Յուրաքանչյուր տարեսկզբին մենք նոր երազանքներ ենք պահում՝ ավելի շատ ժամանակ հատկացնել ստեղծագործելուն, ավելի շատ մարզվել, որևէ նոր լեզու սովորել և այլն: Սակայն որքա՞ն հաճախ են այդ երազանքները կատարվում:
Նոր Տարվա «երազանքներն» հաճախ ձևակերպվում են նպատակների տեսքով։ Գիտությունը, սակայն, փաստում է, որ նպատակներ դնելն ինքնին չի կարող արդյունավետ լինել։ Երբ նպատակի կամ «երազանք պահելու» հիմքում ընկած է զուտ ցանկությունը, ապա ձախողվելու հավանականությունը բավականին մեծ է։ Պատահական չէ, որ նոր տարվա ընթացքում պլանավորվող փոփոխություններից շատերն այդպես էլ չեն կատարվում՝ տարեցտարի կուտակվելով և առաջացնելով ճնշվածության զգացում։
Չկատարված ցանկությունների բեռն ունի նաև իր տևական բացասական ազդեցությունը։ Դրա պատճառով մենք կարող ենք ընդհանրապես հրաժարվել նոր տարվա շեմին «երազանքներ պահելու» սովորույթից, որը նախկինում մեզ հաճույք էր պատճառում։ Կամ մենք կարող ենք գալ այնպիսի եզրահանգման, թե անկարող ենք ի կատար ածելու մեր նպատակները և ավելի լավ է դադարեցնենք ջանքերը։
Անկատար մնացած երազանքների կամ նպատակների շղթան ընդհատելու համար նախ անհրաժեշտ է վերանայել սեփական մոտեցումները։ Մտավոր առողջության մասնագետները խորհուրդ են տալիս Ամանորի գիշերը, երազանքների կամ նկատակների փոխարեն, մտադրություններ դնել։
Ի տարբերություն երազանքների կամ նպատակների, մտադրություններն ավելի ճկուն են և փոփոխելի: Դրանք հնարավոր է հարմարեցնել իրավիճակին կամ կյանքում առկա հանգամանքներին: Բացի այդ, մտադրություններն հնարավոր է ավելի արդյունավետ դարձնել՝ հաշվի առնելով դրանք կատարելու հարցում գրանցած հաջողություններն ու անհաջողությունները։
Մտադրության օրինակներ են․
- Ավելի ուշադիր լինել սեփական վարքի հանդեպ։
- Ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ:
- Հնարավորինս քիչ ալկոհոլ օգտագործել։
- Լինել համբերատար և ներող։
- Ավելացնել ֆիզիկական ակտիվությունը։
- Ձևավորել պարբերաբար ընթերցելու սովորություն, և այլն։
Ինչպես սահմանել մտադրություններ
Երազանքներ պահելով՝ մարդը պատկերացնում է իր ուզած կյանքը: Մտադրություններ սահմանելով՝ ինքն իրեն ուղղություն է տալիս։ Ի տարբերություն նպատակների, մտադրությունները․
- Ներկա պահի համար են – Նպատակներ սահմանելիս մենք ասես ապագային ենք նայում՝ պատկերացնելով, որ ինչ-որ մի կետում պիտի հասնենք ցանկալի արդյունքին։ Մինչդեռ մտադրությունների կատարումը սկսվում է այսօրվանից։ «Հաճախ զբաղվել ընթերցանությամբ» մտադրությունը չի ենթադրում որևէ կոնկրետ արդյունք։ Դրան կարելի է հասնել նաև այսօր՝ մեկ-երկու էջ կարդալու շնորհիվ։
- Շարունակական են – Նպատակներն ունեն իրենց տրամաբանական ավարտը, մինչդեռ մտադրությունները շարունակական են։ «Լինել ֆիզիկապես ավելի ակտիվ» մտադրությունը չի կարող հաջողությամբ ավարտվել։ Այն շարունակական ջանքեր և հետևողականություն է պահանջում։ Նման շարունակականությունը նաև անհնարին է դարձնում մտադրությունների ձախողումը։ Առողջ սնվելու մտադրությունն հնարավոր չէ ձախողել մեկ բուրգեր ուտելով, քանզի վաղն այդ մտադրությունը նույնպես ուժի մեջ է։
