Ինչ անե՞լ, երբ միակ լուծումը բաժանումն է, բայց գիտակցում ես, որ ահավոր դժվար է լինելու առանց այն մարդու, ում համար խելագարվում ես։
Հարգելի ընթերցող, ձեր հարցում ինքնին հակասականություն կա։ Դուք և՛ պնդում եք, որ միակ լուծումը բաժանումն է, և՛ ասում, որ խելագարվում եք ձեր զուգընկերոջ համար։ Հարց է ծագում՝ այդ դեպքում ինչու՞ է պետք բաժանվել։
Մեր կյանքում հազվադեպ են լինում այնպիսի իրավիճակներ, երբ մենք իսկապես վարվելու բացառապես մեկ տարբերակ ենք ունենում կամ խնդիր միայն մեկ լուծում։ Կարծում եմ, առաջինն, ինչ կարող եք անել՝ ձեր նշած «միակ լուծումը» լուծման տարբերակների վերածելն է։ Փորձեք ավելի խորը մտածել խնդրի մասին։ Հստակեցրեք և գրի առեք, թե լուծման ինչ տարբերակներ ունեք։ Մի կառչեք մեկ տարբերակից, որքան էլ որ այն ձեզ տրամաբանական թվա և անմիջապես մի հրաժարվեք այն տարբերակներից, որոնք տվյալ պահին անիրատեսական կամ նույնիսկ ծիծաղելի են թվում։ Մի անցեք խնդրի լուծմանը, քանի դեռ չեք կարողացել գտնել լուծման մի քանի տարբերակներ։
Երբ արդեն հստակեցնեք ձեր միտքը և աչքի առաջ ունենաք վարվելու մի քանի եղանակ, մտածեք դրանց դրական և բացասական հետևանքների մասին։ Հաշվի առեք թե՛ կարճատև, թե՛ տևական հետևանքները։ Այնուհետև միայն ընտրեք լուծման տարբերակներից մեկը և փորձեք իրագործել այն։
Հնարավոր է, որ լուծման բոլոր տարբերակներում էլ դուք հեռանում եք ձեր զուգընկերոջից։ Իսկ միգուցե կան տարբերակներ, որոնցում դուք ձեռնարկում եք ձեր հարաբերությունները փրկելու ուղղությամբ քայլեր…
Դուք չեք նշել, թե ինչ պատճառով եք սկսել մտածել բաժանման մասին։ Երբ պատճառը ֆիզիկական կամ հոգեբանական կրկնվող բռնությունն է, մնալը գուցե տարբերակ չէ, սակայն երբ կան խնդիրներ, որոնք դեռ լուծելի են թվում, արժե աչքաթող չանել նաև դրանք։ Հատկապես, երբ ասում եք, որ խելագարվում եք ձեր զուգընկերոջ համար։
Հնարավորության դեպքում քննարկեք այս հարցը հոգեբանի հետ։ Կարճ կոգնիտիվ թերապիան, որը 4-8 սեանս է տևում, կարող է օգնել ձեզ տվյալ հարցի հետ կապված անորոշութունից ազատվելու և որոշում կայացնելու հարցում։
Հարցին պատասխանեց
Հոգեթերապևտ Գրիգոր Մուրադյանը «Լավ ու Բարի» կայքի խմբագիրն է։ Մասնագետը կօգնի Ձեզ, եթե ունեք տհաճ կամ անցանկալի հույզերի հետ կապված խնդիրներ, ինքնագնահատականի կամ ինքնավստահության հետ կապված խնդիրներ, ուշադրության և ինքնակառավարման հետ կապված խնդիրներ, սթրես, նյարդային լարվածություն, տագնապներ և այլն։ Մասնագետն աշխատում է կոգնիտիվ-վարքային թերապիայի և դրա հիման վրա ստեղծված ժամանակակից այլ մեթոդներով։ Տրամադրում է նաև ուղղորդվող ինքնօգնության ծառայություն։ Սեղմելով «Դիմել հոգեբանին» կոճակը՝ դուք կմիանաք նրա WhatsApp չատին։