսված ժամանակահատվածների ընթացքում։ Այդ գործունեությանը պետք է վերաբերվել այնպես, ինչպես վերաբերվում ենք մյուս կարևոր գործերին՝ թույլ չտալով, որ հանգստի ընթացքում որևէ բան շեղի մեր ուշադրությունը։
Ինչպես բարելավել արդյունքները
Ժամանակի և աշխատանքի կառավարման հարցում կարող են օգտակար լինել ինչպես անձնական քոուչները, այնպես էլ մտավոր առողջության մասնագետները (հոգեբան, հոգեթերապևտ)։ Մասնագետի օգնությամբ մենք կարող եք սովորել ժամանակի կառավարման տարատեսակ տեխնիկաներ, ընտրել մեզ հարմար տարբերակներն ու հնարավորինս արդյունավետ կազմակերպել մեր աշխատանքը։
Այն դեպքերում, երբ առկա են այնպիսի խոչընդոտներ, ինչպիսիք են պրոկրաստինացիան, հույզերի կառավարման դժվարությունները, ուշադրության պակասը, մշտական հոգնածությունը և այլն, լավագույն լուծումը մտավոր առողջության մասնագետի (հոգեբան, հոգեթերապևտ, հոգեբույժ) ծառայություններից օգտվելն է։
Անհրաժեշտ մասնագետի կարող եք գտնել նաև մեր «Մասնագետներ» բաժնում՝ սեղմելով այստեղ։ Հաշվի առեք, որ «Լավ ու Բարին» չի տրամադրում հոգեբանական ծառայություններ և չի ներկայացնում կայքում գրանցված մասնագետների շահերը։ Գրանցված մասնագետների ինքնությունը և անհրաժեշտ կրթության առկայությունը մեր կողմից նախապես ստուգվում է։
«Լավ ու Բարի» կայքում կարող եք գտնել նաև վերը թվարկված խնդիրների հաղթահարման հետ կապված բազմաթիվ այլ օգտակար նյութեր։ Ձգձգման հաղթահարման համար, մասնավորապես, խորհուրդ ենք տալիս կարդալ մեր՝ «Ամեն ինչ պրոկրաստինացիայի մասին» էջը՝ սեղմելով այստեղ։