- Ներքին են – Ի տարբերություն նպատակների, մտադրությունները կապված են սեփական անձի հետ։ «Հնարավորինս քիչ ստել» մտադրությունն, օրինակ, թեև կարող է նաև արտաքին ազդեցություն ունենալ, առաջին հերթին վերաբերվում է սեփական անձի հետ մեր հարաբերություններին։ Մեզանից դուրս գտնվող բարիքների ձգտումը մեծ մասամբ նպատակ է, ոչ թե մտադրություն։
Ինչպես վարվել նպատակների հետ
Մտադրությունները կարող են նպատակների իրագործման ուղղությամբ տանող ուժ լինել։ Օրինակ, երբ մենք նիհարելու նպատակ ունենք, առողջ սնվելու մտադրությունը կարող է այդ նպատակի իրագործման բանալին դառնալ։ Ավելին՝ այդ մտադրությունը կարող է օգտակար լինել ոչ միայն ցանկալի արդյունքին հասնելու, այլ նաև այն պահպանելու հարցում։
Մեր կյանքը չի կարող լիարժեք լինել առանց նպատակների։ Մտադրությունները պիտի ոչ թե փոխարինեն նպատակներին, այլ լրացնեն դրանք։ Սակայն նպատակների ընտրության հարցում ևս օգտակար է առաջնորդվել որոշակի ուղենիշներով։ Մտավոր առողջության մասնագետները նշում են, որ առողջ նպատակները պիտի լինեն․
- Կոնկրետ – Հստակ ձևակերպված։ Ոչ թե «սովորել անգլերեն լեզու», այլ «սովորել 1000 անգլերեն բառ»։
- Չափելի – Նպատակներին հասնելու ընթացքը և դրանց իրագործումը պիտի հնարավոր լինի ապացուցել ստուգման միջոցով։ Օրինակ՝ 1000 անգլերեն բառերի իմացությունը կարելի է ստուգել թեստի միջոցով և պարզել, թե նպատակի քանի տոկոսն է իրագործված։
- Իրատեսական – Նպատակներ սահմանելիս՝ անհրաժեշտ է հաշվի առնել սեփական հնարավորություններն ու սահմանափակումները։ Նպատակների իրագործումը պիտի հնարավոր լինի։
- Համահունչ – Նպատակը պիտի համահունչ լինի մեր անձին, համոզմունքներին, կարգավիճակին, մասնագիտությանը և այլ նպատակներին։ Հանրահայտ վիդեոբլոգ ստեղծելու նպատակն, օրինակ, պիտի համահունչ լինի ուշադրության կենտրոնում գտնվելու մեր ցանկության հետ։
- Ժամանականշված – Նպատակները պիտի ունենան կատարման վերջնաժամկետներ կամ որոշակի ընթացակարգ։ Նպատակի հասնելու յուրաքանչյուր քայլ ևս պիտի ունենա իր նախորոշված սկիզբն ու ավարտը։
Մտածելով նախկինում չիրականացված նպատակների մասին՝ պետք է ստուգել՝ արդյո՞ք դրանք համապատասխանում էին վերոնշյալ հինգ չափանիշներին, թե՝ ոչ։ Կարևոր է նաև ընդունել, որ տարվա ավարտը չի չեզոքացնում նպատակը։ Եթե այն իսկապես կարևոր է մեզ համար, պիտի շարունակի լինել, քանի դեռ չի կատարվել։ Տարվա վերջում՝ չկատարված նպատակներն անհրաժեշտ է ոչ թե թողնել, այլ մշակել և կատարելագործել՝ հաշվի առնելով անցյալի փորձը։ Ի վերջո, եթե նպատակներն ամեն տարի տարբեր են և երբեք չեն իրագործվում, դրանք կարող են զուտ տվյալ պահի քմահաճույքները լինել։
