ՄԵՆՅՈւ

4 տարի կապված եմ եղել մի աղջկա հետ, միասին ունեցել ենք սեռական կյանք։ Այդ ընթացքում համոզված չեմ եղել, որ մենք պետք է միասին լինենք, անգամ պահեր են եղել, որ ցանկացել եմ բաժանվենք։ 2 ամիս առաջ նա վերջնականապես գնաց ինձնից ու ես հիմա էլ վստահ չեմ, որ ուզում եմ նրա հետ լինել, բայց ամբողջ օրը մտածում եմ նրա մասին, ցանկանում եմ նրա մասին իմանալ, խանդում եմ, ու նրա մասին մտածմունքները ինձ հանգիստ չեն տալիս։ Ինչպես մոռանալ, ու ինչպես ընդանրապես չմտածել նրա մասին։

Հարգելի ընթերցող, բաժանումից հետո նախկին զուգընկերոջով հետաքրքրվելը և նրա մասին մտածելը սովորական և նորմալ երևույթ է։ Չէ՞ որ դուք միասին չորս տարի եք անցկացրել։ Հարաբերությունները, գուցե, հնարավոր է խզել մեկ օրվա մեջ, սակայն «մեկ օրում» որևէ մեկին մոռնալն առնվազն անիրատեսական է։

Մոռացման մեխանիզմները մեր գլխուղեղում, ցավոք, չեն «միանում» և «անջատվում» մեր ցանկությամբ և նման տևական հարաբերությունները լիովին մոռանալը և, ինչպես ասացիք, «նրա մասին ընդհանրապես չմտածելը» պարզապես անհնար է։ Մենք ենթադրում ենք, որ ժամանակի հետ պարզապես ավելի հազվադեպ ենք հիշելու անցյալի որոշ իրադարձություններ և դրանք այլևս նույն ազդեցությունը չեն ունենալու մեզ վրա։

Դուք չեք նշել, թե քանի տարեկան եք և արդյոք սա բաժանման ձեր առաջին փորձառությունն է։ Կյանքի շատ ու շատ իրավիճակների հետ մենք հարմարվում և հաշտվում ենք միայն դրանց առաջանալուց հետո։ Մտերիմների կորուստը տխուր, բայց անխուսափելի փորձ է, որը ձեռք ենք բերում տարիքի հետ։ Կորստին առաջին անգամ բախվելիս՝ շատերս պարզապես չենք իմանում, թե ինչպես վարվել, ինչպես մեղմել մեր հույզերը և ինչպես դասավորել հետագա կյանքը։ Այս շփոթությունն հաղթահարվում է ինչպես ինքնուրույն, այնպես էլ մտերիմների կամ մասնագետի (հոգեբան, հոգեթերապևտ) աջակցությամբ։

Նախկինում առողջ կերպով չապրված կորուստը կարող է բացասաբար ազդել նաև ներկայում կորստի ապրման փորձառության վրա։ Եթե անցյալում (մանկություն, դեռահասություն) ունեցել եք կորստի անառողջ հաղթահարման փորձառություն, լավ կլիներ քննարկել դա մասնագետի հետ։

Իսկ ձեր խնդրի ինքնուրույն լուծման ճանապարհին կարևոր է անել հետևյալը․

Չմեկուսանալ։ Անհրաժեշտ է չանտեսել ընկերների և հարազատների հետ շփումները և դրանց պատշաճ ժամանակ հատկացնել։ Վստահելի անձի կամ ընկերների բացակայությունը էական խնդիր է, որի լուծման շուրջ արժե կենտրոնանալ։
Աչքաթող չանել սիրելի զբաղմունքները։ Աշխատանքը, կրթությունը և այլ հետարքրությունները առողջ մտածմունքի առարկաներ են։ Այն դեպքերում, երբ աշխատանքը հետաքրքիր չէ մեզ և չի լրացում մտածմունքների մեր պահանջը, հատկապես կարևոր է ժամանակ հատկացնել հոբբիներին և հետաքրքրություններին։
Վարել առողջ ապրելակերպ։ Ավելորդ է անգամ նշել, որ ալկոհոլը և մեր գիտակցության վրա ազդող ցանկացած այլ նյութեր բարդացում են հուզական կարգավորումը և անկանխատեսելի բացասական հետևանքներ ունենում։ Սպորտը, առողջ սնունդը և պատշաճ ինքնախնամքը՝ ընդհակառակը, կարող են զգալիորեն բարելավել ընդհանուր մտավոր առողջությունը և առավել դյուրին դարձնել տարատեսակ խնդիրների ինքնուրույն լուծումը։
Դրսևորել ինքնակարեկցանք։ Դուք ցանկանում եք մոռանալ մեկին, սակայն չեք կարողանում։ Այդ անկարողությունը ձեր կողմից կարող է իբրև ձախողում ընկալվել՝ դառնալով ինքնաքննադատության և ինքնադատապարտման պատճառ։ Այս դեպքում կարևոր է դրսևորել ինքնակարեկցանք և հոգատարությամբ նայել սեփական անձին ու խնդիրներին։ Չէ՞ որ դուք կորցրել եք ձեզ համար էական հարաբերություններ։ Դուք իրավունք ունեք տխրելու և ապրելու կորստի ցավը։ Ժամանակ տվեք ձեզ և վերաբերվեք այնպես, ինչպես կվերաբերվեիք ձեր խնամքի կարիքն ունեցող մեկ այլ անձի, եթե նա զգար այն, ինչ այժմ դուք եք զգում։

Եվ հիշեք՝ թեև մենք ակնկալում ենք, որ սիրելիի կորստի ցավը ժամանակի հետ ինքնուրույն կմեղմվի, սակայն որևէ իրավիճակի՝ դրա առաջացումից հետո 3 ամիսների ընթացքում չհարմարվելն ու այդ պատճառով զգալի սթրես ապրելն արդեն իսկ մասնագետի դիմելու պատճառ է։

Հավանեցի՞ք հոդվածը։ Տարածե՛ք այն։
Գրիգոր Մուրադյան
Գրիգոր Մուրադյան

Հոգեթերապևտ Գրիգոր Մուրադյանը «Լավ ու Բարի» կայքի խմբագիրն է։ Մասնագետը կօգնի Ձեզ, եթե ունեք տհաճ կամ անցանկալի հույզերի հետ կապված խնդիրներ, ինքնագնահատականի կամ ինքնավստահության հետ կապված խնդիրներ, ուշադրության և ինքնակառավարման հետ կապված խնդիրներ, սթրես, նյարդային լարվածություն, տագնապներ և այլն։

Մասնագետն աշխատում է կոգնիտիվ-վարքային թերապիայի և դրա հիման վրա ստեղծված ժամանակակից այլ մեթոդներով։ Տրամադրում է նաև ուղղորդվող ինքնօգնության ծառայություն։

«1000 բարի» տեղեկաթերթ

Լրացրեք Ձեր էլփոստի հասցեն և ամսական մեկ անգամ ստացեք մեր հռչակավոր «1000 բարի» տեղեկաթերթը։