Բարև Ձեզ։ Հնարավոր է մշտապես լարված իրավիճակն ազդի հոգեկանի վրա, դառնա անկառավարելի, և կարո՞ղ է փոխանցվել երեխային։
Հարգելի ընթերցող, քրոնիկ սթրեսը վտանգավոր է ոչ այն պատճառով, որ «կարող է դառնալ անկառավարելի»։ Այն ինքնին լուրջ խնդիր է։ Առաջնարհերթ մենք պիտի մտածենք ոչ թե հավանական բացասական զարգացումների, այլ արդեն իսկ եղած խնդիրների մասին։
Ձեր հարցից զգացվում է, որ սթրեսն արդեն իսկ բարդացրել է ձեր կյանքը։ Մշտական լարվածությունն ու անհանգստությունը չպիտի անուշադրության մատնվեն։ Դրանք բացասաբար են ազդում մեր կյանքի որակի վրա, թույլ չեն տալիս լիարժեք վայելել հանգիստը կամ կենտրոնանալ աշխատանքի վրա։ Քրոնիկ սթրեսը ոչ թե ապագայում կարող է վնասել մեզ, այլ առկայության դեպքում՝ արդեն իսկ լուրջ վնաս է հասցնում։
«Լավ ու Բարի» կայքում մենք անդրադարձել ենք քրոնիկ սթրեսին և դրա հաղթահարմանը։ Այդ հոդվածը կարող եք կարդալ՝ սեղմելով այստեղ։
Այժմ անդրադառնանք «երեխային փոխանցվելու» մասին ձեր հարցին։ Ենթադրում եմ, որ խոսքը դեռևս չծնված երեխայի մասին է։
Մոր մշտական սթերսը, միանշանակ, կարող է վնաս հացնել պտղին։ Սթրեսի պատճառով մենք հաճախ կորցնում ենք ախորժակը, ունենում ենք քնի հետ կապված խնդիրներ, դժվարանում ենք պահպանել առողջ ապրելակերպը։ Հղիության ընթացքում այդ ամենն, անկասկած, անդրադառնում է նաև երեխայի վրա։
Հղիության ընթացքում սթրեսի բացասական ազդեցությունը պտղի զարգացման վրա ապացուցված է բազմաթիվ գիտական հետազոտություններով և այդ փաստն անգամ քննարկման ենթակա չէ։ Ավելորդ եմ համարում թվարկել բոլոր այն վտանգները, որոնք առաջացնում է սթրեսը։ Կարծում եմ՝ ցանկացած ծնողի համար անթույլատրելի են երեխայի վրա անգամ ամենաչնչին բացասական ազդեցությունները և, հետևաբար, մորը սթրեսից և լարվածությունից զերծ միջավայրի տրամադրումը առաջնարհերթություն պիտի լինի։
Կարևոր է սական շեշտել, որ սթրեսի ապրման մեր փորձառությունը կախված է ոչ միայն սթրեսորներից՝ սթրեսը հարուցող գործոններից, այլ նաև մեր սեփական արձագանքներից այդ սթրեսորներին։ Ավելին՝ անհնար է վերահսկել կամ չեզոքացնել սթրեսի պատճառ հանդիսացող բոլոր արտաքին գործոնները և սթրեսի կառավարման շուրջ աշխատանքը պետք է կենտրոնացնել հիմնականում սեփական արձագանքների մշակման շուրջ։
Որոշ մարդկանց կարող է թվալ, թե սեփական հղիությունը հնարավոր է օգտագործել ընտանիքի անդամների վրա ազդելու, նրանց պահվածքը կամ վերաբերմունքը փոփոխելու համար։ Ավելորդ է անգամ նշել, որ սեփական խնդիրները ապագա երեխայի միջոցով լուծելն անառողջ մոտեցում է, որը պարզապես դատապարտված է ձախողման։ Այլոց վարքը փոխելու ձգտումը միայն ինքնագոյացվող սթրեսի աղբյուր է դառնալու։
Այսպիսով՝ սթրեսը կառավարելու և երեխայի վրա դրա բացասական ներգործությունը բացառելու համար անհրաժեշտ է սթրեսի կառավարման շուրջ անհատական աշխատանք։ Հնարավորության դեպքում այդ աշխատանքն, իհարկե, խորհուրդ է տրվում կատարել մասնագետի (հոգեբանի, հոգեթերապևտի) օգնությամբ։ Իսկ այն դեպքում, երբ մասնագետի ծառայություններից օգտվելն հնարավոր չէ, ձեզ կարող են օգնության հասնել այդ թեմայով գրված բազմաթիվ գրքերը, որոնք առկա են գրախանութներում։
Հարցին պատասխանեց
Հոգեթերապևտ Գրիգոր Մուրադյանը «Լավ ու Բարի» կայքի խմբագիրն է։ Մասնագետը կօգնի Ձեզ, եթե ունեք տհաճ կամ անցանկալի հույզերի հետ կապված խնդիրներ, ինքնագնահատականի կամ ինքնավստահության հետ կապված խնդիրներ, ուշադրության և ինքնակառավարման հետ կապված խնդիրներ, սթրես, նյարդային լարվածություն, տագնապներ և այլն։ Մասնագետն աշխատում է կոգնիտիվ-վարքային թերապիայի և դրա հիման վրա ստեղծված ժամանակակից այլ մեթոդներով։ Տրամադրում է նաև ուղղորդվող ինքնօգնության ծառայություն։ Սեղմելով «Դիմել հոգեբանին» կոճակը՝ դուք կմիանաք նրա WhatsApp չատին։