ՄԵՆՅՈւ

Սուտ #32։ Եթե որևէ հատկանիշ ժառանգական է, այն այլևս հնարավոր չէ փոխել

«35 սուտ հոգեբանության մասին» հոդվածաշարը հենվում է «Լավ ու Բարի» կայքում տեղադրված «Որքա՞ն լավ գիտեք հոգեբանություն» թեստի արդյունքների վրա։ Եթե դեռ չեք անցել այդ թեստը, խորհուրդ ենք տալիս նախ ստուգել ձեր իմացությունը՝ սեղմելով այստեղ։

«Լավ ու Բարի» կայքի կողմից հարցվածների 43%-ն հավատում է, որ ժառանգական հատկանիշներն հնարավոր չէ փոխել։ Այս պնդումը զբաղեցնում է հոգեբանության մասին տարածված թյուր կարծիքների 32-րդ հորիզոնականը։

Երբ ավելի քան մեկ դար առաջ սկսեցին առաջ քաշվել ժառանգականության մասին առաջին տեսությունները, շատերը թերահավատությամբ էին մոտենում դրանց։ Մարդիկ վստահ էին, որ մեր վարքը ձևավորվում է բացառապես արտաքին հանգամանքների ազդեցության տակ։ Նման հանգամանքներից էին համարվում մշակույթը, կրոնը, դաստիարակությունը և շրջապատը, կյանքի տրավմատիկ փորձառությունները, հիվանդությունները և այլն։ Կար կարծիք, որ «ժառանգված բնազդներ» ունեն միայն «ցածր» կենդանիները, իսկ մարդկային վարքը չի կարող պայմանավորված լինել գեներով։

Մեր օրերում, իհարկե, իրավիճակն այլ է։ Գիտական եղանակով արդեն իսկ ապացուցված է մեր անձի և վարքի տարատեսակ կողմերի վրա գեների ունեցած ազդեցությունը։ Սակայն հոգեբանական հատկությունների ժառանգականության մասին թյուրըմբռնումները դեռևս շարունակում են տարածված մնալ։ Դրանցից ամենավնասակարը կամ հուսահատեցնողը, թերևս, ժառանգական հատկանիշների անփոփոխելի լինելու մասին թյուր կարծիքն է։

Դժվար չէ թյուրիմացության մեջ ընկնել՝ կարդալով, թե որևէ հատկանիշ «100%-ով ժառանգական է»։ Սակայն ի՞նչ է իրականում նշանակում հատկանիշի 100%-ով ժառանգական լինելը և արդյո՞ք դրանից կարելի է հետևություն անել, որ տվյալ հատկանիշն անփոփոխելի է և մեր ճակատագիրը կախված է մեր գեներից։

Այդ հարցերի պատասխանը ստանալու համար պետք է հասկանանք, թե ինչպես են գիտնականներն ուսումնասիրում ժառանգականությունը և ինչ նկատի ունեն՝ հատկանիշների ժառանգական բնույթի մասին խոսելիս։

Ինչպես է ուսումնասիրվում ժառանգականությունը

Հատկանիշների ժառանգական կամ ձեռքբերովի լինելը գիտնականները չափում են մի խումբ մարդկանց շրջանում տվյալ հատկանիշի անհատական տարբերությունների և դրանց ծագման ուսումնասիրության միջոցով։

Եկեք պարզենք դա «էքստրավերսիա» հատկանիշի օրինակով։ Եթե էքստրավերսիան ունի 0% ժառանգական ծագում, ապա ամաչկոտ և շփման սիրահար մարդկանց միջև տարբերությունները պայմանավորված են բացառապես շրջակա միջավայրի գործոններով։ Մյուս ծայրահեղության դեպքում, երբ էքստրավերսիան 100% ժառանգական է, ամաչկոտների և շփվողների միջև տարբերությունները ընդհանրապես պայմանավորված չեն միջավայրի գործոններով։

Մեր հատկանիշներից շատերը (այդ թվում և էքստրավերսիան) ունեն մոտավորապես 50% ժառանգականություն։ Սակայն 50% ժառանգականությունը չի նշանակում, որ մեկ անձի ներսում այդ հատկանիշը կիսով չափ պայմանավորված է գեներով և կիսով չափ ձեռքբերովի է։

Սխալ է պնդել, թե որևէ կոնկրետ անձի IQ-ն, օրինակ, 60%-ով պայմանավորված է գեներով և 40%-ով՝ միջավայրով։ Ասելով, որ մարդկանց IQ-ն 60%-ով պայմանավորված է գեներով՝ գիտնականները նկատի ունեն, որ ինտելեկտի հարցում մեր անհատական տարբերությունների 60%-ն ունի գենետիկական ծագում, իսկ մնացած 40% տարբերությունները պայմանավորված են միջավայրով։ Այսինքն՝ ժառանգականության ցուցանիշը չափվում է ոչ թե մեկ անձի ներսում, այլ մյուսների հետ մեր համեմատության միջոցով։