Ի տարբերություն նպատակների, մտադրություններն, ինչպես արդեն ասացինք, չեն կարող իրենց ավարտին հասնել կամ ձախողվել։ Ահա թե ինչու է կարևոր կյանքում ունենալ մեծ և փոքր նպատակներ, իսկ յուրաքանչյուր տարվա վերջում միայն մտադրվել հասնել դրական փոփոխությունների։
Ինչպես սահմանել և կատարել մտադրությունները
Այն, ինչ աշխատում է մեկի համար, մյուսի համար կարող է չաշխատել։ Մտադրությունները կատարելիս՝ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, թե ինչն է աշխատում, իսկ ինչը՝ ոչ: Մեկի համար օգտակար կարող է լինել շաբաթվա անելիքների ցուցակը գրի առնելը, իսկ մյուսին ուժ է տալիս ընկերներից մեկին իր առաջընացքի մասին «զեկուցելը»։ Մտադրություններ սահմանելիս և դրանց հետևելիս կարող են օգտակար լինել նաև հետևյալ խորհուրդները․
- Սահմանափակել մտադրությունների քանակը։ Նպատակահարմար է միաժամանակ մեկ կամ երկու մտադրություն սահմանելը։ Չափազանց շատ մտադրությունների կատարմանն հետևելը կարող է մեծացնել դրանցից որևէ մեկի ձախողման հավանականությունը։
- Որևէ մեկին հաշվետու լինել։ Ընկերները, ընտանիքի անդամները, հոգեթերապևտները կամ առցանց համայնքի անդամները կարող են օգնել հաշվետու լինելու հարցում: Գտեք մեկին, ով պատրաստակամ է ձեզ աջակցելու և պարբերաբար զրուցեք նրա հետ ձեր առաջընթացի և մտադրությունների կատարման մասին։ Մտադրությունների մասին այլոց հետ կիսվելը մեծացնում է հաջողության հասնելու հավանականությունը: Բացի այդ, մեր մտադրության մասին տեղյակ վստահելի անձը կարող է նաև աջակցություն ցուցաբերել այն պահերին, երբ ինչ-որ բան չի ստացվում, կամ երբ ջանքերը սկսում են թուլանալ:
- Վարել անձնական օրագիր։ Օրագրի վարումը բազմաթիվ օգուտներ ունի։ Այն կարող է ծառայել նաև մտադրությունները գրի առնելու, դրանց հետևելու կամ անելիքները հստակեցնելու համար:
- Սովորել ասել «ոչ»։ Մտերիմները կամ ընկերները երբեմն կարող են խոչընդոտներ ստեղծել մեր մտադրությունների կատարման համար։ Երբ մենք ցանկանում ենք նիհարել, մեզ կարող են հրավիրել արագ սնունդ ուտելու։ Երբ ցանկանում ենք վստահելի հարաբերություններ հաստատել մեկի հետ, կարող են խնդրել որևէ սուտ ասել։ Սովորելով հարգալից կերպով մերժել նման խնդրանքները, մենք կարող ենք մեծացնել մեր մտադրություններն ի կատար ածելու հավանականությունը։
- Ակնկալել անսպասելին։ Անսպասելի իրադարձությունները կամ անձնական կարիքները չպիտի խանգարեն մտադրություններն իրագործելու հարցում: Երբ իրավիճակը պահանջում է, մենք կարող ենք նաև փոխել մեր պլանները՝ բաց թողնել մարզումը և փոխարենը այցելել ընկերոջը, հետաձգել գործանական հանդիպումը և օգնել հարազատներից մեկին։ Պետք է հիշել նաև, որ մենք ազատ ենք սեփական մտադրությունները վերանայելու և նույնիսկ ամբողջությամբ վերաշարադրելու հարցում: Այն դեպքերում, երբ մտադրությունն անհնարին է լինում կատարել կամ դրա իրագործումից ակնկալվող հետևանքներն այլևս գրավիչ չեն մեզ համար, մենք կարող ենք առաջ շարժվել նաև տվյալ մտադրությունից հրաժարվելու միջոցով։