Նախքան մեր սեանսը սկսելը, եկեք գնահատենք ձեր ընթացիկ վիճակը։ Որքանո՞վ է այս պահին ձեզ անհանգստացնում կարևոր գործերն հետաձգելու խնդիրը։
Կարևոր գործերի հետաձգումը կարող է հանգեցնել պատժի (ֆինանսական կամ այլ եղանակով) և կորստի (աշխատանքի, ձեռքբերումների)։ Սակայն միայն բացասական հետևանքները չեն, որ մեզ անհարմարության և անհանգստության զգացում են պատճառում։ Գործերն հետաձգելն ինքնին կարող է չափազանց սթրեսային լինել, երբ մենք գիտակցում ենք, որ դրանք պիտի արդեն իսկ արված լինեին։ Այդ զգացողությունը ծանոթ է յուրաքանչյուրիս։
Եթե դուք դիմել եք այս սեանսին, ապա լիովին գիտակցում եք, որ բախվել եք լուծելի խնդրի։ Այն ունի իր անունը՝ պրոկրաստինացիա։ Դա կարևոր գործերն առանց էական պատճառների հետաձգելու սովորությունն է՝ հնարավոր բացասական հետևանքների անտեսմամբ։
Անելիքներն հետաձգելը թեև ցանկալի չէ, բայց նորմալ է։ Պրոկրաստինացիան, այս կամ այն չափով, հատուկ է յուրաքանչյուր մարդու։ Դա ծուղակ է, որտեղ մենք չգիտակցելով թույլ ենք տալիս բանականության հորինած վախերին և թերություններին անդադար շեղել մեզ։
Այժմ մենք միասին կուսումնասիրենք այդ ծուղակը և կսովորեք անել հնարավոր ամեն ինչ բարելավման հասնելու համար՝ առանց ինքնամեղադրանքների և ինքնաքննադատության։
Հստակեցնենք պատճառները
Մի պահ կանգ առեք և խորը շունչ քաշեք՝ ներշնչեք, արտաշնչեք և մտածեք ձեր պրոկրաստինացիայի հնարավոր պատճառների մասին։ Ի՞նչն է ձեզ ետ պահում լավագույնս դրսևորվելուց։
Դա կարող էլ ինել ինչ ասես՝ տագնապ, մոտիվացիայի պակաս, վախ կամ նույնիսկ անելիքների անորոշությունը։ Մտածեք այդ մասին՝ օգտվելով ստորև բերված ցուցակից։
* Ձեր լրացրած տեքստը ոչ ոք չի տեսնում և այն կանհետանա, երբ դուք փակեք այս էջը։
Ազատվենք շեղող հանգամանքներից
Արդեն իսկ լավ աշխատանք է։ Մենք որոշակի հստակություն մտցրեցինք այն հարցում, թե ինչու եք դուք հետաձգում գործերը։ Անկախ նրանից, թե որոնք են հետաձգելու ձեր պատճառները, մի բան ընդհանուր է պրոկրաստինացիայի ցանկացած դրսևորման համար՝ շեղող հանգամանքների առկայությունը։
Այդ հանգամանքներից են՝ սեփական մտքերն ու երազանքները, հեռուստացույցը, հեռախոսը կամ պարզապես պառկելն ու «հանգստանալը»։ Երբեմն ակտիվության այդ ձևերն այնքան սովորական են դառնում, որ մնում են աննկատ, թեև խլում են մեզանից օրվա առավել արդյունավետ ժամերը։
Եկեք տեսնենք, թե ինչպիսի շեղող հանգամանքներ կան ձեր առօրյայում։ Մտաբերեք, թե սովորաբար ինչպիսի ակտիվությամբ եք ընդմիջում կամ փոխարինում աշխատանքը։ Այս վարժությունը կարևոր է մտքերն հստակեցնելու և հետագա անելիքները պլանավորելու համար։
*Ձեր լրացրած տեքստը ոչ ոք չի տեսնում և այն կանհետանա, երբ դուք փակեք այս էջը։
Երբ արդեն պարզորոշ տեսնում եք ձեզ շեղող համգամանքները, կարևոր է հիշել դրանք և հետագայում փորձել հնարավորինս արագ նկատել, երբ ներգրավվում եք գործերից կտրող գործունեության մեջ։ Ամեն անգամ, երբ նկատեք, որ սկսվելու է վերը թվարկած գործունեությունը, պարզապես անքննադատ կերպով հաշիվ տվեք ձեզ, որ կրկին անում եք դա, մի պահ փակեք աչքերը, խորը շունչ քաշեք, արտաշնչեք, բացեք աչքերն ու փորձեք շեղվելու փոխարեն շարունակել անհրաժեշտ աշխատանքը։