Երբ գիտնականներն ուսումնասիրում են գենետիկական առումով միանման 2 օրգանիզմ, որոնք գտնվում են իրարից տարբերվող միջավայրում, ապա այդ 2 օրգանիզմի միջև անհատական տարբերությունները պայմանավորված են բացառապես միջավայրով (գենետիկական առումով նրանք միանման են և տարբերությունների պատճառը չէին կարող լինել գեները)։ Այս դեպքում կարող ենք ասել, որ տվյալ երկու օրգանիզմի անհատական տարբերությունների ժառանգականությունը 0% է՝ դրանք 100%-ով ձեռքբերովի են (միջավայրից կախված)։ Իսկ երբ գենետիկական առումով տարբեր 2 օրգանիզմ պահենք միանման միջավայրում, նրանց անհատական տարբերությունները կլինեն 100%-ով ժառանգական։

Մարդկանց ուսումնասիրության դեպքում նման հետազոտություններն իրականացվում են տարբեր ընտանիքներում մեծացած միաբջիջ երկվորյակների և նույն ընտանիքում մեծացած որդեգրված երեխաների շրջանում։ Դրան մենք մանրամասն անդրադարձել ենք «35 սուտ հոգեբանության մասին» հոդվածաշարի մեկ այլ հոդվածում, որը կարող եք կարդալ՝ սեղմելով այստեղ։

Եթե, օրինակ, տարբեր ընտանիքներում մեծացած միաբջիջ երկվորյակներից մեկը էքստրավերտ է, իսկ մյուսը՝ ինտրովերտ, մենք կարող ենք պնդել, որ այդ հատկանիշը չունի գենետիկական ծագում և պայմանավորված է միայն միջավայրով (քանի որ գենտիկական առումով երկվորյակները միանման են)։

Իսկ եթե նույն ընտանիքում մեծացած երկու որդեգրված երեխայից մեկը էքստրավերտ է, իսկ մյուսը՝ ինտրովերտ, մենք կարող եք հետևություն անել, որ միանման միջավայրը չի դարձրել նրանց միանման և, հետևաբար, այդ հատկանիշն ունի գենետիկական ծագում։

Հատկանիշների ժառանգականությունը հասկանալու հարցում մեկ այլ շփոթեցնող գործոն կարող է լինել տվյալների՝ թվային միջակայքում ներկայացված լինելը (օրինակ՝ 40-80% ժառանգական է)։

IQ-ի ժառանգականության շուրջ տարվող հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ աղքատ ընտանիքներում մեծացող յոթամյա երեխաների շրջանում այդ հատկանիշն ունի 10% ժառանգականություն, իսկ հարուստ ընտանիքներում մեծացող միևնույն տարիքի երեխաների շրջանում՝ 72% ժառանգականություն։ Տվյալ դեպքում, հետազոտության արդյունքները հրապարակելիս, կարող է նշվել ժառանգականության 10-72% հավանականությունը։

Այսինքն՝ ժառանգականության հավանականությունը թվային միջակայքի միջոցով ներկայացնելը կարող է ցուցադրել տարբեր կարգավիճակի, տարիքի, սեռի և այլ գործոնների միջև եղած տարբերությունները։

Հնարավոր է արդյոք փոխել ժառանգական գործոնները

Այսպիսով՝ երբ մարդկանց միջև անհատական տարբերություները չեն բացատրվում նրանց ներկայիս միջավայրով, այդ տարբերությունների ծագումը համարվում է ժառանգական։ Հատկանիշի 100% ժառանգական լինելը նշանակում է, որ մեր ներկայիս միջավայրում առկա են տվյալ հատկանիշի վրա ազդող խիստ փոքրաթիվ գործոններ։ Այդ ցուցանիշը, սակայն, ոչինչ չի ասում այն մասին, թե ինչ կլինի այն դեպքում, երբ ներկայիս միջավայրը փոխվի։

Միջավայրի համապատասխան փոփոխությունները կարող են, օրինակ, բարձրացնել անձի IQ-ն անգամ այն դեպքում, եթե այդ ցուցանիշը համարվի 100%-ով ժառանգական։

Հատկանիշների ժառանգական լինելը, հետևաբար, պետք է ոչ թե հուսահատության պատճառ դառնա, այլ փոփոխություններ ձեռնարկելու և առաջ շարժվելու ուժ տա։ Անբարենպաստ միջավայրերի բարելավումը կարող է նպաստել ցանկալի հատկանիշների ձեռբերմանը և զարգացմանը։

«35 սուտ հոգեբանության մասին» հոդվածաշարի մյուս հոդվածներին կարող եք ծանոթանալ՝ սեղմելով այստեղ։

Պահպանել այս էջը
Լավ ու Բարի
Լավ ու Բարի

Հոգեբանություն թեմայով ամենալավ ու բարի կայքը։