Համբերատար եղեք ձեր հանդեպ։ Սկզբում դուք միշտ չէ, որ նկատելու եք շեղող հանգամանքները և հաճախ դրանք վրիպելու են ձեր աչքից։ Ժամանակի ընթացքում, սակայն, դուք կսովորեք որոշակի գիտակցված մոտեցում ցուցաբերել այդ երևույթի հանդեպ՝ կուրորեն չենթարկվելով դրան, այլ մասնակցելով մտադրությունների և որոշումների կայացման մակարդակում։
Ազատվենք երկիմաստությունից
Կարևոր գործերն հետաձգելու մեկ այլ տարածված պատճառ է երկիմաստությունը կամ անհստակությունը։ Որքան ավելի վերացական և աղոտ են մեր նպատակները, այնքան ավելի մեծ է դրանք չկատարելու հավանականությունը։ Երբ մենք անորոշության պատճառով չենք կարողանում կազմակերպել աշխատանը և անկատար ենք թողնում անելիքները, առաջանում են անհանգստություն ու հիասթափություն, որոնց ազդեցությունը թեթևացնելու համար էլ մենք տարվում ենք շեղող հանգամանքներով։ Իսկ երբ մենք տարվում ենք շեղող հանգամանքներով, գործերն էլի մնում են չարված։ Դա ինքն իրեն սնուցող արատավոր շղթա է։
«Մարզվելը» կամ «նիհարելը» անհստակ կամ երկիմաստ նպատակներ են։ Եթե փորձենք ավելի հստակ ձևակերպել դրանք, կարող ենք ասել, որ պատրաստվում ենք մարզվել ամեն երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ, աշխատանքից հետո, առնվազն կես ժամ։ Փորձեք նման կերպ ձևակերպել այն գործերը, որոնք շարունակ հետաձգում եք։ Թվարկեք դրանք՝ դասավորելով ըստ կարևորության։
* Ձեր լրացրած տեքստը ոչ ոք չի տեսնում և այն կանհետանա, երբ դուք փակեք այս էջը։
Պատկերացնենք այլ իրականություն
Պատկերացրեք, թե ձեր բոլոր շեղող հանգամանքներն անհետացել են կամ այլևս չեն գրավում ձեզ։ Դուք ասես ազատություն եք ստացել, հանդարտվել եք և կարող եք այլևս չմտածել այդ մասին։ Ձեր մտքում թեթև է ու հանգիստ։
Առավոտ է և դուք արթնացել եք այս նոր, «կատարյալ» աշխարհում, որտեղ կարող եք ամեն ինչ հեշտ ու հանգիստ ավարտին հասցնել, թեթևությամբ և էներգիայով լի զբաղվել ցանկալի աշխատանքով։ Պատկերացրեք, թե ինչպես եք կարողանում կատարել այն ամենն, ինչ հետաձգում էիք, թե ինչպես եք իրականացնում ձեր բոլոր ծրագրերը։ Պատկերացրեք ձեզ և ձեր կյանքն այնպիսին, ինչպիսին այն կլիներ առանց շեղող հանգամանքների։
Զգացե՛ք այն բավականությունը, որը պատճառում է կլանված աշխատանքը։ Զգացեք այն խաղաղությունն ու հանդարտությունը, որին հասնում եք գործերն ավարտին հասցնելիս։ Զգացեք, թե երևակայական այդ աշխարհում դուք որքան լի եք էներգիայով և լավատեսությամբ։
Հանգիստ դադար տվեք և մտքով «շոշափեք» այդ պահն ու այդ զգացումները։
Ապա վերադարձեք իրական կյանք։ Ուշադրություն դարձրեք ձեր շնչառությանը, ձեր մարմնի հպմանն այն մակերևույթին, որի վրա նստած կամ պառկած եք։
Միացրեք աուդիոն և ևս մեկ անգամ պատկերացրեք այն, ինչ կարդացիք։
Դուք վերադարձաք և նորից իրական աշխարհում եք։ Հավանաբար ձեր միտքն համեմատաբար մաքուր է և զգալի են կատարած վարժության թողած դրական լիցքերը։
Օգտագործեք պահի այս հստակությունը և գործի անցեք։ Արեք մի բան, որ շարունակ հետաձգում էիք։ Տրամադրեք ընդամենը 5 րոպե սկսելու համար, իսկ շարունակության մասին կմտածեք այդ 5 րոպեի ավարտին։
Վերադարձեք այս սեանսին, երբ նորից զգաք դրա կարիքը 🌞